Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 մարտի 2011 թվականի N 11
47. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ի նիստի N 11 արձանագրային որոշման |
ՎԱՐԿ համար 4838 AM
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
և
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ
միջև
Թվագրված` 26-ը հունվարի, 2011 թ.
ՎԱՐԿ ՀԱՄԱՐ 4838 AM
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Համաձայնագիր` թվագրված 2011 թվականի հունվարի 26-ով, կնքված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Ստացող) և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (Ընկերակցություն) միջև` Ծրագրին աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի հավելվածում): Ընկերակցությունը որոշել է սույն ֆինանսավորումը տրամադրել, ի թիվս այլնի` (ա) Ծրագրի շրջանակում Ստացողի կողմից արդեն իրականացված գործողությունների հիման վրա, որոնք նկարագրված են սույն Համաձայնագրի 1-ին Լրացման I բաժնի Ա կետում և (բ) Ստացողի կողմից մակրոտնտեսական քաղաքականության համապատասխան դաշտի պահպանման հիման վրա: Հետևաբար սույնով Ստացողը և Ընկերակցությունը համաձայնում են հետևյալի մասին:
ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված են սույն Համաձայնագրի հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
1.02. Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված հասկացություններն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի հավելվածում իրենց վերագրված նշանակությունը:
ՀՈԴՎԱԾ II. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
2.01. Ընկերակցությունը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված պայմաններով Ստացողին տրամադրել տասներեք միլիոն չորս հարյուր հազար Փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարով վարկ (13,400,000 ՓՀԻ), (տարբեր կերպ` Վարկ և Ֆինանսավորում):
2.02. Ստացողը կարող է առհանել ֆինանսավորման միջոցները Ծրագրին օժանդակելու համար` սույն Համաձայնագրի Լրացում 1-ի II բաժնի դրույթների համաձայն:
2.03. Ստացողի կողմից Ֆինանսավորման չառհանված մնացորդի համար վճարվելիք պարտավորության առավելագույն վճարի դրույքը պետք է կազմի տարեկան մեկ տոկոսի մեկ երկրորդը (1%-ի 1/2):
2.04. Առհանված վարկի մնացորդի համար Ստացողի կողմից վճարվելիք սպասարկման վճարը պետք է հավասար լինի տարեկան մեկ տոկոսի երեք չորրորդին (1%-ի 3/4):
2.05. Վճարման օրերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը և օգոստոսի 15-ը:
2.06. Վարկի մայր գումարը պետք է հետ վճարվի` սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման մեջ սահմանված հետ վճարման ժամանակացույցի համաձայն:
2.07. Վճարման արժույթը դոլարն է:
ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐ
3.01. Ստացողը հայտարարում է Ծրագրի և դրա իրականացման իր հանձնառության մասին: Այդ նպատակով.
ա) Ստացողը և Ընկերակցությունը պետք է ժամանակ առ ժամանակ, կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա տեսակետներ փոխանակեն Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի և Ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ,
բ) նախքան տեսակետների նման փոխանակումը Ստացողը պետք է Ընկերակցության ուսումնասիրությանն ու քննարկմանը ներկայացնի զեկույց Ծրագրի իրականացման առաջընթացի մասին, որը պետք է լինի այնքան մանրամասն, ինչպես խելամիտ կերպով կպահանջի Ընկերակցությունը, և
գ) առանց սույն բաժնի ա և բ պարբերությունների դրույթների սահմանափակման` Ստացողը պետք է անհապաղ Ընկերակցությանը տեղեկացնի ցանկացած իրավիճակի մասին, որը կարող է Ծրագրի նպատակների վրա նյութական անբարենպաստ ազդեցության հետևանք ունենալ, կամ` Ծրագրի շրջանակում ձեռնարկված ցանկացած գործողության մասին, ներառյալ սույն Համաձայնագրի 1-ին Լրացման I բաժնում նշված ցանկացած գործողություն:
ՀՈԴՎԱԾ IV. ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
4.01. Կասեցման լրացուցիչ դեպք է հանդիսանում հետևյալը.
ա) առաջացել է այնպիսի իրավիճակ, որն անհավանական է դարձնում Ծրագրի կամ դրա նշանակալի մասի իրականացումը:
ՀՈԴՎԱԾ V. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
5.01. Ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայման է հանդիսանում հետևյալը.
ա) Ընկերակցությանը բավարարում է Ստացողի կողմից Ծրագրի իրականացման ձեռք բերված առաջընթացը և Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի համապատասխանությունը:
5.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետն է սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող իննսուներորդ (90) օրը:
ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ՀԱՍՑԵՆԵՐ
6.01. Ստացողի ներկայացուցիչն է նրա ֆինանսների նախարարը:
6.02. Ստացողի հասցեն է`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն Մելիք-Ադամյան փողոց 1 Երևան, 0010 Հայաստանի Հանրապետություն |
|
Ֆաքս` +374-10-524282 |
6.03. Ընկերակցության հասցեն է`
International Development Association
1818 H Street, N.W.
Washington, D.C. 20433
United States of America
Հեռատիպ` |
Տելեքս` |
Ֆաքս` |
INDEVAS Washington, D.C. |
248423(MCI) |
1-202-477-6391 |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում, վերևում առաջինը գրված օրվա և տարվա դրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից
Լիազորված ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից
Լիազորված ներկայացուցիչ
ԼՐԱՑՈՒՄ 1
Ծրագրի գործողություններ, ֆինանսավորման միջոցների առկայություն
Բաժին I. Գործողություններ Ծրագրի շրջանակում
Ա. Ծրագրի շրջանակում իրականացված գործողություններ: Ստացողի կողմից Ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները ներառում են հետևյալը.
1. Ստացողն ապահովել է սոցիալական ապահովության ցանցերի, կենսաթոշակների և կարիքավորների ու խոցելի խմբերի համար սոցիալական ծախսերի գերակա ծրագրերի պահպանումը` պահպանելով դրանց մասնաբաժինը 2010 թ. պետական բյուջեում (2009 թ. համեմատությամբ), որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից 2009 թ. դեկտեմբերի 24-ին, և ՀՀ Կառավարության` 2010 թ. մարտի 25-ի թիվ 275-Ն, 276-Ն և 2010 թ. սեպտեմբերի 9-ի թիվ 1238-Ն որոշումներով կարիքավորների ու խոցելի խմբերի սոցիալական ծախսերի համար հատկացվել է լրացուցիչ 6,1 միլիարդ ՀՀ դրամ:
2. Ստացողն ամրապնդել է սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերի կառավարումն ու մոնիտորինգը թիրախների ընտրության արդյունավետությունը բարելավելու և հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով` ՀՀ Կառավարության` 2010 թ. հունիսի 17-ի թիվ 23 արձանագրային որոշման և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` 2010 թ. հուլիսի 9-ի թիվ 86-Ա/1 հրամանով ստեղծելով միջգերատեսչական աշխատանքային խումբ:
3. Ստացողն ընդունել է ՀՀ Կառավարության` 2010 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 38 արձանագրային որոշումը` ընդունելով 4.5-5.5 տարեկան երեխաների` դպրոցին պատրաստվածության մեկամյա ծրագրի ընթացիկ ծախսերը ծածկելու ֆինանսավորման մեխանիզմներ:
4. Ստացողն ընդունել է ՀՀ Կառավարության` 2010 թ. հունվարի 29-ի թիվ 3 արձանագրային որոշումը ոչ տարափոխիկ հիվանդությունների (ՈՏՀ-ներ) մասին և ձեռնարկել է արդյունքների վրա հիմնված պայմանագրերի կնքում առաջնային առողջության պաշտպանության մակարդակում, ներառյալ` ՈՏՀ մասով ծառայությունները:
5. Ստացողը վարչապետի` 2010 թ. նոյեմբերի 16-ի թիվ 01/23.6/14392-10 գրությամբ ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել մրցակցությանն առնչվող օրենսդրության փոփոխություններ, որի նպատակն է ամրապնդել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անկախությունն ու հարկադիր կիրառումն ապահովող կարողությունը և օրենսդրության առանցքային տարրերը ներդաշնակեցնել միջազգային լավագույն փորձի հետ:
6. Ստացողն իրականացրել է ոլորտի կառավարման և մոնիտորինգի բարելավման գնահատում, այն քննարկել է ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ և Բանկ է ներկայացրել Ստացողի Լայնաշերտ ցանցի և ՏՏ անվտանգության խորհրդի` 2010 թ. հոկտեմբերի 27-ի հանդիպման արձանագրությունը, որը ներառում է այս ոլորտում առանցքային հետագա քայլերը:
7. Ստացողը վարչապետի` 2010 թ. նոյեմբերի 10-ի թիվ 01/24.1/13011 գրությամբ ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել Ընդերքի մասին նոր օրենսգիրք` հետևելով ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական և արտոնագրման չափորոշիչների ոլորտում միջազգային լավագույն փորձին:
8. Ստացողը բավարար առաջընթացի է հասել բիզնես գործընթացների վերակազմավորման (ԲԳՎ) ուղղությամբ.
ա) 2010 թ. սեպտեմբերի 26-ին պայմանագիր կնքելով արտաքին ընկերության` KPMG-ի հետ` ԲԳՎ վերաբերյալ (պայմանագիր համար 09/101) խորհրդատվություն տրամադրելու նպատակով և 2010 թ. նոյեմբերի 1-ին Բանկ ներկայացնելով նրանց հաշվետվության ամբողջական նախագիծը` Պետական եկամուտների կոմիտեի հետ պաշտոնական քննարկումներից հետո:
բ) ընդունելով Կառավարության` 2010 թ. օգոստոսի 26-ի թիվ 36 արձանագրային որոշումը հարկային գրանցման ընթացակարգերը բարելավելու մասին օրենսդրական փոփոխությունների մասին, որն Ազգային ժողով է ուղարկվել Կառավարության` 2010 թ. սեպտեմբերի 15-ի թիվ 01/23.2/1899-10 գրությամբ:
գ) Ռիսկի հիման վրա աուդիտի ընտրության մասին հայեցակարգ մշակելով և այն ընդունելով Կառավարության` 2010 թ. հունիսի 4-ի թիվ 23 արձանագրային որոշմամբ:
դ) Կառավարության` 2010 թ. մարտի 31-ի թիվ 01/23.2/3412-10 գրությամբ Ազգային ժողով ներկայացնելով Ավելացված արժեքի հարկի վերադարձման հայտերի ուսումնասիրության ռիսկայնության մասին օրենսդրության կամ ընթացակարգերի փոփոխություններ:
9. Ստացողը Կառավարության` 2010 թ. օգոստոսի 26-ի թիվ 36 արձանագրային որոշմամբ հաստատել է օրենսդրական անհրաժեշտ դաշտ «կանաչ ուղու» գործարկման աշխատանքը բարելավելու մասին, ներառյալ` թույլատրելով էլեկտրոնային ստորագրությունների մոդուլի ներմարմնավորումը առևտրային աշխարհի կառավարման ծրագրում:
10. Ստացողը Կառավարության` 2010 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 42 որոշմամբ հաստատել է Հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԲ) բարեփոխումների ռազմավարությունը:
Բաժին II. Ֆինանսական միջոցների առկայությունը
Ա. Ընդհանուր: Ստացողը կարող է առհանել Ֆինանսավորման միջոցները` սույն բաժնի դրույթների և այնպիսի լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնք Ընկերակցությունը կարող է ծանուցմամբ նշել Ստացողին:
Բ. Ֆինանսական գումարների հատկացումը: Ֆինանսավորումը (բացի Նախապատրաստման կանխավճարը հետ վճարելու համար պահանջվող գումարներից) հատկացվում է առհանման եզակի մասնաբաժնով (տրանշով), որից Ստացողը կարող է ֆինանսավորման առհանումներ կատարել: Այդ նպատակով Ֆինանսավորման գումարների հատկացումը սահմանված է ստորև բերված աղյուսակում:
Հատկացումներ |
Ֆինանսավորման հատկացված գումարը (արտահայտված ՓՀԻ-ով) |
1) Եզակի առհանման տրանշ |
13.020.000 |
2) Նախապատրաստման կանխավճար |
380.000 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ |
13.400.000 |
Գ. Տրանշի առհանման պայմանները
1. Առհանում չպետք է կատարվի Առհանման եզակի տրանշից մինչև Ընկերակցությանը բավարարի` ա) Ստացողի կողմից իրականացվող Ծրագիրը և բ) Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի համապատասխանությունը:
Դ. Ֆինանսական միջոցների հաշվեգրումը: Բացառությամբ Ընկերակցության հետ ձեռք բերված այլ համաձայնության.
1. Ֆինանսավորման հաշվից բոլոր առհանումները պետք է Ընկերակցության կողմից հաշվեգրվեն Ստացողի կողմից հատկացված և Ընկերակցության համար ընդունելի հաշվին, և
2. Ստացողը պետք է ապահովի, որ այդ հաշվին Ֆինանսավորման որևէ գումարի յուրաքանչյուր հաշվեգրման ժամանակ համարժեք գումար հաշվարկվի Ստացողի բյուջեի կառավարման համակարգում Ընկերակցության համար ընդունելի եղանակով:
Ե. Բացառված ծախսեր: Ստացողը հանձն է առնում, որ Ֆինանսավորման միջոցները չեն օգտագործվի Բացառված ծախսերը ֆինանսավորելու համար: Եթե ցանկացած ժամանակ Ընկերակցությունը որոշում է, որ Ֆինանսավորման որևէ գումար օգտագործվել է Բացառված ծախսերի դիմաց վճարելու նպատակով, Ստացողը պետք է, Ընկերակցությունից ծանուցում ստանալով, անհապաղ Ընկերակցությանը փոխհատուցի այդ վճարման գումարին համարժեք գումար: Նման պահանջի համաձայն Ընկերակցությանը փոխհատուցված գումարները չեղյալ են համարվում:
Զ. Փակման ամսաթիվ: Փակման ամսաթիվն է 2011 թ. հունիսի 30-ը:
ԼՐԱՑՈՒՄ 2
Հետ վճարման ժամանակացույց
Վճարման օր |
Վարկի մայր գումարի հետ վճարման ենթակա գումար |
Յուրաքանչյուր փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին` սկսած 2021 թ. փետրվարի 15-ից մինչև և ներառյալ 2030 թ. օգոստոսի 15-ը |
5% |
* Տոկոսները ներկայացնում են Վարկի մայր գումարի հետ վճարման ենթակա տոկոսը` բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցությունը, Ընդհանուր պայմանների 3.03-րդ բաժնի բ կետի համաձայն, այլ բան է նշում:
Բաժին I. Սահմանումներ
1. «Բացառված ծախսեր» նշանակում է` ցանկացած ծախս.
ա) պայմանագրով տրամադրվող ապրանքների կամ ծառայությունների համար, որը ֆինանսավորել է կամ համաձայնել է ֆինանսավորել, Ընկերակցությունից և Բանկից բացի, որևէ այլ ազգային կամ միջազգային ֆինանսական հաստատություն կամ գործակալություն, կամ որը Ընկերակցությունը կամ Բանկը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել այլ վարկի, դրամաշնորհի կամ փոխառության շրջանակում:
բ) ՄԱԿ-ի կողմից վիճակագրական փաստաթղթերում հրապարակված (սերիա M, Nօ. 34/Rev.3 (1986) (SITC)) Առևտրի միջազգային ստանդարտ դասակարգման 3-րդ փոփոխության (SITC, Rev.3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում կամ SITC-ի հետագա փոփոխությունների հաջորդող խմբերում կամ ենթախմբերում ներառված ապրանքների համար, ինչպես նշված է Ընկերակցության կողմից Ստացողին ուղղված ծանուցման մեջ:
Խումբ |
Ենթախումբ |
Ապրանքի նկարագրություն |
112 |
Ալկոհոլային խմիչքներ | |
121 |
Ծխախոտ` չմշակված, ծխախոտի մնացորդներ | |
122 |
Ծխախոտ` մշակված (անկախ ծխախոտին փոխարինող նյութեր պարունակելու հանգամանքից) | |
525 |
Ռադիոակտիվ և հարակից նյութեր | |
667 |
Մարգարիտներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր` մշակված կամ չմշակված | |
718 |
718.7 |
Միջուկային ռեակտորներ և դրանց մասեր, վառելիքի տարրեր (քարթրիջներ)` չճառագայթված, միջուկային ռեակտորների համար |
728 |
728.43 |
Ծխախոտի մշակման սարքեր |
897 |
897.3 |
Ոսկու, արծաթի կամ պլատինի խմբի մետաղյա զարդեր (բացի ձեռքի ժամացույցներից և ժամացույցի պատյաններից) և ոսկյա ու արծաթյա իրեր (այդ թվում` թանկարժեք քարերը) |
971 |
Ոսկի` ոչ գումարային (բացառությամբ ոսկու հանքերի և խտանյութերի) |
գ) Ռազմական կամ ռազմականացված օգտագործման կամ շքեղության համար նախատեսված ապրանքների համար:
դ) Բնապահպանական առումով վտանգավոր ապրանքների համար, որոնց արտադրումը, օգտագործումը կամ ներմուծումը արգելված է Ստացողի օրենքով կամ միջազգային այն համաձայնագրերով, որոնց Կողմ է հանդիսանում Ստացողը:
ե) ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի շրջանակում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ արգելված վճարումների համար:
զ) Այն ամենի համար, որի առնչությամբ Ընկերակցությունը որոշում է, որ կոռուպցիա, կեղծիք պարունակող, դավադիր կամ հարկադիր գործելակերպ է կիրառվել Ստացողի ներկայացուցիչների կամ Ֆինանսավորման միջոցները ստացող այլ անձի կողմից, որի համար Ստացողը (կամ մյուս ստացողը) ժամանակին համապատասխան այնպիսի քայլեր չի ձեռնարկել` այդ գործողությունների առկայության դեպքում դրանց հակազդելու համար, որոնք կբավարարեին Ընկերակցությանը:
2. «Փոխառության համաձայնագիր» նշանակում է` Ստացողի և Բանկի միջև Ծրագրին օժանդակելու համար կնքված համաձայնագիր` սույն Համաձայնագրի ամսաթվով, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել: «Փոխառության համաձայնագիրը» ներառում է բոլոր հավելվածները, լրացումները և համաձայնագրերը, որոնք կցված են Փոխառության համաձայնագրին:
3. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է` «Միջազգային զարգացման ընկերակցության ընդհանուր պայմաններ վարկերի և դրամաշնորհների համար»` թվագրված 2010 թ. հուլիսի 31-ով, սույն Հավելվածի II բաժնում սահմանված փոփոխություններով:
4. «KPMG» նշանակում է` միջազգային ընկերություն, որը տրամադրում է աուդիտի, հարկման և խորհրդատվական ծառայություններ:
5. «Նախապատրաստման կանխավճար» նշանակում է` Ընդհանուր պայմանների 2.05-րդ բաժնում (վերահամարակալվել է ստորև ներկայացված II բաժնի 2-րդ պարբերության համաձայն) նշված կանխավճար, որը տրվում է Ստացողին Ընկերակցության կողմից` ի կատարումն նամակ-համաձայնագրի, որն Ընկերակցության անունից ստորագրվել է 2009 թ. հուլիսի 2-ին, իսկ Ստացողի անունից` 2009 թ. հուլիսի 21-ին:
6. «Ծրագիր» նշանակում է` գործողությունների, նպատակների և քաղաքականության ծրագիր, որը նախագծվել է` խթանելու համար աճը և հասնելու համար աղքատության կայուն կրճատման, և որը սահմանված է կամ հիշատակված է 2010 թ. նոյեմբերի 16-ի` Ստացողի կողմից Ընկերակցությանն ուղարկված գրության մեջ, որտեղ հայտարարվում է Ծրագիրն իրականացնելու Ստացողի հանձնառության մասին և Ընկերակցությունից աջակցություն է հայցվում Ծրագրի իրականացման ընթացքում օժանդակելու համար:
7. «Առհանման եզակի տրանշ» նշանակում է` սույն Համաձայնագրի 1-ին Լրացման II բաժնի Բ մասում սահմանված աղյուսակում «Առհանման եզակի տրանշ» վերնագրված կատեգորիային հատկացված Ֆինանսավորման գումար:
Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ
Ընդհանուր պայմանների փոփոխությունները հետևյալն են.
1. 2.03-րդ բաժնի ա պարբերության վերջին նախադասությունը (կապված Առհանման դիմումների հետ) ամբողջությամբ հանված է:
2. 2.04-րդ (Հատկացված հաշիվներ) և 2.05-րդ (Ընդունելի ծախսեր) բաժիններն ամբողջությամբ հանվել են, իսկ II հոդվածի մնացած բաժինները համապատասխան ձևով վերահամարակալվել են:
3. 4.01-ին (Ծրագրի ընդհանուր իրականացում) և 4.09-րդ (Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ, աուդիտներ) բաժիններն ամբողջությամբ հանվել են, իսկ IV հոդվածի մնացած բաժինները համապատասխան ձևով վերահամարակալվել են:
4. 4.05-րդ բաժնի ա կետը (վերահամարակալումը կատարված է վերը նշված 3-րդ պարբերության համաձայն և վերաբերում է Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների օգտագործում բաժնին) ամբողջությամբ հանվել է:
5. 4.06-րդ բաժնի գ կետը (վերահամարակալումը կատարված է վերը նշված 3-րդ պարբերության համաձայն) փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.
«Բաժին 4.06. Ծրագրեր, փաստաթղթեր, գրառումներ
… գ) Ստացողը պետք է պահի Ֆինանսավորման շրջանակում կատարված ծախսերի մասին վկայող բոլոր գրառումները (պայմանագրեր, հրամաններ, հաշիվ-ապրանքագրեր, հաշիվներ, ստացականներ և այլ փաստաթղթեր)` Փակման ամսաթվից հետո երկու տարվա ընթացքում: Ստացողը պետք է Ընկերակցության ներկայացուցիչներին հնարավորություն տա ուսումնասիրելու այդ գրառումները:»:
6. 4.07-րդ բաժինը (վերահամարակալումը կատարված է վերը նշված 3-րդ պարբերության համաձայն) փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.
«Բաժին 4.07. Ծրագրի մոնիտորինգ և գնահատում
… գ) Ստացողը պետք է պատրաստի կամ հանձնարարի պատրաստել և Ընկերակցությանը Փակման ամսաթվից հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում տրամադրի հաշվետվություն` Ընկերակցության կողմից խելամտորեն պահանջվող ծավալով և մանրամասնությամբ, ծրագրի իրականացման, իրավական համաձայնագրերով Ստացողի և Ընկերակցության կողմից իրենց պարտավորությունների կատարման և Ֆինանսավորման նպատակների իրականացման վերաբերյալ:»:
7. Հավելվածում սահմանված հետևյալ հասկացություններն ու սահմանումները հանվել կամ փոփոխվել են հետևյալ կերպ, և հետևյալ նոր հասկացություններն ու սահմանումներն են այբբենական կարգով ավելացվել Հավելվածում, և համապատասխան ձևով վերահամարակալվել են հասկացությունները.
ա) «Թույլատրելի ծախս» հասկացության սահմանումը փոփոխվել է հետևալ խմբագրությամբ.
«Թույլատրելի ծախս» նշանակում է` Ֆինանսավորման ցանկացած օգտագործում Ծրագրին օժանդակելու նպատակով` բացի Ֆինանսավորման համաձայնագրով բացառված ֆինանսական ծախսերից:»:
բ) «Ֆինանսական հաշվետվություններ» հասկացությունը և դրա սահմանումը, ինչպես սահմանված է Հավելվածում, ամբողջությամբ հանվել են:
գ) «Նախագիծ» հասկացությունը փոխարինվել է «Ծրագիր» հասկացությամբ, և դրա սահմանումը փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.
«Ծրագիր» նշանակում է` այն ծրագիրը, որը նշված է Ֆինանսավորման համաձայնագրում, և որին օժանդակելու համար տրամադրվել է Ֆինանսավորումը»: Սույն Ընդհանուր պայմանների ողջ տեքստում «Նախագծին» արված բոլոր հղումները համարվում են հղում «Ծրագրին»:
