Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ICARDA) ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Չորային գոտիներում գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնը (այսուհետ` ICARDA) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, (այսուհետ` Գյուղատնտեսության նախարարություն), այսուհետ` Կողմեր,
առաջնորդվելով գյուղատնտեսական գիտությունների ոլորտում փոխադարձ համագործակցության զարգացման անհրաժեշտությամբ,
համոզված լինելով, որ գյուղատնտեսական գիտությունների ոլորտում համագործակցությունը կնպաստի գյուղատնտեսության առաջընթացին, հողերի բերրիությանը և մշակաբույսերի ու կենդանիների արդյունավետության բարձրացմանը,
Հայաստանում գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, բույսերի և կենդանիների գենետիկական ռեսուրսների պահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսական գիտության ոլորտում արտասահմանյան ներդրումների ներգրավման, միջազգային ժամանակակից միջոցների օգտագործման, գիտական կադրերի պատրաստման ուղղություններով ICARDA-ի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը կազմակերպելու նպատակով,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Արդյունավետ համագործակցություն հաստատելու նպատակով Կողմերը կիրագործեն`
ա) գիտնականների, մասնագետների և առաջավոր տեխնոլոգիաների փոխանակում,
բ) Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության և Կենսաբանական բազմազանության մասին միջազգային կոնվենցիայի համապատասխան սերմերի և սելեկցիոն նյութերի փոխանակում,
գ) գիտական գրականության, տեղեկատվության և մեթոդաբանության փոխանակում,
դ) համատեղ գիտահետազոտական ծրագրերի ապահովման նպատակով սարքավորումների ներկրում և արտահանում:
Հոդված 2
Կողմերի միջև հատուկ պայմանավորվածությունների համաձայն` կադրային և բյուջետային հնարավորությունների սահմաններում ICARDA-ն կտրամադրի`
ա) ICARDA-ի հաստիքային և միջազգային այլ գիտահետազոտական կենտրոնների աշխատողների խորհրդատվություն Հայաստանի ազգային գիտական հետազոտությունների մակարդակը բարձրացնելու և օգնություն ցուցաբերելու համար,
բ) արտասահմանյան գիտնականների երկարաժամկետ գործուղումներ Հայաստան, եթե դա անհրաժեշտ և իրագործելի է համատեղ ծրագրերի համար,
գ) գիտնականների կարճաժամկետ այցելություններ,
դ) ֆինանսական աջակցություն` Հայաստանի տարբեր ազգային հաստատությունների գիտնականների ուսուցման, ինչպես նաև համաժողովներին, սեմինարներին և գիտաժողովներին նրանց մասնակցության համար,
ե) անհրաժեշտ քանակի սերմանյութ` փորձեր, լայնածավալ արտադրական փորձարկումներ և ցուցադրումներ կազմակերպելու համար,
զ) գիտահետազոտական գրականություն և հրապարակումներ:
Հոդված 3
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը կադրային և բյուջետային հնարավորությունների սահմաններում կտրամադրի`
ա) հետազոտական գործունեության նպատակով փոխադարձ համաձայնությամբ իրականացվող ծրագրերի կատարման համար անհրաժեշտ հարմարություններ և հողեր,
բ) գիտական և անհրաժեշտ տեխնիկական աշխատակազմ` փոխադարձ համաձայնությամբ իրագործվող ծրագրերի համար,
գ) ICARDA ծրագրերի իրագործման հետ կապված անձնակազմի, վերապատրաստվողների և սովորողների մուտքը Հայաստան ապահովող ընթացակարգեր և հարմարություններ,
դ) միջազգային կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ` ICARDA-ի հետ համատեղ ծրագրերի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն սաղմնային պլազմայի անսահմանափակ ներկրման և արտահանման թույլտվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է նյութերի արագ և անհապաղ ստուգումը:
Հոդված 4
Երկու Կողմերը կարող են զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների ոլորտում համատեղ ծրագրերին հնարավոր դոնորների աջակցությունը:
Հոդված 5
Կողմերը համաձայնում են, որ`
ա) համատեղ ջանքերով ստեղծված օգտակար արդյունքները, ինչպիսիք են բարելավված սելեկցիոն նյութը, տեխնիկական մշակումները և մեթոդները, Կողմերը իրավասու են օգտագործել հավասարապես,
բ) հասարակական հետաքրքրություն ներկայացնող հետազոտական արդյունքները տպագրվում են համատեղ համաձայնությամբ:
Հոդված 6
Սույն Համաձայնագրում երկու Կողմերի համաձայնությամբ, կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել: Փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ հայկական Կողմը կծանուցի ICARDA-ին դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետով, եթե Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից 6 ամիս առաջ Կողմերից որևէ մեկը գրավոր չծանուցի մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Հալեպ քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 10-ից: