Գլխավոր տեղեկություն
Համար
N 667-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.15/30(239) Հոդ.433
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.11.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2006 թ. N 667-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և  45-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ՝ կանոնակարգ 9) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. կանոնակարգ 9-ի «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշները» կանոն 3-ի 3.5 կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«3.5. Վճարունակ դրամանիշերը, մաշվածության կամ վնասվածության աստիճանից ելնելով, համարվում են շրջանառության համար ոչ պիտանի և որակվում են որպես հնամաշ։

Թղթադրամները համարվում են շրջանառության համար ոչ պիտանի, եթե՝

- բացակայում է թղթադրամի մակերեսի նկատելի մասը.

- պատռվածքի երկարությունը գերազանցում է 1 սմ-ը.

- պատռված և սոսնձված են.

- քիմիական ազդեցության հետևանքով գունաթափված են.

- կեղտոտվածության և մաշվածության հետևանքով պահպանված չէ թղթադրամի պատկերների ու գույների հստակությունը.

- թղթադրամի գերմաշվածությունն ակնհայտ է.

- ներկոտված և գրառումներով մակերեսը թղթադրամի վրա նկատելի մաս է կազմում.

- առկա են այրվածքներ.

- առկա են ծակոտիներ:

Մետաղադրամները համարվում են շրջանառության համար ոչ պիտանի, եթե՝

-կտրված կամ ձևափոխված են.

-դիմերեսի կամ դարձերեսի պատկերները տափակացված են և դարձել են դժվարտեսանելի.

- անվանական արժեքը դժվարընթեռնելի է:».

1.2. կանոնակարգ 9-ի «Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը» կանոն 5-ի 5.5 կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«5.5. Ամբողջականությունը չպահպանած թղթադրամների պահպանված մակերեսի չափը որոշվում է դրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցի միջոցով (ենթահավելվածներ 2-12): Յուրաքանչյուր ցանց բաղկացած է 200 նույնատիպ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և շուրջը գծվում՝ կրկնելով վնասված թղթադրամի պարագիծը: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների թվի կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է  տասնորդական մասը: Դրամանիշը պետք է վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:

Ամբողջականությունը չպահպանած մետաղադրամները, որոնք մասնատվել կամ ձևափոխվել են, համարվում են անվճարունակ։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի
տեղակալ

Ա. Ջավադյան


2006 թ. նոյեմբերի 17
Երևան