«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 հուլիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ----02121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 մայիսի 2002 թ. |
N 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Սահմանել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը (հավելված):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներին քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Կադրերի ռեզերվը «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների հանրույթն է:
3. Կադրերի ռեզերվում քաղաքացիական ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:
4. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը ստանում է վարձատրություն` «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
5. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են`
ա) Օրենքով նախատեսված ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու, հաստիքների կրճատման, ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի, քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը), համապատասխան մարմնի լուծարման հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք.
բ) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք քաղաքական կամ հայեցողական պաշտոններում իրենց պաշտոնավարման ավարտից հետո, բացառությամբ հեռացման կամ պաշտոնանկության դեպքի.
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) թույլտվությամբ երեք տարուց ավելի ժամկետով գործուղելու հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք` գործուղման ժամկետի ավարտից հետո:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) կադրային գործի վարման ստորաբաժանումը 3-օրյա ժամկետում Խորհուրդ է ուղարկում քաղաքացիական ծառայողի անձնական գործը` ռեզերվում գրանցելու հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենի հետ:
7. Անձնական գործն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում կայացնում է որոշում` քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու մասին:
8. Կադրերի ռեզերվում գրանցելու մասին Խորհրդի որոշման հիման վրա քաղաքացիական ծառայողի տվյալները մտցվում են քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի մեջ:
9. Կադրերի ռեզերվում քաղաքացիական ծառայողին գրանցելու վերաբերյալ Խորհրդի կողմից որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ` համաձայն հավելվածի:
10. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը մասնակցում է առնվազն քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած վերջին պաշտոնի ենթախմբին համապատասխան թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին, եթե համապատասխանում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին, բացառությամբ հղի կամ մինչև ութ տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողի, եթե տվյալ պաշտոնը զբաղեցնելը կապված է այլ վայր մեկնելու հետ:
11. Կադրերի ռեզերվից քաղաքացիական ծառայողին հանելու հիմքերն են`
ա) անձնական դիմումը.
բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
գ) քաղաքական, հայեցողական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
դ) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.
ե) Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև 2-րդ կետով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
է) ազատազրկման դատապարտվելը.
ը) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.
թ) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, ինչը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
ժա) ռեզերվում գտնվելու վեց ամիսը լրանալը.
ժբ) 65 տարին լրանալը.
ժգ) առնվազն քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած վերջին պաշտոնի ենթախմբին համապատասխան ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնելուց հրաժարվելը, եթե համապատասխանում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի.
ժդ) առնվազն քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած վերջին պաշտոնի ենթախմբին համապատասխան թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելուց հրաժարվելը, ինչպես նաև այդ մրցույթի հաղթող չճանաչվելը, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի.
ժե) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.
ժզ) Օրենքով սահմանված այլ հիմքերը:
12. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված որևէ հիմքի ի հայտ գալուց հետո 5-օրյա ժամկետում Խորհուրդը կայացնում է որոշում` քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվից այդ հիմքի ի հայտ գալու օրվա դրությամբ հանելու մասին:
13. Քաղաքացիական ծառայողը համարվում է կադրերի ռեզերվից հանված` նրա մահվան կապակցությամբ:
Հավելված
քաղաքացիական ծառայության |
Գրանցման թերթիկ N ___ (քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի) | ||
Ազգանուն, անուն, հայրանուն ___________________________________
______________________________________________________
Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը________________________________
Զբաղեցրած վերջին պաշտոնը ________________________________________________
Կադրերի ռեզերվում գրանցման ժամկետը _________________________________________
Կադրերի ռեզերվում գրանցման հիմքը ___________________________________________
____ _______________ ___ թ. Կ.Տ. |