ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 3-624(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան |
Դատավորներ՝ |
Վ. Թորոսյան |
|
Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն Հարությունյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արսեն Հարությունյանի ընդդեմ Մհեր Հարությունյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասով Գարուշ Հարությունյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արսեն Հարությունյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Մուշավանի 5 փողոցի թիվ 16 հասցեում իր տիրապետման տակ գտնվող ըստ հատակագծի 15քմ մակերեսով ննջարանի, 20քմ մակերեսով հյուրասենյակի, 14քմ մակերեսով ավտոտնակի, 16քմ մակերեսով նկուղի, օժանդակ շինությունների` աստիճանավանդակի, հարթակի, և դրանցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ և այդ մասով անվավեր ճանաչել Գարուշ Հարությունյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.12.2007 թվականի վճռով հայցը՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասով, մերժվել է, իսկ Գարուշ Հարությունյանի սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2008 թվականի որոշմամբ Արսեն Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ և դրանք հիմնավորող ապացույցներ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Էրեբունի շրջանի Շորբուլաղի գյուղխորհրդի գործկոմի 26.06.1992 թվականի թիվ 7/3 որոշմամբ, Գարուշ Հարությունյանի դիմումի հիման վրա, Արսեն Հարությունյանը համարվել է առանձին տնտեսություն: Արսեն Հարությունյանը տիրապետել է վիճելի տան 15քմ և 20քմ մակերեսներով սենյակները, նկուղը, ավտոտնակը, իսկ 1992 թվականին ավտոտնակի վրա կառուցել է խոհանոց, լոգարան, որտեղ մուտք գործելու նպատակով կառուցել է նաև աստիճանավանդակ և հարթակ: Այդ բոլոր աշխատանքները կատարվել են Գարուշ Հարությունյանի համաձայնությամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Գարուշ Հարությունյանի կտակը վավերացվել է 16.07.1991 թվականին, իսկ տնտեսության բաժանության մասին թիվ 7/3 որոշումը կայացվել է 26.06.1992 թվականին: Հետևաբար, Գարուշ Հարությունյանը գիտակցել է իր գործողությունների հետևանքը և փաստորեն հրաժարվել է Արսեն Հարությունյանի կողմից տիրապետվող գույքից:
Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-1451(ՎԴ) գործով արտահայտած իրավական դիրքորոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 16.07.1991 թվականի կտակով Գարուշ Հարությունյանն իրեն պատկանող Երևանի Շորբուլաղի 5-րդ փողոցի թիվ 16 բնակելի տունը կտակել է Մհեր Հարությունյանին:
2) Երևանի Էրեբունի շրջանի Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 26.06.1992 թվականի թիվ 7/3 որոշմամբ, Գարուշ Հարությունյանի դիմումի հիման վրա, որոշվել է նրա տնտեսությունը բաժանել իր տղայից` Արսեն Հարությունյանից, և համարել առանձին տնտեսություններ:
3) Կադաստրային գործում առկա է վիճելի բնակարանում բնակվող անձանց՝ այդ թվում Արսեն Հարությունյանի կողմից տրված համաձայնությունը՝ տունը Գարուշ Հարությունյանի անունով օրինականացնելու վերաբերյալ:
4) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 23.03.2007 թվականի թիվ 06-0391 փորձագիտական եզրակացության համաձայն` Երևանի Մուշավանի 5-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տնից Արսեն Հարությունյանի ընտանիքի օգտագործման ներքո գտնվում է 108,28քմ մակերեսով շինություն, որից օրինական օգտագործելի մակերեսը կազմում է 54,76քմ: Արսեն Հարությունյանի ընտանիքի օգտագործման ներքո գտնվող անշարժ գույքով և աստիճանավանդակի հարթակով ծանրաբեռնված հողամասի մակերեսը կազմում է 90,57քմ, այդ թվում` 86,80քմ-ն հանդիսանում է օրինական, իսկ 3,77քմ-ն` փողոցին հարակից հատվածից ինքնակամ զբաղեցված հողամաս:
5) Գարուշ Հարությունյանը մահացել է 29.03.2007 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը նշել է, որ վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու հիմքով տեղի ունեցած գործարքի արդյունքում ընդմիջվել է այդ գույքի նկատմամբ Արսեն Հարությունյանի ձեռքբերման վաղեմության տիրապետման ժամկետը, քանի որ այդ գույքի նկատմամբ կնքվել է օրենքով նախատեսված գործարք (կտակ), որի արդյունքում գույքը մեկ անձի տիրապետումից փոխանցվել է այլ անձի: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չի դարձվել Գարուշ Հարությունյանի կտակը և տնտեսության բաժանության մասին 26.06.1992 թվականի թիվ 7/3 որոշումը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կտակը վավերացվել է 16.07.1991 թվականին, իսկ տնտեսության բաժանության մասին թիվ 7/3 որոշումը կայացվել է 26.06.1992 թվականին, որից հետևում է, որ Գարուշ Հարությունյանը կտակը կազմելուց հետո հրաժարվել է Արսեն Հարությունյանի կողմից տիրապետվող գույքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2008 թվականի որոշումը՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասով, և այդ մասով գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |