ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0785/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0785/02/08 2008 թ. |
Նախագահող դատավոր՝ Վ. Թորոսյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վրեժ Կնյազյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Երևանի քաղաքապետի 14.11.2007 թվականի թիվ Վ19/3 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վրեժ Կնյազյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 14.11.2007 թվականի թիվ Վ19/3 որոշումը:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2008 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը մերժվել է` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.04.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վրեժ Կնյազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ և 24-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Մերժելով վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել Երևան քաղաքի շրջխորհրդի գործկոմի 20.08.1992 թվականի թիվ 18/24 որոշումը, որով Նորքի 7-րդ միկրոշրջանի 34-րդ և 38-րդ շենքի բնակիչներին թույլատրվել է կոոպերատիվ հիմունքներով կառուցել ստորգետնյա կառույցներ՝ անտեսելով, որ Վրեժ Կնյազյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել շենքին հարող տարածքում հողազավթմամբ վերգետնյա քարե շինություն կառուցելու համար:
Իսկ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «Ավտոտնակ-7» կոոպերատիվը (այսուհետ՝ Կոոպերատիվ), ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ձեռք է բերել վարձակալության իրավունք և հողհատկացման մասին Երևանի քաղխորհրդի գործկոմի 25.12.1991 թվականի որոշման հիման վրա օրենքի ուժով դարձել է հողամասի վարձակալը, վերաքննիչ բողոքը մերժելու հիմք չէ, քանի որ այդ որոշումից հետևում է, որ ստորգետնյա ավտոտնակներ կառուցելու համար հողամասը հատկացվել է Կոոպերատիվին, այլ ոչ թե Վրեժ Կնյազյանին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2008 թվականի որոշումը և փոփոխել` Վրեժ Կնյազյանի հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները
Վրեժ Կնյազյանի ավտոտնակը գտնվում է 32 ավտոտնակների կենտրոնում, որոնց մեծամասնությունը կառուցված են, իսկ մի քանիսը գտնվում են կիսակառույց վիճակում:
Վրեժ Կնյազյանի ավտոտնակի վերևի մասի քարերը տարիների ընթացքում քամուց և անձրևից փլվել են, իսկ Վրեժ Կնյազյանն ընդամենն ամրացրել է դրանք:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի շրջխորհրդի գործկոմի 25.12.1991 թվականի որոշմամբ Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ միկրոշրջաններում կոոպերատիվ հիմունքներով ստորգետնյա ավտոտնակների շինարարության համար հատկացվել են հողամասեր:
2) Երևանի շրջխորհրդի գործկոմի 20.08.1992 թվականի որոշմամբ թույլատրվել է Նորքի 7-րդ միկրոշջանի 34-38-րդ շենքերի բնակիչներին կոոպերատիվ հիմունքներով կառուցել գետնափոր ավտոտնակներ, գրանցել կոոպերատիվի կանոնադրությունը և այն անվանել «Ավտոտնակ-7»:
3) Երևանի Նոր Նորքի թաղապետարանի և Վրեժ Կնյազյանի միջև 05.12.2003 թվականին կնքվել է Նոր Նորքի 7-րդ փողոցի 38-րդ շենքի 4-րդ բնակարանի հասցեում գտնվող, Վրեժ Կնյազյանի կողմից որպես ավտոտնակ օգտագործվող 18քմ հողամասի ժամանակավոր հողօգտագործման վարձավճարի պայմանագիր: Պայմանագրի ժամկետ է սահմանվել 01.01.2003 թվականից մինչև 01.01.2004 թվականը:
4) Գործում առկա վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 14.11.2007 թվականի թիվ Վ-19/3 արձանագրության համաձայն` Վրեժ Կնյազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 30քմ մակերեսով քարե շինության շինարարական աշխատանքներն իրականացվել են նրա կողմից:
5) Երևանի քաղաքապետի 14.11.2007 թվականի թիվ Վ-19/3 որոշմամբ Վրեժ Կնյազյանը պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանք կատարելու, այն է՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 38-րդ շենքին հարող տարածքում պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում մոտ 30քմ մակերեսով քարե շինություն կառուցելու համար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝ հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության կիրառման պարտադիր վավերապայմաններն են՝ անձի մոտ հողօգտագործման իրավունքի բացակայությունը, ինչպես նաև շենքեր կամ շինություններ ինքնակամ կառուցելու փաստի առկայությունը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ օրենսդրական նորմերը, ինչպես նաև Երևանի շրջխորհրդի գործկոմի 20.08.1992 թվականի որոշումը, գտել է, որ հողամասը, որի վրա կառուցվել է վիճարկվող ավտոտնակը, վարձակալության իրավունքով պատկանում է Վրեժ Կնյազյանին և վերջինիս կողմից իրականացված շինարարական աշխատանքներն օրինական են: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործի դատաքննությամբ պատասխանողը, կրելով ակտի հիմքում ընկած հանգամանքների ապացուցման պարտականությունը, չի ապացուցել հայցվորի՝ հողօգտագործման իրավունք չունենալու, ապօրինի հողազավթում, նշված հողամասի վրա ինքնակամ շինություն իրականացնելու հանգամանքները, որոնք սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի շրջխորհրդի գործկոմի 20.08.1992 թվականի որոշմամբ թույլատրվել է Նոր Նորքի 7-րդ միկրոշջանի 34-38-րդ շենքերի բնակիչներին կոոպերատիվ հիմունքներով կառուցել գետնափոր ավտոտնակներ, գրանցել կոոպերատիվի կանոնադրությունը և այն անվանել «Ավտոտնակ-7», իսկ Երևանի շրջխորհրդի գործկոմի 25.12.1991 թվականի որոշմամբ Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ միկրոշրջաններում կոոպերատիվ հիմունքներով ստորգետնյա ավտոտնակների շինարարության համար հատկացվել են հողամասեր: Բացի այդ, վարչական վարույթի շրջանակներում Վրեժ Կնյազյանը բացատրություն է տվել այն մասին, որ իրականացրել է 30քմ մակերեսով քարե շինության շինարարական աշխատանքները:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի շրջխորհրդի գործկոմի 25.12.1991 և 20.08.1992 թվականների որոշումներով Վրեժ Կնյազյանին վերգետնյա ավտոտնակ կառուցելու թույլտվություն չի տրվել: Այդ թույլտվությունը տրվել է ստորգետնյա ավտոտնակներ կառուցելու համար: Ավելին, ստորգետնյա ավտոտնակներ կառուցելու համար անհրաժեշտ է համարվել կոոպերատիվ հիմունքներով դրանց կառուցումը:
Մինչդեռ Վրեժ Կնյազյանը, խախտելով վերոգրյալ որոշման՝ ավտոտնակը գետնափոր կառուցելու պայմանը, և չունենալով հողամասի վրա վերգետնյա շինարարություն իրականացնելու համապատասխան շինարարական թույլտվություն, կառուցել է ապօրինի շինություն:
Ինչ վերաբերում է հողամասի՝ պետական սեփականություն լինելու կանխավարկածի վերաբերյալ բողոքի հիմնավորումներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք նույնպես հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողը և բնական այլ պաշարները պետական սեփականություն են:
Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներում արձանագրվել է, որ գոյություն ունի հողի նկատմամբ պետական սեփականության կանխավարկածի սկզբունք, որի բովանդակությունը կայանում է նրանում, որ սեփականատեր չունեցող բոլոր հողերը համարվում են պետության սեփականությունը (Տե՜ս Գոհար Հակոբյանն ընդդեմ Հրածին Վարդանյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-410(ՎԴ) գործով 18.05.2007 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայության վերաբերյալ ապացույցի բացակայության դեպքում նույնպես պետք է գործի այդ հողամասի պետական սեփականություն լինելու կանխավարկածը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Վրեժ Կնյազյանի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | ||
Դ. Ավետիսյան | ||
Հ. Ղուկասյան | ||
|
Ս. Օհանյան |