ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 08-1207, 08-523 |
Քաղաքացիական գործ թիվ 3-402(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի հունիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աբրահամ Հաջյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աբրահամ Հաջյանի, երրորդ անձ Անդրանիկ Ասլանյանի ընդդեմ թիվ 1 Կենտրոն նոտարական գրասենյակի, Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանների` ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, ժառանգվող գույքն անժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ հայցի Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանների ընդդեմ Աբրահամ Հաջյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` կառույցի նախագիծը, 16.09.1957 թվականի հողի գլխավոր հատակագիծը, 26 Կոմիսարների շրջգործկոմի 16.08.1957 թվականի թիվ 13 արձանագրությունը, 23.05.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աբրահամ Հաջյանը պահանջել է անվավեր ճանաչել Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանների անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրը և Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 119 հասցեի բնակելի տունը և 585 քմ մակերեսով հողամասը ճանաչել անժառանգ:
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.11.2007 թվականի վճռով Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանների անվամբ տրված 25.08.2008 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարվել, իսկ մնացած մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Դիմելով դատարան` Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանները պահանջել են անվավեր ճանաչել կառույցի նախագիծը, 16.09.1957 թվականի հողի գլխավոր հատակագիծը, 26 Կոմիսարների շրջգործկոմի 16.08.1957 թվականի թիվ 13 արձանագրությունը, 23.05.2007 թվականին Աբրահամ Հաջյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2007 թվականի վճռով Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 117 հասցեում գտնվող բնակելի տան և 585 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Աբրահամ Հաջյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարվել, իսկ մնացած մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.02.2008 թվականի որոշմամբ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
Վերաքննիչ դատարանի 13.03.2008 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.11.2007 թվականի վճիռը` հայցը բավարարելու մասով բեկանվել է և ուղարկվել նոր քննության, իսկ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աբրահամ Հաջյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասը, ինչպես նաև 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ չի հետազոտել և գնահատել Հայկական ԽՍՀ Երևանի 26 Կոմիսարների անվան շրջխորհրդի գործկոմի 27.09.1973 թվականի որոշումը, որով Աբրահամ Հաջյանին թույլատրվել է Ջանիբեկ Հաջիյանի հողամասից առանձնացնել իր կողմից օգտագործվող 310 քմ մակերեսով հողամասը, որի արդյունքում չի կիրառվել 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը պետք է կիրառվեր, և այդ մասով կիրառվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ժառանգական հարաբերությունները կարգավորող նորմեր, որոնք չպետք է կիրառվեին:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2008 թվականի որոշումը, օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.11.2007 թվականի վճռին, իսկ քաղաքացիական գործն ըստ հայցի Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանների ընդդեմ Աբրահամ Հաջյանի, Կադաստրի` կառույցի նախագիծը, 16.09.1957 թվականի հողի գլխավոր հատակագիծը, 26 Կոմիսարների շրջգործկոմի 16.08.1957 թվականի թիվ 13 արձանագրությունը, 23.05.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Աբրահամ Հաջյանը Մարիամ Ասլանյանի հետ չէր կարող լինել ընդհանուր հողամասի համասեփականատեր, քանի որ Մարիամ Ասլանյանը մահացել է 2000 թվականին, իսկ Աբրահամ Հաջյանը համասեփականատեր է դարձել միայն 23.05.2007 թվականին: Որպեսզի Աբրահամ Հաջյանը դառնար համասեփականատեր, պետք է ունենար Մարիամ Ասլանյանի թույլտվությունը, որը չի ունեցել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստերը՝
1) Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 14.08.1952 թվականի որոշմամբ Ջանիբեկ Հաջիյանին հատկացվել է Երևանի Արաբկիր 50 փողոցի թիվ 8 հասցեի 585 քմ մակերեսով հողամասը:
2) Հայկական ԽՍՀ Երևանի 26 Կոմիսարների անվան շրջխորհրդի գործկոմի 16.08.1957 թվականի
թիվ 13/23 որոշմամբ Աբրահամ Հաջյանին թույլատրվել է Ջանիբեկ Հաջիյանին պատկանող շենքին կից կառուցել մեկ սենյակ և միջանցք:
3) Հայկական ԽՍՀ Երևանի 26 Կոմիսարների անվան շրջխորհրդի գործկոմի 27.09.1973 թվականի որոշմամբ Աբրահամ Հաջյանին թույլատրվել է Ջանիբեկ Հաջիյանի հողամասից առանձնացնել իր կողմից օգտագործվող 310 քմ մակերեսով հողամասը:
4) Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 119 հասցեի (նախկին Արաբկիր 50 փողոց, թիվ 2) 92,6 քմ մակերեսով բնակելի տունը, ինչպես նաև 585 քմ մակերեսով հողամասը ժառանգության վկայագրի հիման վրա գրանցվել է Մարիամ Ասլանյանի անվամբ:
5) Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 119 հասցեի 92,6 քմ մակերեսով բնակելի տան և 585 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` որպես Մարիամ Ասլանյանի ժառանգական գույքի, Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյաններին 25.08.2007 թվականին տրվել է ժառանգության վկայագիր:
6) 1991 թվականի դրությամբ վեճի առարկա 585 քմ մակերեսով հողամասից 310 քմ հողամասը փաստացի տիրապետել է Աբրահամ Հաջյանը, իսկ 275 քմ հողամասը՝ Կարապետ, Սամվել և Գրիգոր Հաջիյանները:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամաuերը, ինչպեu նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա uպաuարկման համար Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամաuերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպեu uեփականություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1991 թվականի դրությամբ վեճի առարկա 585 քմ հողամասից արդեն իսկ առանձնացված էր 310 քմ հողամասը, որը փաստացի տիրապետել է Աբրահամ Հաջյանը, հետևաբար, 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով Աբրահամ Հաջյանը դարձել է իր կողմից զբաղեցված 310 քմ հողամասի սեփականատեր:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին (տե'ս Համեստ Վիրաբյան ընդդեմ Լիլյա Սահրադյան՝ հողամասն առանձնացնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Լիլյա Սահրադյան ընդդեմ Համեստ Վիրաբյան, Լիլյա Մկրտչյան՝ հողամասն առանձնացնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.02.2006 թվականի որոշումը, թիվ 3-204(ՎԴ)):
Վերը նշվածից հետևում է, որ Ջանիբեկ Հաջիյանի մահից հետո Մարիամ Ասլանյանին ժառանգությամբ կարող էր փոխանցվել 92,6 քմ մակերեսով բնակելի տուն և փաստացի առանձնացված 275 քմ մակերեսով հողամասը, որն էլ վերջինիս մահից հետո որպես ժառանգական գույք փոխանցվել է Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյաններին:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աբրահամ Հաջյանի հայցը` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու մասով հիմնավոր է մասնակիորեն` Մարիամ Ասլանյանի ժառանգական գույքի մեջ ներառված 585 քմ հողամասի՝ իր կողմից օգտագործվող 310 քմ հողամասի մասով:
Ինչ վերաբերում է Աբրահամ Հաջյանին տրված կառույցի նախագիծը, 16.09.1957 թվականի հողի գլխավոր հատակագիծը, 26 Կոմիսարների շրջգործկոմի 16.08.1957 թվականի թիվ 13 արձանագրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանների պահանջին, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը:
Նշված նորմը սահմանում է վարչական ակտի՝ դատարանի կողմից անվավեր ճանաչման հնարավորություն՝ բացառապես այն դեպքերում, երբ միաժամանակ առկա են երկու հիմք (պայմաններ): Այդ հիմքերն են՝
1. ակտի հակասելն օրենքին,
2. դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտումը:
Յուրաքանչյուր դեպքում վարչական ակտի իրավաչափությունը վերը նշված հիմքերի սահմաններում որոշելիս դատարանը պետք է ստուգի՝
1. ակտն ընդունած մարմնի (դրա պաշտոնատար անձի) իրավասությունը նման ակտ ընդունելու,
2. տվյալ ակտի նյութական իրավաչափությունը:
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ակտի նյութական իրավաչափությունը գնահատելիս դատարանը պետք է ստուգի գործի փաստերը (այդ թվում նաև՝ վարչական ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերը) և գնահատի յուրաքանչյուր փաստի իրավական հետևանքները (տե'ս օրինակ՝ Ջավադ Ջաֆարիի ընդդեմ ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտե՝ վարչական տույժ նշանակելու մասին ՀՀ ԿԱ ՄՊԿ հետաքննության և իրավաբանական վարչության պետի 26.04.2006 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին թիվ 3-2133 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով չի հիմնավորվել վերոնշյալ փաստաթղթերի օրենքի պահանջներին հակասելու, ինչպես նաև դրանցով Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջյանների որևէ իրավունքի խախտման փաստը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը մասնակիորեն հիմնավոր համարելով՝ Վճռաբեկ դատարանը այն դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2008 թվականի որոշումը մասնակիորեն բեկանել և այն փոփոխել.
- Կարապետ, Սամվել և Գրիգոր Հաջիյանների անվամբ 25.08.2007 թվականին տրված ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ Աբրահամ Հաջյանի հայցի մասը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել ժառանգության վկայագիրը՝ 310 քմ մակերեսով հողամասի մասով:
- Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանների հայցը բավարարել մասնակիորեն` անվավեր ճանաչել Աբրահամ Հաջյանի սեփականության իրավունքի գրանցումը` 275 քմ մակերեսով հողամասի մասով:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2008 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |