ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռ Քրեական գործ թիվ 65/08 |
Քրեական գործ թիվ ՎԲ-43/08 |
Նախագահող դատավոր՝ Ս. Ավետիսյան | |
Դատավորներ՝ Մ. Սիմոնյան Ա. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ղուկասյանի | |
|
Ս. Օհանյանի | |
Վ. Աբելյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
|
Ս. Սարգսյանի |
2008 թվականի սեպտեմբերի 26-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննելով հավատարմագրված փաստաբանի միջոցով քաղաքացիական պատասխանող Կարեն Քոսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի փետրվարի 14-ի դատավճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Նախաքննության մարմինը 2007 թվականի մարտի 7-ի որոշմամբ հարուցել է թիվ 10102407 քրեական գործը:
Թամարա Սեդրակյանին և Աննա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
2007 թվականի մարտի 22-ին Անուշավան Բարսամյանը ճանաչվել է տուժող, իսկ նույն թվականի սեպտեմբերի 26-ին` քաղաքացիական հայցվոր:
Մեղադրական եզրակացությունը կազմվել է 2007 թվականի հոկտեմբերի 1-ին, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան:
Քաղաքացիական հայցվոր Ա. Բարսամյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ Թ. Սեդրակյանի, Ա. Ղազարյանի, Է. Շաբոյանի, Վ. Զաքարյանի և Կ. Քոսյանի` խնդրելով անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումը:
2. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռով Թամարա Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-67-րդ հոդվածների հիման վրա վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 (ինը) տարի ժամկետով: Նույն դատավճռով Աննա Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Բավարարվել են տուժողների, այդ թվում` Անուշավան Բարսամյանի քաղաքացիական հայցերը:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի փետրվարի 14-ի դատավճռով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ամբաստանյալների, քաղաքացիական պատասխանող Է.Սարգսյանի և քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ Վ.Քոսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի փետրվարի 14-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել քաղաքացիական պատասխանող Կ.Քոսյանը:
Վճռաբեկ դատարանը 2008 թվականի հունիսի 16-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.
5. Թամարա Սեդրակյանը և Աննա Ղազարյանը, Վալերի Զաքարյանի նախաձեռնությամբ, առանձնապես խոշոր չափերի արժեքներ ունեցող բնակարանների նկատմամբ խարդախությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով, ստեղծել են կազմակերպված խումբ և կատարել են հանցավոր գործունեության դերաբաշխում: 2006 թվականի ապրիլից մինչև 2007 թվականի փետրվարը, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, նրանք վարձակալել են ընդհանուր առմամբ ութ` առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բնակարաններ, որից հետո փաստաթղթեր և բնակարանների առուվաճառքի պայմանագրեր կեղծելու միջոցով այդ բնակարաններից վեցի նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք: Այնուհետև, այդ բնակարաններից չորսը վաճառել, իսկ երկուսը գրավադրել են տարբեր անձանց: Մյուս երկու բնակարանների նկատմամբ նրանք սեփականության իրավունք ձեռք բերել չեն կարողացել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
6. Մասնավորապես` կրկին անգամ ուրիշին պատկանող առանձնապես խոշոր չափի արժեք ունեցող բնակարանի նկատմամբ խարդախությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով, գործելով կազմակերպված խմբի շրջանակներում, Վալերի Զաքարյանը, բնակարանների վարձակալության հայտարարությունների միջոցով ընտրել, իսկ Աննա Ղազարյանը 2006 թվականի նոյեմբերի 13-ին վարձակալել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 27-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող և Անուշավան, Արմեն, Ջուլիետտա Բարսամյաններին ու Կարինե Միրզոյանին պատկանող, առանձնապես խոշոր չափի՝ 12.270.000 ՀՀ դրամ արժողության բնակարանը: Այնուհետև, Վալերի Զաքարյանը պատրաստել է կեղծ լիազորագիր, ըստ որի` իբր բնակարանի համասեփականատերերը 21.10.2006 թ. լիազորել են Աննա Ղազարյանին նշված բնակարանի նկատմամբ կատարելու մի շարք գործարքներ: Աննա Ղազարյանը և Թամարա Սեդրակյանը համասեփականատերերի և նոտարի փոխարեն ստորագրել են այդ կեղծ լիազորագիրը և դրա վրա կատարել համապատասխան կեղծ գրառումներ: Այնուհետև, Աննա Ղազարյանն այդ կեղծ լիազորագիրը ներկայացնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ Պ/Կ-ի Շենգավիթի տարածքային ստորաբաժանում, ստացել է նշված բնակարանի սեփականության վկայականի կրկնօրինակը, որի հիման վրա Վալերի Զաքարյանը պատրաստել է բնակարանի առուվաճառքի կեղծ պայամանագիր, ըստ որի` իբր Անուշավան, Արմեն, Ջուլիետտա Բարսամյանները և Կարինե Միրզոյանը իրենց բնակարանը 29.11.2006 թ. վաճառել են Աննա Ղազարյանին: Այնուհետև, Աննա Ղազարյանը կեղծ պայմանագիրը ներկայացնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ Պ/Կ-ի Շենգավիթի տարածքային ստորաբաժանում, 12.12. 2006 թ. սեփականության իրավունք է ձեռք բերել այդ բնակարանի նկատմամբ: Խարդախությամբ հիշյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո` 20.12.2006 թ. Աննա Ղազարյանը բնակարանը վաճառել է Կարեն Քոսյանին:
7. Առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննության ընթացքում տուժող Ա.Բարսամյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ամբաստանյալ Ա.Ղազարյանի և Անուշավան, Արմեն, Ջուլիետա Բարսամյանների, Կարինե Միրզոյանի միջև կնքված կեղծ առուվաճառքի պայմանագիրը և դրա հիմքով Ա.Ղազարյանի անվամբ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 27-րդ շենքի թիվ 15 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Ա.Ղազարյանի և Կ.Քոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիմքով կատարված պետական գրանցումը:
8. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռով բավարարվել է տուժող Ա.Բարսամյանի ներկայացրած քաղաքացիական հայցը և առոչինչ լինելու հիմքով անվավեր է ճանաչել Աննա Ղազարյանի և Կարեն Քոսյանի միջև Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 27-րդ շենքի թիվ 15-րդ բնակարանի նկատմամբ 20.12.2006 թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ Պ/Կ-ի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման կողմից 22.12.2006 թ. Կարեն Քոսյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Դատավճռով վերականգնվել է տուժող Ա.Բարսամյանի և մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 27-րդ շենքի թիվ 15-րդ բնակարանի նկատմամբ:
9. Ամբաստանյալներ Ա.Ղազարյանի և Թ.Սեդրակյանի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ Վ.Քոսյանի, քաղաքացիական պատասխանող Է.Սարգսյանի վերաքննիչ բողոքների հիման վրա վերաքննելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թ. փետրվարի 14-ի դատավճռով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
10. Բողոք բերած անձը գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ, 154-րդ, 158-րդ և 159-րդ հոդվածների պահանջները:
11. Ըստ բողոքի հեղինակի՝ քաղաքացիական հայցն իր դեմ հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններին հակառակ, իր դեմ չէր կարող քաղաքացիական հայց հարուցվել և իր վրա չէր կարող գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալների գործողությունների համար, քանի որ ինքն «ընդամենը բարեխիղճ ձեռք բերող է»: Իսկ ներկայացված հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
12. Բացի այդ, դատարանը չի անդրադարձել կեղծ պայմանագրին և դրա հիման վրա գրանցված Աննա Ղազարյանի սեփականության իրավունքին: Դատարանը նաև վերականգնել է քաղաքացիական հայցվորի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ հայցադիմումում նման պահանջ չի ներկայացվել:
13. Բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը «քաղաքացիական հայցի մասով` ըստ հայցի Անուշավան Բարսամյանի ընդդեմ Կարեն Քոսյանի և մյուսների ու այդ մասով քաղաքացիական հայցը թողնել առանց քննության»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
Քրեական դատավարության կարգով քաղաքացիական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է այդ օրենսգրքի դրույթներով սահմանաված կանոններով: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի` քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար:
Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված կանոններից հետևում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը կարող է հարուցվել միայն կասկածյալի, մեղադրյալի կամ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեմ, ում վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով արգելված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար: Այդպիսի անձինք են հանդիսանում, օրինակ` ծնողները, որդեգրողները, խնամակալները, շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեություն իրականացնող անձինք, որոնք օրենքի ուժով պատասխանատու են մեղադրյալի գործողությունների համար:
16. Ինչպես երևում է գործի նյութերի ուսումնասիրությունից, Անուշավան, Արմեն, Ջուլիետա Բարսամյանների և Կարինե Միրզոյանի սեփականությունը հանդիսացող բնակարանը խարդախությամբ հափշտակելուց հետո Աննա Ղազարյանը, իրականում իրեն չպատկանող բնակարանը վաճառել է Կարեն Քոսյանին, իսկ վերջինս այն գնել է առանց տեղյակ լինելու կատարված հանցագործությանը:
17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն Քոսյանի նկատմամբ քրեական դատավարության կարգով քաղաքացիական հայց չէր կարող հարուցվել, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար: Իսկ Կարեն Քոսյանը սույն գործով ոչ մեղադրյալ է հանդիսանում, ոչ էլ այնպիսի անձ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:
18. Վերոհիշյալ հոդվածների բովանդակությունից ակնհայտ է, որ օրենսդիրը սահմանափակել է այն անձանց շրջանակը, ում դեմ քրեական դատավարության կարգով կարող է քաղաքացիական հայց հարուցվել: Ուստի, Կարեն Քոսյանը սույն քրեական գործով վարույթի ընթացքում որպես քաղաքացիական պատասխանող չպետք է հանդես գար, իսկ ներկայացված քաղաքացիական հայցը պետք է թողնվեր առանց քննության, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն արգելք չի հանդիսանում հայցը հետագայում քաղաքացիական դատավարության կարգով հարուցելու համար:
Հայցադիմումի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանության հարցը
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց, հայցադիմումը պետք է նաև բովանդակի խնդրանք` վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին:
Ինչպես երևում է Կարեն Քոսյանի դեմ ներկայացված հայցադիմումի բովանդակությունից, այն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Հայցվորը չի պատճառաբանել, թե ինչու պետք է Կարեն Քոսյանը գույքային պատասխանատվություն կրի մեղադրյալի գործողությունների համար: Հայցադիմումը չի բովանդակում նաև խնդրանք վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին: Փոխարենը հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել ամբաստանյալ Ա.Ղազարյանի և Անուշավան, Արմեն, Ջուլիետա Բարսամյանների ու Կարինե Միրզոյանի միջև կնքված կեղծ առուվաճառքի պայմանագիրը և դրա հիմքով Ա.Ղազարյանի անվամբ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 27-րդ շենքի թիվ 15 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Ա.Ղազարյանի և Կ.Քոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիմքով կատարված պետական գրանցումը:
20. Այսպիսով, ինչպես առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու, այնպես էլ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին հայցային պահանջները քրեական դատավարության ընթացքում ներկայացնելը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, և քրեական գործի հետ մեկտեղ քննության ենթակա չէ:
21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Կարեն Քոսյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի մասով թույլ են տվել դատական սխալ, այն է` քրեական գործի հետ համատեղ քննվել և լուծում է տրվել մի հարցի, որը քրեական դատավարության կարգով լուծման ենթակա չէ, այլ կարող է իր լուծումը ստանալ քաղաքացիական դատավարության կարգով:
22. Ինչ վերաբերում է բողոքում բարձրացված մյուս հարցերին, մասնավորապես այն հարցին, որ վերականգնելով քաղաքացիական հայցվորի սեփականության իրավունքը «դատարանը դուրս է եկել հայցադիմումի ծավալներից», ինչպես նաև այն, որ դատարանը լուծում տալով քաղաքացիական հայցին` չի անդրադարձել կեղծ պայմանագրին և դրա հիման վրա գրանցված Աննա Ղազարյանի սեփականության իրավունքին, ապա Վճռաբեկ դատարանը այդ հարցերին ըստ էության չի անդրադառնում, քանի որ Վճռաբեկ դատարանի` վերը շարադրված դիրքորոշումից բխում է, որ այս հարցերը պետք է իրենց լուծումը ստանան քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցվելու դեպքում:
23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատավարական իրավունքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են գործով կայացված դատական ակտը մասնակիորեն բեկանելու և քաղաքացիական հայցը առանց քննության թողնելու համար:
24. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը մասնակիորեն` Անուշավան Բարսամյանն ընդդեմ Կարեն Քոսյանի և մյուսների քաղաքացիական հայցի մասով, պետք է բեկանել և քաղաքացիական հայցը թողնել առանց քննության` տուժողին իրավունք վերապահելով իր սեփականության իրավունքի վերականգնման հարցով հայց հարուցելու քաղաքացիական դատավարության կարգով:
25. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ քրեական դատավարության կարգով քաղաքացիական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակի, ինչպես նաև հայցադիմումի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխանության հարցերի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
26. Վճռաբեկ դատարանը Ավետիս Մկրտչյանի վերաբերյալ 2007 թվականի նոյեմբերի 30-ի ՎԲ-150/07 որոշմամբ անդրադարձել է քրեական դատավարության կարգով քաղաքացիական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակին վերաբերող հարցին` արտահայտելով իր համանման դիրքորոշումը բողոքում բարձրացված իրավական այս խնդրի վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի փետրվարի 14-ի դատավճռի` Անուշավան Բարսամյանի քաղաքացիական հայցի մասը բեկանել և հայցը թողնել առանց քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Հ. Ղուկասյան |
Ս. Օհանյան | |
Վ. Աբելյան | |
Դ. Ավետիսյան | |
Ս. Սարգսյան |