ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության գործ թիվ ԵԷԴ/0002/15/08 |
ԵԷԴ/0002/15/08
|
Նախագահող դատավոր՝ Հ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Դանիելյանի | |
|
Հ. Ղուկասյանի | |
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
2009թ. օգոստոսի 21-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 3-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
1. Լ. Արզումանյանը Լեհաստանի Հանրապետության (այսուհետ` ԼՀ) Շելդաչայի շրջանային դատարանի 2001թ. դեկտեմբերի 21-ի դատավճռով ԼՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ զուգորդված սպանություն, անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարված ավազակային հարձակում), ԼՀ քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված ավազակային հարձակում) և ԼՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), ԼՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի (հանցանքների համակցություն) կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 25 տարի ժամկետով:
Նշված դատավճիռը բողոքարկվել է ամբաստանյալ Լ.Արզումանյանի և նրա պաշտպանի կողմից:
2. Լյուբլին քաղաքի վերաքննիչ դատարանի 2002թ. հոկտեմբերի 22-ի դատավճռով բեկանվել, փոփոխվել է ԼՀ Շելդաչայի շրջանային դատարանի 2001թ. դեկտեմբերի 21-ի դատավճիռը. Լ. Արզումանյանը ԼՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) դատապարտվել է ազատազրկման 5(հինգ) տարի ժամկետով, իսկ մնացած մասով` ԼՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ զուգորդված սպանություն, անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարված ավազակային հարձակում), և 280-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված ավազակային հարձակում), գործն ուղարկվել է նոր դատաքննության:
3. ԼՀ Շելդաչայի մարզային դատարանի 2003թ. հունիսի 11-ի դատավճռով Լ. Արզումանյանը մեղավոր է ճանաչվել ԼՀ քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասով/ զենքի գործադրմամբ կատարված ավազակային հարձակում/, ԼՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառել) և ԼՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի (հանցանքների համակցություն) հիման վրա դատապարտվել է ազատազրկման 15 տարի ժամկետով:
Դատավճիռն ամբաստանյալի կողմից բողոքարկվել է վերադաս դատարան, ԼՀ Լյուբլին քաղաքի վերաքննիչ դատարանի 2003թ. դեկտեմբերի 11-ի դատավճռով այն թողնվել է անփոփոխ:
4. Այդ ընթացքում Լ.Արզումանյանը նախնական կալանքի տակ է գտնվել ԼՀ Շելդաչայի մարզի Կառնումի բանտում (քննչական մեկուսարան): Մինչ վերադաս դատարանի կողմից վերաքննության կարգով դատավճռի քննարկումը, Շելդաչայի մարզի Կառնումի քննչական մեկուսարանում նախնական կալանքի տակ գտնվելու ընթացքում, 2002թ. դեկտեմբերի 6-ին, բանտախցում վիճաբանության ընթացքում Լ. Արզումանյանը եռացրած ջուր է լցրել նույն բանտախցի կալանավոր Մայրուշ Շապչակի գլխին, որի հետևանքով վերջինս դեմքի մաշկի, աջ թիկունքի, ձախ ականջի թաղանթի այրվածքների ձևով ստացել է մարմնական թեթև վնասվածքներ:
Նշված արարքի համար Լ. Արզումանյանը ԼՀ Շելդաչայի շրջանային դատարանի 2004թ. հունվարի 14-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ԼՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով:
Սույն դատավճիռն ամբաստանյալի կողմից բողոքարկվել է ԼՀ Շելդաչայի մարզային դատարան:
ԼՀ Շելդաչայի մարզային դատարանի 2004թ. օգոստոսի 27-ի դատավճռով այն թողնվել է անփոփոխ:
5. ՀՀ և ԼՀ արդարադատության նախարարությունների երկկողմ համաձայնության հիման վրա ԼՀ արդարադատության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի 2005թ. ապրիլի 25-ի որոշման համաձայն՝ բավարարվել է ՀՀ քաղաքացի Լ. Արզումանյանի խնդրանքը (հայտը), և նա հետագա պատիժը ՀՀ-ում կրելու համար հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետը միջնորդություն է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ԼՀ Շելդաչայի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսդրությանը համապատասխանեցնելու և ի կատար ածելու մասին:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ միջնորդությունը բավարարել է:
Սույն որոշումը դատապարտյալ Լ.Արզումանյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը 2007թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007թ. նոյեմբերի 28-ի որոշումը բեկանվել է, և գործը վերադարձվել է նույն դատարան` ըստ էության քննելու համար:
6. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյան դատարանը 2008թ. ապրիլի 8-ի որոշմամբ բավարարել է դատախազի միջնորդությունը և դատապարտյալ Լ. Արզումանյանի նկատմամբ ԼՀ Շելդաչայի մարզային դատարանի 2003թ. հունիսի 11-ի դատավճիռը ԼՀ քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասով, 155-րդ հոդվածով, ԼՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև Շելդաչայի շրջանային դատարանի 2004թ. հունվարի 14-ի դատավճիռը ԼՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով համապատասխանեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 109-րդ հոդվածի 1-ին մասին, 117-րդ հոդվածին և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի կիրառմամբ Լ. Արզումանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 15(տասնհինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2000թ. փետրվարի 24-ից:
Որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազը՝ խնդրելով բեկանել այն և Լ.Արզումանյանի նկատմամբ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 20 /քսան/ տարի ժամկետով:
7. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. նոյեմբերի 3-ի որոշմամբ մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը` Լ.Արզումանյանի վերաբերյալ օտարերկրյա պետության դատավճիռը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. ապրիլի 8-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ դատարանը 2009թ. հուլիսի 17-որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները.
8. Լ. Արզումանյանը ԼՀ Շելդաչայի դատարանի դատավճռով դատապարտվել է այն բանի համար, որ գողություն կատարելու նպատակով 2000թ. հունվարի 18-ին քննությամբ չպարզված երեք անձի հետ դիմակավորված մուտք են գործել Գմինա Սադովնայի Զվոդկայում բնակվող Խալինա և Ստանիսլավ Կովալչուկների բնակարան, որտեղ հրազենի և դանակի սպառնալիքի ներքո ծեծի են ենթարկել տուժողներին, այնուհետև կպչուն ժապավենով կապել նրանց և ավազակային հարձակմամբ բնակարանից հափշտակել են 15000(տասնհինգ հազար) զլոտի արժողության «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ՍՕՌ 0797 պետհամարանիշի ավտոմեքենան և մեքենայի փաստաթղթերը, «Մաուզեր» տեսակի հրացան, 165 հատ որսորդական փամփուշտ, որսորդական գոտի, «Մոռո» ֆիրմայի 3 հատ բաճկոն, ձեռքի ոսկյա շղթա և 2 հատ ոսկյա մատանի: Ավազակային հարձակման ընթացքում ծնողներին ցանկացել է օգնության հասնել տուժողների որդին` Յան Կովալչուկը, սակայն այդ պահին նրա որովայնին կրակել և վիրավորել են Պ-83 9մմ. տրամաչափի ատրճանակից, վերջինիս նույնպես կապել են կպչուն ժապավենով, այնուհետև առանց որևէ օգնություն ցուցաբերելու, անօգնական վիճակում թողնելով Յան Կովալչուկին, հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի: Երկարատև արնահոսության հետևանքով Յան Կովալչուկը բնակարանում մահացել է:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Գտնելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ դատարանների կողմից օտարերկրյա պետությունների դատավճիռները ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ճիշտ և միատեսակ կատարման համար, բողոք բերած անձը խնդրել է.
1) բեկանել Լ. Արզումանյանի վերաբերյալ օտարերկրյա պետության դատավճիռը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. ապրիլի 8-ի որոշումը օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 3-ի որոշումը,
2) ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա՝ 2 դատավճիռների համակցությամբ, Լ.Արզումանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 16 տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2005թ. մարտի 16-ից:
10. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն վերլուծել և գնահատել օտարերկրյա պետության դատավճիռները ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումներն ու ապացույցները, արդյունքում կայացվել է այնպիսի դատական ակտ, որը խախտում է ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացումը և խաթարում է արդարադատության էությունը:
Ի հիմնավորումն վերոգրյալի՝ բողոք բերած անձը նշել է, որ Լ.Արզումանյանի վերաբերյալ ԼՀ-ում կայացվել է երեք դատավճիռ՝ 2001թ. դեկտեմբերի 21 ցազատազրկում 5 տարի ժամկետով), 2003թ. հունիսի 11 (ազատազրկում 15 տարի ժամկետով), 2004թ. հունվարի 14 (ազատազրկում 1 տարի ժամկետով):
ԼՀ արդարադատության նախարարը, ՀՀ-ում հետագա պատիժը կրելու համար Լ.Արզումանյանին հանձնելիս, իր՝ 2005թ. ապրիլի 25-ի թիվ ԴՎՄ 11470 ԿԶ 03/1/05 գրությամբ պահանջել է ապահովել 2 դատավճռով նշանակված պատիժները՝ 15 տարի և 1 տարի ազատազրկում՝ որպես պատժի ավարտ նշելով 2021թ մարտի 16-ը` միաժամանակ շեշտելով այն հանգամանքը, որ Լյուբլին քաղաքի վերաքննիչ քրեական դատարանի 2002թ. հոկտեմբերի 22-ի դատավճռով նշանակված պատիժը` 5 տարի ազատազրկումը, Լ. Արզումանյանը ԼՀ-ում արդեն իսկ կրել է, և ՀՀ-ում նա պետք է կրի 15 և 1 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժները: Հետևաբար, ըստ բողոքաբերի` Լ. Արզումանյանի պատժի կրման սկիզբը պետք է հաշվվեր 2005թ. մարտի 16-ից:
11. Բողոքաբերի պնդմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի և Վերաքննիչ քրեական դատարաններն անգամ հիմք ընդունելով, որ Լ.Արզումանյանի նկատմամբ կայացվել է երկու դատավճիռ (նշանակված պատիժները` ազատազրկում 15 տարի և 1 տարի ժամկետով), ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելիս անշեղորեն պետք է ղեկավարվեին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով, քանի որ Լ.Արզումանյանը վերջին անգամ 1 տարվա ազատազրկման է դատապարտվել արդեն իսկ պատիժը կրելու ընթացքում կատարած հանցագործության համար: Բացի այդ, պետք է հաշվի առնվեր հանձնող պետության պահանջը, որ ՀՀ-ում Լ.Արզումանյանը ազատազրկման ձևով պատիժ պետք է կրի 15 տարի և 1 տարի:
12. Բողոք բերած անձը նշում է նաև, որ ԼՀ դատավճիռները ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցվել են ճիշտ, սակայն սխալ է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածը՝ հանցանքների համակցությունը, քանի որ առկա երկու դատավճիռների պայմաններում (պատժի կրման ընթացքում կատարած նոր հանցագործություն) պետք է կիրառվեր ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը՝ դատավճիռների համակցություն: Դատարանները պետք է հաշվի առնեին հանձնող պետության պահանջը, քանի որ հանձնման պահին Լ. Արզումանյանը ԼՀ-ում կրել է Լյուբլին քաղաքի վերաքննիչ դատարանի 2002թ. հոկտեմբերի 22-ի դատավճռով նշանակված 5 տարի ժամկետով ազատազրկումը:
13. Ըստ բողոք բերած անձի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատական ստուգման ենթարկելով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. ապրիլի 8-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, խախտել է Ստրասբուրգի միջազգային կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջները, կայացրել է դատական ակտ, որն իրավական բնույթով և տևողությամբ չի համապատասխանում միջազգային կոնվենցիայի պահանջներին:
Հիմք ընդունելով վերոգրյալ փաստարկները՝ բողոքաբերը նշել է, որ սույն գործի դատաքննությունների ընթացքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված սկզբունքները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածների 1-ին մասերով, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 3-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.
Ինչպես երևում է գործի նյութերից, Լեհաստանի Հանրապետությունում Լ. Արզումանյանի վերաբերյալ կայացվել է 3 դատավճիռ՝ 2001թ. դեկտեմբերի 21 (ազատազրկում 5 տարի ժամկետով), 2003թ. հունիսի 11 (ազատազրկում 15 տարի ժամկետով) և 2004թ. հունվարի 14 (ազատազրկում 1 տարի ժամկետով): Ընդ որում, առաջին երկու դատավճիռներով Լ. Արզումանյանը դատապարտվել է 2000թ. հունվար-փետրվար ամիսներին կատարած հանցագործությունների համար: Նշված արարքների համար Լ. Արզումանյանը նախնական կալանքի է վերցվել 2000թ. փետրվարի 24-ին:
14. «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի բովանդակությունից երևում է, որ դատապարտյալի փոխանցման պայմաններից մեկը վերջնական դատավճիռն է: Նույն կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Կատարող պետությունը պարտավոր է ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ:
Չնայած դրան՝ Լ. Արզումանյանի վերաբերյալ 3 դատավճիռներով Դատապարտող պետությունը՝ Լեհաստանի Հանրապետությունը, հանցանքների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու սկզբունքներից ելնելով, վերջնական պատիժ չի նշանակել: Փաստորեն պատժի տևողությամբ դատավճիռ Կատարող պետությանը չի ուղարկվել: Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարությանը հասցեագրված 2005թ. ապրիլի 25-ի գրությամբ ԼՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Լ. Արզումանյանի պատժի կրման ավարտը 2021թ. մարտի 16-ն է: Իսկ 2009թ. փետրվարի 24-ի գրությամբ ԼՀ արդարադատության նախարարությունը տեղյակ է պահել, որ Լ.Արզումանյանը փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին երկու առանձին պատիժ՝ 15 տարի և 1 տարի ազատազրկումը կրելու համար: Այդ երկու դատավճիռները չեն միացվել (չեն գումարվել):, և ՀՀ դատարանը կարող է միացնել (համակցել) այդ դատավճիռները: Ինչ վերաբերում է 5 տարի ժամկետով ազատազրկմանը, այն Լ.Արզումանյանը լրիվ կրել է: Լ. Արզումանյանը երբևէ ԼՀ-ում վերջնական 25 կամ 21 տարի ազատազրկման չի դատապարտվել: Այս դեպքում պարզ չէ, թե պատժի ինչպիսի տևողություն և պատիժ կրելու ինչ սկիզբ է նկատի ունեցել Դատապարտող պետությունը՝ Լ. Արզումանյանի պատժի կրման ավարտը համարելով 2021թ. մարտի 16-ը:
Բացի այդ, չնայած Լ.Արզումանյանը 2000թ. փետրվարի 24-ից գտնվել է նախնական կալանքի տակ, Դատապարտող պետությունը նախնական կալանքի ժամանակի հաշվակցման հարցը չի լուծել: Նշված չէ նաև Լ. Արզումանյանի պատիժը կրելու սկիզբը:
Վերը շարադրված բազմաթիվ թերությունների ու բացթողումների պայմաններում, որոնց արդյունքում չկա ազատազրկման հստակ տևողությամբ վերջնական դատավճիռ, չի լուծված նախնական կալանքի ժամանակի հաշվակցման հարցը, նշված չէ պատիժը կրելու սկիզբը, հնարավոր չէ ապահովել Լ. Արզումանյանի վերաբերյալ դատավճռի կատարումը:
Առաջադրված բոլոր հարցերի վերաբերյալ նոր քննությամբ անհրաժեշտ է իրականացնել Դատապարտող պետությունից ստացված փաստական տվյալների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և հանգել համապատասխան հետևության:
Սույն գործով թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները հանգեցրել են դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:
Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատարանի որոշման՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Լևոն Մայիսի Արզումանյանի վերաբերյալ oտարերկրյա պետության դատավճիռը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. նոյեմբերի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Հ. Ղուկասյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |