Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.25/48(638)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1149 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործեր թիվ 07-1173 և 07-1562
Թիվ 07-1173 քաղաքացիական գործով
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան
Թիվ 07-1562 քաղաքացիական գործով
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն Գրիգորյանի, Կարինե Մարգարյանի և Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մնացական Ղազարյանի միջոցով Հարություն Գրիգորյանի կողմից բերված վճռաբեկ բողոքները համապատասխանաբար ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2007 թվականի մարտի 2-ի թիվ 07-1173 և 2007 թվականի մայիսի 14-ի թիվ 07-1562 քաղաքացիական գործերով կայացված վճռների դեմ՝ ըստ հայցի Արթուր Հարությունյանի ընդդեմ Հարություն Գրիգորյանի, Կառլեն Գրիգորյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և ըստ հակընդդեմ հայցի Հարություն Գրիգորյանի ընդդեմ Արթուր Հարությունյանի, Վոլոդյա Մկրտչյանի, Սենիկ Գրիգորյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ Դատարան)` հայցվորը պահանջել է իր գույքը վերադարձնել Հարություն Գրիգորյանի և Կառլեն Գրիգորյանի ապօրինի տիրապետումից:

Հակընդդեմ հայցով դիմելով Դատարան՝ Հարություն Գրիգորյանը պահանջել է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Շիրվանզադեի փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, հիշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի վկայականները ճանաչել անվավեր:

Դատարանը 2006 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2-1733 քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժել (գ.թ.57):

Վերաքննիչ դատարանը 2007 թվականի մարտի 2-ի թիվ 07-1173 քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը բավարարել է (գ.թ.90):

Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 2-ի որոշմամբ հակընդդեմ հայցը թողնվել է առանց քննության:

Վերաքննիչ դատարանը 2007 թվականի մայիսի 14-ի թիվ 07-1562 քաղաքացիական գործով կայացված վճռով հակընդդեմ հայցը մերժել է (գ.թ.166):

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հարություն և Կառլեն Գրիգորյանները և Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մնացական Ղազարյանի միջոցով Հարություն Գրիգորյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ Հարություն Գրիգորյանի և Կարինե Մարգարյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի՝

Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձին դատաքննությանը մասնակից դարձնելու իրավունքի խախտում:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Դատավարության կողմ չճանաչված և դատավարության մասնակից չդարձված անձանց վերաբերյալ վտարման վճիռ կայացնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում՝ վճիռ է կայացրել գործով մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, որն իր հերթին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, էական դատավարական խախտում է և վճռի բեկանման հիմք:

 

Ըստ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մնացական Ղազարյանի միջոցով Հարություն Գրիգորյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի՝

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների խախտմամբ վճռում սխալ և թերի է ներկայացրել պատասխանող կողմի առարկությունները և բացատրությունները, իսկ որպես ապացույց ներկայացված և քաղաքացիական գործին կցված մի շարք գրավոր փաստաթղթեր (փոխառության պայմանագիր, պարտավորագրեր) պատշաճ գնահատման չի արժանացրել, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ վճռի պատճառաբանական մասում չնշելով ներկայացված ապացույցները մերժելու փաստարկները:

 

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին և 306-րդ հոդվածի 2-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Գործով պատասխանող Վոլոդյա Մկրտչյանը և հակընդդեմ հայցվոր Հարություն Գրիգորյանը պնդել են, որ իրենց միջև իրականում կնքվել է փոխառության պայմանագիր, որը քողարկված է եղել առուվաճառքի պայմանագրով, իսկ դատարանը, չկիրառելով նշված հոդվածները, չի կիրառել նաև առոչինչ գործարքի անվավերության հետևանքները:

 

Վճռաբեկ բողոքներ բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 2-ի թիվ 07-1173 և 2007 թվականի մայիսի 14-ի թիվ 07-1562 քաղաքացիական գործերով կայացված վճիռները և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Վճռաբեկ բողոքներին պատասխան չի ներկայացվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 2004 թվականի ապրիլի 16-ին գրված պարտավորագրի համաձայն` Վոլոդյա Մկրտչյանը պարտավորվել է 22 400 (քսաներկու հազար չորս հարյուր) ԱՄՆ դոլար գումարը Հարություն Գրիգորյանի կողմից հետ վերադարձնելու դեպքում նոտարական գրասենյակում Հարություն Գրիգորյանին վաճառել Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Շիրվանզադեի փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանը (գ.թ.24):

2) 2005 թվականի ապրիլի 21-ին Վոլոդյա Մկրտչյանի և Արթուր Հարությունյանի միջև կնքվել է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Շիրվանզադեի փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որը ստացել է նոտարական վավերացում (գ.թ.6):

3) 2005 թվականի ապրիլի 21-ին Արթուր Հարությունյանի և Սենիկ Գրիգորյանի (վերջինս հանդիսանում է Հարություն Գրիգորյանի եղբայրը) միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որը ստացել է նոտարական վավերացում (գ.թ.22):

4) 2005 թվականի ապրիլի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից Արթուր Հարությունյանին տրվել է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Շիրվանզադեի փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի սեփականության վկայական (գ.թ.8):

5) 2005 թվականի ապրիլի 21-ին գրված պարտավորագրի համաձայն Արթուր Հարությունյանը պարտավորվել է չվաճառել Երևան քաղաքի, Արաբկիր համայնքի, Շիրվանզադեի փողոցի, 9-րդ շենքի 3-րդ բնակարանը մինչև Սենիկ Գրիգորյանը (Հարություն Գրիգորյանի եղբայրը) չվճարի 47 600 (քառասունյոթ հազար վեց հարյուր) ԱՄՆ դոլար գումարը (գ.թ.25):

6) 2006 թվականի հունիսի 5-ին գրված պարտավորության համաձայն` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Շիրվանզադեի փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարան հասցեում բնակվող Հարություն Գրիգորյանը պարտավորվել է իր և իր ընտանիքի անդամների կողմից ազատել հիշյալ բնակարանը և այն հանձնել սեփականատիրոջը՝ Արթուր Հարությունյանին (գ.թ.5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Հարություն Գրիգորյանի և Կարինե Մարգարյանի ներկայացված բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հայցվորը հայց է ներկայացրել Դատարան՝ Հարություն և Կառլեն Գրիգորյաններին և նրանց ընտանիքի անդամներին Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Շիրվանզադեի փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանից վտարելու պահանջով:

Դատարանը բավարարելով հայցը, վտարել է պատասխանողներ Հարություն և Կառլեն Գրիգորյաններին և նրանց ընտանիքի անդամներին (գ.թ.57):

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը Հարություն և Կառլեն Գրիգորյանների ընտանիքի անդամներին սույն գործի քննությանը մասնակից չի դարձրել, ինչի արդյունքում խախտվել է վերջիններիս՝ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել, ինչպես նաև գործի նյութերից պարզ չէ, թե Հարություն և Կառլեն Գրիգորյանների ընտանիքի անդամներն ինչ իրավունքով են բնակվում հիշյալ բնակարանում:

 

2) Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մնացական Ղազարյանի միջոցով Հարություն Գրիգորյանի ներկայացված վճռաբեկ բողոքը`

 

ա) առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների համաձայն` Վերաքննիչ դատարանը պետք է յուրաքանչյուր ապացույց գնահատեր գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ սույն գործում առկա մի շարք փաստաթղթեր՝ Հարություն Գրիգորյանի, Արթուր Հարությունյանի, Վոլոդյա Մկրտչյանի կողմից գրված պարտավորագրերը, մասնավորապես՝ 2004 թվականի ապրիլի 16-ին Վոլոդյա Մկրտչյանի կողմից գրված պարտավորագիրը (գ.թ.24), 2005 թվականի ապրիլի 21-ին Արթուր Հարությունյանի և Սենիկ Գրիգորյանի միջև կնքված փոխառության պայմանագիրը (գ.թ.22), 2005 թվականի ապրիլի 21-ին Արթուր Հարությունյանի կողմից գրված պարտավորագիրը (գ.թ.25), 2006 թվականի հունիսի 5-ին Հարություն Գրիգորյանի կողմից գրված պարտավորագիրը (գ.թ.5) Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանի չեն ուսումնասիրվել և գնահատվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր հետևությունները հիմնավորել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքի հիման վրա, մինչդեռ սույն գործի նյութերում բացակայում է հիշյալ տեղեկանքը, մասնավորապես, առկա չէ տվյալ բնակարանի նկատմամբ Հարություն և Կառլեն Գրիգորյանների և նրանց ընտանիքի անդամների իրավունքները հավաստող կամ հերքող որևէ փաստ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ յուրաքանչյուր դեպքում Վերաքննիչ դատարանը պարտավոր է տալ վճռի թե' փաստական, և թե' իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է փաստարկվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե'ս, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)).

 

բ) բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձանց դատավարական իրավունքների սահմանափակմամբ: Գործարքը շինծու համարելու և առոչինչության հետևանքներ կիրառելու մասին բողոքում բերված փաստարկները չեն կարող գնահատվել, քանի որ գործարքի շինծու լինելու հարցը հնարավոր է պարզել միայն բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքներում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 2-ի և 2007 թվականի մայիսի 14-ի կայացված վճիռները բեկանելու հիմք է հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հարություն Գրիգորյանի, Կարինե Մարգարյանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մնացական Ղազարյանի միջոցով Հարություն Գրիգորյանի կողմից բերված վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 2-ի և 2007 թվականի մայիսի 14-ի վճիռները և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան