Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
Կողմերի պաշտպանության բնագավառի արդյունաբերության ձեռնարկությունների և կազմակերպությունների տնտեսական, արտադրական և գիտատեխնիկական համագործակցության համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը պարտավորվում են փոխշահավետ հիմքի վրա պահպանել պաշտպանական և ժողովրդատնտեսական նշանակության արտադրանքների մշակման և արտադրության, ռազմական բնույթի ծառայությունների մատուցման գործում պաշտպանական արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների միջև ստեղծված արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիան, ինչպես նաև կոոպերացիան` այդ նպատակով անհրաժեշտ հումքի, կիսաֆաբրիկատների (կիսապատրաստուկների), լրակազմող արտադրանքների, ուսումնական ու օժանդակ գույքի մատակարարումների գործում:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը համաձայնեցին, որ հումքի, կիսաֆաբրիկատների (կիսապատրաստուկների), լրակազմող արտադրանքների, ուսումնական ու օժանդակ գույքի, տեխնոլոգիական և գիտատեխնիկական բնույթի ծառայությունների կոոպերատիվ մատակարարումներն իրականացվում են Կողմերի օրենսդրությանը համապատասխան և Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 3
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության սուբյեկտների միջև ստեղծված կոոպերատիվ կապերի շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության համար անհրաժեշտ հումքի, կիսաֆաբրիկատների (կիսապատրաստուկների), լրակազմող արտադրանքների և այլ նյութական ռեսուրսների փոխադարձաբար մատակարարումներն իրականացվում են համաձայնեցված ցանկերով:
Նշված ցանկերը, որոնք պարունակում են ձեռնարկությունների ցուցակները, ինչպես նաև արտադրանքի անվանացանկը և ծավալները, ամեն տարի համաձայնեցվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության բնագավառի արդյունաբերության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կողմից:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների միջև փոխադարձ հաշվարկների կարգը որոշվում է Կողմերի օրենսդրությամբ և գործող միջկառավարական համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված ցանկերով նախատեսված մատակարարվող ապրանքները ենթակա չեն քվոտավորման (թույլատրված նորմավորման) և արտոնագրման:
Կողմերը ցանկերով նախատեսված ապրանքներն ազատում են մաքսային տուրքերից, ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքներում:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն կոոպերացիայի միջոցով մատակարարվող ապրանքների համար սահմանված շահութաբերության սահմանային մակարդակները մոտեցնելու ուղղությամբ:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը համատեղ կօգտագործեն գործող և նոր ստեղծվող փորձադաշտերը, փորձարկման կենտրոնները և լաբորատորիաները:
Աշխատանքները կկատարվեն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն: Փորձարկումների արդյունքները ճանաչվում են երկու Կողմերի կողմից:
ՀՈԴՎԱԾ 7
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնակցությամբ զենքի և ռազմական տեխնիկայի նոր նմուշների արտադրության և մշակման հարցերը կսահմանվեն միջկառավարական առանձին համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը չեն վաճառի կամ փոխանցի երրորդ կողմին, այդ թվում նաև օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպություններին, փոխադարձաբար առաքվող ռազմական արտադրանքը, դրանց վերաբերյալ գիտական և տեխնիկական տեղեկությունը, հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև, առանց նախնական փոխադարձ համաձայնության, չեն օգտագործի հայտնագործությունները և «նոու-հաու»-ները:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների զինվորական ներկայացուցչություններին կհանձնարարեն իրենց ձեռնարկություններում իրականացնել ռազմատեխնոլոգիական նշանակության արտադրանքների ընդունումը` գործող տեխնիկական և նորմատիվ փաստաթղթերի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 10
Բոլոր վիճելի հարցերը, որոնք, սույն Համաձայնագրին համապատասխան, կարող են առաջանալ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների միջև ապրանքների առաքման ժամանակ, կլուծվեն արտաքին առևտրական կոնտրակտներում (պայմանագրերում) նախատեսված պայմանների համաձայն:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագրի իրականացման վերահսկումը և համակարգումը հանձնարարել` Ռուսաստանի Դաշնության կողմից`
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության բնագավառի արդյունաբերության պետական կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության կողմից`
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի համաձայնությամբ: Սույն Համաձայնագիրը կգործի 3 տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ երեքամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ գրավոր հայտարարություն չանի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության վերաբերյալ:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև` դրա գործողության ընթացքում կնքված և չավարտված կոնտրակտների (պայմանագրերի) պայմանների վրա:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի մարտի 30-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մարտի 30-ից:
