ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության |
Քաղաքացիական գործ թիվ 1208 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ |
Ն. Հովսեփյան |
դատավորներ՝ |
Ա. Թումանյան |
Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հուլիսի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.05.2007 թվականի որոշման դեմ Գ. Շիրինյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Գևորգ Շիրինյանի ընդդեմ Հարություն Օնիկի Գևորգյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.05.2007 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Գ. Շիրինյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Ի հիմնավորումն պատասխանողի հետախուզման մեջ գտնվելու հանգամանքի գործում որևէ գրավոր ապացույց առկա չէ: Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը կայացնելու համար պատասխանող հիմք է ընդունել դատավարության կողմի հայտարարությունը, այն պայմաններում, երբ բացակայում է հետախուզում հայտարարելու մասին իրավասու մարմնի որոշումը:
Փաստորեն առանց որևէ հիմնավորման դատարանը կասեցրել է քաղաքացիական գործի վարույթը` առաջացնելով գործի քննության անտեղի ձգձգումներ, որով և զրկել է հայցվորին ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքից:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.05.2007 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է այն պատճաբանությամբ, որ դատաքննության ընթացքում պարզվել է, որ պատասխանող Հարություն Գևորգյանը գտնվում է հետախուզման մեջ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նման եզրահանգումն անհիմն է, քանի որ դատավարության մասնակցի հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը` որպես կանոն, պետք է հիմնավորված լինի որևէ գրավոր ապացույցով, սակայն գործում առկա չէ որևէ գրավոր ապացույց, որով կհիմնավորվեր սույն գործով պատասխանող Հարություն Գևորգյանի հետախուզման մեջ գտնվելու փաստը:
Դատարանը առանց որևէ թույլատրելի գրավոր ապացույցի, միայն դատավարության մասնակցի բանավոր հայտարարության հիման վրա, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետը, որը սակայն չպետք է կիրառեր: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթի անհիմն կասեցմամբ դատարանը խախտել է նաև գործի քննության անընդհատության սկզբունքը:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սույն գործի վարույթը կասեցնելով՝ հայցվորին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված՝ խախտված իրավունքները վերականգնելու, իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.05.2007 թվականի որոշումը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |