ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռՔաղաքացիական գործ թիվ 06-3399 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1133(ՎԴ) 2007 թ. |
Նախագահող դատավոր՝ | Գ. Մատինյան |
դատավորներ` | Ն. Հովսեփյան |
Վ. Ավանեսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սերոբ Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2006 թվականի թիվ 06-3399 վճռի դեմ՝ ըստ Սերոբ Ավագյանի հայցի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ընթացքում աշխատավարձ վճարելու պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սերոբ Ավագյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի ընթացքում սահմանված աշխատավարձը (82.500 ՀՀ դրամի չափով)՝ մինչև վճռի կատարումը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 06.05.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.11.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Սերոբ Ավագյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 6-րդ կետի, 218-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ընկերությունը պետք է դատարանին ներկայացներ կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով նախատեսված դրույթներ, որով կապացուցվեր, որ հայցվորը պարտավոր էր հսկել իր աշխատանքի վայրից՝ խանութից դուրս գտնվող ցանկացած անձի և Ընկերությունում ծառայող հրաձիգի գործողությունները՝ թույլ չտալու համար նրանց կողմից խանութից գնված «Իզի» կամ «Սիմ» քարտը մեկ այլ գնով վաճառելու: Վերաքննիչ դատարանը կիրառել է հայցային վաղեմություն և հաշվի չի առել, որ հայցվորի մայրը ծանր ու անկողնային հիվանդ է եղել և հայցվորը զբաղված է եղել մոր խնամքն ու բուժումը իրականացնելով, որն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով համարվում է հարգելի պատճառ հայցային վաղեմության ժամկետի բացթողնման համար: Այդ առումով դատարանին է ներկայացվել հայցվորի մոր՝ Լուսիկ Ամիրխանյանի հարևանների գրավոր վկայությունը: Պատասխանողը 13.02.2006 թվականին հայցվորին ազատել է աշխատանքից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 122-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Վ.Սարգսյան փողոցի վրա գտնվող խանութ-սրահում բջջային հեռախոսաքարտեր բաց վիճակում վաճառելու, սահմանված՝ 7.800 դրամից ավելի գնով վաճառքը թույլատրելու և այն կանխելու ուղղությամբ ի շահ ընկերության միջոցներ չձեռնարկելու և դրանով իսկ իր նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով: Ստուգման վերաբերյալ կազմված արձանագրության համաձայն՝ ստուգման պահին խանութում առկա 198 քարտերից և ոչ մեկը բաց վիճակում չի եղել, իսկ թվով երեք «Իզի» քարտերը առ այսօր էլ օգտագործվում են հայցվորի ընտանիքի անդամների կողմից, հետևաբար ճշմարտությանը չի համապատասխանում հրամանի մեջ նշված այն միտքը, թե հայցվորը հեռախոսաքարտերը վաճառել է բաց վիճակում, քանի որ, եթե դրանք իսկապես լինեին խանութին տրամադրված ստուգման օրվա քարտերը, ապա ստուգման վերաբերյալ արձանագրության մեջ պետք է նշվեր ոչ թե 198 թիվը, այլ՝ 201, այնինչ պատասխանող կողմի կազմած արձանագրությամբ արդեն իսկ հաստատվել է այն, որ այդ օրը խանութին տրված է եղել 198 քարտ, որոնք բոլորն էլ եղել են փակ վիճակում, այնպես, որ հայցվորի ընտանիքի համար ձեռք բերված քարտերը չեն կարող հանդիսանալ հեռախոսաքարտերը բաց վիճակում վաճառելու համար ապացույց: Պատասխանողի հրամանում վկայակոչվել է, որ հայցվորը թույլատրել է սահմանված 7.800 դրամից ավելի գնով հեռախոսաքարտերի վաճառքը և այն կանխելու ուղղությամբ ի շահ ընկերության միջոցներ չի ձեռնարկել, սակայն հայցվորը մշտապես գտնվել է խանութի ներսում և, բնականաբար, չէր կարող խանութ մտնող և դուրս եկող բազմաթիվ հաճախորդներից յուրաքանչյուրի դեպքում դուրս գալ և հսկել, թե նա արդյոք չի վերավաճառում իր կողմից արդեն գնված քարտը իր ցանկացած գնով, ինչպիսի իրավունքից որ կարող էր օգտվել խանութի հսկիչ-հրաձիգը, որը մշտապես խանութից դուրս է գտնվել և եթե նույնիսկ վերավաճառել է իր կողմից գնված քարտը, դա դեռ չի նշանակում, թե վերջինս այդ իրավունքը չուներ, կամ թե հայցվորը ի պաշտոնե պարտավոր էր թույլ չտալ հրաձիգին վաճառելու սեփականության իրավունքով վերջինիս պատկանող քարտը: 11.07.2002 թվականի աշխատանքային պայմանագրից պարզ չէ, թե պարտավոր էր հայցվորը հետևել յուրաքանչյուր գնորդի, այն էլ խանութի տարածքից դուրս, որը չի համարվում հայցվորի աշխատանքային տարածքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել հրաձիգ Սուրեն Հախոյանի ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ նրա կողմից գրավոր ձևով տրված բացատրություններն այն մասին, որ Ընկերությունում տրված իր բացատրությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նա դրանք տվել է հոգեկան խիստ ճնշման ազդեցության տակ, քանի որ ինքն ունի կոնտուզիա և չի դիմացել մի քանի անձանց միաժամանակյա պարտադրանքին, որոնք պահանջել են իրենից գրել ճշմարտությանը չհամապատասխանող տվյալներ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 2-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Բողոքի փաստարկները հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվորը աշխատանքից ազատվել է ոչ թե պատահական գնորդներին չհսկելու, այլ խանութում պահպանության ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից ընկերության գործարար համբավը վնասող գործողությունները չկանխելու, ուստի ի շահ ընկերության գործողություններ չձեռնարկելու համար, ինչով խախտել է ընկերությունում գործող ներքին կարգապահական կանոնների պահանջները:
Աշխատողների աշխատանքային պարտականությունները սահմանվում են նախևառաջ գործող ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, ապա գործատուների կողմից ընդունված ներքին և անհատական ակտերով:
Հիմնավոր չեն հայցային վաղեմության ժամկետը բաց թողած լինելու փաստը բողոքաբերի կողմից հերքող պատճառաբանությունները, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի կրկին դիմել դատարան:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության և Սերոբ Ավագյանի միջև 11.07.2002 թվականին կնքվել է N 3842 աշխատանքային պայմանագիրը:
2) Ընկերության 13.02.2006 թվականի N 150-Կ հրամանի համաձայն՝ 14.02.2006 թվականից լուծվել է խանութների ցանցի վարչության ավագ մասնագետ Սերոբ Ավագյանի հետ 11.09.2002 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը և նա ազատվել է աշխատանքից՝ Ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրինության վաճառքի տնօրինության մանրածախ ցանցի Վ.Սարգսյան հասցեում գտնվող խանութ-սրահում բջջային հեռախոսաքարտեր բաց վիճակում վաճառելու, սահմանված 7.800 դրամից ավելի գնով վաճառքը թույլատրելու և այն կանխելու ուղղությամբ ի շահ Ընկերության միջոցառումներ չձեռնարկելու ու դրանով իսկ իր նկատմամբ Ընկերության վստահությունը կորցնելու պատճառով:
13.02.2006 թվականի N 150-Կ հրամանի հիմք են՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 122-րդ հոդվածի 3-րդ կետերը, ««ԱրմենՏել» ՓԲԸ-ում կարգապահական տույժերի կիրառման ժամանակավոր Կարգի» 8-րդ կետը, ավագ մասնագետ Ս.Ավագյանի 24.01.2006 թվականի, սրահի հրաձիգ Ս.Հախոյանի 20.01.2006 թվականի բացատրագիրը, Ընկերության ներքին աուդիտի տնօրինության աշխատակիցների 24.01.2006 թվականի կազմած արձանագրությունը, կոմերցիոն գլխավոր տնօրեն Վ.Մարտիրոսյանի 20.01.2006 թվականի և ներքին աուդիտի տնօրեն Բ.Սեդրակյանի 24.01.2006 թվականի զեկուցագրերը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ գործատուն պարտավոր է կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները, իսկ համաձայն 2-րդ կետի՝ կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են աշխատողների՝ աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 13.02.2006 թվականին Սերոբ Ավագյանն ազատվել է աշխատանքից խանութ-սրահում բջջային հեռախոսաքարտեր բաց վիճակում վաճառելու, սահմանված 7.800 դրամից ավելի գնով վաճառքը թույլատրելու և այն կանխելու ուղղությամբ ի շահ ընկերության միջոցներ չձեռնարկելու և դրանով իր նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով: Մինչդեռ, ստուգման վերաբերյալ կազմված արձանագրության համաձայն՝ ստուգման պահին այդ օրը խանութում եղած 198 քարտերից ոչ մեկը բաց վիճակում չի եղել, իսկ թվով երեք «Իզի» քարտերը առ այսօր էլ օգտագործվում են Սերոբ Ավագյանի ընտանիքի անդամների կողմից, հետևաբար, հեռախոսաքարտերը վաճառվել են փակ վիճակում:
Ընկերության հրամանում վկայակոչվել է, որ հայցվորը թույլատրել է սահմանված 7.800 դրամից ավելի գնով հեռախոսաքարտերի վաճառքը և այն կանխելու ուղղությամբ ի շահ ընկերության միջոցներ չի ձեռնարկել: Մինչդեռ, գործի փաստերի համաձայն՝ Սերոբ Ավագյանը մշտապես եղել է խանութի ներսում և բնականաբար, չէր կարող խանութից դուրս գտնվող տարածքում հաճախորդներին միաժամանակ հսկել: Բացի այդ, Ընկերության և Սերոբ Ավագյանի միջև 11.07.2002 թվականին կնքված N 3842 աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Սերոբ Ավագյանը պարտավոր չէ հետևել խանութի տարածքից դուրս, որը չի համարվում նրա աշխատանքային տարածքը, գտնվող յուրաքանչյուր անձի:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանի վճռում չի հիմնավորվել այն փաստը, որ Սերոբ Ավագյանը պարտավոր էր հսկել իր աշխատանքի վայրից՝ խանութից, դուրս գտնվող անձի և Ընկերությունում ծառայող հրաձիգի գործողությունները՝ թույլ չտալու համար նրանց կողմից խանութից գնված քարտը մեկ այլ գնով վաճառելու:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի համաձայն՝ բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից՝ վաղեմության ժամկետի ընթացքում:
Վերաքննիչ դատարանը կիրառել է հայցային վաղեմություն, չգնահատելով այն հանգամանքը, որ Սերոբ Ավագյանի մայրը ծանր անկողնային հիվանդ է, որը հաստատվում է Սերոբ Ավագյանի մոր՝ Լուսիկ Ամիրխանյանի, հարևանների գրավոր վկայությամբ և հիվանդի ամբուլատոր բժշկական քարտերով, իսկ Սերոբ Ավագյանը զբաղվել է մոր խնամքի և բուժման հարցերով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի հիմնավոր լինելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 02.11.2006 թվականի վճիռը բեկանելու հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
|
Ս. Գյուրջյան |
|
Է. Հայրիյան |
|
Ս. Սարգսյան |