Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
1971 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ կՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ
Սույն Արձանագրության Կողմ հանդիսացող պետությունները,
համարելով, որ բռնության ապօրինի գործողությունները, որոնք կարող են վտանգել միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում գտնվող անձանց անվտանգությունը, կամ սպառնալիք են հանդիսանում այդպիսի օդանավակայանների անվտանգ շահագործման համար, քայքայում են աշխարհի ժողովուրդների հավատն այդպիսի օդանավակայանների ապահովության նկատմամբ և խանգարում են քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը բոլոր երկրներում,
համարելով, որ որ այդպիսի գործողությունների ի հայտ գալը լուրջ մտավախություններ է առաջացնում և որ այդպիսի գործողությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է անհապաղ կերպով ձեռնարկել համապատասխան միջոցներ հանցագործներին պատժելու համար,
անհրաժեշտ համարելով ընդունել 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին Կոնվենցիան լրացնող` միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում բռնության ապօրինի գործողություններին վերաբերող դրույթներ`
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Արձանագրությունը լրացնում է 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին Կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), և սույն Արձանագրության Կողմերի համար Կոնվենցիան և Արձանագրությունը դիտարկվում են որպես միասնական փաստաթուղթ:
Հ ո դ վ ա ծ 2
1. Կոնվենցիայի 1-ին հոդվածը լրացվում է նոր` 1bis կետով` հետևյալ շարադրանքով.
«1bis. Ցանկացած անձ հանցագործություն է կատարում, եթե այն, ապօրինաբար և կանխամտածված, ցանկացած սարքի, նյութի կամ զենքի միջոցով.
ա/ բռնության գործողություն է իրականացնում միջազգային ավիացիան սպասարկող օդանավակայանում գտնվող անձի նկատմամբ, որը պատճառում է կամ կարող է պատճառել լուրջ վնաս առողջությանը կամ բերել մահվան, կամ
բ/ ոչնչացնում կամ լուրջ վնասներ է պատճառում միջազգային ավիացիան սպասարկող օդանավակայանի սարքավորումներին կամ շինություններին, կամ շահագործման մեջ չգտնվող օդանավակայանում տեղակայված օդանավերին, կամ խանգարում է օդանավակայանի ծառայությունների աշխատանքին,
եթե այդ գործողությունը վտանգում է կամ կարող է վտանգել անվտանգության պահպանմանն այդ օդանավակայանում»:
2. Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «1-ին կետում» բառերից հետո ավելանում են «կամ 1bis կետում» բառերը
Հ ո դ վ ա ծ 3
Կոնվենցիայի 5-րդ հոդվածը լրացվում է նոր` 2bis կետով` հետևյալ շարադրանքով.
1. «2bis. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ Պետության իրավազորությունը 1-ին հոդվածի 1bis կետում և 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված հանցագործությունների նկատմամբ սահմանելու համար` այնքանով, որքանով այդ կետը վերաբերում է նշված հանցագործություններին, այն դեպքերում, երբ ենթադրվող հանցագործը գտնվում է այդ Պետության տարածքում, և վերջինս նրան չի հանձնում 8-րդ հոդվածով սահմանված կարգով սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված Պետություններից որևէ մեկին»:
Հ ո դ վ ա ծ 4
Սույն Արձանագրությունը բաց է լինելու ստորագրման համար 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալ քաղաքում` 1988 թվականի փետրվարի 9-ից 24-ը Մոնրեալ քաղաքում կայացած Օդային իրավունքի միջազգային համաժողովի մասնակից պետությունների կողմից: 1988 թվականի մարտի 1-ից Արձանագրությունը բացվելու է բոլոր պետությունների կողմից ստորագրման համար Լոնդոնում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Մոնրեալում` մինչև 6-րդ հոդվածի համաձայն դրա ուժի մեջ մտնելու պահը:
Հ ո դ վ ա ծ 5
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած Պետությունների կողմից:
2. Ցանկացած Պետություն, որը Կոնվենցիայի Պայմանավորվող պետություն չի հանդիսանում, կարող է վավերացնել սույն Արձանագրությունը, եթե միաժամանակ վավերացնի Կոնվենցիան կամ դրան միանա Կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Վավերագրերն ի պահ են հանձնվում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարություններին կամ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որոնք սույնով սահմանվում են որպես ավանդապահներ:
Հ ո դ վ ա ծ 6
1. Սույն Արձանագրությունը ստորագրած տասը Պետությունների կողմից վավերագրերն ի պահ հանձնելուց հետո, այն դրանց համար ուժի մեջ է մտնում 10-րդ վավերագրի ի պահ հանձնման պահից 30-րդ օրը: Այն ուժի մեջ է մտնում իր վավերագիրն այդ ժամկետից ուշ ի պահ հանձնած յուրաքանչյուր Պետության համար` վավերագիրն ի պահ հանձնելու պահից 30-րդ օրը:
2. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունը գրանցվում է ավանդապահ պետությունների կողմից` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի /Չիկագո, 1944թ./ 83-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 7
1. Ուժի մեջ մտնելու պահից սույն Արձանագրությունը բաց է այն չստորագրած ցանկացած Պետության ստորագրման համար:
2. Ցանկացած Պետություն, որը Կոնվենցիայի Պայմանավորվող պետություն չի հանդիսանում, կարող է վավերացնել սույն Արձանագրությունը, եթե միաժամանակ վավերացնի Կոնվենցիան կամ դրան միանա Կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Արձանագրությանը միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահներին, իսկ միացումն ուժի մեջ է մտնում դրանք ի պահ հանձնելու պահից 30-րդ օրը:
Հ ո դ վ ա ծ 8
1. Սույն Արձանագրության ցանկացած ստորագրող Կողմ կարող է այն չեղյալ հայտարարել` ավանդապահներին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահ պետությունների կողմից նշված ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:
3. Սույն Արձանագրության չեղյալ հայտարարելը չի նշանակում Կոնվենցիայի չեղյալ հայտարարելը:
4. Կոնվենցիայի որևէ Պայմանավորվող պետության կողմից Կոնվենցիայի չեղյալ հայտարարելը նշանակում է նաև սույն Արձանագրության չեղյալ հայտարարելը:
Հ ո դ վ ա ծ 9
1. Ավանդապահներն անմիջապես ծանուցում են սույն Արձանագրությունը ստորագրած կամ դրան միացած բոլոր Պետություններին և Կոնվենցիան ստորագրած կամ դրան միացած բոլոր Պետություններին.
ա/ սույն Արձանագրության յուրաքանչյուր ստորագրման և վավերագրի կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ հանձնելու յուրաքանչյուր դեպքի մասին, և
բ/ սույն Արձանագրությունը չեղյալ հայտարարելու ծանուցումն ստանալու մասին` ստացման ամսաթվի նշումով:
2. Ավանդապահները նաև ծանուցում են 1-ին կետում նշված Պետություններին 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին:
Ի հավաստումն որի, ներքոստորագրյալ ներկայացուցիչները, իրենց Կառավարությունների կողմից օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Մոնրեալ քաղաքում 1988 թվականի փետրվարի 24-ին, չորս բնօրինակից` յուրաքանչյուրն անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 10-ից: