ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1663(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Գ.Մատինյան |
Դատավորներ՝ | Դ.Խաչատրյան Վ.Ավանեսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վ.Թումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.03.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Լյովա, Անժիկ, Սուսաննա Թումանյանների հայցի ընդդեմ Վահագն Թումանյանի՝ տունը բաժանելու, պատասխանողի բաժնի դիմաց փոխհատուցում վճարելու պահանջի մասին քաղաքացիական գործով,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորները պահանջել են համապատասխան դրամական փոխհատուցում վճարելու միջոցով դադարեցնել Վ.Թումանյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 59 տան նկատմամբ և ավտոտնակի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
գործի քննության ընթացքում ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով հայցը հայցվորները չեն պնդել:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 13.07.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է 608.631 դրամ փոխհատուցմամբ դադարեցնել Վ.Թումանյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 59 տան նկատմամբ: Հայցը մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վ.Թումանյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Դատարանի կողմից չի գնահատվել Վանաձորի քաղաքապետարանի 20.05.2005 թվականի թիվ 0661-5645 գրությամբ առաջարկված վիճելի տան բաժանման տարբերակը, այլ հիմք է ընդունվել «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 23.11.2005 թվականի թիվ 30030507 եզրակացությունը, որը կատարվել է սխալ ելակետային տվյալների հիման վրա, այն է՝ փորձագետին առաջադրվել է սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինն առանձնացնելու տարբերակ քննարկել, սակայն տվյալ դեպքում պետք է քննարկվեր միայն պատասխանողի բաժինն առանձնացնելու տարբերակը: Դատարանը հաշվի չի առել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման 13.02.2007 թվականի թիվ 1-103 մասնագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ վիճելի տան 1/6-րդ մասն առանձնացնել հնարավոր չէ առանց լրացուցիչ շինարարական աշխատանքներ իրականացնելու, այսինքն՝ ըստ էության հնարավոր է, սակայն դատարանը չի պարզել, թե ինչ շինարարական աշխատանքների մասին է խոսք գնում: Դատարանի կողմից հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետարանի 2005 թվականի հունիսի թիվ 05 տեղեկանքի համաձայն՝ պատասխանողին պատկանող Լեռնապատ գյուղի տունը վթարային լինելու պատճառով փոխհատուցմամբ դուրս է գրվել բնակֆոնդից: Այսինքն, պատասխանողը բացի վիճելի տնից բնակության այլ տեղ չունի:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասի՝ այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում: Նշված նորմի կիրառման համար անհրաժեշտ էր դրանում նշված պայմանների միաժամանակյա առկայություն, ինչը սույն դեպքում բացակայում է, մասնավորապես պատասխանողի բաժինը՝ հաշվի առնելով նաև Ա.Թումանյանի կողմից 05.12.2005 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով պատասխանողին զիջված բաժնեմասը, չի կարող աննշան համարվել հայցվորներից յուրաքանչյուրի բաժնեմասի համեմատությամբ, պատասխանողի բաժինը հնարավոր էր իրապես առանձնացնել, ինչի մասին վկայում են Վանաձորի քաղաքապետարանի 20.05.2005 թվականի թիվ 0661-5645 գրությունը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման 13.02.2007 թվականի թիվ 1-103 մասնագիտական եզրակացությունը, պատասխանողը՝ որպես սեփականատեր, այդ գույքում ունի էական շահ, քանի որ որևէ այլ բնակության տեղ վերջինս չունի:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վանաձորի քաղաքապետարանի 20.03.2005 թվականի թիվ 5645 գրության համաձայն՝ Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 59 բնակելի տան բաժանումը հնարավոր է թիվ 3 սենյակը կից օժանդակ սենյակի հետ միասին, ինչպես նաև նկուղային հարկից թիվ 1 և թիվ 4 սենյակները տան 1/6-րդ բաժնի սեփականատիրոջը տրամադրելով (հատոր 1, գ.թ. 22):
2) Նոտարական կարգով վավերացված 06.02.1985 թվականի կտակի համաձայն՝ Հայկ Թումանյանը Լեռնապատ գյուղում գտնվող իր ամբողջ ունեցվածքը կտակել է Վ.Թումանյանին (հատոր 1, գ.թ. 35):
3) Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետարանի 30.06.2005 թվականի թիվ 05 տեղեկանքի համաձայն` Հայկ Թումանյանին Լեռնապատ գյուղում պատկանել է անջրդի տնամերձ հողամաս, որի վրա առկա է վթարային տուն, որը որպես ոչ բնակելի, դուրս է գրվել Լեռնապատ գյուղի բնակֆոնդից (հատոր 1, գ.թ. 33):
4) «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 23.11.2005 թվականի թիվ 30030507 եզրակացության համաձայն` վիճելի տան շուկայական արժեքը կազմել է 8.650.000 դրամ, իսկ սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինն առանձնացնել հնարավոր չէ (հատոր 1, գ.թ. 96-102):
5) Նոտարական կարգով վավերացված 05.12.2005 թվականի լիազորագրով Ա.Թումանյանը ըստ կտակի ժառանգության իր մասից հրաժարվել է հօգուտ Վ.Թումանյանի (հատոր 2, գ.թ.34):
6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման 13.02.2007 թվականի թիվ 1-103 մասնագիտական եզրակացության համաձայն՝ Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի թիվ 59 տան 1/6-րդ բաժինն առանձնացնելն առանց լրացուցիչ շինարարական աշխատանքների, տեխնիկապես հնարավոր չէ (հատոր 2, գ.թ. 190):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 59 տունը սեփականության իրավունքով պատկանում է Ալվարդ Թումանյանին, սույն գործով հայցվորներ Լյովա, Անժիկ, Սուսաննա Թումանյաններին և պատասխանող Վահագն Թումանյանին:
Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 23.11.2005 թվականի թիվ 30030507 եզրակացության համաձայն` 5 սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինն առանձնացնել հնարավոր չէ, նշված տնից հնարավոր չէ նաև առանձնացնել 1/6 մասը՝ համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման 13.02.2007 թվականի թիվ 1-103 մասնագիտական եզրակացության համաձայն: Նշված պատճառաբանությամբ Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նման եզրահանգումն անհիմն է հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Համաձայն Վանաձորի քաղաքապետարանի 20.05.2005 թվականի թիվ 5645 գրության` Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 59 բնակելի տան 72,83 քմ մակերեսով օրինական մասը հնարավոր է 1/6 և 5/6 բաժիններով առանձնացնել` 13,94 քմ մակերեսով թիվ 3 սենյակը թիվ 9 օժանդակ սենյակի հետ միասին, ինչպես նաև նկուղային հարկից թիվ 1 և թիվ 4 սենյակները տան 1/6-րդ բաժնի սեփականատիրոջը տրամադրելով: Մինչդեռ, գործում առկա նշված ապացույցը Դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման 13.02.2007 թվականի թիվ 1-103 մասնագիտական եզրակացությանը, համաձայն որի՝ Վանաձորի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 59 տան 1/6-րդ բաժինն առանձնացնել հնարավոր չէ, ապա այն ևս հայցը բավարարելու հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ ըստ նշված եզրակացության՝ վիճելի տան 1/6 բաժնեմասն առանձնացնել հնարավոր չէ՝ առանց լրացուցիչ շինարարական աշխատանքների կատարման: Այսինքն փորձագետի եզրակացությամբ չի բացառվել վիճելի տան 1/6 բաժնեմասի առանձնացումը: Մինչդեռ բաժնի առանձնացման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ հարցերը սույն գործի քննության ընթացքում չեն քննարկվել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում դատարանը հանգել է գործի սխալ լուծման:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասի՝ այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում: Նշված նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաժնային սեփականության մասնակցին՝ իր համաձայնության բացակայության դեպքում, բաժնի դիմաց մյուս մասնակիցների կողմից փոխհատուցում թույլատրելու համար անհրաժեշտ է հետևյալ երեք պայմանների միաժամանակյա առկայությունը.
- սեփականատիրոջ բաժինն աննշան է,
- բաժինը չի կարող իրապես առանձնացվել,
- ընդհանուր գույքի օգտագործման մեջ սեփականատերն էական շահ չունի:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում նշված պայմանների առկայության մասին Դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ, հետևյալ պատճառաբանությամբ.
Նոտարական կարգով վավերացված 05.12.2005 թվականի լիազորագրով սկզբնական հայցվորներից Ալվարդ Թումանյանը (ըստ գործի տվյալների՝ գործի քննության ընթացքում իր մասով Ալվարդ Թումանյանը հայցից հրաժարվել է), որը վիճելի տան մի մասի սեփականատեր է (հիմք՝ 08.01.1990 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը), ըստ կտակի ժառանգության իր մասից հրաժարվել է հօգուտ պատասխանող Վահագն Թումանյանի: Հետևաբար, չի կարելի միանշանակ եզրակացնել, որ պատասխանողի բաժինն ընդհանուր գույքում աննշան է: Ավելին, Ալվարդ Թումանյանի կողմից սեփականության իր մասից հօգուտ Վահագն Թումանյանի հրաժարմամբ պատասխանողի բաժինն ավելացել է: Սակայն նշված հանգամանքը Դատարանի կողմից պատշաճ չի գնահատվել:
Ինչպես սույն որոշմամբ նշվել է, ըստ Վանաձորի քաղաքապետարանի 20.05.2005 թվականի թիվ 5645 գրության՝ Վանաձորի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 59 բնակելի տան 1/6 բաժինն առանձնացնել հնարավոր է, որպիսի գրավոր ապացույցը, սակայն, ընդհանրապես չի գնահատվել, և ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման 13.02.2007 թվականի թիվ 1-103 մասնագիտական եզրակացության՝ վիճելի տան 1/6 բաժինն ըստ էության հնարավոր է առանձնացնել որոշակի շինարարական աշխատանքների կատարմամբ, որպիսի գրավոր ապացույցը օբյեկտիվորեն չի գնահատվել: Հետևաբար, նման պայմաններում պատասխանողի բաժնի առանձնացման հնարավորության բացակայության մասին Դատարանի հետևությունը ևս անհիմն է:
գործի տվյալների համաձայն՝ պատասխանողը շուրջ 18 տարի բնակվում է վիճելի տանը: Հայցվորների այն փաստարկը, որ պատասխանողը Լեռնապատ գյուղում ունի բնակելի տուն, հետևաբար վիճելի գույքում էական շահ չունի, որպիսի հանգամանքը հիմք է ընդունվել Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման համար, անհիմն է, քանի որ Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետարանի 30.06.2005 թվականի թիվ 05 տեղեկանքի համաձայն՝ Հայկ Թումանյանին Լեռնապատ գյուղում պատկանող վթարային տունը բնակության համար պիտանի չլինելու հիմքով դուրս է գրվել Լեռնապատ գյուղի բնակֆոնդից: Դատարանի կողմից նշված գրավոր ապացույցը պատշաճ գնահատվելու պարագայում կարող էր բացառվել ընդհանուր գույքում պատասխանողի էական շահ չունենալու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված առկայության վերաբերյալ Դատարանի եզրահանգումն անհիմն է, ինչը հետևանք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների խախտման: Իսկ վերը նշված պայմանների միաժամանակյա առկա չլինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառելի չէ:
Նշված պատճառաբանությամբ հիմնավոր են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառման ենթակա չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը գտնում է հիմնավոր և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.03.2007 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու բավարար հիմք է դիտում:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.03.2007 թվականի վճռի՝ հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
3. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան |