ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 1992 թ. N 473
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում անձնագրային նոր համակարգի անցնելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի մասին կանոնադրությունը կիրարկել 1993 թվականի հունվարի 1-ից:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նոր անձնագրերով փաստաթղթավորելու աշխատանքներն սկսել 1993 թվականի հունվարի 1-ից և ավարտել 1995 թվականին:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայումս գործածության մեջ գտնվող անձնագրերը համարել վավեր` մինչև դրանք նորերով փոխարինելը:
6. Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կազմակերպման աշխատանքների կատարումն ու հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վրա:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի մասին կանոնադրության կիրարկման կարգի մասին հրահանգը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
7. Ընդունել ի գիտություն, որ անձնագրերի տպագրության համար պայմանագիր է կնքվել Հայաստանի Հանրապետության և «Գիեզիկե ընդ դևրիենտ» գերմանական ֆիրմայի միջև:
8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Երևանի ավտոմատացված կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անձնագրային համակարգի ավտոմատացման աշխատանքների տեխնիկական առաջադրանքը, որոշել ֆինանսավորման անհրաժեշտ ծավալը և աշխատանքն իրականացնող կազմակերպությունների ցանկը:
9. Նշված աշխատանքի գլխավոր կատարող սահմանել Երևանի ավտոմատացված կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը և հանձնարարել նրան աշխատանքները փուլ առ փուլ, հետևյալ կարգով`
ա) համակարգի փորձնական տեղամասի գործարկում (ՆԳՆ և երկու շրջանային ՆԳ բաժիններ)-փետրվար, 1993 թվական.
բ) համակարգի ամբողջական ավարտում և գործարկում-հունիս, 1993 թվական:
10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանրապետության 1992 թվականի կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար նախատեսված բյուջետային հատկացումների ընդհանուր ծավալի սահմաններում կանխավճարի կարգով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն անձնագրային համակարգի ավտոմատացման նախնական փուլի աշխատանքներն սկելու համար հատկացնել 4,0 մլն ռուբլի:
11. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրություններն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կառավարության
1992 թվականի սեպտեմբերի 11-ի
թիվ 473 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանրապետության տարածքում և արտասահմանում նրա անձը հաստատող հիմնական փաստաթուղթն է:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր պարտավոր են ունենալ Հայաստանի Հանրապետության 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները` անկախ բնակության վայրից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության տակ:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի անձնագրերի ժամկետը ներքին գործերի մարմինների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայությունների կողմից կարող է երկարացվել ևս 5 տարի ժամանակով:
Ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա են փոխանակման սահմանված կարգով:
4. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը վավերական է հինգ տարի ժամկետով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները`
ա) ազգանունը, անունը, հայերեն լրացվող մասում` նաև հայրանունը.
բ) ծննդյան վայրը, օրը, ամիսը և թիվը.
գ) սեռը.
դ) քաղաքացիությունը.
ե) անձնական համարը:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կարող են կատարվել հետևյալ նշումները`
ա) անձնագրի վավերականության ժամկետը երկարացնելու մասին` ներքին գործերի մարմինների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայությունների և այլ օրինական ներկայացուցչությունների կողմից.
բ) օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին` ներքին գործերի մարմինների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայությունների և այլ օրինական ներկայացուցչությունների կողմից.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության վայրի մասին` ներքին գործերի մարմինների կողմից.
դ) արտասահմանում մշտապես բնակվելու մասին` Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայությունների և այլ օրինական ներկայացուցչությունների կողմից.
ե) օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից.
զ) ազգության մասին` քաղաքացու ցանկությամբ ներքին գործերի մարմինների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայությունների և այլ օրինական ներկայացուցչությունների կողմից.
է) արյան խմբի և ռեզուսի մասին` քաղաքացու ցանկությամբ, առողջապահության մարմինների կողմից.
ը) օտարերկրյա պետություններ մշտական բնակության մեկնելու, Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության գալու դեպքերում 16 տարին չլրացած երեխաների մասին` ներքին գործերի մարմինների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայությունների և այլ օրինական ներկայացուցչությունների կողմից.
թ) սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու փաստի մասին:
Քաղաքացու անձնագրում այլ նշումներ կատարելն արգելվում է:
(լրաց. 07.10.94 թիվ 481 որոշում)
7. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով:
8. Քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները հանրապետության տարածքում բնակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և փաստաթղթերով:
9. Անձնագրի համար քաղաքացուց գանձվում է վճար` սահմանված չափով:
II. ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
10. Անձնագիր ստանալու համար քաղաքացիները ներկայացնում են`
ա) ծննդյան վկայական (առաջին անգամ ստացողները).
բ) սահմանված ձևի դիմում.
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին փաստաթուղթ.
դ) 35 x 45 մմ չափի երկու լուսանկար.
ե) ներքին գործերի նախարարության կողմից սահմանված այլ փաստաթղթեր (եթե քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի «ա» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը):
11. Քաղաքացիներն անձնագիրը կարող են փոխանակել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում:
12. Անձնագրի փոխանակման համար քաղաքացիները ներկայացնում են փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում և երկու լուսանկար:
Անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս քաղաքացիները ներկայացնում են նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր:
13. Անձնագիրը կորցնելու մասին քաղաքացին պարտավոր է հայտնել ներքին գործերի մարմիններին, իսկ օտարերկրյա պետություններում` համապատասխան պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայությանը կամ այլ օրինական ներկայացուցչություններին:
14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը պարտավոր է անձնագիրը սահմանված կարգով հանձնել համապատասխան իրավասու մարմիններին:
15. Մահացածների անձնագրերը հանձնվում են մահվան գրանցումը կատարող մարմիններին: Մահվան գրանցումը կատարելուց հետո անձնագրերը սահմանված կարգով ուղարկվում են ներքին գործերի մարմիններին:
Օտարերկրյա պետություններում մահացածների անձնագրերը հանձնվում են համապատասխան պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայություններին:
16. Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:
Գտնված անձնագրերը ենթակա են հանձնման ներքին գործերի մարմիններին, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայություններին:
17. Կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման դատապարտված անձանց անձնագրերը ժամանակավորապես վերցվում են հետաքննության և նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից: Կալանքից կամ պատիժը կրելուց ազատված անձանց անձնագրերը վերադարձվում են տերերին:
Անձնագրի վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), դրանք այլ անձանց հանձնելը, գրավ դնելը կամ ընդունելն արգելվում է:
III. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
18. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հաշվառվում են ներքին գործերի մարմինների կողմից` ըստ բնակության վայրի:
19. Քաղաքացիների հաշվառումն ըստ բնակության վայրի ձևակերպվում է բնակելի տունը կամ բնակտարածությունը որպես սեփականություն ձեռք բերելու, բնակելի տարածությունը վարձակալության, ենթավարձակալության պայմանագրով օգտգործելու փաստը հաստատող, ինչպես նաև հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով բնակելի տարածությունը նրանց կողմից զբաղեցնելու իրավունք տվող փաստաթղթի հիման վրա:
20. Քաղաքացիները սահմանված կարգով հաշվառվում են այն բոլոր բնակավայրերում, որտեղ նրանք կբնակվեն երեք ամսից ավելի ժամանակով, իսկ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` համաձայն նրանց համար սահմանված կարգի:
21. Հաշվառման համար քաղաքացիներից սահմանված կարգով և չափով գանձվում է պետական տուրք:
22. Ծնողներից առանձին բնակվող, 16 տարին չլրացած քաղաքացիները, հաշվառվում են ծննդյան վկայականներով: Ծնողների (խնամակալների, հոգաբարձուների) հետ բնակվող 16 տարին չլրացած քաղաքացիների հաշվառումը կատարվում է ծնողներից մեկի (խնամակալի, հոգաբարձուի) հաշվառման փաստաթղթերում նրանց մասին տվյալները գրառելու միջոցով:
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառումը կատարվում է հանրապետությունում բնակվելու համար նրանց իրավունք տվող փաստաթղթերի հիման վրա:
23. Հանրապետության տարածքում բնակության վայրն ընտրելու քաղաքացու իրավունքը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:
24. Քաղաքացիներին անձնագրեր տալու, նրանց հաշվառման հետ կապված քարտերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
Անձնագիր ստանալու մասին դիմումի և հաշվառման քարտերի ձևաթղթերը քաղաքացիներին տրվում են անվճար: Մյուս ձևաթղթերի համար գանձվում է վճար` դրանց փաստացի արժեքի չափով:
25. Անձնագրային համակարգի կանոնների խախտման համար քաղաքացիներն ու պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվում են պատասխանատվության:
26. Անձնագրային համակարգի կանոնների պահպանման համար պատասխանատու են`
ա) հանրակացարանների պարետները.
բ) հյուրանոցների, առողջարանների, հանգստյան տների, տուրիստական բազաների, պանսիոնատների, ծերանոցների, տուն-ինտերնատների տնօրենները (վարիչները), եթե դրանցում բնակվող քաղաքացիները ենթակա են հաշվառման.
գ) սեփականատերերն ու այլ անձինք, որոնց տիրապետման, օգտագործման, տնօրինության տակ կան բնակելի տներ կամ շինություններ:
27. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են անձնագրային համակարգին առնչվող այլ կանոններ, քան պարունակվում են սույն կանոնադրության մեջ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված կանոնները:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կառավարության
1992 թվականի սեպտեմբերի 11-ի
թիվ 473 որոշամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը 88 x 125 մմ չափի, 32 էջանոց փաստաթուղթ է:
Անձնագրի շապիկի առաջին էջի վերևում, հայերեն գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: Շապիկի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև, հայերեն գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը, իսկ դրանից ներքև` անգլերեն և համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում են «ԱՆՁնագիր» բառը և «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը:
Անձնագրի շապիկի հակառակ երեսի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` գունավոր պատկերմամբ: Էջը վերևից և ներքևից երիզվում է զարդանախշերով: Ներքևի մասում հայերեն և անգլերեն տպագրվում է «Անձնագիրը վավերական է բոլոր երկրներում» նախադասությունը:
Անձնագրի առաջին էջի վերևում հայերեն և անգլերեն տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը:
Էջի կենտրոնում հայերեն և անգլերեն տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը:
Անձնագրի 2-րդ էջի վերևի մասում հայերեն գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, որից ներքև, ստորև բերվող հաջորդականությամբ, տեղեր են հատկացվում հետևյալ տեղեկությունների համար`
փաստաթղթի անվանումը |
ծնվել է (օրը, ամիսը, թիվը) |
տեսակը |
անձնական համարը |
երկրի կոդը |
սեռը |
անձնագրի համարը |
ծննդավայրը |
ազգանունը |
տրվել է |
անունը |
ում կողմից |
հայրանունը |
անձնագիրը վավերական է |
քաղաքացիությունը |
անձնագրի տիրոջ ստորագրությունը |
Նշված տեղեկությունների տեսակների անվանումները տպագրվում են հայերեն և անգլերեն:
Նույն էջում տեղ է հատկացված նաև (35 x 45 մմ չափով) անձնագրի տիրոջ լուսանկարի համար:
Անձնագրի 3-րդ էջի վերևում հայերեն և անգլերեն տպագրվում է «Անձնագիրն արտասահմանյան երկրներում վավեր է մինչև» նախադասությունը:
Անձնագրի 4-րդ և 5-րդ էջերը հատկացվում են պետական իշխանության իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ նշումներ կատարելու համար: Նշված էջերի վերևի մասում հայերեն և անգլերեն տպագրվում է «նշումներ» բառը:
Անձնագրի 6-32-րդ էջերը նախատեսվում են օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների կողմից տվյալ երկիր մուտք գործելու թույլտվության մասին նշումներ կատարելու համար: Նշված բոլոր էջերի վերևի մասում հայերեն և անգլերեն տպագրվում է «ՎԻԶԱ» բառը: Անձնագրի կազմի նախավերջին էջում հայերեն և անգլերեն տպագրվում է`
«Անձնագիրը վավերական է բոլոր երկրներում», «Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է», «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը» նախադասությունները: Էջի ներքևում հայերեն և անգլերեն տպագրվում է «Անձնագիրը 32 էջից է» նախադասությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը պատրաստվում են սերիաներով` յուրաքանչյուրը 500000 (հինգ հարյուր հազար) տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատինական գլխատառերով (AA, AB, AC, AM և այլն): «A» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում: Անձնագրերի համարները սկսվում են 200000 և ավարտվում 700000 թվանշաններով: Անձնագրի բոլոր էջերը դակման միջոցով համարակալվում են: