ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2007 թվականի N 1545-Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 49 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել անտառօգտագործման կարգի կիրարկումն ապահովող փաստաթղթերի օրինակելի ձևերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին» N 49 որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 23-ի N 49 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1412-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 23-ի N 49 որոշման մեջ փոփոխություն կատարելու» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության առանձնահատկությունները:
2. Արտադրական նշանակության անտառների օգտագործման և պահպանության հիմնական նպատակը բնափայտի ու ոչ բնափայտային անտառային ռեսուրսների կայուն և արդյունավետ ստացումն է այնպիսի եղանակներով ու չափերով, որոնց ժամանակ ապահովվում են անտառների կենսաբանական բազմազանությունը, արտադրողականությունը, վերարտադրության ունակությունը, կենսունակությունը և համապատասխան էկոլոգիական, տնտեսական և այլ գործառնությունների իրականացման ներուժը:
3. Թույլատրվում է արտադրական նշանակության անտառներում իրականացնել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված անտառօգտագործման բոլոր տեսակները:
4. Արտադրական նշանակության անտառներում բնափայտը մթերվում է անտառավերականգնման, միջանկյալ (խնամքի), սանիտարական և այլ հատումների միջոցով` անտառօգտագործման պայմանագրի և անտառահատման տոմսի հիման վրա:
5. Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1412-Ն որոշմամբ սահմանված կարգով:
6. Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումն անտառօգտագործման հիմնական ձև է և կիրառվում է հասուն ու գերհասուն ծառուտներում` ապահովելով Կարմիր գրքում ընդգրկված ծառատեսակների պահպանությունը և, հիմք ընդունելով անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) պահանջները, հատման գծով բնափայտի տարեկան նորման (հաշվարկային հատատեղը) ու անտառային ծառատեսակների հատման տարիքը:
7. Խնամքի և սանիտարական հատումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 897-Ն որոշմամբ սահմանված կարգով:
8. Արտադրական նշանակության անտառներում երկրորդական անտառանյութը մթերվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառահատման տոմսի հիման վրա:
9. Երկրորդական անտառանյութի մթերման պայմանագրի հավելվածներում նշվում են`
1) անտառօգտագործման հիմնական պարամետրերը և նորմերը.
2) անտառային ռեսուրսների երկրորդական անտառանյութի ֆոնդը.
3) երկրորդական անտառանյութի անտառային պաշարների մթերման թույլատրելի ծավալը և քանակը.
4) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.
5) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերող դրույթները:
10. Արտադրական նշանակության անտառներում ոչ բնափայտային անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառահատման տոմսի հիման վրա:
11. Ոչ բնափայտային անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`
1) անտառօգտագործման հիմնական պարամետրերը և նորմերը.
2) անտառային ռեսուրսների ոչ բնափայտային անտառանյութի ֆոնդը.
3) ոչ բնափայտային անտառանյութի անտառային պաշարների մթերման թույլատրելի ծավալը և քանակը.
4) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տարածքային տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.
5) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերող դրույթները:
12. Կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի հիման վրա` հաշվի առնելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
13. Կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`
1) որսահանդակների նկարագիրը (անտառային քարտեզ-սխեման).
2) տեղեկություններ որսի օբյեկտ հանդիսացող կենդանական աշխարհի տեսակների և դրանց պահպանության համար անհրաժեշտ միջոցառումների մասին.
3) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.
4) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերող դրույթները:
14. Գիտահետազոտական և ուսուցման նպատակով անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա:
15. Գիտահետազոտական և ուսուցման նպատակով անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`
1) գիտահետազոտական և ուսուցման ոլորտի գործունեության ծրագիրը.
2) օգտագործման տրվող անտառային տեղամասում նախատեսվող աշխատանքների ծավալի և տեսակների հիմնավորումն ու նկարագիրը.
3) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.
4) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերող դրույթները:
16. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
17. Անտառների պահպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված ընդհանուր հիմունքներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |