«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 մարտի 2006 թ. |
N 143-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 003 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ hոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել նոտարների (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (Թիվ 003 Հաշվետվական ձև)՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 003
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն կարգի նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ՝ Հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 003 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:
1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը
1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:
Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով.
ա. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,
բ. Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացում:
2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը
2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է նոտարի կողմից և հավաստվում է նրա կնիքով:
3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացումը
3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:
3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «Սի Բի Էյ Նեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:
3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:
3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «Սի Բի Էյ Նեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:
4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը
4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.
ա) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային տարբերակները (կրիչի վրա) Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի միջոցով: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի կամ Կենտրոնական բանկում տեղակայված համակարգչի կողմից ստացականի տրամադրման պահին.
բ) «Սի Բի Էյ Նեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետու անձանց համար, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով՝ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «Սի Բի Էյ Նեթ» ցանցի տերմինալի միջոցով.
գ) ինտերնետային ցանցի (էլեկտրոնային փոստի) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին.
դ) ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ֆինանսական դիտարկումների կենտրոնի ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին.
ե) փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն Հայփոստի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:
4.2. Բացառությամբ 4.1 կետի «ա» և «բ» ենթակետերի, մնացած բոլոր դեպքերում հաշվետվությունների թղթային օրինակները (կամ ձեռքով լրացված, կամ էլեկտրոնային լրացված ու տպված) փոստի միջոցով կամ առձեռն մինչև տվյալ ամսվա վերջն առաքվում է Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկ առաքումը կատարվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին հաշվետվական ձևերը ներկայացնելու միջոցով: 4.1 կետի «ա» ենթակետում նշված դեպքում, եթե հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, ապա թղթային տարբերակը նույնպես ներկայացվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին:
Ենթահավելված |
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ Ձեզ ________________________________________________ -ին Նոտարի լրիվ անվանումը տրամադրել հաշվառման համար:
Նատարի տվյալները
Նոտարական տարածքը ______________________________ Գտնվելու վայրը __________________________________ Կապի տվյալները __________________________________ Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ
|
Հավելված 3 |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 003 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:
1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները
1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:
Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:
1.2. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
1.3. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն:
Սույն կետով սահմանված գործաքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել
ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,
բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,
գ) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:
1.4. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտադիր տեղեկացման ոչ ենթակա (հայեցողական) օժանդակ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացնում իրենց ներքին ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:
1.5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, որի տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:
2. Անցումային դրույթներ
Հաշվետվություն տրամադրող անձինք, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կասկածելի գործարքների հիմքերի չափանիշների և հաճախորդների նույնականացման (իդենտիֆիկացիայի) վերաբերյալ իրավական ակտերի ընդունումը, ղեկավարվում են Օրենքով և իրենց ներքին ակտերով: