«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2006 թ. | N 667-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և 45-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ՝ կանոնակարգ 9) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. կանոնակարգ 9-ի «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշները» կանոն 3-ի 3.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.5. Վճարունակ դրամանիշերը, մաշվածության կամ վնասվածության աստիճանից ելնելով, համարվում են շրջանառության համար ոչ պիտանի և որակվում են որպես հնամաշ։
Թղթադրամները համարվում են շրջանառության համար ոչ պիտանի, եթե՝
- բացակայում է թղթադրամի մակերեսի նկատելի մասը.
- պատռվածքի երկարությունը գերազանցում է 1 սմ-ը.
- պատռված և սոսնձված են.
- քիմիական ազդեցության հետևանքով գունաթափված են.
- կեղտոտվածության և մաշվածության հետևանքով պահպանված չէ թղթադրամի պատկերների ու գույների հստակությունը.
- թղթադրամի գերմաշվածությունն ակնհայտ է.
- ներկոտված և գրառումներով մակերեսը թղթադրամի վրա նկատելի մաս է կազմում.
- առկա են այրվածքներ.
- առկա են ծակոտիներ:
Մետաղադրամները համարվում են շրջանառության համար ոչ պիտանի, եթե՝
-կտրված կամ ձևափոխված են.
-դիմերեսի կամ դարձերեսի պատկերները տափակացված են և դարձել են դժվարտեսանելի.
- անվանական արժեքը դժվարընթեռնելի է:».
1.2. կանոնակարգ 9-ի «Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը» կանոն 5-ի 5.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.5. Ամբողջականությունը չպահպանած թղթադրամների պահպանված մակերեսի չափը որոշվում է դրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցի միջոցով (ենթահավելվածներ 2-12): Յուրաքանչյուր ցանց բաղկացած է 200 նույնատիպ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և շուրջը գծվում՝ կրկնելով վնասված թղթադրամի պարագիծը: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների թվի կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է տասնորդական մասը: Դրամանիշը պետք է վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:
Ամբողջականությունը չպահպանած մետաղադրամները, որոնք մասնատվել կամ ձևափոխվել են, համարվում են անվճարունակ։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|