«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602225
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 սեպտեմբերի 2002 թ. |
N 13/2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետով և 20-րդ հոդվածի 9-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչության իրականացման համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչության իրականացման համար պետական ԵՎ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու պայմանները:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները՝ թեկնածուների գրանցման վերջին օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով ընտրողների հետ թեկնածուների համատեղ հանդիպումների անցկացման համար, թեկնածուներին անվճար տրամադրում են իրենց կողմից տնօրինվող տարածքները:
3. Թեկնածուները իրենց կողմից կազմակերպվող միջոցառումների անցկացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ներկայացնում են հայտ (գրավոր) համապատասխան տարածք տրամադրելու համար:
4. Հայտում պետք է նշվեն՝
ա) կազմակերպվող միջոցառման ձևը և վայրը.
բ) միջոցառումը սկսելու և ավարտելու ժամը.
գ) կազմակերպիչների տվյալները.
դ) հայտը ներկայացնելու տարին, ամիսը ամսաթիվը և ժամը:
Հայտերը պետք է ներկայացվեն կազմակերպվող միջոցառման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները 2 օրվա ընթացքում քննարկում են ներկայացված հայտերը և կազմակերպիչներին ու համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ուղարկում իրենց որոշումները՝ համապատասխան տարածք տրամադրելու մասին:
6. Եթե հայտում նշված տարածքը այդ ժամանակահատվածի համար արդեն հատկացվել է այլ թեկնածուի, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պետք է հայտատուին առաջարկեն նմանատիպ այլ տարածք կամ նշված տարածքը՝ այլ ժամի:
Տարբեր հայտերով միջոցառումների անցկացման ժամերը համընկնելու դեպքում, նախապատվությունը տրվում է ավելի վաղ հայտ ներկայացրած թեկնածուին: