Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Դանիայի Թագավորության Կառավարության միջԵՎ առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Դանիայի Թագավորության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),
նպատակ ունենալով ամրապնդել իրենց համագործակցությունը անօրինական միգրացիայի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար,
սույն Համաձայնագրի օգնությամբ և փոխադարձության հիման վրա արագ և արդյունավետ ընթացակարգեր ստեղծելու համար այն անձանց ինքնության հաստատման և նրանց վերադարձնելու համար, որոնք չեն կատարում կամ այլևս չեն կատարում Հայաստանի Հանրապետության կամ Դանիայի Թագավորության տարածքներ մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ այնտեղ բնակվելու պահանջները, և այդպիսի անձանց տարանցումը հեշտացնելու համար,
նպատակ ունենալով ապահովել վերադարձի ենթակա անձանց համար միջազգային համաձայնագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված հիմնական իրավունքները և ազատությունները, մասնավորապես, դատական և այլ իրավասու մարմիններ դիմելու իրավունքը,
ղեկավարվելով վերադարձի ենթակա անձանց գործերը անհատական կարգով քննելու սկզբունքով,
նկատի ունենալով, որ անձանց վերադարձը և հետ ընդունելը կիրականացվի կանոնավոր կերպով և աստիճանաբար,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1. |
Սահմանումներ |
1. Քաղաքացի նշանակում է՝ անձ, որն ունի Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի քաղաքացիություն:
2. Երրորդ երկրի քաղաքացի նշանակում է՝ անձ, որն ունի ոչ Պայմանավորվող կողմերի պետությունների քաղաքացիություն:
3. Քաղաքացիություն չունեցող անձ նշանակում է՝ անձ, որը չունի որևէ պետության քաղաքացիություն:
4. Առանց թույլտվության գտնվող անձ նշանակում է՝ անձ, որը չի կատարում կամ այլևս չի կատարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու իրավական պահանջները:
5. Հայցող Պայմանավորվող կողմ նշանակում է՝ Կողմ, որը դիմում է մյուս Կողմին իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ տարանցման համար դիմումով` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:
6. Հայցվող Պայմանավորվող կողմ նշանակում է՝ Կողմ, որը հայցող Կողմից ստանում է այդ Կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ տարանցման համար ընդունման վերաբերյալ դիմում` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:
7. Դիմում նշանակում է՝ հայցող Կողմի դիմումը հայցվող Կողմին` անձին հետ ընդունելու կամ անձի տարանցումը իր երկրի տարածքով թույլ տալու վերաբերյալ:
8. Դիմումի պատասխան նշանակում է՝ ծանուցում, որով հայցվող Կողմը պատասխանում է հետ ընդունելու կամ տարանցման վերաբերյալ դիմումին:
9. Իրավասու մարմիններ նշանակում է՝ Պայմանավորվող կողմերի մարմիններ, որոնց միջոցով իրականացվում են հետ ընդունելը կամ տարանցումը:
10. Կացության թույլտվություն նշանակում է՝ այն Պայմանավորվող կողմերի մարմինների կողմից տրված վավերական թույլտվությունը, որը թույլ է տալիս անձին մուտք գործել և բնակվել երկրում՝ Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության համաձայն:
Հոդված 2. |
Սեփական քաղաքացիներին հետ ընդունելը |
1. Հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի դիմումով, առանց ձևականությունների (ոչ նրանք, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրում) հետ կընդունի հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության գտնվող անձանց՝ պայմանով, որ հաստատված է կամ կարող է prima facie ապացույցների հիման վրա հիմնավոր կերպով ենթադրվել, որ այդ անձինք հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիներ են:
2. Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմը, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս արագ և բոլոր դեպքերում առավելագույնը 15 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին կտրամադրի վերադարձի համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական է առնվազն 30 օր: Եթե օրենսդրական կամ գործնական բնույթի հարցերի պատճառով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել նախապես տրված վավերական ճամփորդական փաստաթղթով, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս արագ և բոլոր դեպքերում առավելագույնը 15 օրվա ընթացքում կտրամադրի նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:
3. Հայցող Պայմանավորվող կողմը նույն պայմաններով հետ կընդունի այդ անձին իր պետության տարածք, եթե հետագա ստուգումները ցույց տան, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի տարածքից մեկնելու պահին չի ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիություն:
Հոդված 3. |
Երրորդ երկրների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելը |
1. Հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց ձևականությունների (ոչ նրանք, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրում), հետ կընդունի հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող երրորդ երկրների բոլոր քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ պայմանով, որ հաստատված է կամ կարող է prima facie ապացույցների հիման վրա հիմնավոր կերպով ենթադրվել, որ այդ անձինք հայցող Պայմանավորվող կողմի տարածքում նրա մարմինների կողմից հայտնաբերվելու ժամանակ ունեցել են հայցվող Պայմանավորվող կողմի կողմից տրված կացության վավերական թույլտվություն:
2. Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմը, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս արագ և բոլոր դեպքերում դիմումի դրական պատասխանից հետո առավելագույնը 15 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին կտրամադրի վերադարձի համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր: Եթե օրենսդրական կամ գործնական բնույթի հարցերի պատճառներով համապատասխան անձին հնարավոր չի լինի փոխադրել նախապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս արագ և բոլոր դեպքերում առավելագույնը 15 օրվա ընթացքում կտրամադրի նույն վավերականության ժամկետով նոր ճամփորդական փաստաթուղթ:
Հոդված 4. |
Հետ ընդունելու դիմում |
1. Հետ ընդունելու ենթակա անձի փոխադրումը 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված պարտավորություններից մեկի հիման վրա կպահանջի հետ ընդունելու վերաբերյալ դիմումի ներկայացում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին: Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ներկայացված են 1-ին Հավելվածում:
2. Հետ ընդունելու դիմումը կպարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) տվյալներ հետ ընդունելու ենթակա անձի մասին (անուն, ազգանուն, ծննդյան թիվ, հնարավորության դեպքում՝ ծննդյան վայր և կացության վերջին վայր),
բ) այն փաստաթղթերի պատճենները, որոնք քաղաքացիության ապացույց են հանդիսանում կամ prima facie վկայում են դրա մասին:
3. Հնարավորության դեպքում հետ ընդունելու դիմումը պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկատվությունը`
ա) հայտարարություն, որ փոխադրման ենթակա անձը կարող է օգնության կամ խնամքի կարիք ունենալ՝ պայմանով, որ տվյալ անձը համաձայնություն է տվել այդ հայտարարությանը,
բ) պաշտպանության կամ անվտանգության որևէ այլ միջոց, որը կարող է անհրաժեշտ լինել փոխադրման առանձին դեպքում:
4. Հետ ընդունելու համար օգտագործվող դիմումների ընդհանուր ձևերը կցված են սույն Համաձայնագրին՝ որպես 7-րդ և 10-րդ Հավելվածներ:
Հոդված 5. |
Քաղաքացիությունը հաստատող միջոցներ |
1. Քաղաքացիություն ունենալու փաստը, սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, կարող է հաստատվել այն փաստաթղթերով, որոնք թվարկված են սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածում: Այդ փաստաթղթերի ներկայացման դեպքում Պայմանավորվող կողմերը կճանաչեն քաղաքացիությունը առանց հետագա ձևականությունների:
2. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն քաղաքացիության prima facie ապացուցումը կարող է հաստատվել սույն Համաձայնագրի 4-րդ Հավելվածում թվարկված փաստաթղթերի միջոցով: Այդ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում Պայմանավորվող կողմերը անձի քաղաքացիությունը կհամարեն հաստատված, եթե Պայմանավորվող կողմերը չհաստատեն հակառակը:
3. Եթե 3-րդ կամ 4-րդ Հավելվածներում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները խնդրանքի դեպքում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` անձի քաղաքացիությունը պարզելու նպատակով:
4. Անձը, որը ենթադրաբար Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի քաղաքացին է, սակայն նրա ինքնությունը դեռևս ամբողջովին պարզված չէ, կարող է գտնվել սահմանն հատելու կետերում:
5. Եթե հետագա քննությունը ցույց է տալիս, որ Պայմանավորվող կողմի պետության սահմանի հատման կետում գտնվող անձը, ինչպես նշված է 4-րդ կետում, այն Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի չէ, որի սահմանի հատման կետում գտնվում է, ապա այդ անձը վերադարձվում է մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք: Եթե հետագա քննությունը ցույց տա, որ Պայմանավորվող կողմի սահմանի հատման կետում գտնվող անձը այդ Պայմանավորվող կողմի պետւթյան քաղաքացին է, ապա նա հետ կընդունվի այդ Պայմանավորվող կողմի պետության տարածք առանց հետագա ձևականությունների:
Հոդված 6. |
Երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիությունը հաստատող փաստեր |
1. 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների prima facie առկայությունը կարող է հաստատվել սույն Համաձայնագրի 5-րդ Հավելվածում թվարկված ապացուցման միջոցների օգնությամբ: Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար, առանց հետագա ձևականությունների, կճանաչեն որևէ նման ապացույց:
2. 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու պայմանների prima facie առկայությունը կարող է հաստատվել սույն Համաձայնագրի 6-րդ Հավելվածում թվարկված ապացուցման միջոցների օգնությամբ: Այն դեպքերում, երբ պայմանների նման prima facie ապացուցումը իրականացված է, Պայմանավորվող կողմերը այդ պայմանները համարում են սահմանված, եթե այլ բան սահմանված չէ:
Հոդված 7. |
Ժամկետները |
1. Հետ ընդունելու դիմումը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին պետք է ներկայացվի առավելագույնը վեց ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հայցող մարմինը հայտնաբերել է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը բնակվում է առանց թույլտվության: Այն դեպքերում, երբ առկա լինեն օրենսդրական կամ գործնական խոչընդոտներ` դիմումը ժամանակին ներկայացնելու համար, դիմումի հիման վրա ժամկետը կերկարացվի, սակայն միայն մինչև այն պահը, երբ խոչընդոտները կդադարեն գոյություն ունենալուց:
2. Հետ ընդունելու դիմումին պետք է պատասխան տրվի առանց անհիմն ուշացման` ամեն դեպքում առավելագույնը մեկ ամսվա ընթացքում. հետ ընդունելու դիմումի մերժման պատճառների մասին պետք է հայտնվի: Անձին հետ ընդունելու վերաբերյալ դիմումի պատասխանը պետք է բաղկացած լինի սույն Համաձայնագրի 8-րդ և 11-րդ Հավելվածներում նշված տվյալներից: Վերը նշված ժամկետը սկսում է գործել հետ ընդունելու դիմումը ստանալու օրվանից: Այդ ժամկետը լրանալուց հետո պատասխանի տրամադրումը կհամաձայնեցվի: Այն դեպքերում, երբ առկա լինեն օրենսդրական կամ գործնական խոչընդոտներ` պատասխանը ժամանակին ներկայացնելու համար, դիմումի հիման վրա ժամկետը կերկարացվի հետագա մեկ ամսով, սակայն միայն մինչև խոչընդոտները վերանալը:
3. Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը անձին հետ ընդունելու դիմումի վերաբերյալ դրական պատասխանի հիման վրա և ճամփորդական փաստաթղթի տրամադրումից հետո հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին կուղարկի ծանուցում անձի վերադարձի մասին՝ Համաձայնագրի 9-րդ կամ 12-րդ Հավելվածներին համապատասխան, ոչ ուշ քան նախատեսվող վերադարձի օրվանից 7 օր առաջ:
4. Դրական պատասխան տալուց հետո կամ մեկ ամսվա ժամկետը լրանալուց հետո համապատասխան անձը կփոխադրվի առանց անհիմն ուշացման և առավելագույնը երեք ամսվա ընթացքում: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այս ժամանակահատվածը կարող է երկարացվել օրենսդրական կամ գործնական խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ ժամանակով:
Հոդված 8. |
Փոխադրման ձևը և միջոցները |
1. Վերադարձը կիրականացվի օդով: Օդով վերադարձը չի սահմանափակում հայցող Պայմանավորվող կողմի ազգային փոխադրամիջոցների կամ անվտանգությունը ապահովող անձնակազմի օգտագործումը և կարող է իրականցվել ինչպես չվացուցակով կատարվող, այնպես էլ չարտերային թռիչքներով:
2. Սույն Համաձայնագրի իրականացման համար կիրառվող սահմանի հատման կետերը նշված են 2-րդ Հավելվածում:
Հոդված 9. |
Տարանցման սկզբունքներ |
1. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա թույլ կտա երրորդ երկրների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցում իր տարածքով, եթե առաջիկա ուղևորությունը տարանցման այլ հնարավոր պետություններ և հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետության կողմից երաշխավորված է:
2. Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը սահմանափակելու համար՝ այն դեպքերում, երբ այդ անձինք չեն կարողանա վերադառնալ անմիջապես վերջնակետ հանդիսացող երկիր:
3. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է մերժել տարանցումը`
ա) եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը տարանցման այլ պետությունում կամ վերջնակետ հանդիսացող պետությունում կարող է ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի, մահապատժի, ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելու կամ քաղաքական հայացքների համար հետապնդումների ռիսկի կամ կարող է դառնալ քրեական հետապնդման կամ պատժամիջոցների կիրառման օբյեկտ, կամ նրան կարող է սպառնալ քրեական հետապնդման կամ պատժամիջոցների վտանգ հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում,
բ) առողջապահության, ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ այլ ազգային շահերից ելնելով:
4. Պայմանավորվող կողմերը կարող են չեղյալ համարել ցանկացած թույլտվություն, եթե հետագայում առաջանան կամ հայտնաբերվեն 3-րդ կետում նշված տարանցումը խոչընդոտող հանգամանքներ, կամ եթե առաջիկա ճանապարհորդությունը տարանցման հնարավոր պետությունների կամ հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետության կողմից այլևս չի երաշխավորվում:
Հոդված 10. |
Տարանցման ընթացակարգը |
1. Տարանցման վերաբերյալ դիմումը իրավասու մարմիններին պետք է ներկայացվի գրավոր և պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) տարանցման ձևը (օդով, ցամաքով կամ ծովով), տարանցման այլ հնարավոր պետությունները և նախատեսվող վերջնական նպատակակետը,
բ) տվյալ անձի տվյալները (օրինակ՝ անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և, եթե հնարավոր է, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, ճամփորդական փաստաթղթի տեսակը և համարը),
գ) սահմանի հատման նախատեսված կետը, փոխադրման ժամանակը և հնարավոր ուղեկցումը,
դ) դիմում, որ հայցող Պայմանավորվող կողմի տեսակետից՝ 9-րդ հոդվածի 2-րդ կետի պայմանները կատարված են, և որ հայտնի չէ 9-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված մերժման որևէ պատճառ:
Տարանցման դիմումների համար օգտագործվող ընդհանուր ձևը կցված է սույն Համաձայնագրին՝ որպես 13-րդ Հավելված:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը առանց անհիմն ուշացման և ցանկացած դեպքում առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կպատասխանի տարանցման դիմումին սույն Համաձայնագրի 14-րդ Հավելվածին համապատասխան. տարանցման դիմումի մերժման պատճառները պետք է հայտնվեն: Այս ժամկետը սկսում է գործել ընդունման դիմումը ստանալու օրվանից: Այդ ժամկետը լրանալուց հետո փոխանցումը կհամարվի համաձայնեցված գործողություն: Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, անձի տարանցման դիմումի վերաբերյալ դրական պատասխանի հիման վրա, հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին, 15-րդ Հավելվածին համապատասխան, կուղարկի ծանուցում անձի տարանցման վերաբերյալ ոչ ուշ, քան նախատեսված տարանցման օրվանից յոթ օր առաջ:
3. Եթե տարանցումն իրականացվում է օդով, ապա տարանցման նպատակով ընդունվող անձը կամ նրա հնարավոր ուղեկիցները ազատվում են տարանցման վիզա ձեռք բերելու անհրաժեշտությունից:
4. Փոխադարձ խորհրդակցություններից հետո հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կաջակցեն տարանցման իրականացմանը, մասնավորապես, այդ անձանց հսկելու և այդ նպատակով համապատասխան հարմարություններ տրամադրելու միջոցով:
Հոդված 11. |
Փոխադրման և տարանցման ծախսերը |
1. Սույն Համաձայնագրի համաձայն՝ հետ ընդունելու հետ կապված փոխադրման բոլոր ծախսերը մինչև հայցվող Պայմանավորվող կողմի պետության սահման և, անհրաժեշտության դեպքում, 2-րդ հոդվածի 3-րդ կետի և 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հայցող Պայմանավորվող կողմը:
2. Տարանցման հետ կապված բոլոր ծախսերը մինչև վերջնական նպատակակետ հանդիսացող պետության սահման և, անհրաժեշտության դեպքում, վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հայցող Պայմանավորվող կողմը:
Հոդված 12. |
Տվյալների պաշտպանություն |
Անձնական տվյալների հաղորդումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ կլինի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին սույն Համաձայնագրի իրականացման նպատակով: Անձնական տվյալների մշակումը և օգտագործումը առանձին դեպքերում կկատարվի Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրության համաձայն: Ի լրումն վերոհիշյալի՝ կկիրառվեն հետևյալ սկզբունքները`
ա) անձնական տվյալները պետք է մշակվեն արդարացիորեն և օրինականորեն,
բ) անձնական տվյալները պետք է հավաքվեն սույն Համաձայնագրի հստակ, որոշակի և օրինական իրականացման նպատակով և հետագայում ստացողի կողմից չօգտագործվեն հաղորդման կամ ստացողի կողմից այլ նպատակով, որը համատեղելի չէ վերը նշված նպատակի հետ,
գ) անձնական տվյալները պետք է լինեն համարժեք, գործին վերաբերող և չլինեն ավելորդ այն նպատակի համար, որի համար հավաքվում են և/կամ հետագայում կօգտագործվեն: Մասնավորապես, հաղորդված անձնական տվյալները կարող են վերաբերել միայն հետևյալին`
- փոխադրման ենթակա անձին (օրինակ` ազգանուն, անուն, որևէ նախկին անուն, ծածկանուն կամ կեղծանուն, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, ներկա և նախկին քաղաքացիություն),
- անձը հաստատող փաստաթղթին կամ անձնագրին (համար, վավերականության ժամկետ, տալու ամսաթիվ, տվող մարմին, տալու վայր),
- կանգառելու վայրերին և երթուղիներին,
- այլ տեղեկությունների, որոնք, սույն Համաձայնագրի համաձայն, անհրաժեշտ են փոխադրման ենթակա անձի ինքնությունը հաստատելու կամ հետ ընդունելու հետ կապված պահանջները ուսումնասիրելու համար,
դ) անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում թարմացվեն,
ե) անձնական տվյալները պետք է պահպանվեն այն ձևով, որը հնարավորություն կտա նույնականացնել տվյալների բովանդակությունը այն ծավալով, որը անհրաժեշտ է այն նպատակի համար, ինչի համար տվյալները հավաքվել են, կամ որի համար դրանք հետագայում կօգտագործվեն,
զ) հաղորդող մարմինը և ստացողը կձեռնարկեն խելամիտ քայլեր ապահովելու համար անձնական տվյալների ուղղման, ոչնչացման կամ պահպանման իրականացումը՝ այն դեպքում, երբ տվյալների օգտագործումը չի համապատասխանում սույն հոդվածի դրույթներին, մասնավորապես, երբ այդ տվյալները համարժեք չեն, չեն վերաբերում տվյալ գործին, ճշգրիտ չեն կամ ավելորդ են օգտագործման համար: Սա ներառում է մյուս Կողմին ուղղված ծանուցումը տվյալների որևէ ուղղման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ,
է) դիմումի դեպքում ստացողը կտեղեկացնի հաղորդող մարմնին հաղորդած տվյալների օգտագործման և ստացած արդյունքների մասին,
ը) անձնական տվյալները կարող են հաղորդվել միայն իրավասու մարմիններին: Այդ տվյալները այլ մարմիններին հետագա հաղորդման համար պահանջվում է դրանք հաղորդող մարմնի նախնական համաձայնությունը,
թ) հաղորդող և ստացող մարմինները պարտավոր են գրանցել անձնական տվյալների հաղորդումը և ստացումը:
Հոդված 13. |
Դրույթներ, որոնց նկատմամբ չի տարածվում Համաձայնագիրը |
Սույն Համաձայնագիրը չի ազդի Պայմանավորվող կողմերի միջազգային պայմանագրերից բխող իրավունքների, պարտավորությունների և պատասխանատվության վրա:
Հոդված 14. |
Փորձագետների կոմիտե |
1. Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն կցուցաբերեն սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հարցերում: Այդ նպատակով նրանք կստեղծեն փորձագետների կոմիտե, որը, մասնավորապես, կունենա հետևյալ խնդիրները`
ա) հսկել սույն Համաձայնագրի կիրառումը,
բ) սահմանել սույն Համաձայնագրի միատեսակ իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները,
գ) սույն Համաձայնագրում փոփոխություններ առաջարկել:
Հոդված 15. |
Կասեցում |
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի դրույթների գործողությունը` ելնելով առողջապահության, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պահպանման նկատառումներից: Կասեցման մասին պետք է անմիջապես գրավոր ծանուցվի մյուս Պայմանավորվող կողմին:
Հոդված 16. |
Ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը |
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան պահանջների կատարման մասին Պայմանավորվող կողմերի` միմյանց գրավոր ծանուցելու օրվանից հաշված` երկրորդ ամսվա առաջին օրը:
2. Սույն Համաձայնագիրը ստորագրվում է անորոշ ժամկետով:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին պաշտոնապես գրավոր ծանուցելու միջոցով: Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի նշված ծանուցման օրվանից վեց ամիս հետո:
Հոդված 17. |
Հավելվածներ |
1. 1-ինից 15-րդ Հավելվածները կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
2. Հավելվածների փոփոխությունները պետք է գրավոր համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի կողմից:
Կատարված է Կոպենհագեն քաղաքում 2003թ. ապրիլի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, դանիերեն և անգլերեն: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Հ ա վ ե լ վ ա ծ 1
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
(4-րդ հոդվածի 1-ին կետ)
Հայաստանի կողմից Համաձայնագրի իրականացման իրավասու մարմինն է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Հասցե՝ Երևան, Մաշտոցի 13 ա
Հեռախոս՝ (3741) 52 14 16
Տելեֆաքս՝ (3741) 52 14 16
Էլեկտրոնային փոստի հասցե՝
Դանիայի կողմից Համաձայնագրի իրականացման իրավասու մարմինն է՝ Դանիայի ոստիկանության ազգային հանձնակատար, E-դեպարտամենտ:
Հասցե՝ Դանիայի ոստիկանության ազգային հանձնակատար, E-դեպարտամենտ
Anker Heegaards Gade 5, 3
1780 Copenhagen V
Denmark
Հեռախոս՝ 9945 33 91 09 10 - 6248
9945 33 14 88 88 - 6203
Տելեֆաքս՝ 9945 33 43 00 39
9945 33 43 00 40
Էլեկտրոնային փոստի հասցե` rpche@ politi.dk
Հ ա վ ե լ վ ա ծ 2
ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏԵՐ
(8-րդ հոդվածի 2-րդ կետ)
Սույն Համաձայնագրի իրականացման համար սահմանի հատման սահմանված կետերը հետևյալներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում`
- օդով փոխադրման համար միջազգային սահմանի հատման կետ է հանդիսանում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը,
բ) Դանիայի Թագավորությունում`
- օդով փոխադրման համար միջազգային սահմանի հատման կետ է հանդիսանում Կաստրուպի «Կոպենհագեն» օդանավակայանը:
Հ ա վ ե լ վ ա ծ 3
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ
(2-րդ հոդվածի 1-ին կետ և 5-րդ հոդվածի 1-ին կետ)
- Վավերական ազգային անձնագրեր,
- վավերական դիվանագիտական անձնագրեր:
Հ ա վ ե լ վ ա ծ 4
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ PRIMA FACIE ԱՊԱՑՈՒՅՑ
(2-րդ հոդվածի 1-ին կետ և 5-րդ հոդվածի 2-րդ կետ)
- Ժամկետանց ազգային անձնագրեր,
- ժամկետանց դիվանագիտական անձնագրեր,
- ազգային և դիվանագիտական անձնագրերի պատճեններ,
- վարորդական իրավունքներ կամ դրանց պատճեններ,
- ծննդյան վկայականներ կամ դրանց պատճեններ,
- զինգրքույկներ կամ դրանց պատճեններ, վկաների ցուցմունքներ,
- նավաստու գրանցման գրքույկներ կամ դրանց պատճեններ,
- ընկերության ինքնությունը հաստատող քարտեր կամ դրանց պատճեններ,
- վկաների bona fide ցուցմունքներ,
- համապատասխան անձի կողմից ներկայացված` իրեն վերաբերող մանրամասներ` նշելով այն լեզուն, որով խոսում է այդ անձը, ներառյալ` պաշտոնական քննության արդյունքում ստացված տվյալներ,
- ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է օգնել` որոշելու համապատասխան անձի քաղաքացիությունը,
- սույն Հավելվածում թվարկված որևէ ժամկետանց փաստաթուղթ:
Հ ա վ ե լ վ ա ծ 5
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ԱՊԱՑՈՒՅՑ
(3-րդ հոդվածի 1-ին կետ և 6-րդ հոդվածի 1-ին կետ)
- Կացության վավերական թույլտվություններ,
- փախստականի ինքնությունը հաստատող վավերական քարտեր,
- փախստականների վավերական ճամփորդական փաստաթղթեր:
Հ ա վ ե լ վ ա ծ 6
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
PRIMA FACIE ԱՊԱՑՈՒՅՑ
(3-րդ հոդվածի 1-ին կետ և 6-րդ հոդվածի 2-րդ կետ)
- Կացության ժամկետանց թույլտվություններ,
- փախստականի ինքնությունը հաստատող ժամկետանց քարտեր,
- փախստականների ժամկետանց ճամփորդական փաստաթղթեր,
- կացության թույլտվությունների, փախստականի ինքնությունը հաստատող քարտերի և փախստականների ճամփորդական փաստաթղթերի պատճեններ,
- համապատասխան անձի ճամփորդական փաստաթուղթ` մուտքի/ելքի կնիքով կամ համանման վավերացմամբ,
- վկաների ցուցմունքներ, որոնք կարող են վկայել սահմանը անցնող տվյալ անձի օգտին,
- անձի ինքնության և/կամ նրա գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն, որը տրամադրվել է միջազգային կազմակերպության կողմից,
- ընտանիքի անդամների, ուղեկիցների և այլ անձանց կողմից տեղեկատվության տրամադրում/հաստատում,
- համապատասխան անձի ցուցմունքներ:
Հ ա վ ե լ վ ա ծ 7
Հ ա վ ե լ վ ա ծ 9
Հավելված 12
Հ ա վ ե լ վ ա ծ 13
Հ ա վ ե լ վ ա ծ 15
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 1-ից: