Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-636
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
02.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4159-AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

2 հունիսի 2006 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, 

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Գալստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2006 թվականի ապրիլի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4159-AM զարգացման վարկի համաձայնագրում (Վերականգնվող էներգետիկայի ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 2006 թ. ապրիլի 7-ին` Երևանում:

2. Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը (Ընկերակցություն), Վերականգնվող էներգետիկայի ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակով, համաձայնագրում նշված պայմաններով և ժամկետներում Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրում է տարբեր տարադրամներով երեք միլիոն հինգ հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (3.500.000 ՓՀԻ) գումարի վարկ: Ծրագրի նպատակն է մեծացնել մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավոր հիմունքներով օգտագործվող՝ վերականգնվող էներգիայի արտադրության դերը:

Վարկի մարումը պետք է իրականացվի 2016 թ. մայիսի 15-ից մինչև 2045 թ. նոյեմբերի 15-ը:

3. Համաձայնագիրն ունի վեց հավելված, որոնք վերաբերում են համապատասխանաբար` վարկի միջոցներից առհանմանը, Ծրագրի նկարագրությանը, գնումներին, իրականացման ծրագրին, հատուկ հաշվին, թույլատրելիության չափանիշներին և ենթավարկերի տրամադրմանը:

Համաձայն 2-րդ հավելվածի` Ծրագրի բաղադրատարրերն են` Վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը և Վերականգնվող էներգետիկայի ենթածրագրերում ներդրումների ֆինանսավորումը: Հավելվածը սահմանում է Ծրագրի յուրաքանչյուր բաղադրատարրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ցանկը:

Համաձայն 1-ին հավելվածի՝ վարկի ողջ գումարը տրամադրվում է մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավոր հիմունքներով օգտագործվող՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ենթավարկավորում իրականացնելու նպատակով:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2010թ. հունիսի 30-ին:

4. Համաձայնագրով Վարկառուն պարտավորվում է օգտագործված վարկային միջոցների դիմաց մուծել տարեկան 0.75%-ի չափով սպասարկման վճար, իսկ չօգտագործված միջոցների դիմաց` մինչև 0.5%-ի չափով պարտավճար։

Վարկառուն միաժամանակ պարտավորվում է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջոցով վարել ֆինանսական կառավարման համակարգ և պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ, Ընկերակցությանը ներկայացնել հաշվետվություն Ծրագրի իրականացման և դրա նպատակների իրագործման գնահատման և մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
 

1. 2006 թվականի ապրիլի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4159-AM զարգացման վարկի համաձայնագրում (Վերականգնվող էներգետիկայի ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


Նախագահող

Գ. Հարությունյան


2 հունիսի 2006 թվականի
ՍԴՈ-636

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան