Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՎԻԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ելնելով երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները ամրապնդելու փոխադարձ ցանկությունից,
գիտակցելով, որ սույն Համաձայնագիրը կնպաստի փոխադարձ համագործակցության ամրապնդմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Դիվանագիտական և ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են մուտք գործել Արգենտինայի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն (90) օր առավելագույն ժամկետով` առանց մուտքի արտոնագրերի:
2. Դիվանագիտական և ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող Արգենտինայի Հանրապետության քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն (90) օր առավելագույն ժամկետով` առանց մուտքի արտոնագրերի:
Հոդված 2
1. Դիվանագիտական և ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Արգենտինայի Հանրապետության քաղաքացիները, որոնք մեկնում են մյուս Կողմի երկիրը` դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, առևտրական ներկայացուցչություններում կամ, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Արգենտինայի Հանրապետության տարածքում ներկայացուցչություն ունեցող միջազգային կազմակերպություններում աշխատելու համար, և դիվանագիտական, պաշտոնական կամ ծառայողական անձնագրեր ունեցող այն անձինք, որոնք հավատարմագրված են որպես նրանց անձնակազմի անդամներ, ինչպես նաև նրանց հետ բնակվող ընտանիքների անդամները կարող են անարգել մուտք գործել, գտնվել և դուրս գալ Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության տարածքներից:
2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի առաջին և երկրորդ կետերում սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր երկրի լիազորված մարմինների կողմից արտոնագրի ձևակերպման միջոցով, որը տրվում է համապատասխան երկրի դիվանագիտական ներկայացուցչության խնդրանքով, հիմնավոր պատճառների առկայության դեպքում` ոչ ավել, քան 90 (իննսուն) օր ժամկետով:
3. Դիվանագիտական, ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց, որոնք կատարում են իրենց պարտականությունները Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության տարածքներում գտնվող համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, առևտրական ներկայացուցչություններում կամ միջազգային կազմակերպություններում և այդ ներկայացուցչությունների և կազմակերպությունների կողմից հավատարմագրված անձանց, ինչպես նաև նրանց հետ ապրող ընտանիքների անդամներին տրամադրվում են արտոնագրեր նրանց պաշտոնական գործունեության ամբողջ ժամկետի ընթացքում:
Արտոնագիրը ուժի մեջ է երկու տարվա ընթացքում, եթե նրանց գործունեությունը չի գերազանցում նշված ժամկետը:
Տվյալ արտոնագիրը կարող է երկարաձգվել նույն ժամկետով` համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների կամ միջազգային կազմակերպությունների խնդրանքով:
4. Սույն հոդվածի կիրառման ընթացքում ծագող ծանուցումները իրագործվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի 10-րդ հոդվածի կամ Հյուպատոսական հարաբերությունների մասին 1963 թվականի Վիեննայի կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 3
Յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինները կարող են մերժել այն անձանց մուտքը, որոնց գտնվելը այդ պետության տարածքում նշված մարմինները համարում են անպատեհ:
Հոդված 4
Կողմերից յուրաքանչյուրը կարող է լրիվ կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` անվտանգության, բնակչության առողջության պահպանման կամ հասարակական կարգի պահպանման նկատառումներով: Այդպիսի դեպքերում մյուս Կողմը պետք է անմիջապես տեղեկացվի դիվանագիտական ուղիներով Համաձայնագրի գործողության ժամանակավոր դադարեցման և վերստին ուժի մեջ մտնելու մասին:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են համապատասխան անձնագրերի նմուշները, որոնց փոփոխման դեպքում նոր նմուշները նույնպես փոխանակվում են դրանք օգտագործման մեջ մտցվելուց երեսուն (30) օր առաջ:
Հոդված 6
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է գրավոր, դիվանագիտական ուղիներով չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը: Համաձայնագիրը չեղյալ է հայտարարվում մյուս Կողմին այդ մասին հայտնելուց երեք (3) ամիս անց:
3. Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք ձևակերպվում են առանձին Արձանագրություններով և ուժի մեջ են մտնում դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի գրավոր ծանուցման ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 7
Կողմերից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով գրավոր հայտնում է մյուս Կողմին սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցման ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:
Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի հունիսի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և իսպաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 1-ից:
