ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
10 հունիսի 2007 թ.
Քաղ. Երևան
«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ, «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ», «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԵՎ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 149-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմող կողմի` «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչներ Վ. Հովակիմյանի, Ն. Փաշինյանի և Վ. Գրիգորյանի,
«Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչներ Հ. Սարգսյանի, Ռ. Թորոսյանի և Հ. Բաղդասարյանի,
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներ Հ. Մարգարյանի, Ա. Ավոյանի և Գ. Սարգսյանի,
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Բախչագուլյանի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական և ծրագրամեթոդական վարչության պետ Ն. Հովհաննիսյանի, որպես հարակից պատասխանողներ ներգրավված` ՀՀ դատախազության ներկայացուցիչներ` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Դանիելյանի և ՀՀ դատախազության վարչության պետի տեղակալ Գ. Հարությունյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ` ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանի և ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մալխասյանի, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ` ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Մահտեսյանի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի, 101 հոդվածի 9 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 74 հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց ««Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունների դիմումների հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» թիվ 149-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ են հանդիսացել «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունների 2007 թ. մայիսի 26-ի դիմումները սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը, 2007 թվականի մայիսի 27-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումները, կայացրել է գործերը քննության ընդունելու և գործով որպես պատասխանող կողմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներգրավելու վերաբերյալ որոշումներ: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով գործը դատաքննության նախապատրաստելու և գործի հանգամանքները նիստում շարադրելու համար զեկուցողներ են նշանակվել սահմանադրական դատարանի անդամներ Հ. Դանիելյանը և Վ. Հովհաննիսյանը:
Սահմանադրական դատարանը 2007 թվականի մայիսի 29-ի աշխատակարգային նիստում կայացրել է գործերը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածով սահմանված կարգով միավորելու վերաբերյալ որոշում: Միաժամանակ, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածով և 74 հոդվածի 4-րդ մասով, սահմանադրական դատարանը սույն գործով հարակից պատասխանողներ է ներգրավել ՀՀ դատախազությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին:
Լսելով գործող զեկուցողներ` ՍԴ անդամներ Վ. Հովհաննիսյանի և Հ. Դանիելյանի համատեղ զեկուցումը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ուսումնասիրելով նրանց կողմից ներկայացված փաստարկներն ու հակափաստարկները, ինչպես նաև հետազոտելով դիմումները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվել են 2007 թվականի մայիսի 12-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68 հոդվածում նախատեսված ժամկետում: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15 հոդվածին համապատասխան քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով հանրապետության տարածքում կազմավորվել է թվով 1923 ընտրական տեղամաս: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 171 հոդվածով նախատեսված կարգով հանրապետության տարածքում կազմավորվել է 41 ընտրատարածք: Նույն օրենսգրքի 31 հոդվածին համապատասխան կազմավորվել է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Ընտրությունների ողջ գործընթացը կազմակերպել և վերահսկել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29 հոդվածով սահմանված կարգով հավատարմագրվել և ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել վեց միջազգային կազմակերպությունների 768 դիտորդ և 54 տեղական կազմակերպությունների 13693 դիտորդ: Դիտորդներին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 30 հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման հնարավորություն է տրվել ընտրությունների ողջ գործընթացում: Ընտրությունների վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի, Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունները, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացրած տեղական կազմակերպություններ:
3. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2007 թվականի մայիսի 19-ին ամփոփել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2007 թվականի մայիսի 12-ի ընտրությունների արդյունքները։ Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական դատարան ներկայացված ամփոփիչ արձանագրության` ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով քվեաթերթիկում ընդգրկված 22 կուսակցություններին և կուսակցությունների մեկ դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 1.351.423, որը բաշխվել է հետևյալ համամասնությամբ. Ազգային ժողովրդավարական կուսակցություն` 8556 ձայն, «Ազգային համաձայնություն» կուսակցություն` 4199, «Ազգային միաբանություն» կուսակցություն` 49864, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 204483, «Դաշինք» կուսակցություն` 32943, «Ժառանգություն» կուսակցություն` 81048, Ժողովրդական կուսակցություն` 37044, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն` 8351, «Իմպիչմենտ» դաշինք` 17475, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 177907, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 3686, Հայաստանի երիտասարդական կուսակցություն` 2291, Հայաստանի ժողովրդական կուսակցություն` 22762, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 8792, Հայաստանի հանրապետական կուսակցություն` 458258, Հայաստանի մարքսիստական կուսակցություն` 2660, «Հանրապետություն» կուսակցություն` 22288, Միավորված աշխատանքային կուսակցություն` 59271, Միացյալ ազատական ազգային կուսակցություն` 2739, «Նոր ժամանակներ» կուսակցություն` 47060, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն` 989, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 3433 և «Օրինաց երկիր» կուսակցություն` 95324։ Անճշտությունների թիվը կազմել է 14665։
Վերոհիշյալ արդյունքների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր` 2007 թվականի մայիսի 19-ի թիվ 149-Ա որոշմամբ, ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի համար ՀՀ ընտրական օրենսգրքի 95 հոդվածի 2-րդ կետով նախատեսված թվով 90 մանդատի շրջանակներում, Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված է ճանաչել 41, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` 18, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից` 16, «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից` 8 և «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից 7 պատգամավորության թեկնածուներ։
4. Դիմելով սահմանադրական դատարան` դիմողները գտնում են, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» թիվ 149-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ-ի նշված որոշումը և ըստ քվեարկության արդյունքների վերահաշվարկի` ընտրված ճանաչել կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների:
«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները համաձայն սահմանադրական դատարան ներկայացված դիմումի, ինչպես նաև գործի դատաքննության ընթացքում պնդեցին, որ.
- ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում խախտվել է ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի համար հավասար պայմանների ապահովման օրենսդրական պահանջը,
- ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման ընթացքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 4, 5, 7, 30 և 94-րդ հոդվածները, մի շարք միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունները, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ՀՀ ընտրական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ,
- ընտրությունները կեղծվել են ծրագրված և կազմակերպված եղանակով, դրան են ուղղված եղել նաև ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ընտրական իրավունքի իրացման հնարավորություն չստեղծելը, կեղծ անձնագրերով քվեարկելը,
- ըստ դիմող կողմի` խախտվել է նախընտրական քարոզչության` օրենքով սահմանված կարգը, կուսակցությունների կողմից բաժանվել են նյութական միջոցներ, տրվել են օրենքով արգելված խոստումներ, մատուցվել են ծառայություններ, մարդկանց ստիպողաբար տարել են հանրահավաքների, որոնց հետևանքով խախտվել է ընտրողի կամքի ազատ արտահայտման իրավունքը:
«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները գտնում են, որ մի շարք տեղամասային կենտրոններում քվեարկության խցիկների փոխարեն տեղադրված են եղել քվեարկության պատվանդաններ, որի հետևանքով ընտրությունները մասնակի վերահսկելի են եղել, քվեարկության օրը եղել են միկրոավտոբուսներով ընտրողներին տեղամասեր տեղափոխելու մասսայական դեպքեր, տեղամասային կենտրոններում հաշմանդամների համար չեն ապահովվել իրենց ընտրական իրավունքն իրացնելու անհրաժեշտ պայմաններ:
Կողմը գտնում է, որ ԿԸՀ-ն սահմանադրական մարմին չէ և իրավասու չէր կազմակերպել ընտրություններ, միաժամանակ գտնում է, որ ԿԸՀ-ն կամայականորեն է մեկնաբանել օրենքների դրույթները և ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտմամբ է ամփոփել ընտրությունների արդյունքները:
Իրենց փաստարկները հիմնավորելու համար «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները ՀՀ սահմանադրական դատարան են ներկայացրել դիմումներ` ուղղված ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչպես նաև ամփոփիչ արձանագրություններ, դիմում-բողոքներ, դատական ակտեր, համապատասխան հրապարակումներ ունեցած թերթերի ցանկ և այլ փաստաթղթեր:
5. «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչները գտնում են, որ.
- ԿԸՀ-ն, խախտելով ՀՀ ԸՕ 632 հոդվածի 3-րդ, 115 հոդվածի 1,2 և 7-րդ կետերի պահանջները, նիստում չի քննարկել և հաշվի չի առել ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած` ՀՀ ԸՕ այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Կողմը գտնում է, որ ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչելով ԿԸՀ-ի 12.03.03 թ. թիվ 41-Ն որոշումը, վերացրել է նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի հաշվառման գրանցամատյան վարելու իրավական հիմքերը, որով ԿԸՀ-ն զրկվել է նախընտրական հիմնադրամի միջոցները գերազանցած թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու պահանջով ՀՀ ԸՕ 25 հոդվածի 7-րդ կետի հիմքով դատարան դիմելու հնարավորությունից, այն դեպքում, երբ մի շարք կուսակցություններ, որոնց կողմից կատարված ծախսերը գերազանցել են իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները, մասնակցել են քվեարկությանը և ընտրվել ԱԺ կազմում:
Ըստ դիմողի` ՀՌԱՀ-ն և ԿԸՀ-ն խախտել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածը և ԿԸՀ-ի 14.03.07 թ. թիվ 48-Ն որոշմամբ սահմանված Կարգի 11-րդ կետը` թույլատրելով հեռուստաընկերություններին հեռարձակել քաղաքական և քարոզչական հաղորդումներ` առանց համապատասխան լուսագրերի` եթերաժամերի արժեքների բացակայության պայմաններում:
Դիմողի կարծիքով` ընդհանուր իրավասության դատարանները խախտել են ԸՕ-ի 40 հոդվածի 8-րդ մասը` ըստ էության չքննելով ոչ մի դիմում` տարաբնույթ հիմնավորումներով մերժելով դրանք, խախտելով սահմանված 5-օրյա ժամկետը: Դիմողը միաժամանակ գտնում է, որ.
- ԿԸՀ-ն խախտել է ԸՕ-ի 102 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` կեղծ փաստաթղթերի հիման վրա գրանցելով ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների թեկնածուների ցուցակները,
- ՀՀ վարչապետը խախտել է ԸՕ-ի 221 հոդվածը` մասնավորապես, նախընտրական քարոզչություն իրականացնելով պաշտոնական պարտականությունները կատարելիս, ԶԼՄ-ների միջոցով լուսաբանելով իր գործունեությունը, արգելված վայրերում քարոզչություն իրականացնելով և այլն,
- ՀՀ Նախագահը խախտել է օրենքը` Հ1-ի եթերում պարզաբանելով ԸՕ-ի պահանջները և իրականացնելով հակաքարոզչություն,
- տեղի են ունեցել ԸՕ-ի 22 հոդվածի 3-րդ կետով սահմանված սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրապարակման կանոնների խախտումներ,
- տպագրվել են սադրիչ նյութեր «Նոր ժամանակներ» կուսակցության և նրա նախագահի վերաբերյալ` դրանով իսկ խախտելով ԸՕ-ի 21 հոդվածի 7-րդ մասի պահանջները,
- ԸԸՀ-ներում թույլ են տրվել ելակետային տվյալների փոփոխություններ` դրանով իսկ խախտելով ԸՕ-ի 63 հոդվածի 1-ին մասի պահանջները,
- խախտվել է ԸՕ-ի 48 հոդվածի 2-րդ մասի պահանջը` ընտրողներին պարտադրելով նշումներ կատարել տարբեր գույնի գրիչներով,
- նույն անձինք քվեարկել են մեկից ավելի անգամներ` դրանով իսկ խախտելով ԸՕ-ի 10 հոդվածի 2-րդ մասի և 55 հոդվածի 1-ին մասի պահանջները:
Իր փաստարկները հիմնավորելու համար «Նոր ժամանակներ» կուսակցությունը ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել դիմումներ` ուղղված կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ամփոփիչ արձանագրություններ, ընտրական գործընթացի արդյունքներն արտացոլող սեփական դիտարկումներ, դիմում-բողոքներ, դատական ակտեր և այլ փաստաթղթեր։
6. «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները համաձայն սահմանադրական դատարան ներկայացված դիմումի, ինչպես նաև գործի դատաքննության ընթացքում պնդեցին, որ.
- մի շարք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել ՀՀ ԸՕ 6, 141, 15, 271, 401, 402, 44, 53, 56, 60, 61, 62, 63 հոդվածների, ՀՀ ԿԸՀ-ի 22.06.06 թ. թիվ 19-Ն, 20-Ն, 21-Ն որոշումների խախտումներ:
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները գտնում են, որ թիվ 32/40 ընտրատեղամասը կազմավորվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 15 հոդվածի պահանջների խախտմամբ, առանձին ընտրատեղամասերի գործավարության մատյաններում քվեարկության արդյունքների ելակետային տվյալները չեն արձանագրվել, առկա գրառումները չեն համապատասխանում սահմանված կարգին, որոշ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ընթացքում իրականացված գործողությունների մասին արձանագրություններ չկան, տեղ են գտել ընտրական փաստաթղթերի հետ օրենքով նախատեսված գործողությունների իրականացման բազմաթիվ խախտումներ, կատարվել են արձանագրությունների տվյալների` օրենքով չնախատեսված փոփոխություններ:
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները գտնում են նաև, որ ընտրությունների արդյունքներն ամփոփվել են իրավասու անձանց դիմում-բողոքներին ընթացք տալու կարգի խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանները չեն ապահովել քաղաքացու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, իսկ ԿԸՀ-ն անբավարար է կատարել ընտրական օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները, հրաժարվել է իր գլխավոր պարտականությունից` ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց։
Իրենց փաստարկները հիմնավորելու համար «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները ՀՀ սահմանադրական դատարան են ներկայացրել դիմումներ` ուղղված ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ամփոփիչ արձանագրություններ, ընտրական գործընթացի արդյունքներն արտացոլող սեփական դիտարկումներ, դիմում-բողոքներ, դատարանների որոշումներ և այլ փաստաթղթեր։
7. «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը գտնում է, որ.
- «Դաշինք» կուսակցության համամասնական ընտրական ցուցակով առաջադրված Սամվել Անդրանիկի Բաբայանը ԿԸՀ կողմից գրանցվել է` ի խախտումն ՀՀ Սահմանադրության 64 և ՀՀ ԸՕ 101 հոդվածների,
- ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզչությունն սկսել է ՀՀ ԸՕ սահմանված ժամկետից վաղ` 2007 թ. հունվարից` Հայկական բանակի հիմնադրման 15-ամյակի պատրվակով, մատնանշելով, որ Հայկական բանակի հիմնադրման 15-ամյակին նվիրված գովազդը ՀՀԿ-ի կողմից իր քարոզչական հիմնական պաստառով նույնացվել է նրա ղեկավարի` ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետև ՀՀ վարչապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Ս. Սարգսյանի հետ,
- նախընտրական քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ների կողմից «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք,
- հեռուստաընկերությունների կողմից խախտվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 2-րդ մասը, մասնավորապես, հաղորդումների հեռարձակումը չի ուղեկցվել «քաղաքական գովազդ» լուսագրով, որի արդյունքում, դիմողի կարծիքով, ոչ թափանցիկ է դարձել փաստացի այդպիսին հանդիսացող գովազդի ֆինանսավորումը,
- «Հանրապետություն» կուսակցության նախընտրական միջոցառման կազմակերպման և անցկացման համար Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը չտրամադրելով և այն ՀՀԿ-ին համանման միջոցառման համար տրամադրելով` խտրական մոտեցում է ցուցաբերվել «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ,
- դիմումում մատնանշված` օրենքով արգելված մի շարք գործողություններ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի և ընտրությունների արդյունքների վրա,
- արտասահմանում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ընտրական տեղամասեր չստեղծելն ուղղակիորեն կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ անհայտ թվով ՀՀ քաղաքացիներ զրկվել են իրենց ընտրելու իրավունքից: Ընտրություններին նշված անձանց չմասնակցելը կարող էր ազդել այն կուսակցությունների ընտրվելու փաստի վրա, որոնք ընդամենը մի քանի հազար ձայն չէին ստացել ընտրվելու համար,
- առկա են փաստեր այն մասին, որ որոշ ընտրատեղամասերում ընտրողներին բաժանվել կամ խոստացվել են ընտրակաշառք և ծառայություններ, ինչը կարող էր ազդել այդ ընտրատեղամասերի ընտրողների կամաարտահայտության վրա,
- իրավասու ընտրական հանձնաժողովներին ուղղված բազմաթիվ բողոքներին հիմնականում տրվել են անհիմն պատասխաններ, իսկ որոշ դեպքերում վերջիններս ընդհանրապես խուսափել են պատասխաններ տալուց: ԿԸՀ-ն գրեթե բոլոր դեպքերում համապատասխան դիմումների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն չի հարուցել վարչական վարույթ և չի ընդունել վարչական ակտ: Դեռ ավելին, ԿԸՀ-ին` որպես կոլեգիալ մարմնի, հասցեագրված դիմումներին մշտապես պատասխանել է ԿԸՀ-ի նախագահը` իր գրությամբ:
8. Պատասխանող կողմի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները դիմող կողմի ներկայացրած փաստարկների առնչությամբ գտնում են, որ 2007 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի չեն ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, և դիմումները պետք է մերժվեն, քանի որ պատասխանող կողմի կարծիքով.
- դիմող կողմի փաստարկներն ունեն խիստ սուբյեկտիվ բնույթ, հիմնված են օրենսդրության կամայական մեկնաբանությունների վրա և դիմումներին կից ներկայացված նյութերով հիմնավորված չեն,
- արտասահմանում ընտրական տեղամասեր չստեղծելը չի կարող դիտարկվել ընտրությունների արդյունքների վրա ազդող հանգամանք, քանի որ ՀՀ ընտրական օրենսգիրքը չի նախատեսում քվեարկության կազմակերպում և անցկացում Հայաստանի Հանրապետության աշխարհագրական տարածքից դուրս,
- ընտրողների ցուցակները` ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և պայմանների մասին կից տեղեկանքներով, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում փակցվել են տեղամասային կենտրոններում, հատկացվել ընտրական հանձնաժողովներին, տեղադրվել ԿԸՀ-ի ինտերնետային կայքում` նաև ըստ տեղամասերի, ցուցակների ճշգրտման արդյունքում ընտրողների թիվը նվազել է մոտ 40.000-ով, այդ թվում` ցուցակներից հանվել է 9607 մահացածի անուն-ազգանուն,
- ոստիկանության ծառայողների համար լրացուցիչ ցուցակ չկազմելու վերաբերյալ դիմող կողմի պնդումը հիմնազուրկ է և առնչություն չունի իրականության հետ,
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն` նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: ՀՀ օրենսդրությունը որևէ տարբերակում չի սահմանում պաշտպանության նախարարի և այլ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց միջև, ուստի վերջինս ընդհանուր հիմունքներով կարող է առաջադրվել և գրանցվել որպես Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու: Առկա է ԲՀԿ-ի հիմնադիր փաստաթուղթը, իսկ ՀՅԴ-ն գրանցված է իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում, հետևաբար` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընտրական ցուցակների գրանցումը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ պատասխանող կողմի պնդումն անհիմն է,
- «Դաշինք» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Բաբայանի հետ կապված հարցն իր լուծումն է ստացել ՀՀ վճռաբեկ դատարանի 2000 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ:
Պատասխանող կողմը, անդրադառնալով նախընտրական քարոզչության փուլում կատարված իրավախախտումների վերաբերյալ դիմողների փաստարկներին, գտնում է, որ.
- բարձրացված հարցերը քննարկվել են ԿԸՀ-ում և դիմողներին պարզաբանվել է, որ մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը, համաձայն ՀՀ Սահմանադրության, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի` կուսակցությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով ազատորեն տեղեկություններ տարածել իր գործունեության վերաբերյալ, քարոզել իր նպատակները և խնդիրները: Նշված գործունեությունը, եթե նույնիսկ պարունակի էլ քարոզչության տարրեր, չի կարող նույնացվել նախընտրական քարոզչության հետ,
- Հայկական բանակի 15-ամյակին նվիրված միջոցառումները և պաստառները չի կարելի նույնացնել նրա ղեկավարի գործունեության հետ, քանի որ տեղադրված գովազդային վահանակները չեն կարող նույնացվել որևէ անձի հետ և իրենցում որևէ նախընտրական քարոզչության տարր չեն պարունակում: Բացի դրանից, նախընտրական քարոզչությանն առնչվող հարցադրումների վերաբերյալ առկա են առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ, որոնցով դիմողների կողմից նշված փաստերը չեն գնահատվել որպես ընտրախախտումներ:
Պատասխանող կողմը, անդրադառնալով նախընտրական քարոզչության փուլում զանգվածային լրատվության միջոցների գործունեության առնչությամբ դիմողների այն պնդումներին, թե որոշ կուսակցությունների նախընտրական միջոցառումներ ընդհանրապես չեն լուսաբանվել, որոշ դեպքերում առանձին ԶԼՄ-ներ չեն մասնակցել առանձին կուսակցությունների նախընտրական միջոցառումներին, գտնում է, որ
- դիմող կողմի հարցադրումները` ներկայացվածն ընտրախախտում որակելու առումով, հիմնազուրկ են, քանի որ ԶԼՄ-ների իրավունքներն ու պարտականությունները, գործունեության երաշխիքները սահմանված են «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ նախընտրական քարոզչության ընթացքում նրանց գործունեության առանձնահատկությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20 հոդվածով, համաձայն որի` ԶԼՄ-ները լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացնեն անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար և հավասար պայմաններ: ԶԼՄ-ներին իրենց միջոցառումների վերաբերյալ տեղեկացնելու փոխարեն դիմողներն ընտրել են պետական մարմիններին տարբեր բողոքներ ներկայացնելու ուղին: Ի դեպ, նույնիսկ այդ դեպքում նրանք չեն կցել իրենց հետագա հանդիպումների ժամանակացույցը:
Պատասխանող կողմը, անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին ՀՀ օրենքի 11 հոդվածի խախտումների վերաբերյալ դիմողների հարցադրումներին, գտնում է, որ նշված հոդվածը հակասական, ոչ միանշանակ մեկնաբանության տեղիք է տալիս, ինչը բարդացնում է հոդվածում ամրագրված դրույթների կիրառումը` շատ դեպքերում այն դարձնելով անհնարին, քանի որ անհասկանալի է, թե որն է հանրաքվեների և ընտրությունների քարոզչությանը նախորդող ժամանակաշրջանը:
Հեռուստաէկրանի վրա «քաղաքական գովազդ» լուսագրի պարտադիր ցուցադրման առնչությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները գտնում են, որ այդ հարցը կարգավորված է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի R (99) 15 հանձնարարականում, որի 5-րդ կետում նշված է, որ լուսագիրը պարտադիր է վճարովի գովազդի համար:
Անդրադառնալով առանձին հեռուստաընկերությունների առանձին հեղինակային հաղորդումներին այս կամ այն կուսակցության ներկայացուցիչներին չհրավիրելու հանգամանքներին, պատասխանող կողմի կարծիքով` դրանք ընտրախախտում որակվել չեն կարող, քանի որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն արգելվում է զանգվածային լրատվության միջոցի նկատմամբ որևէ տեղեկատվություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանք կիրառելը:
Պատասխանող կողմը, անդրադառնալով պաշտոնատար անձանց կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու վերաբերյալ դիմող կողմի պնդումներին, գտնում է, որ ընդունելի չէ «պաշտոնական պարտականություններ» և «աշխատանքային ժամեր» հասկացությունների բովանդակային ծավալների նույնացումը:
Ըստ պատասխանող կողմի` դիմողները կուսակցությունների բնականոն գործունեությանն ուղղված ֆինանսական միջոցները նույնացրել են նախընտրական քարոզչության համար ծախսվող միջոցների հետ, որի արդյունքում հանգել են սխալ եզրակացության: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր 2007 թ. փետրվարի 1-ի թիվ 27-Ն որոշմամբ ստեղծված վերահսկիչ-վերստուգիչ ծառայության միջոցով, սահմանված կարգով, իրականացրել է նախընտրական հիմնադրամների վերահսկողությունը:
Պատասխանող կողմը, անդրադառնալով նախընտրական քարոզչության համար դահլիճներ և այլ շինություններ չտրամադրելու մասին դիմող կողմի հարցադրմանը և հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 1-ին կետին, ԿԸՀ-ի 2005 թ. օգոստոսի 3-ի որոշմանը, պարզաբանեց, որ նման պարտականություն ունեն միայն պետական մարմինները, այն էլ միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով: Մինչդեռ դիմումներում չի նշվում որևէ դեպք, երբ սահմանված կարգով ԸԸՀ-ին դիմելուց հետո պետական մարմինների տրամադրության տակ առկա դահլիճները չտրամադրվեն կուսակցություններին:
Պատասխանող կողմը, անդրադառնալով նախընտրական քարոզչության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ընտրողների հարկադրաբար մասնակցության վերաբերյալ դիմող կողմի հարցադրումներին, նշեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս 2007 թվականի մայիսի 10-ին համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ դատախազությանը և 29.05.2007 թ. ստացել պատասխան այն մասին, որ նախապատրաստվել են նյութեր, իսկ 25.05.2007 թ. որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառով։
Պատասխանող կողմը, անդրադառնալով ԿԸՀ կողմից դիմում-բողոքների քննարկման առնչությամբ դիմող կողմի պնդումներին, արտահայտեց այն դիրքորոշումը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր ստացած բոլոր դիմումները քննարկել և հասցեատերերին պատասխաններ է ուղարկել ՀՀ ընտրական օրենսգրքի 401 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում։ Ընտրությունների ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի քան երկու տասնյակ ակտեր բողոքարկվել են դատարան, որոնցից ուժը կորցրած է ճանաչվել ընդամենը մեկը։ Ինչ վերաբերում է վարչական վարույթ չհարուցելուն, ապա վերը նշված նորմով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդպիսի պարտականություն չունի։
Պատասխանող կողմը, անդրադառնալով ընտրակաշառքի և ծառայությունների մատուցման վերաբերյալ դիմող կողմի հայտարարությանը, նշեց, որ ՀՀ դատախազության տեղեկանքի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր երեք անձի նկատմամբ։
Պատասխանող կողմը, անդրադառնալով բարեգործական ծրագրերի իրականացման վերաբերյալ դիմող կողմի փաստարկներին, նշեց, որ մինչև նախընտրական քարոզչության սկիզբը կուսակցությունները կարող են նպաստել բարեգործական ծրագրերի իրականացմանը, քանի որ օրենսդրական համապատասխան արգելք գոյություն չունի։
Պատասխանող կողմը, անդրադառնալով քվեարկության արդյունքների ամփոփման, ընտրական փաստաթղթերի հանձնման կարգի խախտման վերաբերյալ դիմող կողմի պնդումներին, գտնում է, որ.
- տեղամասային ընտրական հանձնաժողովները ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով քվեարկության ավարտից հետո 10 ժամվա ընթացքում ավարտել են քվեարկության արդյունքների ամփոփումը,
- ընտրական տեղամասերում մեկ քվեարկության արդյունքների ամփոփման համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում միաժամանակ ամփոփվել են թե' համամասնական և թե' մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները, ինչի պատճառով աշխատել են գերծանրաբեռնված, որն առանձին դեպքերում հանգեցրել է ընտրական օրենսգրքի ընթացակարգային որոշ նորմերի չպահպանմանը, թերացումների, որոնք տեխնիկական բնույթի են և չեն հանգեցրել ամփոփիչ արձանագրությունների ելակետային տվյալների փոփոխության,
- ամփոփիչ արձանագրություններում թվաբանական (ոչ ելակետային) տվյալների սխալներն օրենքով սահմանված կարգով վերացվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (տեղակալների) և (կամ) քարտուղարների կողմից և վավերացվել նրանց ստորագրություններով ու տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքներով,
- «Կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը», «Վավեր քվեաթերթիկների թիվը», «Անճշտությունների չափը» տողերի տվյալները հաշվարկել է «Ընտրություններ ավտոմատացված համակարգ» ծրագիրը, և այդ տվյալների հանրագումարն է ներառվել քվեարկության արդյունքների վերջնական արձանագրությունում,
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը` ամփոփելով ստացված տվյալները, բերել է հանրագումարի, բացահայտ անճշտություններ, վրիպակներ, բացթողումներ և նմանատիպ այլ թերություններ հայտնաբերելու պարագայում չի ցուցաբերել մեխանիկական մոտեցում, քանի որ ամփոփում է քվեարկության արդյունքները և ոչ թե ստացված թվերի մեխանիկական հանրագումարը:
Պատասխանող կողմը, անդրադառնալով վերահաշվարկի վերաբերյալ դիմող կողմի հարցադրմանը, գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով և ժամկետներում վերահաշվարկի պահանջի մասին դիմումներ են ստացվել միայն թիվ 5, 11, 14, 15 և 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կամ` թվով 32 տեղամասերի վերաբերյալ, որը կազմում է տեղամասերի ընդհանուր թվի ընդամենը 1,66%-ը: Թվով չորս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների վերահաշվարկն իրականացվել է ողջ ծավալով, իսկ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում 23 դիմումների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում հնարավոր է եղել իրականացնել երեք տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, ինչն ունի օբյեկտիվ պատճառաբանություն` նույն դիմողի կողմից նույն ընտրատարածքում ներկայացվել են նաև մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների թվով 23 ընտրական տեղամասերում վերահաշվարկի պահանջի մասին դիմումներ,
- վերահաշվարկների արդյունքում կուսակցություններին տրված ձայների թվի էական փոփոխություններ չեն եղել, սակայն թիվ 14/55, 14/70 և 15/16 ընտրական տեղամասերում հայտնաբերվել են առանձին խախտումներ և նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն, փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
9. Գործով որպես հարակից պատասխանող ներգրավված` ՀՀ դատախազության ներկայացուցիչ` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Դանիելյանը դիմող կողմի ներկայացրած փաստարկների առնչությամբ հայտնեց, որ դիմումներում բերված փաստարկները հիմնավորված չեն և չեն կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թ. մայիսի 19-ի որոշումն անվավեր ճանաչելու համար:
Միաժամանակ, Գ. Դանիելյանը նշեց, որ.
- դիմողների կողմից մատնանշված իրավախախտումների վերաբերյալ չեն ներկայացվել հիմնավոր փաստարկներ, որի արդյունքում վերջինների եզրահանգումներում մեծ տեղ է հատկացվել սուբյեկտիվ բնույթի մեկնաբանություններին,
- ընտրական իրավունքի խախտումների, այսպես կոչված, զանգվածային բնույթը չի համապատասխանում իրականությանը, դրանց գերակշիռ մասը քննարկման առարկա է դարձել Հայաստանի Հանրապետության դատախազությունում: Մասնավորապես, դատախազությունում դեռևս 2007 թ. ապրիլի 10-ին ձևավորվել են երկու հանձնախմբեր, որոնք հանրապետության տարածքում համակարգել են ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկումը: Այդ հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ տեղ են գտել ընտրական իրավունքի տարաբնույթ խախտումներ, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրել,
- կուսակցությունները, ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելիս, որպես կանոն, բավարարվել են սոսկ հաղորդումներ ներկայացնելով և միանշանակ հրաժարվել են բացատրություններ տալուց,
- 2007 թ. մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ստացել է ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ թվով 80 հաղորդում, որոնցից 41-ը` ֆիզիկական և իրավաբանական անձանցից, այդ թվում` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, 39-ը` լրատվության միջոցներից: Դրանց քննարկման արդյունքում հարուցվել է թվով 15 քրեական գործ, իսկ 57-ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Ընդ որում, մերժման որոշումների վերլուծությունը ցույց է տալիս, որ գերակշիռ մասի հիմքում դրված է հանցադեպի բացակայությունը,
- նախընտրական քարոզչություն կատարելու սահմանված կանոնների խախտման համար պատասխանատվություն է սահմանված միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 401 հոդվածով, ուստի այդ բնույթի խախտումներ մատնանշող հաղորդումների հեղինակներին հանգամանորեն պարզաբանում է տրվել այդ մասին,
- հաղորդումների ցանկում մեծ թիվ են կազմում այնպիսիք, որոնցում բարձրացված են այս կամ այն ընտրական հանձնաժողովի կամ պետական այլ իրավասու մարմնի կողմից օրենքին հակասող իրավական ակտ ընդունելու կամ դատարանի կողմից ակնհայտ անհիմն դատական ակտ ընդունելու վերաբերյալ հարցադրումներ: Բազմիցս դատախազության կողմից պարզաբանում է տրվել այն մասին, որ նշված դեպքերում իրավաչափ է հիշյալ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ և 26-րդ գլուխների նորմերով սահմանված կարգով վիճարկել դատարաններում,
- այս կամ այն իրավախախտման փաստի առնչությամբ դիմող կողմի ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության դատախազություն դիմելու և որևէ պատասխան չստանալու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ առանց որևէ բացառության քննարկվել և սահմանված ժամկետներում պատասխան է տրվել բոլոր հաղորդումներին:
10. Գործով որպես հարակից պատասխանող ներգրավված` ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանը կուսակցությունների գրանցման օրինականության վերաբերյալ հարցադրման կապակցությամբ պնդեց, որ դրանց գրանցումն օրինական է:
Անդրադառնալով կուսակցությունների ֆինանսական հաշվետվություններին` Դ. Հարությունյանը նշեց, որ ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունները ժամանակին և պատշաճ կերպով ներկայացրել են իրենց ֆինանսական հաշվետվությունները, և օրենքով սահմանված ժամկետում համապատասխան ֆինանսական հաշվետվությունը հրապարակվել է:
11. Գործով որպես հարակից պատասխանող ներգրավված` ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ` ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Մահտեսյանը դիմող կողմի ներկայացրած փաստարկների առնչությամբ հայտնեց, որ դիմումներում և դատաքննության ընթացքում հնչած պատասխաններում չկա որևէ հիմնավոր փաստարկ ընտրացուցակները թերի կազմելու մասին` այն հաշվով, որ դրանք ազդեն ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված` Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականի համապետական ընտրությունների ընտրացուցակներում առաջին անգամ գրանցվել է անճշտությունների շատ ցածր տոկոս (0.13%): Ընտրացուցակները վաղօրոք տեղակայված են եղել ինտերնետ կայքում, քաղաքացիներից և երկու կուսակցություններից ստացվել են առաջարկություններ դրանցում որոշ ուղղումներ կատարելու վերաբերյալ, և որևէ կուսակցության ահազանգ անարձագանք չի մնացել:
Ա. Մահտեսյանը դիմող կողմի հարցադրումների առնչությամբ նշեց, որ դիմող կողմի այն վարկածը, որ նախընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունում տպագրվել են լրացուցիչ անձնագրեր` ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքներ կատարելու նպատակով, անհիմն են և մինչ օրս նման հայտարարություններ անող անձանց կողմից իրավասու մարմիններին չի ներկայացվել որևէ փաստ այդ հանգամանքը հաստատելու համար:
Անդրադառնալով դիմող կողմի ներկայացուցիչ Ռ. Թորոսյանի այն փաստարկին, որ ըստ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության «ՀՀ խորհրդարանական ընտրություններ 2007 թ. նախնական հայտնաբերումների և եզրակացությունների վերաբերյալ» փաստաթղթի, դիտորդները թիվ 31 ընտրատարածքի մի տեղամասից դուրս տեսել են մարդկանց, ովքեր իրենց անձնագրերում կեղծ էջ են ունեցել (ներառյալ լուսանկարը), որը, ըստ նրանց, վկայում է քվեարկողի անձը հաստատող փաստաթղթերի առնչությամբ կեղծիքների մասին, Ա. Մահտեսյանը նշեց, որ այստեղ որևէ կոնկրետ ապացույց չկա, որը կհաստատի կեղծ անձնագրի առկայությունը, երկրորդ` ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է դիտորդական առաքելությանն այդ փաստի կապակցությամբ իրենց ներկայացնել դեպքի մանրամասները, սակայն մինչ օրս որևէ պատասխան կամ փաստարկ չի ստացվել: Կարելի է միայն ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացու անձնագրի ռուսերեն ներդիրին, որի ձևը և նկարագիրը հաստատված է ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի թիվ 347 որոշմամբ, համաձայն որի` ՀՀ քաղաքացու անձնագիրը կարող է ունենալ ռուսերեն ներդիր, որը պարունակում է ՀՀ քաղաքացու անձնագրային ռուսերեն տվյալները և լուսանկարը:
12. Գործով որպես հարակից պատասխանող ներգրավված` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանը դիմող կողմի ներկայացրած փաստարկների առնչությամբ` կապված հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, դրանց գործունեությունը վերահսկող իրավասու մարմինների կողմից ՀՀ ընտրական և հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենսդրության ենթադրյալ խախտումների հետ, որոնք կարող էին ազդել ՀՀ ԱԺ 2007 թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքների վրա, հայտնեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ում ամրագրված դրույթները հակասական են և տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս: Դրանք հաճախ պատճառ են թյուրըմբռնումների և շահարկումների: Դիմողների կողմից նշված իրավախախտումների գերակշիռ կամ առնվազն զգալի մասը վերագրվում է հենց օրենսդրորեն չհստակեցված ընտրությունների քարոզչությանը նախորդող ժամանակաշրջանին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թ. փետրվարի 1-ի թիվ 1-Ա որոշմամբ հաստատված ՀՀ ԱԺ 2007 թ. մայիսի 12-ին կայանալիք ԱԺ պատգամավորների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 24-րդ կետի համաձայն` նախընտրական քարոզչությունն սկսվել է 2007 թ. ապրիլի 8-ից և ավարտվել մայիսի 10-ին: Այս կապակցությամբ անհիմն է դիմողների կողմից նշված 2006 թվականի կեսերից կամ 2007 թվականի փետրվարին իրականացված քարոզչությունը նախընտրական որակելու հարցադրումը: Այդ օրենքի հոդված 11-ով քաղաքական նյութի և քարոզչության նույնացումը դիմողների համար հիմք է հանդիսացել հեռուստառադիոընկերությունների կողմից տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ մի շարք այլ հաղորդումների` առանց անընդմեջ «Քաղաքական գովազդ» կամ «Նախընտրական քարոզչական հաղորդում» լուսագրի հեռարձակումն իրավախախտում որակելու համար: Միայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի երրորդ մասով սահմանված կարգով տրամադրված եթերաժամն է, որ պետք է ուղեկցվի «Քաղաքական գովազդ» կամ «Նախընտրական քարոզչական հաղորդում» լուսագրերով: Սա է հավաստում նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության լուսաբանման միջոցառումների մասին» 09.09.1999 թ. թիվ R (99) 15 հանձնարարականի 5-րդ կետը, համաձայն որի` պահանջվում է հանրությանը տեղեկացնել կուսակցություններին և թեկնածուներին նախընտրական նպատակներով, վճարովի հիմունքներով տրամադրված եթերաժամի և դրա` վճարովի քաղաքական գովազդ հանդիսանալու մասին:
Անդրադառնալով «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցչի այն հայտարարությանը, համաձայն որի` հեռուստառադիոընկերությունները չեն ներկայացրել վճարովի եթերաժամի արժեքը, բացառությամբ քաղաքական գովազդի համար սահմանված սակագների, Գ. Ամալյանը նշեց, որ ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին նախընտրական նպատակներով վճարովի հիմունքներով տրամադրված եթերաժամը նույն քաղաքական գովազդն է: Հայաստանյան թվով ութ հեռուստաընկերություն և մեկ ռադիոընկերություն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, մինչև 2007 թվականի փետրվարի 11-ը հրապարակավ հայտնել են վճարովի քաղաքական գովազդի իրենց եթերաժամի արժեքը, միաժամանակ նշելով այդ նպատակով տրամադրվող եթերաժամի տևողությունը:
13. Գործը քննության նախապատրաստելու ընթացքում սահմանադրական դատարանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել և ստացել է ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները` տեղամասերում քվեարկության արդյունքների մասին, ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամների` օրենքով նախատեսված հաշվետվությունները, ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ստացված դիմում-բողոքների քննարկման արձանագրությունները և դրանց վերաբերյալ պատասխանները, կազմավորված ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները, ՀՀ կառավարությունից պահանջել է ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովից պահանջել և ստացել է 2003-2007 թթ. իր իրավասության շրջանակներում հաստատված և իրականացված բարեգործական ծրագրերի ցանկը, ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել և ստացել է ՀՀ Ազգային ժողովի 12.05.2007 թ. ընտրությունների վերաբերյալ գործերով ՀՀ դատարանների կողմից ընդունված ակտերի պատճենները: Թվարկված բոլոր նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին:
14. Սահմանադրական դատարանի հանձնարարությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստուգել է «Օրինաց երկիր» կուսակցության մատնանշած քվեարկության արդյունքներով թիվ 14/46, 14/64, 14/72, 15/11, 15/19, 15/28, 15/33, 15/35, 15/53, 15/61, 15/64, 16/19, 16/33, 16/52, 17/30, 17/35, 17/36, 18/21, 18/43, 20/27, 20/35, 20/36, 20/39, 20/45, 20/47, 21/16, 23/12, 23/16, 23/21, 23/22, 23/23, 23/28, 23/32, 23/33, 23/37, 23/39, 23/41, 23/43, 23/50, 23/56, 23/57, 23/58, 23/64, 25/13, 27/16, 27/23, 28/31, 38/22, 40/54, 41/14 տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից կազմված արձանագրությունները, որոնց արդյունքում պարզվել է հետևյալը.
- թիվ 14/46, 14/64, 14/72, 15/11, 15/19, 15/28, 15/33, 15/35, 15/53, 15/61, 16/19, 17/36, 17/35, 17/30, 18/21, 18/43, 20/39, 23/33, 23/37, 23/41, 25/13 27/16, 27/23, 28/31, 41/14 տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններում սխալմամբ չեն նշվել կամ սխալ են նշվել ելունդների տվյալները, եղել են նաև այլ վրիպակներ, որոնք շտկվել են` հիմք ընդունելով տվյալ տեղամասերի ստացականները: Նշված տեղամասերում քվեարկության արդյունքները վերահաշվարկվել է ԸԸՀ-ների կողմից` օրենքով նախատեսված կարգով, և արդյունքները չեն փոփոխվել,
- թիվ 15/64, 16/33, 16/52, 20/27, 20/36, 20/45, 23/12, 23/16, 23/21, 23/22, 23/23, 23/28, 23/32, 23/43, 23/50, 38/22, 40/54 ՏԸՀ-ները քվեարկության արդյունքներն ամփոփելիս իրենք են շտկել իրենց կողմից թույլ տրված սխալները, և արդյունքները չեն փոփոխվել:
- թիվ 41/14 տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունում ՀՀԿ-ի օգտին տրված ձայների թիվն ավելացվել է` 72-ի փոխարեն նշելով 102, ինչը, պատասխանողի կարծիքով, ԸՕ-ի պահանջների խախտում է: Թիվ 20/35 ընտրական տեղամասում անճշտությունների թիվն ավելացել է 2-ով, թիվ 20/36 ընտրական տեղամասում` 24-ով, թիվ 23/39 ընտրական տեղամասում` 752-ով, թիվ 23/41 ընտրական տեղամասում` 539-ով, թիվ 23/56 ընտրական տեղամասում` 60-ով, թիվ 23/57 ընտրական տեղամասում` 330-ով, թիվ 23/64 ընտրական տեղամասում` 59-ով, թիվ 41/14 ընտրական տեղամասում` 3-ով:
15. Սույն գործով դիմողների ներկայացրած փաստարկների իրավագնահատման խնդրում սահմանադրական դատարանը ելնում է հետևյալ դիրքորոշումից. եթե դիմող կողմն ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման գործընթացով պայմանավորված ընտրական հանձնաժողովների, իրավասու այլ մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունը մինչև սահմանադրական դատարան դիմելը ՀՀ ընտրական օրենսգրքով և իրավական այլ ակտերով նախատեսված` արտադատական (վարչական) կամ դատական կարգով չի բողոքարկել, այսինքն` օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով և ժամկետներում չի օգտագործել (սպառել) իր ընտրական իրավունքների պաշտպանության` օրենքով նախատեսված բոլոր միջոցները, ապա լիարժեք չեն դառնում սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներով քննվող հանրային-իրավական վեճի շրջանակներում ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր ներկայացնելու և դրանցով իր փաստարկները հիմնավորելու նրա դատավարական հնարավորությունները:
ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի համաձայն սահմանադրական դատարանում վեճի առարկան ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումն է, որը, համաձայն Սահմանադրության 101 հոդվածի 9-րդ կետի` դիմող սուբյեկտը քննության առարկա է դարձնում «իրեն առնչվող հարցերի» շրջանակում: ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով իրավասու ընտրական հանձնաժողովների որոշումների իրավական հիմնավորվածությունը սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել երկու տեսանկյունից. ինչպես դրանց ընդունման սահմանված կարգի (ընթացակարգի), դրանց` օրենքով պահանջվող ձևի և կառուցվածքի պահպանվածության (ձևական հիմքեր), այնպես էլ` դրանցով նյութական իրավունքի նորմերի կիրառման ենթադրյալ սխալների հիմքով, որով ընտրությունների արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովները սխալ հետևության են հանգել որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թվով թեկնածուների ընտրվելու կամ չընտրվելու փաստի վերաբերյալ (նյութական հիմքեր):
Ընթացակարգային (ձևական) սխալները որպես իրավագնահատման հիմք սահմանադրական դատարանի կողմից կարող են ճանաչվել միայն այն դեպքում, եթե դիմողն ապացուցի դրանց անմիջական պատճառահետևանքային կապն ընտրությունների արդյունքների հետ: Սահմանադրական դատարանը ելնում է այդ սխալների ոչ թե ձևական հաստատագրման անհրաժեշտությունից, այլ` ընտրողների ազատ կամքի և դրանով պայմանավորված` ընտրությունների արդյունքների վրա դրանց ունեցած ազդեցությունից:
Միաժամանակ, ընտրությունների արդյունքներով իրավասու ընտրական հանձնաժողովի որոշումը սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել միայն այն դեպքում, եթե, դիմողի կարծիքով, հանձնաժողովը պետք է ընդուներ մեկ այլ որոշում, այսինքն` ամրագրեր ընտրությունների այլ արդյունքներ, որը և պետք է հիմնավորվի դիմողի կողմից: Այդ նպատակով դիմող կողմը սահմանադրական դատարան պետք է ներկայացնի ընտրախախտումների այնպիսի փաստեր, որոնք օրենքով սահմանված կարգով նախապես ներկայացվել են իրավասու ընտրական հանձնաժողովին, որի արդյունքում, իր կարծիքով, կհաստատագրվեին ընտրությունների այլ արդյունքներ: Սահմանադրական դատավարության խնդիրն է պարզել այդպիսի ընտրախախտումների հավաստիությունը և դրանց ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա: Սահմանադրական դատարանն այդ սկզբունքից ելնելով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընտրական համակարգի հետագա բարելավման սահմանադրաիրավական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունից ելնելով է հետազոտել ու գնահատել գործով ներկայացված փաստերն ու փաստարկները:
16. Համադրելով կողմերի փաստարկները, գնահատելով գործում առկա փաստերը, սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում, որ.
- ՀՀ ԿԸՀ-ն և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նախընտրական քարոզչության փուլում հիմնականում գերադասել են առաջնորդվել ընտրախախտման վերաբերյալ դիմումի առկայության դեպքում վերահսկողություն իրականացնելու սկզբունքով, որը չի կարող երաշխավորել այդ հանձնաժողովների` օրենքով վերապահված լիազորությունների արդյունավետ իրացումը,
- տեղ են գտել քվեարկության օրվա և տեղի մասին ընտրողներին ոչ պատշաճ իրազեկելու դեպքեր,
- դեռևս ցածր է առանձին ընտրական հանձնաժողովների անդամների պատրաստվածության աստիճանը, ինչի արդյունքում եղել են կազմակերպական թերացումներ և արձանագրություններ կազմելու ձևական սխալներ, որի մասին վկայել են նաև միջազգային դիտորդները,
- զգալի թվով տեղամասային կենտրոններում հաշմանդամների համար քվեարկությանը լիարժեք մասնակցելու պայմանները բավարար չեն եղել,
- ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում տեղ են գտել արձանագրությունների ոչ ճիշտ կազմման, անթույլատրելի փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ընտրական փաստաթղթերի կեղծման առանձին փաստեր, որին հատուկ անդրադարձ են կատարել նաև միջազգային դիտորդներն իրենց` ընտրություններին հաջորդող միջանկյալ զեկույցում,
- ՀՀ ընտրական օրենսգրքում «արձանագրությունների ելակետային տվյալներ» հասկացության պարզաբանման բացակայության պայմաններում, ընտրական հանձնաժողովները որոշ դեպքերում կամայականորեն են այն մեկնաբանել,
- ՀՀ ընտրական օրենսգրքի 22 հոդվածի 3-րդ կետի պահանջի կատարումը` սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրը նշելու վերաբերյալ պահանջի մասով, լիարժեք չի ապահովել:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ որոշակի խնդիրներ են առկա նաև ՀՀ ԿԸՀ-ի կողմից նախընտրական քարոզչության նկատմամբ վերահսկողության, ընդհանուր իրավասության դատարաններում հատուկ հայցային վարույթի կարգով ընտրական իրավունքի պաշտպանության համակարգի ոչ բավարար արդյունավետության, նախընտրական հիմնադրամի միջոցների ծախսման վերահսկելիության ապահովման հարցերում:
17. Չնայած ՀՀ ընտրական օրենսգրքի որոշակի բարեփոխումներին, օրենսգրքում և ՀՀ օրենսդրական այլ ակտերում տեղ են գտել այնպիսի անհամապատասխանություններ և այլ թերություններ, որոնք խնդիրներ են առաջացնում նախընտրական գործընթացների կազմակերպման, ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության հարցերում: Օրինակ, ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան»: Նման նորմը հաշվի է առել բողոքի կարևորությունը և առանձնահատուկ բնույթը, այդ բողոքները կոլեգիալ կարգով քննելու և դատարանի ակտի նկատմամբ նաև ավելի մեծ վստահություն ապահովելու անհրաժեշտությունը, քանի որ նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն «Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու մասին դիմումների վերաբերյալ դատարանները վճիռներ կայացնում են սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում: Այդ վճիռները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»: Փաստորեն, ընտրական վեճերը, նաև վերաքննիչ դատարանի միջոցով, պետք է լուծվեն հատուկ հայցային վարույթի կարգով: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննիչ դատարանի մասով նման հնարավորություն չի նախատեսել, որի արդյունքում հատուկ հայցային վարույթի կարգով վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ ԿԸՀ որոշումները, գործողությունները (անգործությունը) ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ընթացակարգերով բողոքարկելը հնարավոր չի դարձել:
Իրավակիրառական պրակտիկայում միասնական մոտեցում գոյություն չունի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջների ապահովման հարցում: Մասնավորապես, դա վերաբերում է նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում ԿԸՀ և Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից իրենց վերահսկողական լիազորությունների բարեխիղճ իրականացմանը և նրանց գործողությունների ու անգործության նկատմամբ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացմանը: Երևույթին անդրադառնալով հանդերձ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն, ինչ վերաբերում է դատարանների կողմից օրենքի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ դիմողի պնդումներին, ապա ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի համաձայն դատական ակտերը սահմանադրական վերահսկողության օբյեկտ չեն, ուստի դրանց բովանդակային գնահատումը դուրս է սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են ընտրությունների ժամանակ թեկնածուների գրանցման շուրջ առաջացած վեճերին, որոնք պետք է լուծվեն նախընտրական փուլում և որոնց լուծման իրավասությունը վերապահված է ընդհանուր իրավասության դատարաններին, սահմանադրական դատարանում առանձին քննության առարկա դառնալ չեն կարող, և որպես ապացուցողական նշանակության հիմք է ընդունվում ընդհանուր իրավասության դատարանների կողմից ընդունված վերջնական ակտը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է վերացնի ոչ միայն նշված օրենսդրական անհամապատասխանությունները, այլև ամրապնդի հատուկ հայցային վարույթի ինստիտուտի իրավական հիմքերը` առավել հստակեցնելով նման վարույթի իրականացման կարգն ու առանձնահատկությունները: Այս հարցին սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև իր 2007 թ. մայիսի 8-ի ՍԴՈ-700 որոշման մեջ: Օրենսդրական հստակ ձևակերպումները և ներքին անհամապատասխանությունների վերացումը հնարավորություն կտան ընտրական գործընթացի մասնակիցներին առավել արդյունավետ պաշտպանել իրենց իրավունքները:
18. Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքում անկատար է նաև ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման կարգը սահմանող 401 հոդվածը, որն առավելապես պարունակում է այդ փաստաթղթերին ներկայացվող ձևական պահանջներ: Մինչդեռ, ընտրական գործընթացներն արդյունավետ վերահսկելու, ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու առումով անհրաժեշտ է, որպեսզի օրենսդրական փոփոխությունների արդյունքում հստակ նորմատիվ պահանջ ներկայացվի հատկապես ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների ընթացակարգային քննարկմանն ու դրա արդյունքում պատճառաբանված որոշումներ կայացնելուն: Դա ծանրակշիռ նախադրյալներ կստեղծի այդ հանձնաժողովների պատասխանատվության բարձրացման, անհրաժեշտության դեպքում` այդ որոշումների դատական վիճարկման, իսկ ընտրությունների արդյունքներով պայմանավորված գործընթացներում` նաև անձանց սահմանադրական իրավունքների դատական արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ:
19. Դիմող կողմը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմնական փաստարկներից մեկը համարում է երկրի սահմաններից դուրս ընտրատեղամասեր չստեղծելը և արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման համար բավարար նախադրյալներ չապահովելը: Այս հարցի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ ԿԸՀ-ն գործել է օրենքով սահմանված կարգով: Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի փորձագետները վերլուծելով ՀՀ ընտրական օրենսգրքի 2007 թ. փետրվարի 26-ի փոփոխությունները, հանձնաժողովի 2007 թ. մայիսի 31-ի 71-րդ լիագումար նիստում կարծիք են ներկայացրել (CDL-EL(2007)014 և CDL-EL(2007)015), որն ստացել է հանձնաժողովի հավանությունը, համաձայն որի` նման պրակտիկա առկա է տարբեր երկրներում ու համապատասխան պետության կողմից երկրի ներսում ընտրություններ կազմակերպելու ինստիտուտի ընդունումը կամ դրա մերժումն ազգային օրենսդիր մարմինների խնդիրն է:
Միաժամանակ, անձանց իրավունքների պաշտպանության առնչությամբ տվյալ հարցը սահմանադրական դատարանում քննության առարկա կարող էր դառնալ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների սահմանադրականության հարցը քննության առարկա դառնալու համատեքստում` համապատասխան դիմումի առկայության դեպքում և օրենքի սահմանադրականության գնահատման ընթացակարգով:
20. Դատաքննության ընթացքում «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցչի կարծիքով, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու էական հիմք է այն, որ ՀՀ ԿԸՀ-ն Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմին չէ, և այդ մարմնի գոյությունը չի բխում Սահմանադրության 2-րդ և 5-րդ հոդվածների պահանջներից:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման մոտեցումը Սահմանադրության նորմերի սուբյեկտիվ մեկնաբանման արդյունք է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրինական հիմքով կազմավորված մարմին է, որի պետաիրավական կարգավիճակի մասին իր իրավական դիրքորոշումը սահմանադրական դատարանն արտահայտել է 2006 թ. նոյեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-664 որոշման պատճառաբանական մասում:
21. Դիմողները կարևորել են նախընտրական քարոզչության սկզբունքների պահպանումը երաշխավորելու հիմնախնդիրը: Ինչպես նշվում է նաև Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության 13.05.2007 թ. նախնական եզրակացությունում` «Ընտրական օրենսգիրքը չի սահմանում, թե ինչ է քարոզչությունը, թե արդյոք ընտրությունների մասնակիցների կամ երրորդ կողմի քարոզչական միջոցառումների կամ դրամահավաքների անցկացումը թույլատրվում է նախքան քարոզարշավի համար նախատեսված ժամանակաշրջանը»: Միաժամանակ նշվում է, որ «Վաղաժամ և անուղղակի քարոզչությունն արգելող հստակ դրույթների բացակայությունը և կուսակցությունների ու քարոզչությանն ուղղված միջոցների վերաբերյալ կանոնակարգման իրագործման հարցում թերությունների առկայությունը գործունեության շրջանակ են թողնում, որպեսզի ընտրություններում մրցակիցները գերազանցեն քարոզչական միջոցների սահմանափակումները»: Գործի քննության արդյունքները վկայեցին նման եզրահանգման ճշմարտացիությունը: ՀՀ ԿԸՀ-ի դիրքորոշումն այն է, որ նախընտրական վաղաժամ քարոզչության նկատմամբ վերահսկողության իրականացումն իր խնդիրը չէ, և այն առավելապես հասարակական կազմակերպությունների գործառույթ է դարձել:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 7-րդ կետի նորմերի խախտումների առնչությամբ կողմերի փաստարկների համադրումը, ՀՀ դատախազությունից ստացված պաշտոնական տեղեկատվությունը, գործի նյութերի վերլուծությունը վկայում են, որ դիմողներին չի հաջողվել հետևողական կերպով իրացնել օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով իրենց վերապահված իրավունքը: Սահմանադրական դատարանը հատուկ կարևորում է ընտրական գործընթացներով պայմանավորված բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ պահանջների կատարումը (պահպանումը) այդ գործընթացի բոլոր փուլերում, որը կայուն իրավական նախադրյալ է ընտրական խախտված իրավունքները սահմանադրական-արդարադատական կարգով պաշտպանելու համար:
Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրական ոչ բավարար կարգավորման են ենթարկված քվեարկությանը նախորդող գործընթացների հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես, հստակ և միակերպ ընկալելի կերպով սահմանման կարիք ունի «նախընտրական քարոզչություն» արտահայտությունը, որը, ինչպես վկայում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների 2007 թ. գործընթացների հետ կապված պրակտիկան, հաճախ նույնացվել է «քաղաքական գործընթացներ», «քարոզչությանը նախորդող ու դրա անցկացման ժամանակաշրջան» և այլ արտահայտությունների հետ: Դրան, նախ, նպաստել է նախընտրական քարոզչության` որպես սահմանադրորեն երաշխավորված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման ինստիտուտի, միաժամանակ և իրարամերժ կարգավորումը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածում և ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածում:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում «նախընտրական քարոզչության» բովանդակության և ժամանակի մեջ այդ ինստիտուտը կիրառելու միակերպ (որոշակի) կարգի և պայմանների նախատեսումը ՀՀ ընտրական օրենսգրքում, որը երաշխիք է նաև օրենսգրքի 18 հոդվածի 7-րդ կետի և 19-23 հոդվածների` ընտրական գործընթացներով պայմանավորված, սահմանափակումների միարժեք կիրառումն ապահովելու համար:
22. Ընտրական իրավունքի պաշտպանությունը, հատկապես սահմանադրական արդարադատության շրջանակներում, չի ենթադրում ձևական մոտեցում` թե որքանով են խախտվել մարդկանց ակտիվ կամ պասիվ ընտրական իրավունքները: Հարցն ունի ընդգրկման ավելի լայն շրջանակ և վերաբերում է ընտրությունների հանրային գործառույթին` թե ինչ կերպ և ինչպիսի վստահությամբ է ձևավորվում ներկայացուցչական կառավարման համակարգը, ինչպես են ներդաշնակվում կառավարմանը մասնակցելու ազատությունը և ներկայացուցչական մարմիններ կազմավորելու պարտականությունը, ինչպիսին է անհատների հասարակական վարքագիծն այս գործընթացում: Ուստի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորության ապահովումը պետության պարտավորությունն է և ոչ թե առանձին քաղաքական միավորումների կամ անհատների: Դրանից և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից է բխում նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի պահանջը, համաձայն որի` «Պետությունը, օրենսդրությամբ վերապահված իրենց լիազորությունների շրջանակում` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար»: Ուստի պետությունը պարտավոր է այնպիսի երաշխիքներ ապահովել, որպեսզի.
ա) ընտրական օրենսդրությունը զերծ լինի ընտրական իրավունքի արդյունավետ իրացումը խոչընդոտող թերություններից,
բ) քաղաքական ընթացիկ գործունեությունը հստակ տարանջատվի նախընտրական քարոզչությունից,
գ) բացառվի քաղաքական ու բարեգործական գործունեության միատեղումը,
դ) ընտրական գործընթացի բոլոր փուլերում կանխվի քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը:
ՀՀ Սահմանադրության 2 և 4 հոդվածներում ամրագրված հիմնարար սկզբունքների համաձայն` իրավական պետության համար ելակետայինն ընտրական գործընթացներում հասարակության քաղաքական շահերի գերակայության օրենսդրական ու կառուցակարգային այնպիսի երաշխիքների ապահովումն է, որը կբացառի առաջնային մանդատով օժտված իշխանության ներկայացուցչական մարմինների ձևավորման գործում քաղաքական և գործարար շահերի անմիջական միահյուսման որևէ հնարավորություն:
23. «Օրինաց երկիր» և «Նոր ժամանակներ» կուսակցությունների ներկայացուցիչներն առաջ քաշեցին բազմաթիվ ընտրատեղամասերում համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների արձանագրությունների ապօրինի փոփոխությունների կամ սխալ լրացման խնդիրը: Դիմողների ներկայացրած և պատասխանող կողմից պահանջված արձանագրությունների վերլուծությունը վկայեց, որ հիմնական հարցը վերաբերում է այնպիսի սխալների, որոնք ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասի հիմքերով իրավասու էին վերացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունն ստուգելիս: Միաժամանակ պարզվեց նաև, որ մի շարք ընտրական տեղամասերի ամփոփիչ արձանագրություններ փոփոխվել են օրենքի պահանջների խախտմամբ, և սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, թիվ 18/43, 20/36, 23/39, 20/47, 23/41, 41/14 տեղամասերում ամփոփիչ արձանագրությունների փոփոխության և գործում առկա այլ նյութերի օրինականությունը պարզելու նպատակով դրանք տրամադրել ՀՀ դատախազությանը` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ կազմված արձանագրությունների հետագա փոփոխություններն անվստահություն են առաջացնում ընտրական գործընթացի նկատմամբ և ՀՀ ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասում պետք է հստակ ու կոնկրետ նշվեն արձանագրության այն տվյալները, որոնք ոչ մի դեպքում փոփոխության ենթակա չեն: Միաժամանակ, գնահատելով վեճի առարկա արձանագրությունների փոփոխությունները` ընտրությունների արդյունքների վրա ազդելու տեսանկյունից, սահմանադրական դատարանը ելնում է այն փաստից, որ անճշտությունների վերահաշվարկած չափն ավելանում է շուրջ 3 հազարով: ՀՀ ընտրական օրենսգրքի 115 հոդվածի 7-րդ կետի համաձայն` անճշտությունների չափը չի կարող հիմք հանդիսանալ համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անճշտությունների չափն ազդեցություն է ունենում մանդատները բաշխելիս, իսկ 5 կամ 7 տոկոսի սահմանագիծը հաշվարկելիս, եթե այդ չափը նույնիսկ փոփոխությունների է ենթարկվել, ապա ընտրության արդյունքի որևէ փոփոխության չի հանգեցրել: ՀՀ սահմանադրական դատարանը քննում է ոչ թե վերացական, այլ կոնկրետ գործ, և նշված պարագայում անճշտությունների չափն ազդեցություն չի ունեցել դիմողների ստացած քվեների վրա: Բացի դրանից, դիմողների կողմից ներկայացված թիվ 14/46, 14/64, 15/19, 15/61, 15/64, 16/19, 16/33, 16/52, 17/30, 17/35, 17/36, 17/72, 21/16, 23/32, 23/58, 28/31, 36/42, 36/43, 38/22, 40/54 և թվով 60-ից ավելի այլ տեղամասերի արձանագրությունների համեմատական վերլուծությունը վկայեց, որ դիմողների կողմից նշված մասնակի փոփոխությունները կատարվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 63 հոդվածի պահանջների հիման վրա և որևէ ազդեցություն չեն ունեցել կուսակցությունների օգտին տրված ձայների քանակի վրա:
Ընդհանուր առմամբ, ընտրական հանձնաժողովներում ներգրավվել են թվով 17685 անդամներ: Համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում թվով 22 կուսակցություններ և կուսակցությունների մեկ դաշինք ընտրական հանձնաժողովներում ունեցել են թվով 40766 վստահված անձինք: 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 402 հոդվածով սահմանված կարգով դիմում ներկայացնելու իրավունք են ունեցել թվով 100 հազարից ավելի անձինք, ընտրախախտումների վերաբերյալ ներկայացվել է թվով ընդամենը 32 դիմում, որոնցից 23-ը` դրա անմիջական իրավունքը չունեցող սուբյեկտների կողմից: Ընդ որում, «Իմպիչմենտ» դաշինքն ունեցել է 336 վստահված անձ, «Հանրապետություն» կուսակցությունը` 1222, «Նոր ժամանակները»` 803, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունն ունեցել է 3181 վստահված անձ և տեղամասային ընտրական հանձնաժողովներում 1923 անդամ: Այս բոլորից միայն երեք անձ է վերահաշվարկի պահանջ ներկայացրել:
Ինչպես բխում է գործի նյութերից, ընտրությունների նախնական և վերջնական արդյունքների միջև տարբերությունը` ՀՀ ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրության ելակետային տվյալների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) օգտին տրված ձայների քանակով, տատանվում է 0.15-ից 1.5 տոկոսի սահմաններում:
24. Գործի քննությունը վկայեց միջազգային դիտորդական առաքելության այն եզրակացության հիմնավորվածությունը, որ չնայած տեղ գտած օրենսդրական ու կազմակերպական թերացումներին ու առանձին օրինախախտումներին, «ակներև և դինամիկ քարոզչություն է նկատվել թե' համամասնական և թե' մեծամասնական ընտրակարգերով առաջադրված շատ թեկնածուների կողմից, որն անցավ թույլատրելի միջավայրում»: Չնայած նախընտրական քարոզչության ընթացքում իրավական ու կառուցակարգային թերացումներին, առանձին դեպքերում օրենսդրության պահանջների ոչ պատշաճ կատարմանը, այդուհանդերձ, դրանց ծավալն ու բնույթը բավարար հիմք չեն հանդիսացել ՀՀ ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքներով այլ որոշում կայացնելու համար:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների 2007 թ. ընտրական գործընթացներով և ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված էապես փոխվել է ընտրական վեճերի բնույթը, վերացել են երիտասարդ ժողովրդավարական համակարգերին բնորոշ մի շարք ընտրախախտումներ, մեծացել է ընտրողների քաղաքական ակտիվությունը, որի արդյունքում էականորեն խստացավ նաև ընտրախախտումների և, մասնավորապես` նախընտրական քարոզչության սկզբունքների խախտման բացառման և իրավասու պետական մարմինների վերահսկողական գործունեության առավել կանոնակարգման վերաբերյալ հասարակական պահանջը: Այդ առնչությամբ սահմանադրական դատարանը վերահաստատում է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ ընտրական գործընթացի սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռումը սերտորեն առնչվում է ընտրողների կարծիքի ձևավորմանը և ենթադրում պետական մարմինների չեզոքություն` նախընտրական քարոզչության, զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումների նկատմամբ: Սակայն ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման միջազգային իրավական չափանիշների անվերապահ պահպանման անհրաժեշտությունից ելնելով, սույն գործով հարկ է նշել, որ նախընտրական քարոզչության իրականացման արդարության և ազատության սկզբունքը չի կարող մեկնաբանվել այնքան տարածական, որ բացառվի խոսքի, տեղեկատվության ազատության, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների` սեփական տեսակետ ունենալու և այն ներկայացնելու իրավունքի իրականացումը:
25. Կուսակցության` որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների համամասնական ընտրակարգով ընտրական գործընթացի սուբյեկտի, գործունեությունը կարգավորվում է նախ սահմանադրաիրավական նորմատիվ սկզբունքի մակարդակով. «Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը» (ՀՀ Սահմանադրության 7 հոդված): Այդ սկզբունքի կիրառման երաշխավորմանն ու ապահովմանն են կոչված «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածում ամրագրված դրույթները:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջիններս կարող են բավարար հիմք հանդիսանալ ընտրական գործընթացներում կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության արդյունավետության օրենսդրական ապահովման խնդրում, եթե վերահսկման մեխանիզմները ներդաշնակ լինեն օրենքի պահանջին: Սակայն գործի քննությունը վկայեց, որ այդ հարցում առկա են օրենսդրական ու կառուցակարգային թերացումներ: Մասնավորապես, վերանայման կարիք ունի ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 7-րդ կետը, որը պետք է վերաբերի ոչ միայն նախընտրական քարոզչությանը, այլ ընդհանրապես կուսակցություններին արգելվի անօրինական ցանկացած գործողության կատարումը: Միջազգային պրակտիկան վկայում է, որ թափանցիկ և արդյունավետ վերահսկողության միջոցը կուսակցությունների ֆինանսական գործունեության պարբերական ու անկախ հաշվեքննության կազմակերպումն է: Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ակտիվ քայլեր ձեռնարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2003 թ. ապրիլի 8-ին ընդունած` «Քաղաքական կուսակցությունների և ընտրական գործընթացների ֆինանսավորման ընթացքում կոռուպցիայի դեմ միասնական կանոնների մասին» հանձնարարականի դրույթները ներպետական օրենսդրության մեջ համակարգային ձևով ամրագրելու ու երաշխավորելու ուղղությամբ:
26. Սահմանադրական դատարանը գտնում է, որ համամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված յուրաքանչյուր վեճ պետք է քննության առարկա դառնա կոնկրետ ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից` հաշվի առնելով ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ գտած` ՀՀ ընտրական օրենսգրքի և սահմանադրական իրավունքների այնպիսի խախտումները, որոնք կարող էին հիմք ծառայել այլ որոշում կայացնելու համար: Խոսքը վերաբերում է ընտրական գործընթացում տեղ գտած և ժամանակին բացահայտված ու իրավաբանորեն անհրաժեշտ հիմնավորմամբ ներկայացված այնպիսի խախտումներին, որոնք, պասիվ ընտրական իրավունքի պաշտպանության հարցով ներկայացված ընտրական վեճի դեպքում, վկայում են այդ իրավունքի պատշաճ իրացման հնարավորության բացառման մասին։ Սույն գործի քննությունը վկայում է, որ այդ հնարավորությունները հիմնականում երաշխավորված են եղել։ Միաժամանակ, սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան վկայում է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք կարող են հանդիսանալ միայն օրենքով սահմանված կարգով հաստատված այն կոնկրետ խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ թեկնածուների ստացած ձայների հարաբերակցության վրա և վկայեին ընտրության արդյունքներն ընտրողների իրական կամաարտահայտմանը չհամապատասխանելու մասին:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի հիմքերով գնահատելով սույն գործով կողմերի ներկայացրած դիրքորոշումներն ու փաստարկները, վերլուծելով դիմող, պատասխանող կողմերի և հարակից պատասխանողների` սահմանադրական դատարան ներկայացրած նյութերը, կոնկրետ ընտրական վեճի շրջանակներում գնահատելով կողմերի ներկայացրած ապացուցողական նշանակություն ունեցող փաստերը և գործի քննության ընթացքում ձեռք բերված մյուս ապացույցները, սահմանադրական դատարանը գտնում է, որ ԿԸՀ-ի կողմից ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2007 թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով այլ որոշում ընդունելու հիմնավոր պատճառներ չեն եղել:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 74 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 19-ի թիվ 149-Ա որոշումը թողնել ուժի մեջ:
2. Թիվ 18/43, 20/36, 20/47, 23/39, 23/41, 41/14 տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրություններում փոփոխությունների և այլ նյութերի օրինականությունը պարզելու նպատակով դրանք տրամադրել ՀՀ դատախազությանը` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|