Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-859 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-3850

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

  դատավոր` Ա. Խառատյան

  Վ. Ավանեսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ՝

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ՝

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.12.2006 թվականին կայացրած վճռի դեմ` ըստ հայցի Աննա Գաբրիելյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության` նախկին աշխատանքում վերականգնելու և աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվոր Աննա Գաբրիելյանը պահանջել է վերականգնել իրեն նախկին աշխատանքում և վճարել չստացած աշխատավարձի գումարը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 115-րդ հոդվածի 2-րդ մասը, 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Կառուցվածքային փոփոխությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի 07.07.2006 թվականի թիվ 1188-Ա հրամանի համաձայն` հաստիքների կրճատման պատճառով Աննա Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է:

Դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, համաձայն որի` սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, սակայն աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Քանի որ ՀՀ ոստիկանությունը հնարավորություններ չի ունեցել Աննա Գաբրիելյանին այլ աշխատանք առաջարկելու համար, ուստի դատարանի կողմից պետք է կիրառվեր նույն մասի 2-րդ կետը, համաձայն որի` գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Դատարանի կողմից պետք է կիրառվեր նաև Օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը, որը աշխատանքից ազատման կապակցությամբ գործատուի կողմից աշխատողին գրավոր ծանուցման պարտականությունները չկատարելու դեպքում նախատեսում է տուժանքի վճարում, այլ ոչ թե աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու գործատուի պարտավորություններ:

Դատարանի կողմից պետք է կիրառվեր նաև Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.12.2006 թվականի վճիռը, փոփոխել այն, Աննա Գաբրիելյանի հայցը` նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասով մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի 26.07.2006 թվականի հրամանով Աննա Գաբրիելյանն ազատվել է աշխատանքից /հիմք` ՀՀ ոստիկանության պետի 07.07.2006 թվականի «Կազմհաստիքային հարցերով» թիվ 1188-Ա հրաման/:

2) Ըստ ՀՀ ոստիկանության պետի 07.07.2006 թվականի թիվ 1188-Ա հրամանով սահմանված կազմհաստիքային փոփոխությունների ցանկի` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում անձնագրային բաժանմունքի անձնագրավարների աշխատատեղերը կրճատվել են մեկով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում, գործատուն իրավունք ունի լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: ՀՀ ոստիկանության պետի 07.07.2006 թվականի «Կազմհաստիքային հարցերով» թիվ 1188-Ա հրամանի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի 26.07.2006 թվականի հրամանով Աննա Գաբրիելյանն ազատվել է աշխատանքից:

Վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ ՀՀ ոստիկանությունն Աննա Գաբրիելյանին այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չի ունեցել, հետևաբար դատարանի կողմից պետք է կիրառվեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, համաձայն որի` գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու, վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ գործի վերաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորին առաջարկվել է իր բնակավայրին մոտ այլ աշխատանք, իսկ հայցվորը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Հետևաբար, դատարանի կողմից կիրառվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, համաձայն որի` սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, սակայն աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Այսինքն` վճռաբեկ դատարանն անհիմն է համարում դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սխալ կիրառելու և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը չկիրառելու մասին բողոքում նշված պատճառաբանությունները:

Դատարանի կողմից կիրառվել է Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Հաշվի առնելով, որ գործով հիմնավորվել է, որ նշված կետով սահմանված` հայցվորին աշխատանքից ազատելու մասին պարտադիր ծանուցման պահանջը գործատուի` տվյալ դեպքում պատասխանողի, կողմից չի կատարվել, ապա սույն դեպքում դատարանի կողմից պետք է կիրառվեր նաև նույն հոդվածի 2-րդ մասը, ըստ որի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք: Նշված հոդվածի բովանդակությունից երևում է, որ աշխատանքից ազատելիս աշխատողին նախապես գրավոր ծանուցման պարտականությունների չկատարման համար նախատեսված է միայն աշխատողին տուժանքի վճարման գործատուի պարտավորությունը, այլ ոչ թե նախկին աշխատանքում վերականգնելու պարտավորություն:

Գործում առկա ՀՀ ոստիկանության պետի թիվ 1188-Ա հրամանով սահմանված կազմհաստիքային փոփոխությունների ցանկի համաձայն` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում անձնագրային բաժանմունքի անձնագրավարների աշխատատեղերը կրճատվել են մեկով, ինչը նշանակում է, որ հաստիքների կրճատման պատճառով հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելն անհնարին է, հետևաբար, դատարանի կողմից պետք է կիրառվեր Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը մասնակի բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.12.2006 թվականի վճռի` Աննա Գաբրիելյանին նախկին աշխատանքում վերականգնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան