Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
4 ապրիլի 2013 թվականի N 13
6. «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը`
Հավանություն տալ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 4-ի նիստի N 13 արձանագրային որոշման |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Զբաղվածության ոլորտի համակարգված ու նպատակային բարեփոխումների արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրային որոշմամբ հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը (այսուհետ` ռազմավարություն) և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:
2. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգում (այսուհետ` հայեցակարգ) արտացոլվում է ռազմավարությամբ առաջարկվող նոր մոտեցումների ներդրման իրավական կարգավորման քաղաքականության որոշումը` կարգավորման հայեցակարգային մոտեցումների որոշակիացումը:
3. Ռազմավարությամբ նախանշված թիրախներին հասնելու նպատակով համարժեք օրենսդրական շրջանակի հաստատումը զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկն է:
4. Ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված է մշակել և քննարկման ներկայացնել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հիմնադրույթները սահմանելու նպատակով էլ մշակվել է հայեցակարգը: «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը փոխարինելու է գործող՝ «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` գործող օրենք):
II. Ընթացիկ իրավիճակը ԵՎ խնդիրները
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնակչության զբաղվածության քաղաքականության շրջանակներում իրականացնում է աշխատաշուկայի պետական կարգավորման, աշխատանքի և աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանսավարկային, տարածքային զարգացման, ներդրումային, հարկային, կրթական, ժողովրդագրական, աշխատուժի միգրացիայի քաղաքականությունը: Նշված բնագավառներում լիազոր պետական մարմիններն են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը:
Աշխատաշուկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը` բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան, համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների, սոցիալական գործընկերների և այլ կազմակերպությունների հետ:
Նախարարությունը վերահսկում և գնահատում է այդ ծրագրի կատարման ընթացքը, ներկայացնում է ֆինանսական հիմնավորումներ և կատարում համապատասխան բյուջետային ծախսերի կանխատեսումներ:
Գործող օրենքով սահմանված զբաղվածության քաղաքականության մոդելը կարելի է բնութագրել որպես հիմնականում «պասսիվ» քաղաքականության մոդել:
6. Հիմք ընդունելով ռազմավարությամբ ներկայացված զբաղվածության քաղաքականության վերլուծությունները, վեր հանված մարտահրավերները և միջնաժամկետ բարեփոխումների համար առաջարկվող գերակայություններն ու նոր մոտեցումները` առանձնացվում են զբաղվածության քաղաքականության հիմնական խնդիրները, որոնց իրավական լուծումները պետք է ապահովվեն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքով: Դրանք են՝
1) ընդհանուր բնույթի խնդիրներ`
Գործող օրենքով զբաղվածության քաղաքականության հիմնական նպատակը և սկզբունքներն ընդհանրական են սահմանված, ինչը հնարավորություն չի տալիս`
● հստակ որոշարկելու այդ քաղաքականության տեղն ու դերն ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգում,
● սահմանելու ենթանպատակների համակարգը և դրանց փոխառնչություններն ու կապերը սոցիալ-տնտեսական քաղաքականության մյուս բնագավառների հետ,
● չափելի, գնահատելի և կանխատեսվող դարձնելու այդ քաղաքականության արդյունքները` ընթացիկ և հեռանկարային առումներով.
2) կազմակերպման արդյունավետության բարձրացման և օպտիմալացման խնդիրներ`
ա. գործող օրենքով առանձին սահմանված են զբաղվածության պետական կարգավորման ծրագրերը, հետևաբար, բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագիրը (այսուհետ` տարեկան ծրագիր) կրավորական, ածանցյալ դեր ունի, իսկ զբաղվածության պետական ծառայության լիազորություններն ուղղակիորեն հանգեցված են այդ ծրագրերի իրականացմանը: Այսպիսի կարգավորումը հնարավորություն չի տալիս`
● պլանավորելու և իրականացնելու աշխատաշուկայի իրավիճակից և միտումներից բխող ճկուն պետական կարգավորում,
● ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև աշխատաշուկայի ընթացիկ ու խորքային վերլուծությունների, կանխատեսումների արդյունքների համադրման հենքի վրա` օբյեկտիվ իրավիճակից բխող և օպերատիվ կերպով փորձարկելու և ներդնելու կարգավորման նոր գործիքակազմ,
● հետևողականորեն բարձրացնելու ոլորտին ուղղվող միջոցների օգտագործման արդյունավետությունը,
բ. գործող օրենքով ամբողջապես կարգավորված չեն զբաղվածության ոլորտում շահառուների գրանցման և հաշվառման, տեղեկատվական շտեմարանի ձևավորման, վարման, նպատակային օգտագործման իրավական հիմքերը, որի արդյունքում բացակայում են`
● էլեկտրոնային եղանակով աշխատանք փնտրողների գրանցման և ծառայություններից օգտվելու, ինչպես նաև գործատուներից թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունները,
● այս կամ այն հիմքով հաշվառումից դուրս եկած աշխատանք փնտրողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հետագա ստացման` հետադարձ կապի համար անհրաժեշտ մեխանիզմները,
● ռազմավարությամբ առաջարկվող` զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման նոր մոտեցումներն ու գործընթացներն ապահովող տեղեկատվական ամբողջական շտեմարանի ձևավորման և շահագործման համար անհրաժեշտ օրենսդրական մեխանիզմները,
● տարեկան ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացների նպատակային կառավարման համար բավարար օրենսդրական մեխանիզմները,
● Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված թափուր աշխատատեղերի և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով շահառուներին հասանելի դարձնելու կազմակերպաիրավական հիմքերը,
գ. գործող օրենքով ամբողջապես նախատեսված չեն տարեկան ծրագրի մոնիթորինգի և գնահատման գործընթացների կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը.
3) ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ պահանջող խնդիրներ`
ա. գործող օրենքով կարգավորված չեն աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ Զբաղվածության պետական ծառայության համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, որի արդյունքում գործնականում առկա չեն`
● աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունները,
● ոչ պետական կազմակերպություններին զբաղվածության պետական ծրագրերի պատվիրակման և դրանց մշտադիտարկման հնարավորությունները,
● պետական կարգավորման շրջանակներում ոչ պետական կազմակերպությունների ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքների համալիր պաշտպանության, խախտումների բացառման և կանխարգելման մեխանիզմները,
բ. գործող օրենքով, որպես զբաղվածության պետական քաղաքականություն իրականացնող մարմին, ամրագրված է զբաղվածության պետական ծառայությունը՝ իր հիմնական լիազորություններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հանրապետությունում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, անհրաժեշտություն է առաջացել զբաղվածության քաղաքականության իրականացման համակարգում կատարելու կառուցվածքագործառութային փոփոխություններ` այն համապատասխանեցնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարախոսությանը:
III. Կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը
7. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական լարվածության թուլացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, տնտեսության կայուն զարգացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է զբաղվածության ակտիվ քաղաքականության մշակումն ու իրականացումը: Այն մի կողմից ապահովելու է արդյունավետ զբաղվածություն՝ զարգացնելով աշխատանք փնտրողների մասնագիտական հմտությունները, աշխատանքային կարողությունները և բարձրացնելով նրանց ակտիվությունը, մյուս կողմից՝ ներառելու է գործուն մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն գործատուին առկա թափուր աշխատատեղերը համալրել երիտասարդներով և աշխատաշուկայում անմրցունակ անձանցով:
8. Նշված բարեփոխումների շրջանակներում առաջարկվող նոր մոտեցումներն ու մեխանիզմները պետք է լինեն կայուն, երկարաժամկետ և ունենան մոնիթորինգի ու գնահատման հստակ չափանիշներ:
9. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների գործառական, ինստիտուցիոնալ, կազմակերպչական և տեղեկատվական կարողությունների հզորացումը պետք է ուղղակիորեն բխի աշխատաշուկայում տիրող իրավիճակից, միտումներից, ինչպես նաև աշխատանք փնտրողներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունից, որակից և մատչելիությունից:
10. Զբաղվածության ոլորտի իրավական կարգավորումը պետք է դիտարկվի սոցիալական պաշտպանության միասնական քաղաքականության օրենսդրական կարգավորման և կառավարման ընդհանուր համակարգի շրջանակներում:
IV. Oրենքի նպատակը, սկզբունքները եվ կարգավորման առարկան
11. Oրենքի նպատակը ոլորտի առաջիկա բարեփոխումների իրականացման ռազմավարական և մարտավարական նոր մոտեցումների իրավական հենքի լիարժեք ապահովումն է՝ հետևյալ հիմնական ուղղություններով`
1) ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխությունների իրականացում.
2) աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարգավորման թափանցիկության ու արդյունավետության բարձրացում.
3) տարեկան ծրագրի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու այլ դոնորների կողմից ֆինանսավորվող զբաղվածության ծրագրերի պլանավորում, իրականացում, մոնիթորինգ և գնահատում:
12. Oրենքի կարգավորման առարկան բովանդակում է`
1) Հայաստանում բնակչության արդյունավետ զբաղվածության խթանման տնտեսական և կազմակերպական նոր դրույթներն ու իրավական հիմքերը.
2) զբաղվածության իրավունքի իրականացումը` հաշվի առնելով տնտեսության ոլորտային զարգացման առանձնահատկությունները.
3) գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից տրվող երաշխիքները:
13. Oրենքով ամրագրված զբաղվածության քաղաքականության սկզբունքները պետք է ելնեն զբաղվածության ոլորտի պետական կարգավորման հիմնական նպատակներից, որոնք ամրագրված են ռազմավարությունում:
14. Ելնելով օրենքի նպատակից, սկզբունքներից և կարգավորման առարկայից` օրենքով առաջարկվող զբաղվածության քաղաքականության նոր մոդելը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրված «ակտիվ» քաղաքականությանը, որի հիմնարար սկզբունքը կլինի՝ «աջակցել և պահանջել»:
V. Oրենքի նախնական կառուցվածքը ԵՎ հիմնական դրույթները
15. Հաշվի առնելով օրենքի նպատակը, սկզբունքներն ու կարգավորման հիմնական առարկան` օրենքում պետք է տեղ գտնի զբաղվածության քաղաքականության հետ կապված առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումը, որն առավելագույնս կհամապատասխանի զբաղվածության «ակտիվ» քաղաքականության նշված գաղափարախոսությանը:
16. Զբաղվածության «ակտիվ» քաղաքականության մոդելի իրավական ապահովման նպատակով ստորև ներկայացվում է օրենքի նախնական կառուցվածքը` հիմնական դրույթների հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ:
17. Oրենքում պետք է տեղ գտնի օրենքում կիրառվող հիմնական հասկացությունների սահմանումները ներառող առանձին բաժին:
18. Oրենքով պետք է սահմանվեն կարգավորվող հարաբերությունները, զբաղվածության օրենսդրության նպատակը և սկզբունքները:
19. Oրենքով անհրաժեշտ է սահմանել զբաղվածության «ակտիվ» քաղաքականության հիմնական նպատակը` առարկայացված ենթանպատակների համակարգով, որոնք առանձին վերցրած պետք է լինեն հստակ տարանջատված, իսկ դրանց իրականացման արդյունքները` չափելի:
Ենթանպատակները պետք է սերտ փոխառնչվեն տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, աշխատուժի արտաքին և ներքին միգրացիայի պետական քաղաքականությունների հիմնարար նպատակներին:
20. Ռազմավարությամբ առաջարկվող ինստիտուցիոնալ նոր մոտեցումների շրջանակներում անհրաժեշտ է օրենքում ամրագրել զբաղվածության պետական կարգավորման համար պատասխանատու մարմինների հիմնական լիազորությունները` նկատի ունենալով հանրապետությունում իրականացվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման բովանդակային գործընթացները:
21. Oրենքով պետք է սահմանվեն աշխատանք փնտրող անձանց և գործատուների իրավական երաշխիքները, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի որոշարկման մեխանիզմները և նրանց տրվող լրացուցիչ հնարավորությունները, ինչպես նաև զբաղվածության պետական կարգավորման ծրագրերում ներգրավման առաջնահերթությունները:
Oրենքով կսահմանվեն նաև ըստ շահառուների առանձին խմբերի (այդ թվում՝ օտարերկրացիների)` տարեկան ծրագրով նախատեսվող զբաղվածության կարգավորման ծրագրերից օգտվելու իրավունքները:
22. Պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում փոխլրացնող արդյունավետ գործունեություն և ինստիտուցիոնալ առողջ մրցակցություն ձևավորելու նպատակով անհրաժեշտ է օրենքով սահմանել աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման, աշխատանքի տեղավորման, դասընթացների կազմակերպման և լավագույն փորձի ուսումնասիրման ու տարածման սկզբունքները:
23. Անհրաժեշտ է օրենքով սահմանել նաև ոչ պետական կազմակերպություններին տարեկան ծրագրով նախատեսված ծրագրերի և ծառայությունների պատվիրակման հնարավորությունը` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
24. Oրենքում կնախատեսվեն նաև արտագնա աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության կարգավորման դրույթներ:
25. Տարեկան ծրագիրը պետք է սահմանվի` որպես զբաղվածության պետական քաղաքականության իրականացման առանցքային և հիմնական գործիք: Տարեկան ծրագրի համար շահառուների կայուն զբաղվածության ապահովումը պետք է դիտվի որպես առանցքային նպատակ:
Տարեկան ծրագիրը մշակելու է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա համախմբված պետական բյուջեի նախագծի մշակման շրջանակներում:
26. Տարեկան ծրագրի նախագիծը, ինչպես նաև տարվա ընթացքում այդ ծրագրի փոփոխությունների նախագծերը քննարկվում են Հանրապետական համաձայնեցման կոմիտեում:
Տարեկան ծրագրի նախագիծը և դրա վերաբերյալ Հանրապետական համաձայնեցման կոմիտեի դիրքորոշումը քննարկվում են հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կատարումն ապահովող հանրապետական եռակողմ հանձնաժողովում (այսուհետ` եռակողմ հանձնաժողով) և վերջինիս կողմից տրված եզրակացության հետ միասին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման: Հաստատվելուց հետո տարեկան ծրագիրը ներառվում է համախմբված պետական բյուջեում և ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
27. Լիազորված մարմնի կողմից տարեկան ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացները պետք է ենթարկվեն նպատակային կառավարման, որի իրավական հիմքերը պետք է սահմանվեն օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով:
28. Տարեկան ծրագրի պլանավորումը պետք է ենթադրի`
1) աշխատաշուկայի մշտական և խորքային վերլուծություններ, կանխատեսումներ, համադրումներ, գնահատումներ.
2) ամենամյա ծրագրում գործող այն ծրագրերի ներառում, որոնց ընթացիկ և հեռանկարային արդյունավետությունը գնահատվել է դրական, հետագա շարունակության տեսանկյունից նպատակահարմար, ինչպես նաև նոր ծրագրեր, որոնք նախապես փորձարկվել են և համապետական ներդրման տեսանկյունից գնահատվել են նպատակահարմար.
3) ծրագրերի բաշխման մեխանիզմների հիմքում պետք է ընկած լինեն` շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները.
4) ծրագրերի իրականացման ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների արդյունավետ համամասնությունների սահմանում, այդ թվում` համայնքային բյուջեներից համաֆինանսավորմամբ միջոցների ներգրավման հնարավորություն,
5) ակնկալվող արդյունքների ընթացիկ և վերջնական թիրախավորում` ըստ ծրագրերի, մարզերի, շահառուների առանձին խմբերի.
6) իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների, ինչպես նաև նոր ծրագրերի փորձարկման հնարավորություններ՝ միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների շրջանակներում.
7) ծրագրերի իրականացումը մասնավոր հատվածին պատվիրակելու հնարավորության նախատեսում:
29. Տարեկան ծրագրի իրականացումը պետք է ենթադրի`
1) աշխատանք փնտրողին հաշվառելը, խորհրդատվության տրամադրում, կարիքների գնահատում, նպատակների և դրանից բխող համապատասխան գործողությունների նախանշում, զբաղվածության ապահովման անհատական ծրագրի կազմում.
2) զբաղվածության պետական ծառայության և աշխատանք փնտրողի միջև անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագրի կնքում.
3) աշխատանք փնտրողին ինքնասպասարկման կենտրոնում և հնարավոր այլ եղանակներով էլեկտրոնային ծառայությունների տրամադրում.
4) որպես աշխատանք փնտրողի զբաղվածության անհատական ծրագրի վերջնանպատակ` նրա զբաղվածության ապահովում.
5) տարեկան ծրագրի պլանավորմանը համապատասխան` ոչ պետական կազմակերպությունների ներգրավման հնարավորությունների իրացում.
6) գործատուներին կամ նրանց ներկայացուցիչներին օրենքով սահմանված ծառայությունների տրամադրում` անհատական այցելությունների և էլեկտրոնային եղանակով.
7) էլեկտրոնային եղանակով ընթացիկ և վերջնական հաշվետվողականություն:
30. Տարեկան ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը պետք է ենթադրեն`
1) ծրագրերի և ծառայությունների մոնիթորինգի և վերջնական արդյունքների գնահատման ցուցանիշների սահմանում` հիմք ընդունելով ռազմավարությամբ նախանշված նպատակներն ու թիրախները.
2) մոնիթորինգի և գնահատման իրականացման ամբողջական հնարավորություն, այդ թվում` առցանց եղանակով.
3) ծրագրերի ընթացիկ ցուցանիշների` թիրախայինից շեղումների վերհանում և դրաց վերացմանն ուղղված գործողությունների պլանի առաջադրում.
4) ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացների ապահովում.
5) շահառուներին մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացում և վերլուծություն:
31. Տարեկան ծրագիրը պետք է նաև ներառի`
1) զբաղվածության պետական կարգավորման հիմնական ծրագրերի ցանկը` ըստ շահառուների առանձին խմբերի, իրականացման ժամանակացույցի, ֆինանսական միջոցների (մարզային բաշխվածությամբ), ոչ պետական կազմակերպություններին ծառայությունների պատվիրակման ուղղությունների հստակ չափելի ակնկալվող արդյունքների.
2) զբաղվածության պետական կարգավորման փորձարկվող նոր ծրագրերի ցանկը` ըստ սույն կետի 1-ին ենթակետով ներկայացված բացվածքի:
32. Անհրաժեշտ է օրենքով նախատեսել միջազգային չափանիշներին համապատասխան «հարմար աշխատանք» կարգավորման գործիքը և դրա կիրառման իրավական հիմքերը` որպես աշխատաշուկայի պետական կարգավորման նպատակայնության և արդյունավետության բարձրացման կարևոր միջոց:
33. Անհրաժեշտ է օրենքում ամրագրել աշխատանք փնտրողների մասնագիտական կողմնորոշման տրամադրման իրավական հիմքը:
Աշխատանք փնտրողների մասնագիտական կողմնորոշումը պետք է տրամադրվի բնակչությանը մատուցվող զբաղվածության ծառայությունների շրջանակներում և ներառվի տարեկան ծրագրում:
Առաջնահերթ պետք է կարևորվեն մասնագիտական կողմնորոշման մատչելիությունը, որակը, յուրաքանչյուր շահառուին անհատական մոտեցումների հնարավորությունը:
34. Անհրաժեշտ է օրենքով նախատեսել զբաղվածության պետական քաղաքականության բնագավառում համապատասխան էլեկտրոնային կայքէջերի, անհրաժեշտ տեղեկատվական շտեմարանների ստեղծման և շահագործման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, իրավական հիմքերը:
35. Oրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով պետք է սահմանվի առցանց եղանակով վարվող տեղեկատվական շտեմարանից լիազորված մարմնի կողմից տարեկան ծրագրի իրականացման ընթացքի մասին ընթացիկ (ըստ անհրաժեշտության) տեղեկատվություն ստանալու հնարավորությունը: Արդյունքում, պետք է ստեղծվի տարեկան ծրագրի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման` նախանշված թիրախային ցուցանիշներից շեղումները վեր հանելու օբյեկտիվ հնարավորություն:
36. Oրենքով նախատեսված հիմքով և դրա կիրարկումն ապահովող այլ իրավական ակտերով սահմանվում են տեղեկատվական շտեմարանում ներառվող յուրաքանչյուր տեղեկատվական միավորի բովանդակությունը, տեղեկատվական շտեմարանների վարման, տեղեկատվության տրամադրման, աշխատանք փնտրողների` առցանց եղանակով գրանցման, գործատուների կողմից առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունն առցանց եղանակով տեղեկատվական շտեմարան մուտքագրելու կանոնակարգերն ու կառուցակարգերը:
37. Որպես գործատուների հետ համագործակցության՝ զբաղվածության «ակտիվ» քաղաքականության նոր մոտեցում, անհրաժեշտ է օրենքում ամրագրել գործատուների հետ համագործակցության հետևյալ դրույթները`
1) գործատուներից և համապատասխան պետական մարմիններից և հնարավոր այլ աղբյուրներից` աշխատաշուկայի քանակական և որակական պահանջարկի (թափուր և նոր ստեղծվող աշխատատեղեր) մասին ընթացիկ և կանխատեսվող տեղեկատվության, ինչպես նաև ըստ առանձին խմբերի, մասնագիտության, սեռի, տարիքի և բնակավայրի` աշխատանք փնտրող անձանց մասին տեղեկատվության ստացման, հաշվառման և ամբողջական շտեմարանի (այսուհետ` տեղեկատվական շտեմարան) ձևավորման, ինչպես նաև նպատակային շահագործման իրավական հիմքերը.
2) գործատուների և աշխատանք փնտրողների համար շտեմարանում առկա տեղեկատվության հասանելիության ապահովում՝ առցանց եղանակով` լիազորված մարմնի ձևավորած համապատասխան ինտերնետային կայքէջի միջոցով.
3) տարեկան ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության մասին տեղեկատվության ստացում գործատուներից: Նշված տեղեկատվությունը ևս պետք է պարբերաբար ներառվի տեղեկատվական շտեմարան և օգտագործվի ըստ անհրաժեշտության` տարեկան ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, արդյունավետության գնահատման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով.
4) լիազորված մարմնի կողմից թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության պարբերաբար հրապարակում՝ զանգվածային լրատվության միջոցներով:
VI. Oրենքի մշակման ժամկետները ԵՎ պատասխանատու մարմինը
38. Հիմք ընդունելով հայեցակարգով սահմանված հիմնադրույթները` նախարարության կողմից կմշակվի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի մինչև 2013 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակը:
