Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-704
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.18/36(560) Հոդ.803
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

29 հունիսի 2007 թ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹԻՎ 36 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 36 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԹԻՎ 18-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 36 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու` սույն գործով դիմող Մ. Սաղաթելյանի, նրա ներկայացուցիչներ Գ. Մինասյանի և Ս. Սաղաթելյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Հայաստանի Հանրապետության թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բ. Ստեփանյանի և պատասխանող կողմի ներկայացուցիչ` իրավաբան Վ. Գրիգորյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի, 101 հոդվածի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 17-ի թիվ 18-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 36 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մ. Սաղաթելյանի դիմումն է սահմանադրական դատարան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2007 թ. մայիսի 31-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումը, որոշում է կայացրել` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի 3-րդ մասի և 74 հոդվածի 4-րդ մասի գործն ընդունել քննության և գործով որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Զ. Ղուկասյանը:

Գործի քննության ընթացքում պատասխանող կողմից պահանջվել և ուսումնասիրվել են բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները, հանձնաժողովներին քվեաթերթիկների և քվեարկության ծրարների հատկացման ստացականները, թիվ 36/06, 36/14, 36/15, 36/16, 36/27, 36/34, 36/36, 36/40 ընտրական տեղամասերի տեղամասային ընտրական հանձնաժողովների գործավարության մատյանների արձանագրությունները:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի և նրանց ներկայացուցիչների բացատրությունները, ուսումնասիրելով նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը, հետազոտելով դիմումները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2007 թվականի մայիսի 12-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68 հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 171, 31 և 36 հոդվածներով նախատեսված հիմքերով կազմավորվել է թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը ներառում է թվով 59 ընտրական տեղամաս:

Թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել է Ազգային ժողովի պատգամավորության 3 (երեք) թեկնածու: Ըստ թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը 53992 է, իսկ ընտրություններին մասնակցել է 36349 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 35609 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Մ. Պետոյան` 13661, Մ. Սաղաթելյան` 7107, Մ. Վարագյան ` 14 841: Անճշտությունների թիվը կազմել է 134:

Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2007 թ. մայիսի 17-ի 18-Ա որոշումով թիվ 36 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչվել առավել կողմ ձայներ ստացած Մ. Վարագյանը:

2. Ըստ դիմող կողմի` թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունել է անօրինական որոշում, քանի որ բավարար հիմքեր կային ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Դիմող կողմի հաշվարկով թիվ 36 ընտրատարածքում անճշտությունների ընդհանուր թիվը կազմել է 9632, որը ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն հիմք պետք է հանդիսանար ընտրությունն անվավեր ճանաչելու համար:

Դիմող կողմը գտնում է նաև, որ պատասխանող կողմի ներկայացրած արձանագրությունների հիման վրա կատարված հաշվարկով նույնպես անճշտությունների թիվը գերազանցում է առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին տրված ձայների տարբերությունը: Միաժամանակ մատնանշում է, որ տարբեր արձանագրություններում և քվեաթերթիկների բաշխման ստացականներում առկա են ընտրողների ընդհանուր թվի և հատկացված քվեաթերթիկների թվի առանձին տարբերություններ:

Դիմող կողմը գտնում է նաև, որ ընտրացուցակներում առկա են բազմաթիվ անճշտություններ, որոնք հնարավորություն չեն տալիս պարզելու ընտրողի հասցեն: Իրենց կարծիքով,  այդ առնչությամբ իրենց ահազանգերին իրավասու մարմինները ձևական մոտեցում են ցուցաբերել:

Ըստ դիմողի` թիվ 32 տեղամասային ընտրական հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ներգրավվել է Սանասար Ոսկանյանը, որը միաժամանակ հանդիսացել է համամասնական ընտրակարգով «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու և համապատասխանաբար ընդգրկվել է թեկնածուների կուսակցական ցուցակում: Փաստորեն խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 34 հոդվածի 4-րդ կետի պահանջը:

Միաժամանակ, դիմող կողմը չի վիճարկում թեկնածուների ստացած ձայների թիվը, վկայակոչելով միայն, որ 59 ընտրատեղամասերից միայն մեկում է թեկնածուներից մեկի ձայների շեղում գրանցվել (40 ձայնի չափով)` իրենց վստահված անձանց տրված և ԸԸՀ-ի կողմից ներկայացված արձանագրությունների տվյալների միջև:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ ընտրության արդյունքներով ընդունված որոշումը վիճարկելու և ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի պահանջն անհիմն է, քանի որ ոչ ճիշտ հաշվարկներ է ներկայացրել սահմանադրական դատարան: Ըստ պատասխանողի` դիմող կողմն անճշտությունների չափը հաշվարկել է արձանագրությունների ոչ լրիվ տվյալների հիման վրա, անհասկանալի թվաբանական գործողությունների արդյունքում, առանձին դեպքերում մեխանիկական մոտեցում դրսևորելով, անտեսելով անճշտությունների չափի որոշման վերաբերյալ օրենսգրքի պահանջները:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից արձանագրությունները կազմելիս թույլ են տրվել մեխանիկական կամ թվաբանական սխալներ, որոնց վերացման հնարավորությունը նախատեսված է ՀՀ ընտրական օրենսգրքի 63 հոդվածով:

Պատասխանող կողմը ներկայացրեց այն հիմնավորումը, որ առաջնորդվելով նշված հոդվածի պահանջով և վերահաշվարկելով բոլոր 59 ընտրական տեղամասերում անճշտությունների իրական չափը, ստացել են, որ այն կազմում է 134, որը որևէ ձևով չէր կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Ընտրացուցակների առնչությամբ պատասխանող կողմը գտնում է, որ իրավասու մարմինները ժամանակին պատգամավորության թեկնածուին տվել են հիմնավոր պատասխան:

Պատասխանող կողմը չհերքեց դիմող կողմի փաստարկը թիվ 32 ընտրատեղամասում համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորության թեկնածուին տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկած լինելու վերաբերյալ:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է. ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ «Թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի վստահված անձի, հանձնաժողովի անդամի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ, ինչպես նաև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններից քաղվածք` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով»: Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների համար ԿԸՀ-ն քաղվածքի որևէ ձև չի սահմանել: Տեղամասային ընտրական հանձնաժողովները քաղվածքի փոխարեն թեկնածուների վստահված անձանց տրամադրել են արձանագրությունների ոչ լրիվ տվյալներով պատճեններ: Այդ պատճենների հիման վրա դիմող կողմը փորձել է անճշտությունների հաշվարկ կատարել, որը գործնականում անհնարին է և ընտրությունների իրական պատկերն արտացոլել չի կարող:

Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, և թվաբանական սխալների առկայության դեպքում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները` ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում»: Ելնելով այն հանգամանքից, որ ելակետային տվյալների հիման վրա անճշտությունների որոշումն իրականացվում է նաև համակարգչի միջոցով, այնուամենայնիվ, ԸԸՀ-ն պարտավոր էր կատարել օրենքի պահանջը և ստուգել արձանագրությունների բոլոր տվյալների վավերականությունը: Այս պահանջը թիվ 36 ԸԸՀ-ն, մասնավորապես, թիվ 36/06, 36/16, 36/27, 36/36, 36/40 տեղամասերի առնչությամբ սահմանված կարգին համապատասխան չի իրականացրել: Տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նման աշխատանքը, նրանց անդամների ցածր պատրաստվածությունը, թույլ տված մեխանիկական ու թվաբանական սխալներն անվստահություն են ստեղծել ընտրության արդյունքների նկատմամբ:

Սահմանադրական դատարանը, քվեարկության արդյունքների ելակետային տվյալների, քվեաթերթիկների ու քվեարկության ծրարների` ըստ տեղամասերի բաշխման ստացականների, ինչպես նաև թիվ 36/06, 36/14, 36/15, 36/16, 36/27, 36/34, 36/36, 36/40 ընտրական տեղամասերի տեղամասային ընտրական հանձնաժողովների գործավարության մատյանների տվյալների հիման վրա պարզել է դիմողի առանձնահատուկ ուշադրության առարկա դարձած թիվ 36/08, 36/10, 36/12, 36/14, 36/15, 36/16, 36/20, 36/27, 36/29, 36/34, 36/35, 36/40, 36/46, 36/50 ընտրական տեղամասերում և ամբողջ ընտրատարածքում անճշտությունների իրական պատկերը:

Անճշտությունների հաշվարկման կարգը սահմանվում է ՀՀ ԸՕ-ի 62 հոդվածի 1-ին մասով, համաձայն որի.

«1. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար`

1) համադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա)` մարված քվեաթերթիկների թվի (Գ), քվեատուփի` վավեր (դ1) և անվավեր (դ2) քվեաթերթիկների թվի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.

2) համադրվում է ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը (Բ)` քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) մեծ է ընտրողների ցուցակում ստորագրությունների թվից (Բ), ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) փոքր է կամ հավասար ընտրողների ցուցակում ստորագրությունների թվին (Բ), ապա երկրորդ անճշտության չափը նշվում է 0.

3) համադրվում է օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երրորդ անճշտության չափ.

31) համադրվում է սահմանված նմուշի ծրարների թիվը (Զ) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես չորրորդ անճշտության չափ.

4) գումարվում են սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ»:

Ինչպես նշվեց, ըստ դիմողի` անճշտությունների ընդհանուր թիվը սխալ է հաշվարկված և իրականում պետք է կազմեր ոչ թե 134 (ինչպես նշված է թիվ 36 ԸԸՀ-ի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունում), այլ` 9632։ Դիմողի կողմից վիճարկվող այն տեղամասերում, որտեղ, մասնավորապես, վկայակոչվում են անճշտությունների մեծ չափեր, իրական պատկերն այսպիսին է.

- թիվ 36/08 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 591: Դիմողի կողմից ներկայացված արձանագրությունում առկա տվյալների հիման վրա (որոնք նույնական են պատասխանողի կողմից ներկայացված արձանագրության տվյալների հետ) օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է /5/, 2-րդ անճշտությունը` - 5, որն ըստ ԸՕ-ի 62 հոդվածի 2-րդ կետի պետք է նշվի 0, 3-րդ անճշտությունը կազմում է /5/, 4-րդ անճշտությունը` 0: Այսպիսով, թիվ 36/08 տեղամասում անճշտությունների չափը կազմում է 10: Դիմողի կողմից ներկայացված անճշտության չափն իր իսկ ներկայացրած տվյալների հիման վրա որևէ հաշվարկով հիմնավորված չէ,

- թիվ 36/10 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 225: Դիմողի կողմից ներկայացված արձանագրության տվյալների հիման վրա (որոնք նույնական են պատասխանողի կողմից ներկայացված արձանագրության տվյալների հետ) անճշտությունների իրական չափը 2 է (1-ին անճշտությունը կազմում է /1/, 2-րդ անճշտությունը`-1, որն ըստ ԸՕ-ի 62 հոդվածի 2-րդ կետի պետք է նշվի զրո, 3-րդ անճշտությունը կազմում է /1/, 4-րդ անճշտությունը` զրո),

- թիվ 36/12 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 129: Դիմողի կողմից ներկայացված արձանագրությունում առկա տվյալների հիման վրա դիմողը հնարավորություն ուներ հաշվարկելու միայն 2, 3 և 4-րդ անճշտությունները, քանի որ իր մոտ առկա արձանագրությունում բացակայում են 1-ին անճշտության հաշվարկման համար անհրաժեշտ երկու տվյալներ («Հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա)» և «Մարված (...) քվեաթերթիկների թիվը (Գ)» համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տողերում): Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում պատկերն այսպիսին է.

1-ին անճշտության թիվը կազմում է 0, քանի որ 3-րդ տողում բացակայող «Հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա)» հնարավոր է լրացնել թիվ 36 ԸԸՀ-ից ստացված ստացականների տվյալների հիման վրա, որի համաձայն թիվ 36/12 ՏԸՀ-ին մեծամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման համար տրամադրվել է 724 քվեաթերթիկ, իսկ մարված քվեաթերթիկների թիվը (Գ) ըստ ամփոփիչ արձանագրության 129 է: 2-րդ անճշտությունը կազմում է զրո, 3-րդ անճշտությունը` զրո, 4-րդ անճշտությունը` զրո: Այսպիսով, թիվ 36/12 տեղամասում անճշտությունների չափը կազմում է զրո,

- թիվ 36/14 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 4068: Դիմողի և պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս փաստել, որ որոշ տվյալներ դրանցում տարբերվում են: Պատասխանողն իր կողմից տրված պարզաբանումներում նշել է, որ 36/14 ընտրական տեղամասի արձանագրությունում որոշ տողերում (մասնավորապես` 2-րդ, 4-րդ և 5-րդ) լրացվել է ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ համապատասխանաբար նշված տողերում ստացված թվերի գումարը: Հետագայում դրանք ուղղվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասի պահանջների հիման վրա` հիմք ընդունելով ԸԸՀ-ում եղած ստացականներն ու գործավարության մատյանում առկա գրառումները, ինչը հաստատվել է սահմանադրական դատարանի կողմից նշված ստացականների ու տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում առկա գրառումների ուսումնասիրության արդյունքում: Այսպիսով, օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է /32/, 2-րդ անճշտությունը` 13, 3-րդ անճշտությունը` /13/, 4-րդ անճշտությունը` 0: Այսպիսով, թիվ 36/14 տեղամասում անճշտությունների չափը կազմում է 58,

- թիվ 36/15 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 1118: Դիմողի և պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս փաստել, որ որոշ տվյալներ դրանցում տարբերվում են։ Սակայն թիվ 36/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում առկա արձանագրային տվյալների ուսումնասիրությունը վկայեց, որ ԸԸՀ-ի կողմից ներկայացված արձանագրության տվյալները հիմնավոր են, մասնավորապես հաստատվել է, որ գրանցված ընտրողների թիվը կազմում է 975: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այս ընտրատեղամասում այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է զրո, 2-րդ անճշտությունը` զրո, 3-րդ անճշտությունը` զրո, 4-րդ անճշտությունը` զրո,

- թիվ 36/16 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 207: Դիմողի և պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս փաստել, որ «Մարված (...) քվեաթերթիկների թիվը (Գ)» 5-րդ տողում դիմողի կողմից ներկայացված քաղվածքում նշված է 3, իսկ պատասխանողի կողմից ներկայացված արձանագրությունում ուղղում է կատարվել և նշվել 210։ Սահմանադրական դատարանի կողմից թիվ 36/16 ՏԸՀ-ի գործավարության մատյանի արձանագրության ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ մարված քվեաթերթիկների թիվը կազմում է 210: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է զրո, 2-րդ անճշտությունը` զրո, 3-րդ անճշտությունը` զրո, 4-րդ անճշտությունը` զրո,

- թիվ 36/20 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 1720: Դիմողի ներկայացրած փաստաթղթերի տվյալների հիման վրա նման թիվ հնարավոր չէ ստանալ: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է` /Ա- (Գ+Դ)/=/2005-(860+(44+1101))/=0, 2-րդ անճշտությունը կազմում է 0 (Դ-Բ=1145-1145=0), 3-րդ անճշտությունը կազմում է 0 (Ե-Դ=1145-1145=0), 4-րդ անճշտությունը կազմում է 0 (Զ-Դ=1145-1145=0),

- թիվ 36/27 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 100: Դիմողի և պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս փաստել, որ որոշ տվյալներ դրանցում տարբերվում են։ Մասնավորապես տարբերվում են «Մարված (...) քվեաթերթիկների թիվը (Գ)» 5-րդ տողում նշված թվերը, որը դիմողի կողմից ներկայացված քաղվածքում նշված է 2, իսկ պատասխանողի կողմից ներկայացված արձանագրությունում ուղղում է կատարվել և նշվել 102։ Սահմանադրական դատարանի կողմից թիվ 36/27 ՏԸՀ-ի գործավարության մատյանի արձանագրության ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ մարված քվեաթերթիկների թիվը կազմում է 102: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է զրո, 2-րդ անճշտությունը` զրո, 3-րդ անճշտությունը` զրո, 4-րդ անճշտությունը` զրո:

Թիվ 36/27 տեղամասում անճշտությունները հաշվարկելիս դիմող կողմը ցուցաբերել է մեխանիկական մոտեցում և հաշվի չի առել, որ հանձնաժողովին տրամադրված 451 քվեարկության ծրարներից 102-ը չի օգտագործվել (որը երևում է նաև գործավարության մատյանի տվյալներից): Ուստի «Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ)-ն»` 12-րդ կետում պետք է հիմք ընդունել ոչ թե 451-ը, այլ 349-ը (վավեր և անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը կամ 451-102): Այս տեղամասում անճշտությունների իրական չափը 0 է,

- թիվ 36/29 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 120: Դիմողի և պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս փաստել, որ դրանցում տարբերվում են միայն հաշվարկվող տվյալներ հանդիսացող թվերը։ Մասնավորապես, տարբերվում են «Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ)»` 12-րդ և «Վավեր քվեաթերթիկների թիվը (դ1)» 13-րդ տողերում նշված թվերը (երկու թիվն էլ դիմողի ներկայացրած արձանագրության քաղվածքում նշված է 164, իսկ պատասխանողի կողմից ներկայացված արձանագրությունում` 124), որոնք ՏԸՀ-ի կատարած սխալ թվաբանական գործողությունների արդյունք են։ Թիվ 36 ԸԸՀ-ի կողմից 36/29 տեղամասի ՏԸՀ-ի արձանագրությունն ընդունելիս այդ թվաբանական սխալները հայտնաբերվել են և օրենքով սահմանված կարգով ՏԸՀ-ի նախագահն ուղղել է։ Թիվ 36/29 տեղամասի արձանագրությունում անճշտությունների թվերը ՏԸՀ-ի կողմից հաշվարկվել են զրո: Թիվ 36 ԸԸՀ-ի կողմից աղյուսակավորման արդյունքում անճշտության չափը մուտքագրվել է զրո: Ստուգման արդյունքում նույնպես անճշտության չափը կազմում է զրո,

- թիվ 36/34 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 687: Դիմողի և պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս փաստել, որ որոշ տվյալներ դրանցում տարբերվում են, մասնավորապես. «Մարված (...) քվեաթերթիկների թիվը (Գ)» 5-րդ տողում դիմողի կողմից ներկայացված քաղվածքում նշված է 1, իսկ պատասխանողի կողմից ներկայացված արձանագրությունում ուղղում է կատարվել և նշվել 687: Թիվ 36/34 ՏԸՀ-ի գործավարության մատյանի արձանագրության տվյալների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ մարված քվեաթերթիկների թիվը կազմում է 687, գրանցված ընտրողների թիվն ըստ ստորագրությունների կազմում է 818 և օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը նույնպես կազմում է 818: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է /1/, 2-րդ անճշտությունը` 1, 3-րդ անճշտությունը` /1/, 4-րդ անճշտությունը` 0: Այսպիսով, թիվ 36/34 տեղամասում անճշտությունների չափը կազմում է 3,

- թիվ 36/35 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 22: 36/35 տեղամասի արձանագրությունում անճշտությունների վերջնական թիվը ՏԸՀ-ի կողմից նշվել է 0, թիվ 36 ԸԸՀ-ի կողմից աղյուսակավորման արդյունքում մուտքագրվել է 0: Հաշվարկվող թվերի ճշտման պայմաններում պատասխանողի կողմից ներկայացված փաստաթղթում առկա տվյալների հիման վրա կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափը կազմում է 17 (1-ին անճշտությունը կազմում է /4/, 2-րդ անճշտությունը` 13, որն ըստ ԸՕ-ի 62 հոդվածի 2-րդ կետի պետք է նշվի զրո , 3-րդ անճշտությունը` /13/, 4-րդ անճշտությունը` զրո),

- թիվ 36/40 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 319: Դիմողի և պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս փաստել, որ «Մարված (...) քվեաթերթիկների թիվը (Գ)» 5-րդ տողում դիմողի կողմից ներկայացված արձանագրությունում նշված է 4, իսկ պատասխանողի կողմից ներկայացված արձանագրությունում` 323։ Թիվ 36/40 ՏԸՀ-ի գործավարության մատյանի տվյալների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ մարված քվեաթերթիկների թիվը կազմում է 323: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է զրո, 2-րդ անճշտությունը` զրո, 3-րդ անճշտությունը` զրո, 4-րդ անճշտությունը` զրո,

- թիվ 36/46 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 43: Դիմողի և պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս փաստել, որ դրանցում առկա բոլոր տվյալները նույնն են։ Թիվ 36/46 տեղամասի արձանագրությունում անճշտությունների չափը ՏԸՀ-ի կողմից նշվել է  զրո: Թիվ 36 ԸԸՀ-ի կողմից աղյուսակավորման արդյունքում մուտքագրվել է զրո: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է /43/, 2-րդ անճշտությունը` զրո, 3-րդ անճշտությունը` զրո, 4-րդ անճշտությունը` զրո: Այսպիսով, թիվ 36/46 տեղամասում անճշտությունների չափը կազմում է 43,

- թիվ 36/50 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 85: Դիմողի և պատասխանողի ներկայացրած փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս փաստել, որ դրանցում առկա բոլոր տվյալները նույնն են։ Թիվ 36/50 տեղամասի արձանագրությունում անճշտությունների չափը ՏԸՀ-ի կողմից նշվել է 85: Թիվ 36 ԸԸՀ-ի կողմից աղյուսակավորման արդյունքում մուտքագրվել է 85: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում նույնպես անճշտությունների իրական չափը կազմում է 85 (1-ին անճշտության թիվը կազմում է /85/, 2-րդ, 3-րդ և 4-րդ անճշտություններինը` զրո):

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմող և պատասխանող կողմերը ճիշտ չեն հաշվարկել անճշտությունները հետևյալ տեղամասերում.

- թիվ 36/06 տեղամասում անճշտությունների իրական չափը 0 է,

- թիվ 36/17 տեղամասում անճշտությունների չափն ըստ դիմողի կազմում է 6: Պատասխանող կողմի ներկայացրած արձանագրության մեջ հաշվարկը բացակայում է: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է /14/, 2-րդ անճշտությունը` 14, 3-րդ անճշտությունը` /14/, 4-րդ անճշտությունը` զրո: Այսպիսով, թիվ 36/17 տեղամասում անճշտությունների չափը կազմում է 42,

- թիվ 36/28 ընտրատեղամասում թիվ 6 և 7 տողերի տվյալների մեխանիկական փոխատեղումը չի կարող դիտվել որպես անճշտությունների չափի մեծացման հիմք: Ելակետային տվյալների համադրման արդյունքում ակնհայտ է դառնում, որ այս ընտրատեղամասում անճշտությունների չափը 0 է:

- Դիմող կողմը գտնում է, որ թիվ 36/36 տեղամասում` ըստ պատասխանող կողմի արձանագրության, անճշտությունների չափը 697 է: Սակայն դարձյալ հաշվի չի առնվում, որ թե' իր վստահված անձին տրամադրված, թե' ԸԸՀ-ի ներկայացրած արձանագրություններում և թե' տվյալ ընտրատեղամասի տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում չօգտագործված քվեարկության ծրարների թիվը 697 է: Ուստի Զ)-ն չէր կարող հավասար լինել 1711-ի, որը հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվն է: Անճշտությունները հաշվարկելիս առնվազն հիմք պետք է ընդունվեր 1014 թիվը (վավեր և անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը կամ 1711-697),

- թիվ 36/37 տեղամասի արձանագրությունում անճշտությունների վերջնական թիվը ՏԸՀ-ի կողմից նշվել է 145: Թիվ 36 ԸԸՀ-ի կողմից աղյուսակավորման արդյունքում մուտքագրվել է 0: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների իրական չափը կազմում է 9, ընդ որում, 1-ին անճշտությունը կազմում է /5/, 2-րդ անճշտությունը` զրո, 3-րդ անճշտությունը` /4/, 4-րդ անճշտությունը` զրո,

- թիվ 36/51 տեղամասի արձանագրությունում անճշտությունների վերջնական չափը ՏԸՀ-ի կողմից ի սկզբանե նշվել է 126, այնուհետև ուղղվել է և նշվել 0: Թիվ 36 ԸԸՀ-ի կողմից աղյուսակավորման արդյունքում մուտքագրվել է զրո: Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում անճշտությունների չափի իրական պատկերն այսպիսին է. 1-ին անճշտությունը կազմում է զրո, 2-րդ անճշտությունը` զրո, 3-րդ անճշտությունը` զրո, 4-րդ անճշտությունը` զրո:

Թիվ 36 ընտրատարածքի բոլոր ընտրական տեղամասերում անճշտությունների չափի օրենքով սահմանված կարգով հաշվարկը վկայում է, որ դրա ընդհանուր թիվը կազմում է 364, որը 3.2 անգամ փոքր է տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով 1-ին և 2-րդ տեղերը գրաված թեկնածուների ձայների տարբերությունից և 21.3 անգամ փոքր է երրորդ ու առաջին տեղերը գրաված թեկնածուների ձայների տարբերությունից:

Նկատի ունենալով, որ դիմող կողմը ներկայացրեց առանձին տեղամասերում հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թվերի մասնակի տարբերություններ` ըստ արձանագրությունների և ըստ ստացականների, ապա անճշտությունների չափն հաշվարկվել է նաև ստացականներում ամփոփված տվյալների հիման վրա, և այն կազմում է 363:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ընտրողների թվի վերաբերյալ տվյալներն ըստ արձանագրությունների և ըստ ստացականների համադրելի չեն, քանի որ ստացականներում և արձանագրություններում ընտրողների թվի որոշման հիմքերը տարբեր են: Մասնավորապես, արձանագրային տվյալներում արտացոլվում են նաև օրենքով նախատեսված կարգով ձևավորվող` ընտրողների լրացուցիչ ցուցակի տվյալները: Ուստի ընտրողների ընդհանուր թվի որոշման համար հիմք պետք է ընդունել արձանագրության տվյալները:

6. Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ դիմող կողմի հարցադրումների և ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների համադրումից հետևում է, որ որևէ քաղաքացի ընտրացուցակից դուրս չի մնացել, ընդգրկումը կատարվել է մի դեպքում ըստ նրանց հաշվառման վայրի (քաղաքացիների կողմից ներկայացված սեփականության վկայագրերի հիման վրա), մյուս կողմից` ըստ իրենց անձնագրերում նշված հաշվառման վայրերի հասցեների (երբ քաղաքացիները չեն ներկայացրել իրենց բնակության վայրերի հասցեների փոփոխման վերաբերյալ նոր սեփականության վկայագրեր): Գործում առկա չէ նաև որևէ փաստ, որը կվկայի այն մասին, որ դիմող կողմի մատնանշած որևէ քաղաքացի ի վիճակի չի եղել իրացնելու իր ընտրական իրավունքը: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի և Արթիկի քաղաքապետարանի կողմից ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու պատճառով տարբեր սկզբունքներ են դրվել ընտրական ցուցակների կազմման հիմքում, որն ընտրացուցակների նկատմամբ անվստահության տեղիք է տվել:

7. Դիմողի այն փաստարկը, որ թիվ 36/32 տեղամասային ընտրական հանձնաժողովում որպես անդամ է ներգրավվել Սանասար Ոսկանյանը, որը միաժամանակ հանդիսացել է համամասնական ընտրակարգով «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, հաստատվեց գործի քննության ընթացքում: Չնայած այն բանին, որ տվյալ անձը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված անձանց հետ կուսակցական առնչություն չունի, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ոչ բավարար վերահսկողության պատճառով խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 34 հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի, ի թիվս այլ անձանց, պատգամավորության թեկնածուն նույնպես չի կարող լինել ընտրական հանձնաժողովի անդամ: Միաժամանակ, եթե նույնիսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեր տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները, ապա, հաշվի առնելով նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 13-րդ մասի պահանջը, դա բավարար հիմք չէր կարող հանդիսանալ նույն օրենսգրքի 116 հոդվածի հիմքերով ընտրության արդյունքների վերաբերյալ այլ որոշում կայացնելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 74 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 17-ի թիվ 18-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


29 հունիսի 2007 թ.
ՍԴՈ-704

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան