«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 հուլիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
13 հունիսի 2002 թ. |
N 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Սահմանել քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը (հավելված):
Հայաստանի Հանրապետության |
Մ. Բադալյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական ծառայողի (այսուհետ` քաղաքացիական ծառայող) ատեստավորում անցկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Ատեստավորումը` զբաղեցրած պաշտոնին քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է:
3. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
4. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է 3 տարին մեկ անգամ:
5. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
6. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի ցանկությամբ, կամ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, այդ թվում քաղաքացիական ծառայողի` հերթական վերապատրաստման արդյունքում բացասական գնահատական ստանալու դեպքում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:
Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի և մարզպետի (Երևանի քաղաքապետի) պատճառաբանված որոշմամբ:
(6-րդ կետը լրաց. 21.08.02 N 30-Ն)
7. Ատեստավորման ենթակա չեն`
ա) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
բ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
8. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
9. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
10. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կողմից ստեղծվող ատեստավորման հանձնաժողովները, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմինների (այսուհետ` համապատասխան մարմիններ) կողմից ստեղծվող ատեստավորման հանձնաժողովները:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը, համապատասխան մարմինները Խորհուրդ են ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցանկը:
12. Մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը յուրաքանչյուր համապատասխան մարմինը հաստատում է հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցանկը:
13. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում պատճառաբանված որոշման կայացման կամ դիմումի ներկայացումից հետո երկամսյա ժամկետում քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացվում են համապատասխան ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողով) կողմից:
14. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
15. Ատեստավորումից առնվազն 5 օր առաջ քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների անմիջական ղեկավարները համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի միջոցով Խորհուրդ, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների անմիջական ղեկավարները` համապատասխան մարմնի աշխատակազմ են ներկայացնում քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը:
Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Բնութագրի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական ծառայողը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են Հանձնաժողովին:
16. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը, Հանձնաժողովի կնիքը և ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները (բարձրագույն և գլխավոր պաշտոնների անձնագրերի օրինակները Խորհրդի աշխատակազմը ստանում է համապատասխան մարմիններից) մինչև ատեստավորման անցկացումը համապատասխան մարմնի աշխատակազմը հանձնում է Հանձնաժողովին:
17. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
(17-րդ կետը փոփ. 21.08.02 N 30-Ն)
18. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ, հետևյալ եղանակներով.
ա) փաստաթղթային.
բ) թեստավորման և հարցազրույցի:
III. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
19. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար Օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության առավելագույն դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
20. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը և քաղաքացիական ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի հրավերով քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարը փաստաթղթային ատեստավորում անցկացնելու ընթացքում կարող է մասնակցել քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:
21. Քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ նրա գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
22. Հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հարց տվող Հանձնաժողովի անդամը, լսելով քաղաքացիական ծառայողին տրված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը:
23. Հարցազրույցն անցկացնելուց հետո Հանձնաժողովը քաղաքացիական ծառայողի վերաբերյալ անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
24. Փաստաթղթային ատեստավորման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
25. Հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար փակ գաղտնի քվեարկության է դնում սույն կարգի 24-րդ կետի «ա» ենթակետի որոշումը, որը չընդունվելու դեպքում Հանձնաժողովը որոշում է ընդունում այն մասին, որ քաղաքացիական ծառայողն ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
26. Փաստաթղթային ատեստավորման արդյունքների հիման վրա կազմվում է քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթ (Ձև):
27. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները`
ա) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
բ) որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետում նշված որոշումը:
28. Հանձնաժողովի նախագահը համապատասխան մարմնի աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (2 օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ` կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ մասում:
29. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում ծանոթանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերի հետ, ինչպես նաև քննության առնում քաղաքացիական ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի հրավերով քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարը կարող է մասնակցել քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:
30. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է թեստավորում անցկացնելու համար քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան հարցեր (խնդիրներ) և կազմում է թեստեր, հետևյալ չափաբաժիններով.
ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում` 50 թեստ.
բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում` 40 թեստ.
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում` 30 թեստ.
դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում` 20 թեստ:
31. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները.
ա) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 40 տոկոս.
բ) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 30 տոկոս.
գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 20 տոկոս.
դ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներ, ինչպես նաև տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն` 10 տոկոս:
(31-րդ կետը խմբ. 21.08.02 N 30-Ն)
IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
32. Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:
33. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Անհրաժեշտության դեպքում, համապատասխան մարմնի աշխատակազմը ֆիզիկապես ոչ լիարժեք մասնակիցների ատեստավորմանը մասնակցելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ:
34. Սույն կարգի 27-րդ կետով նախատեսված ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է քաղաքացիական ծառայողի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, ուր քաղաքացիական ծառայողը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Քաղաքացիական ծառայողների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց տաս րոպե առաջ:
35. Թեստավորմանը Քաղաքացիական ծառայողներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:
36. Հանձնաժողովի քարտուղարը քաղաքացիական ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է քաղաքացիական ծառայողների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլոր քաղաքացիական ծառայողները հասկացել են առաջադրանքի էությունը:
37. Հանձնաժողովի քարտուղարը քաղաքացիական ծառայողներին տալիս է սույն կարգի 28-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, քաղաքացիական ծառայողը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունն ու անջատելով այն հիմնական մասից, հանձնում է Հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:
38. Քաղաքացիական ծառայողի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:
39. Գրավոր թեստավորման ժամանակ քաղաքացիական ծառայողները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
40. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քաղաքացիական ծառայողներին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման սկիզբը:
41. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ քաղաքացիական ծառայողները, կտրոնները հանձնելուց հետո, թեստավորման առաջադրանքներն ստանում են համակարգչի միջոցով` մոնիտորի վրա: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
42. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո քաղաքացիական ծառայողը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:
43. Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որոնք պահպանվում են համակարգչում:
44. Թեստավորման ընթացքում քաղաքացիական ծառայողներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քաղաքացիական ծառայողը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:
45. Քաղաքացիական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
46. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:
47. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քաղաքացիական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Քաղաքացիական ծառայողն, աշխատանքը հանձնելիս Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանուն, անուն, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:
48. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ, քաղաքացիական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո, համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, Հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի երկու օրինակների հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոսով: Քաղաքացիական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ և Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ` ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանուն, անուն, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:
49. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քաղաքացիական ծառայողներին տրվում է`
ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու համար` 100 րոպե.
բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու համար` 80 րոպե.
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու համար` 60 րոպե.
դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու համար` 40 րոպե:
50. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է քաղաքացիական ծառայողներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:
51. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, քաղաքացիական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քաղաքացիական ծառայողի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
52. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:
Համակարգչով գրավոր աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը սկաների միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունն ու մոնիտորի վրա դուրս է բերում արդյունքը` արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
53. Սույն կարգի 52-րդ կետում նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում, գրավոր աշխատանքների ստուգման համար, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, օպերատորը համակարգչի միջոցով դուրս է բերում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:
54. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են քաղաքացիական ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:
Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:
55. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը ինչպես նաև սույն կարգի 46-րդ կետով նախատեսված դեպքը:
56. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր քաղաքացիական ծառայողները հրավիրվում են թեստավորման սենյակ:
57. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
58. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 58-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանուն, անուն, հայրանունները: Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած քաղաքացիական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ Հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում և արձանագրվում: Որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հավաքած միավորները (տոկոսը):
59. Միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքներն ու ճիշտ պատասխանների նշումով ամփոփաթերթի օրինակելի ձևը:
60. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` սույն կարգի 59-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:
61. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քաղաքացիական ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
62. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել քաղաքացիական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (խնդրի) համար զրո միավոր ստացած բոլոր քաղաքացիական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
Եթե Հանձնաժողովը պարզում է, որ քաղաքացիական ծառայողի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է քաղաքացիական ծառայողի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
63. Թեստավորման առաջադրանքները, բողոքարկման արդյունքներն ամփոփելուց հետո, փաթեթավորվում են և կնքվում` համապատասխան մարմնի աշխատակազմին արխիվացման նպատակով հանձնելու համար:
64. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 60-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը կայացնում է որոշում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քաղաքացիական ծառայողի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` համապատասխան գրառում կատարելով քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթում (Ձև):
Քաղաքացիական ծառայողն ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված որոշումը քաղաքացիական ծառայողի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:
VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
65. Հարցազրույցն անցկացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ քաղաքացիական ծառայողի գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է:
66. Հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հարց տվող Հանձնաժողովի անդամը, լսելով քաղաքացիական ծառայողին տրված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը:
67. Հարցազրույցի արդյունքների ամփոփման համար անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն: Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցազրույցն ավարտելուց անմիջապես հետո:
68. Հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) շնորհել ավելի բարձր դասային աստիճան (այս որոշումը չի կարող ընդունվել սույն կարգի 27-րդ կետի «բ» ենթակետում նշված քաղաքացիական ծառայողների վերաբերյալ).
բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով:
69. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: ՀանձնաԺողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
70. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում` քաղաքացիական ծառայողի համար առավել նպաստավորը:
VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
71. Ատեստավորման ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ (Ձև):
72. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
73. Քաղաքացիական ծառայողն, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթի հետ և ստորագրում: Քաղաքացիական ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:
74. Ատեստավորման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական ծառայողը դրանք կարող է բողոքարկել Հանձնաժողովին` մինչև այդ արդյունքները քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) ներկայացնելը: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և կայացնում որոշում: Բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական ծառայողը դրանք կարող է բողոքարկել դատական կարգով:
(74-րդ կետը փոփ. 21.08.02 N 30-Ն)
75. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո եռօրյա ժամկետում քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթը ներկայացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որից հետո Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված:
(75-րդ կետը փոփ. 21.08.02 N 30-Ն)
76. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը համապատասխան մարմնի աշխատակազմին հանձնում է Հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:
77. Հանձնաժողովը համապատասխան մարմնի աշխատակազմին փոխանցում է Հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պահպանելու և արխիվացնելու համար:
VIII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
78. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն (մարմինն) ատեստավորման թերթն ստանալուց հետո, դրան համապատասխան, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) քաղաքացիական ծառայողին ավելի բարձր դասային աստիճան շնորհելու կամ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասու մարմնին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.
բ) քաղաքացիական ծառայողի վերապատրաստում անցնելու մասին.
գ) քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե քաղաքացիական ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:
(78-րդ կետը փոփ. 21.08.02 N 30-Ն)
781. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:
(781 կետը լրաց. 21.08.02 N 30-Ն)
79. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:
(79-րդ կետը փոփ. 21.08.02 N 30-Ն)
80. Բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերաբերյալ քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն (մարմինն) ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունած որոշման մասին եռօրյա ժամկետում տեղյակ է պահում Խորհրդին:
(80-րդ կետը փոփ. 21.08.02 N 30-Ն)
IX. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
81. Հանձնաժողովի որոշմամբ քաղաքացիական ծառայողների ատեստավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
82. Օրենքի և սույն կարգի սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:
XI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
83. Համապատասխան մարմինների վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումը անցկացվում է 2003 թվականի փետրվարի 1-ից:
84. Քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն կարգով սահմանված թեստավորման և հարցազրույցի եղանակով:
85. Քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է առանց սույն կարգով նախատեսված ծառայողական բնութագրի: Առաջին ատեստավորմանը ներկայացվում է ծառայողի բնութագիր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
86. Քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորման արդյունքում Հանձնաժողովը սահմանված կարգով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, շնորհել համապատասխան դասային աստիճան.
բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ձև
Քաղաքացիական ծառայողի
ատեստավորում անցկացնելու կարգի
Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ
(քաղաքացիական ծառայողի)
Ատեստավորման եղանակը
փաստաթղթային
թեսթավորման և հարցազրույցի
1. Ազգանուն, անուն, հայրանուն ..................................................................................................
2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ........................................................................................
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու
տարեթիվը .........................................................................................................................................
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
4. Քաղաքացիական ծառայողին հարցազրույցի փուլում տրված հարցերը և դրանց
պատասխանները (համառոտ) ........................................................................................................
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
5. Թեստավորման արդյունքը (տոկոսով)` ...............
6. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի ............ անդամներ, որից
կողմ են քվեարկել ............. անդամ
7. Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի
ընդունած որոշումը.
..............................................................................................................................................................
..............................................................................................................................................................
Հանձնաժողովի նախագահ` |
.................... | (...................) |
անուն, ազգանուն | ստորագրություն | |
Հանձնաժողովի անդամներ` |
.................... | (...................) |
անուն, ազգանուն | ստորագրություն | |
.................... | (...................) | |
.................... | (...................) | |
.................... | (...................) | |
.................... | (...................) | |
.................... | (...................) | |
.................... | (...................) | |
Ատեստավորման անցկացման ամսաթիվ` | ..... ................. 200 թ. | |
Ատեստավորման թերթի հետ ծանոթացա` | .................... | (...................) |
քաղ. ծառայողի ստորագրություն | անուն, ազգանուն | |
Կ.Տ. |
||
.... .............. 200 թ. |