ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2000 թ. |
թիվ 04 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել ՀՀ 2001 թվականի մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական հիմնական դրույթները (կցվում է):
Նախագահ |
Ս. Մնացականյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2001 թ. մարդահամար |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
I. Ընդհանուր դրույթներ
1. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի համաձայն 2001 թ. մարդահամարն անցկացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով` բնակչության թվաքանակի, կազմի, սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքի, աշխարհագրական տեղաբաշխման, (զբաղվածության տնտեսական ակտիվության), կրթության և բնակության պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:
2. Մարդահամարի անցկացման ժամկետը ՀՀ կառավարության 2000 թ. փետրվարի 19-ի հ.78 որոշմամբ սահմանվել է 2001 թվականի հոկտեմբերի 10-ից 19-ը ներառյալ: Որպես բնակչության հաշվառման պահ, այն է մարդահամարի կրիտիկական պահ, սահմանվում է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ժամը 12-ը:
3. Մարդահամարը սկսվում է հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 8-ին և շարունակվում է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:
Մարդահամարի հաշվառումն անցկացվում է հատուկ պատրաստված աշխատողների` հաշվարարների կողմից, բնակչությանը հարցում անելու և տեղեկությունները մարդահամարի հարցաթերթում գրանցելու միջոցով` ըստ բնակության վայրի, ներառյալ ժամանակավոր բնակության, այսինքն ըստ այն տան, բնակարանի, որտեղ հարցվողը կգտնվի մարդահամարի պահին:
4. Հաշվառման ենթակա են մարդահամարի կրիտիկական պահին Հայաստանի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի պահին հանրապետությունից բացակայող անձինք:
Մարդահամարի պահին իր մշտական բնակավայրից բացակայող անձինք մարդահամարի հարցաթերթում (Ձև Ա) գրանցվում են մշտական բնակության վայրում` բացակայության տևողության, պատճառի և գտնվելու վայրի մասին նշումով, իսկ ժամանակավոր գտնվելու վայրում, եթե դա ՀՀ տարածքում է, ժամանակավոր գտնվողի հարցաթերթում (Ձև Ժ): Այսպիսով, 2001թ. մարդահամարի ժամանակ հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա` մշտական, այդ թվում առանձնացնելով ժամանակավոր բացակայողներին և առկա, այդ թվում առանձնացնելով ժամանակավոր գտնվողներին:
Առանձին անձանց` բացակայողների և ժամանակավոր գտնվողների թվում հաշվառելու կարգը սահմանվում է 2001թ. ՀՀ մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթերը լրացնելու կարգի մասին հրահանգում:
5. Հայաստանի հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մարդահամարի անցկացման պահին արտասահման են մեկնել ուսման, գործուղման, հանգստի, բուժման, հյուր են գնացել հարազատների և ծանոթների մոտ, շրջագայում են որպես զբոսաշրջիկներ, անկախ մարդահամարի պահի դրությամբ նրանց բացակայության ժամկետից, հաշվեգրվում են իրենց մշտական բնակության վայրում, բացակայության մասին համապատասխան նշումներ կատարելով հարցաթերթում:
Արտասահմանում դիվանագիտական, առևտրական և այլ ներկայացուցչություններում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու նրանց հետ ապրող իրենց ընտանիքի անդամները, հաշվեգրվում են արտասահմանում Հայաստանի ներկայացուցչությունների և հյուպատոսությունների կողմից` առանց բացակայելու կամ ժամանակավոր գտնվելու մասին նշումի, իսկ Հայաստանում` ըստ նրանց մշտական բնակության վայրի մարդահամարի հարցաթերթի մեջ ընդհանրապես չեն մտցվում:
Հայաստանում արտասահմանյան պետությունների դիվանագիտական, առևտրական և այլ ներկայացուցչություններում աշխատող դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև նրանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամները, միջազգային իրավական նորմերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի ենթակա չեն: Այդ պատճառով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության խնդրանքով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոտա կհղի Հայաստանի հանրապետության բոլոր դեսպանատներին, գլխավոր հյուպատոսություններին և միջազգային կազմակերպություններին` տեղեկացնելով նրանց մարդահամարի անցկացման ժամկետների և կարգի մասին:
Մարդահամարի կրիտիկական պահին գիտական, առևտրական և այլ պատվիրակությունների կազմում Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև ուսման, որպես զբոսաշրջիկ և այլ նպատակներով Հայաստան եկած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք հաշվեգրվում են ընդհանուր հիմունքներով, որպես ժամանակավոր գտնվողներ:
Հայաստանում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները հաշվեգրվում են ընդհանուր հիմունքներով:
6. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք հաշվեգրվում են իրենց տնային տնտեսությունում` բացակայության մասին համապատասխան նշումներով:
7. Կալանավայրերում, ազատազրկման վայրերում և այլ փակ տարածքներում գտնվող բնակչության առանձին խմբերի մարդահամարն անցկացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից սահմանված և ՀՀ պաշտպանության, ՀՀ ներքին գործերի ու ՀՀ ազգային անվտանգության նախարարությունների հետ համաձայնեցված կարգով և ժամկետներին: Իրենց նախկին բնակավայրերում այդ անձինք մարդահամարի հարցաթերթի մեջ չեն մտցվում:
8. Գնացքներում, կայարաններում և օդանավակայաններում ուղևորները հաշվեգրվում են հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:
9. Այն անձինք, ովքեր մարդահամարի պահին բուժման նպատակով գտնվել են հիվանդանոցներում (եթե նրանց այնտեղ գտնվելը չի գերազանցել մեկ տարուց), ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում (բացի մեկ-երկուօրյա), հյուրանոցներում և նմանատիպ այլ հիմնարկներում, ինչպես նաև գիշերօթիկ դպրոցների սովորողները (բացի դրանցում մշտապես բնակվողներից) կհաշվեգրվեն որպես ժամանակավոր գտնվողներ, իսկ իրենց մշտական բնակավայրում, եթե նրանց մշտական բնակավայրը չի գտնվում այդ նույն համայնքի տարածքում, որտեղ հիվանդանոցն է, առողջարանը, հանգստյան տունը, ծննդատունը, գիշերօթիկը` որպես բացակայողներ: Այդ անձանց հաշվեգրում են նույն հիմնարկների ադմինիստրացիայի կողմից առանձնացված հաշվարարները կամ հիմնական տեղամասերի հաշվարարները (կախված տվյալ հիմնարկներում ժամանակավոր բնակության տեղերի քանակից): Մարդահամարն այդ հիմնարկներում անցկացվում է մեկ օրվա ընթացքում` հոկտեմբերի 10-ին: Մարդահամարի հետագա օրերին նոր ժամանած անձանց համար` նրանց մոտ մարդահամարն անցնելու մասին տեղեկանքի բացակայության դեպքում պետք է լրացվեն միայն հսկիչ թերթեր (Ձև 4):
10. Մանկատներում, ծերանոցներում (տուն-ինտերնատ), խրոնիկական հիվանդների համար նախատեսված հիվանդանոցներում, հյուրանոցներում և նմանատիպ այլ հիմնարկներում մշտապես (սովորաբար) բնակվողների հաշվառումն անցկացնում են այդ հիմնարկների ադմինիստրացիայի կողմից ներկայացված հաշվարարները:
11. Մշտական բնակատեղ չունեցող անձանց` անօթևանների հաշվառումն անցկացվում է նրանց գիշերելու վայրերում, որոնց ցանկը նախապես կճշտվի ՀՀ ներքին գործերի նախարարության և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ: Այդ կատեգորիայի անձանց հաշվառումն անցկացվում է մեկ գիշերվա ընթացքում` ըստ այդ վայրերում ստեղծված համապատասխան մարդահամարային տեղամասերի:
12. 2001թ. Մարդահամարի ծրագրում (հարցաշարը) նախատեսվում է ընդգրկել, համատարած դիտարկման, ամբողջ բնակչությանը վերաբերվող հետևյալ հարցերը` ազգակցական կապն ընտանիքի առաջինը գրված անդամի հետ, սեռը, ծննդյան տարեթիվը, ծննդավայրը, բացակայողի համար` բացակայության տևողությունը, պատճառն ու գտնվելու վայրը, ամուսնական վիճակը, կանանց համար` քանի երեխա է ծննդաբերել և նրանցից քանիսն են ողջ, գիտական աստիճանը և կրթությունը, ուսումնական հաստատության տիպը, որտեղ սովորում է, քաղաքացիության երկիրը, ազգությունը, մայրենի լեզուն, այլ լեզուներ, որոնց ազատ տիրապետում է, գոյության միջոցների աղբյուրները, հիմնական աշխատատեղը, հիմնական զբաղմունքը, աշխատանք և եկամտաբեր զբաղմունք չունեցող 15 և բարձր տարիքի անձանց համար` արդյո՞ք փնտրում է աշխատանք, տվյալ բնակավայրում ծննդյան օրվանից բնակվելու անընդհատությունը, ինչպես նաև տնային տնտեսության բնակարանային և բնակության պայմանները` բնակելի միավորի տեսակը, տան կառուցման ժամանակաշրջանը, արտաքին պատերի շինանյութը, բնակելի շինության բարեկարգվածությունը, սեփականատիրությունը, զբաղեցրած բնակելի սենյակների թիվը, զբաղեցրած բնակելի և ընդհանուր մակերեսի չափերը:
Հայաստանի տարածքում մարդահամարի պահին ժամանակավոր գտնվող անձինք հարցման կենթարկվեն Ձև Ժ մարդահամարի հարցաթերթով, որում նախատեսվում է ընդգրկել հետևյալ հարցերը` մշտական բնակավայրի հասցեն, սեռը, ծննդյան տարեթիվը, ծննդավայրը, ժամանակավոր գտնվելու տևողությունը և նպատակը, գիտական աստիճանը և կրթությունը, քաղաքացիության երկիրը, ազգությունը:
Խմբային (ինստիտուցիոնալ) տնտեսություններով բնակվող անձինք հարցման կենթարկվեն Ձև Խ մարդահամարի հարցաթերթով, որում նախատեսվում է ընդգրկել անձին վերաբերվող հետևյալ հարցերը` սեռը, ծննդյան տարեթիվը, ծննդավայրը, ամուսնական վիճակը, կանանց համար` քանի երեխա է ծննդաբերել և նրանցից քանիսն են ողջ, գիտական աստիճանը և կրթությունը, ուսումնական հաստատության տիպը, որտեղ սովորում է, քաղաքացիության երկիրը, ազգությունը, մայրենի լեզուն և այլ լեզուներ, որոնց ազատ տիրապետում է, գոյության միջոցների աղբյուրները, տվյալ բնակավայրում ծննդյան օրվանից բնակվելու անընդհատությունը և խմբային տնտեսության բնակության պայմանների վերաբերյալ հարցեր:
Սույն դրույթներում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակներով:
13. Համաձայն «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի «Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում են միայն ամփոփ տեղեկություններ ստանալու համար: Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն: Իսկ 13 հոդվածի համաձայն` «Բնակչության վերաբերյալ անհատական տեղեկություններին տիրապետող աշխատակիցներին արգելվում է որևէ մեկին հաղորդել մարդահամարի լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում մարդահամարի աշխատողները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
II. Մարդահամարն անցկացնող մարմինները
14. «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի համաձայն, մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է:
Մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման բոլոր աշխատանքների կազմակերպումը կատարում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությունը: Մարզերում մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներն իրականացնում են վիճակագրության մարզային վարչությունները և դրանց տարածքային ստորաբաժանումները: Նշված աշխատանքներն իրականացնելու համար, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ժամանակավորապես, կառանձնացվեն մարդահամարի գծով տեղակալներ:
15. Մարդահամարի անցկացման համար հանրապետության յուրաքանչյուր տարածաշրջանի և քաղաքի տարածքում կազմակերպվում են մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասեր:
III. Մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքները
16. Մարդահամարը ժամանակին անցկացնելու, ինչպես նաև բնակչության հաշվառման լրիվությունն ապահովելու համար հանրապետության ամբողջ տարածքում անհրաժեշտ է իրականացնել հետևյալ նախապատրաստական աշխատանքները.
16.1. մինչև 2000թ. նոյեմբերի 1-ը ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության հետ համատեղ ճշտել քաղաքների սահմանները, կարգավորել փողոցների անվանումները, թաղամասերի, տների և բնակարանների համարակալումը, համարանիշերի և անվանացույցերի տեղադրումը:
16.2. մինչև 2000թ. դեկտեմբերի 1-ը`
● կազմել ՀՀ քաղաքների և խոշոր գյուղերի (հինգ հազար և ավելի բնակչություն ունեցող) հատակագծերը, մարզերի, տարածաշրջանների (նախկին շրջանների) քարտեզները` ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրման գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՓԲԸ -ի հետ համատեղ:
● անցկացնել քաղաքային և գյուղական բնակչության հաշվառման ամբողջականության և ճշտության ստուգումներ (ՀՀ ՆԳՆ-ի հետ համատեղ):
16.3. մինչև 2001թ. մարտի 1-ը`
● քաղաքներում և խոշոր գյուղերում կազմել տների (շինությունների) ցուցակներ: Այդ աշխատանքն իրականացնելու համար ընդգրկվում են ժամանակավոր աշխատողներ` ցուցակագրողներ: Մեկ ցուցակագրողի միջին օրական նորման 30 տների (շինությունների) գրանցումն է տների ցուցակում` իրեն հատկացված տեղամասի հատակագծի հիման վրա 10 օրվա ընթացքում: Բնակավայրի կառուցապատման բնույթից ելնելով ծանրաբեռնվածության նորման ենթակա է փոփոխման: Ցուցակների կազմման հետ մեկտեղ ցուցակագրողը ճշտում է նաև բնակավայրի հատակագիծը,
● գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների կազմում, որն իրականացնում են վիճակագրության տարածքային ստորաբաժանման ղեկավարը` գյուղապետերի աշխատակազմի քարտուղարների հետ համատեղ:
16.4. մինչև 2001 թ. մարտի 1-ը` ՀՀ բոլոր տների (շենքերի) համար անկախ սեփականության ձևից և պատկանելությունից, ապահովել «Բնակելի տան բնութագիրը» հ.1 բնակֆոնդի հավելվածով հաշվետվական ձևերի ստացումը:
16.5. 2001 թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբերը նախնական և վերահսկիչ շրջագայության, մարդահամարի անցկացման և նյութերի հանձնման ժամանակահատվածում ապահովել ժամանակավոր ծառայողական գրասենյակների տրամադրումը վիճակագրության մարզային վարչություններին և դրանց տարածքային ստորաբաժանումներին` մարդահամարային և հրահանգչական տեղամասերի համար: Հրահանգչական և մարդահամարային տեղամասերի համար առանձնացված գրասենյակները պետք է կահավորված լինեն գրասենյակային գույքով և հեռախոսակապով:
17. 2001 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ վիճակագրության մարզային վարչությունները և դրանց տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են 2001թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման կազմակերպման պլանների կազմում: Այն ընդգրկում է մարդահամարային շրջանացում (տարածքի բաժանումը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի), մարդահամարային կադրերի պահանջարկի հաշվարկ, նրանց հավաքագրման, ուսուցման գրաֆիկի և զանգվածային-բացատրական աշխատանքների ծրագրի կազմում:
Տարածաշրջանների և քաղաքների բաժանումը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի կատարվում է տների (շինությունների) ցուցակների, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների, հյուրանոցների և նմանատիպ այլ հիմնարկների ցուցակների ու համապատասխան քարտեզագրական նյութերի, ինչպես նաև մարդահամարային անձնակազմի համար սահմանված ծանրաբեռնվածության միջին նորմաների հիման վրա:
18. Քաղաքներում հիմնական հաշվային տեղամասերը (առանց հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, հիվանդանոցներում և նմանատիպ այլ հիմնարկներում ստեղծված հաշվային տեղամասերի) կարող են կազմվել տան (շենքի) մասից, մի ամբողջ տնից (շենքից), մեկ տնից (շենքից) և մյուսի մի մասից կամ մի քանի տներից (շենքերից)` ընդգրկելով միջին հաշվով 350 բնակիչ:
Գյուղական վայրերում հաշվային տեղամասերը կարող են կազմվել բնակավայրի մի մասից, ամբողջ բնակավայրից, ինչպես նաև մի քանի բնակավայրերից, ընդգրկելով, միջին հաշվով, 250 բնակիչ:
Հաշվարարի առավելագույն ծանրաբեռնվածությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի քաղաքներում 400 բնակչից, իսկ գյուղական վայրերում` 300 բնակչից:
Առանձին հաշվային տեղամասերի կարող են բաժանվել միայն այն տները (շենքերը) կամ գյուղական բնակավայրերը, որոնց բնակչության թվաքանակը գերազանցում է մեկ հաշվարարի առավելագույն ծանրաբեռնվածությունը:
Քաղաքներում տարբեր տների (շենքերի) մասերի, իսկ գյուղական վայրերում տարբեր գյուղական բնակավայրերի մասերի միավորումը մեկ հաշվային տեղամասի մեջ չի թույլատրվում:
19. Քաղաքներում և գյուղական վայրերում մեկ հրահանգչական տեղամասի մեջ, միջին հաշվով, մտնում են 5 հիմնական հաշվային տեղամասեր: Հրահանգիչ-հսկիչի առավելագույն ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի քաղաքներում 1,8 հազար մարդուց, իսկ գյուղական վայրերում` 1,5 հազար մարդուց:
Քաղաքներում հրահանգչական տեղամասի մեջ, որպես կանոն, մտնում են 1 կամ մի քանի հարակից թաղամասեր (զանգվածներ), իսկ գյուղական վայրերում` 1 կամ մի քանի գյուղական բնակավայրեր: Հրահանգչական տեղամասերի միջև բաժանվում են միայն այնպիսի քաղաքային թաղամասերը (զանգվածները), գյուղական բնակավայրերը, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ հրահանգիչ-հսկիչի առավելագույն ծանրաբեռնվածությանը: Չի թույլատրվում քաղաքի տարբեր թաղամասերի (զանգվածների), գյուղական բնակավայրերի մասերը միավորել մեկ հրահանգչական տեղամասի մեջ:
20. Քաղաքային և գյուղական վայրերի մարդահամարային տեղամասում, որպես կանոն, մտնում են միջին հաշվով ինը հիմնական հրահանգչական տեղամասեր: Մարդահամարային տեղամասի առավելագույն ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի քաղաքներում` 16 հազար մարդուց, իսկ գյուղական վայրերում` 13 հազար մարդուց:
Մարդահամարային տեղամասերը ստեղծվում են այն հաշվով, որպեսզի պահպանվի վարչատարածքային բաժանման ամբողջականությունը:
21. Մարդահամարի անցկացման տարածաշրջանային կազմակերպման պլանը կազմում են ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանման ղեկավարները` 2001 թ. մարտին, մարզի ամփոփ կազմպլանները` վիճակագրության մարզային վարչության պետերը` 2001 թ. ապրիլին, հանրապետության ամփոփ կազմպլանը` մարդահամարի վարչությունը` 2001 թ. մայիսին:
«Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են մարդահամարի համապետական և մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է ՀՀ կառավարությունը:
22. Մարդահամարի նպատակների ու խնդիրների, անցկացման կարգի և ժամկետների մասին բնակչությանը տեղեկացնելու նպատակով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև դրա մարզային վարչությունների և դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից մշակվում են զանգվածային-բացատրական աշխատանքների պլան, որում պետք է նախատեսել.
● մարդահամարի հարցերի սիստեմատիկ լուսաբանում` մամուլում, ռադիոյով և
հեռուստատեսությամբ,
● համապատասխան գունավոր պլակատների, կոչերի, ինչպես նաև թռուցիկների, փոստային
ծրարների, օրացույցների և ագիտացիոն այլ նյութերի հրատարակում և անվճար տարածում:
IV. Մարդահամարային կադրերի հավաքագրումը ԵՎ ուսուցումը
23. Մարդահամարի անցկացման և նյութերը մեքենայական մշակման նախապատրաստելու ընթացքում ներգրավվում են համապատասխան որակավորում ունեցող անձինք:
Մարդահամարի ընթացքում ընդգրկված աշխատողների վճարումը կատարվում է մարդահամարի բյուջեով նախատեսված և աշխատանքային պայմանագրով սահմանված դրույքաչափերով:
24. Մարդահամարի աշխատանքներում ժամանակավորապես ընդգրկված աշխատողների հետ անհատական պայմանագրերը վավերացնում են ՀՀ վիճակագրության մարզային վարչությունները, դրանց տարածքային ստորաբաժանումների ներկայացմամբ, նրանց ուսուցումը և գիտելիքների ստուգումն անցնելուց հետո:
25. Մարդահամարի կազմակերպման, անցկացման և նյութերի մշակման համար ժամանակավոր աշխատողները ներգրավվում են հետևյալ ժամկետներով.
հաշվարարները` 30 օրացուցային օրով,
հրահանգիչ-հսկիչները` 45 օրացուցային օրով,
մարդահամարային տեղամասերի վարիչները և նրանց օգնականները`
75 օրացուցային օրով,
Վիճակագրության տարածքային ստորաբաժանման ղեկավարի մարդահամարի գծով տեղակալները` մեկ տարով,
ստուգող/կոդավորողները` չորս ամսով,
օպերատորները-մուտքագրողները` չորս ամսով:
26. Մարդահամարի կազմակերպման և նյութերի մշակման արդյունավետ անցկացման համար կազմակերպվում են հրահանգավորումներ.
ա) մարդահամարի նախապատրաստման և անցկացման հարցերով.
- մարդահամարի վարչության աշխատողների,
- վիճակագրության մարզային վարչությունների պետերի և դրանց տարածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարդահամարի գծով նրանց տեղակալների,
- մարդահամարային տեղամասերի վարիչների և նրանց օգնականների,
- հրահանգիչ-հսկիչների,
- հաշվարարների հետ:
բ) մարդահամարի նյութերը մեքենայական մշակման նախապատրաստելու հարցերով.
- մարդահամարի վարչության աշխատակիցների,
- մարդահամարի վարչության մարդահամարի նյութերը մեքենայական մշակման նախապատրաստող ժամանակավոր աշխատախմբի,
- ստուգող/կոդավորողների հետ:
գ) մարդահամարի նյութերի մուտքագրման հարցերով.
- մարդահամարի վարչության մեքենայական մշակման բաժնի աշխատողների,
- օպերատոր-մուտքագրողների հետ:
27. Մարդահամարային աշխատողներին` հաշվարարներին, հրահանգիչ-հսկիչներին, մարդահամարային տեղամասերի վարիչներին, նրանց օգնականներին տրվում են համապատասխան վկայականներ:
V. Մարդահամարի անցկացման կարգը
28. Հոկտեմբերի 6-ից 8-ը ներառյալ` 3 օրվա ընթացքում, հաշվարարները կատարում են իրենց տեղամասի մշտական և ժամանակավոր բնակության բոլոր շինությունների նախնական շրջագայություն` և ճշտում են հրահանգիչ-հսկիչի կողմից քաղաքներում տների (շինությունների) կամ գյուղական բնակավայրերի ցուցակներից հաշվարարի հուշատետրում նախապես գրանցված տվյալները:
Նախնական շրջագայության ժամանակ հաշվարարն իր հուշատետրում առանձին տողով գրանցում է քաղաքներում յուրաքանչյուր բնակարան, մեկ բնակարանանոց տուն, հանրակացարանի սենյակ, նշելով փողոցի անվանումը, տան, բնակարանի համարը և բնակվողների թվաքանակը, իսկ գյուղական վայրում` բնակավայրի անվանումը, տան (շինության) համարը կամ տանտիրոջ ազգանունն ու անվան, հայրանվան սկզբնատառերը (բազմաբնակարանանոց շենքերում` նաև բնակարանի համարը կամ վարձակալի ազգանունն ու անվան, հայրանվան սկզբնատառերը) և բնակվողների թվաքանակը:
Յուրաքանչյուր տանը (շինությունում) հաշվարարն իր տեղամասի բնակչությանը տեղեկացնում է կայանալիք մարդահամարի մասին, պարզում է, թե երբ է հարմար հաշվեգրել տվյալ շինությունում ապրողներին, հատկապես այն անձանց, ում դժվար է տանը գտնել և իր հուշատետրում կատարում է համապատասխան նշումներ:
29. Մարդահամարի նախօրյակին (հոկտեմբերի 9-ին) հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է մարդահամարի հարցաթերթերը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
30. Հաշվարարը մարդահամարն անցկացնում է շրջագայելով, առանց բացառության բոլոր շինությունները, ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի, որտեղ ապրում կամ կարող է ապրել մշտական բնակչություն` ներառյալ ժամանակավոր:
Մարդահամարի հարցաթերթերի լրացումը կատարվում է ըստ տնային տնտեսությունների: Յուրաքանչյուր տնային տնտեսությունում առաջինը գրվում է տնային տնտեսության չափահաս անդամներից մեկը, որից հետո տվյալ տնային տնտեսության մյուս անդամները:
31. Հարցաթերթի լրացումը կատարվում է հաշվարարի կողմից` բնակչությանը հարցում անելու միջոցով:
Հաշվարարի այցելության ժամանակ տնային տնտեսությունում բնակվողներից որևէ մեկի բացակայության դեպքում, հաշվարարը նրա մասին տեղեկությունները կարող է ստանալ տնային տնտեսության այլ անդամներից, եթե նրանք կարող են սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին: Եթե նրանք բացակայողի վերաբերյալ պահանջվող տեղեկություններ չեն կարող տալ, ապա հաշվարարը պետք է մարդահամարի հարցաթերթում գրի բացակայողի ազգանուն, անուն, հայրանունը և նրան անձամբ հարցման ենթարկի կրկնակի այցելության ժամանակ:
Մարդահամարի ենթակա, սակայն մարդահամարի անցկացման ժամանակաշրջանում լրիվ կազմով բացակայող տնային տնտեսությունների մասին տեղեկությունները հաշվարարը ստանում է հարևաններից, տնային կառավարչությունից, համատիրությունից, թաղային կամ գյուղական համայնքներից:
32. Հյուրանոցներում, հիվանդանոցներում, առողջարաններում և նմանատիպ այլ հիմնարկներում, ինչպես նաև գնացքներում, կայարաններում, ավտոկայաններում, օդանավակայաններում որպես ժամանակավոր գտնվող հաշվեգրվածներին` հաշվարարները տալիս են մարդահամարն անցնելու մասին տեղեկանք (Ձև 5): Տեղեկանքը բնակչության կողմից պետք է պահվի մինչև մարդահամարի և վերահսկիչ շրջագայության ավարտը (հոկտեմբերի 19-ը):
33. Մեկից ավելի բնակարան (տուն, առանձնատուն և այլն) ունեցող անձանց համար կազմվում է վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6) այն հաշվային տեղամասում, որտեղ հարցվողի համար լրացվում է մարդահամարի հարցաթերթ: Լրացված Ձև 6-ը ուղարկվում է հարցվողի մյուս հասցեով` կրկնակի հաշվարկից խուսափելու համար: Բոլոր այն անձանց, ում համար հաշվարարը լրացրել է վերահսկիչ փաստաթուղթ, պետք է տրվի նաև տեղեկանք մարդահամարն անցնելու մասին:
34. Մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները լրացվում են` գրելով բերված հուշումներից մեկի կամ մի քանիսի կոդը, կամ ամեն մի հարցի համար առանձնացված մասում թվեր կամ բառեր գրելով` համաձայն 2001թ.մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի:
35. Յուրաքանչյուր տնային տնտեսությունում բոլոր բնակիչների վերաբերյալ մարդահամարի հարցաթերթում տեղեկությունները գրանցելուց հետո հաշվարարը հաշվում է հանրագումարն ըստ տվյալ տնային տնտեսության և այն գրանցում հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրում (Ձև 6-քաղաքային, Ձև 6-գյուղական) առանձին տողով, իսկ մարդահամարի ավարտից հետո ամփոփ տեղեկագրում հաշվարկում է իր տեղամասի հանրագումարներն ամբողջությամբ:
36. Մարդահամարի անցկացման ողջ ժամանակաընթացքում` հոկտեմբերի 10-ից 19-ը, հրահանգիչ-հսկիչն ամեն օր ստուգում է իր տեղամասի յուրաքանչյուր հաշվարարի կողմից լրացված մարդահամարային փաստաթղթերը: Մարդահամարի ավարտին զուգընթաց հրահանգիչ-հսկիչը հաշվարարներից ընդունում է մարդահամարի նյութերը և հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի ճշտված տվյալների հիման վրա կազմում է հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր:
37. Մարդահամարի ավարտից հետո` հոկտեմբերի 20-ից 24-ը հրահանգիչ-հսկիչն իր տեղամասի հաշվարարների հետ միասին անցկացնում է ընտրանքային վերահսկիչ շրջագայություն, պայմանով, որ ամեն հաշվարար կատարի ոչ թե իր, այլ կից հաշվային տեղամասի վերահսկիչ շրջագայություն: Վերահսկիչ շրջագայությունն անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի շինությունների (բնակարանների) 10%-ը: Այդ շինությունների (բնակարանների) ընտրությունը կատարվում է մարդահամարի ավարտից հետո` մարդահամարային տեղամասի վարիչի կամ նրա օգնականի կողմից` հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ:
38. Վերահսկիչ շրջագայության ժամանակ հրահանգիչ-հսկիչը (կամ հաշվարարը) ստուգում է արդյոք տվյալ շինությունում բնակվող տնային տնտեսության բոլոր անդամներն են անցել մարդահամար: Տվյալ տնային տնտեսությունում մարդահամարի ենթակա, բայց հաշվարարի կողմից բաց թողնված բոլոր անձանց հրահանգիչ-հսկիչը գրառում է տվյալ տնային տնտեսության հարցաթերթում` տնային տնտեսության անդամների ցուցակում և լրացնում անձի համար նախատեսված անհատական հարցերի պատասխանները:
39. Հաշվարարներից մարդահամարի նյութերի ընդունումը կատարվում է հոկտեմբերի 25-ից 28-ը ներառյալ:
VI. Մարդահամարի նյութերի ընդունումն ու մշակումը
40. Մարդահամարային անձնակազմի կողմից մարդահամարի նյութերն ըստ վերադասության հանձնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.
- հաշվարարը` հրահանգիչ-հսկիչին` մինչև հոկտեմբերի 28-ը,
- հրահանգիչ-հսկիչը` մարդահամարային տեղամասի վարիչին` մինչև նոյեմբերի 2-ը,
- մարդահամարային տեղամասի վարիչը` վիճակագրության տարածքային ստորաբաժանման
ղեկավարին` մինչև նոյեմբերի 10-ը,
- ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանման ղեկավարը` վիճակագրության մարզային
վարչության պետին` մինչև նոյեմբերի 15-ը,
- ՀՀ վիճակագրության մարզային վարչության պետը`
մարդահամարի վարչություն` մինչև նոյեմբերի 22-ը:
41. ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից մարդահամարի նյութերի ընդունման ընթացքում ՀՀ վիճակագրության մարզային վարչությունները կատարում են այդ նյութերի ամբողջականության և լրացման որակի ստուգում: Այդ աշխատանքի ավարտին զուգընթաց կատարվում է մարդահամարի հարցաթերթերով պայուսակների կոմպլեկտավորում ըստ բնակավայրերի, այնուհետև ըստ առանձին տարածաշրջանների ու քաղաքների, դրանց հանձնումը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչություն` ըստ հաստատված ժամանակացույցի և կարգի:
42. Մարդահամարի նյութերի նախապատրաստումը մեքենայական մշակման կատարվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության կազմում այդ նպատակով ժամանակավորապես ներգրավված աշխատախմբի կողմից: Այս աշխատանքը բաղկացած է հետևյալ հիմնական գործընթացներից`
- մարդահամարի նյութերի խմբավորումը վարչատարածքային կտրվածքով,
- մարդահամարի հարցաթերթերի հարցերի պատասխանների լրիվության և ճշտության,
ինչպես նաև լրացման որակի ստուգում,
- մարդահամարի հարցաթերթերի պատասխանների կոդավորում,
- մարդահամարի հարցաթերթերի պատասխանների տրամաբանական ստուգում և նյութերն
ուղեկցող փաստաթղթերի լրացում:
43. Մարդահամարի հարցաթերթերի տվյալների մեքենայական մշակման իրականացում,
- հարցաթերթերի տվյալների մուտքագրում, տրամաբանական ստուգում և ուղղում,
- ելքային ամփոփ աղյուսակների ստացում:
Քանի որ մարդահամարի արդյունքների ծավալը բավականին մեծ է, ելքային աղյուսակները ստացվելու են մի քանի փուլերով: Մարդահամարի նյութերի ամբողջական մշակումը նախատեսված է ավարտել 2003 թվականի վերջին:
VII. Փորձնական մարդահամար
44. ՀՀ Կառավարության ապրիլի 11-ի հ.164 որոշման համաձայն, 2000թ. սեպտեմբերի 6-ից 15-ը ներառյալ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում (շուրջ 21,7 հազար բնակչությամբ) և Արարատի մարզի Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Բաղրամյան, Մրգավան գյուղերում (ընդամենը 17,7 հազար բնակչությամբ) պետք է անցկացվի փորձնական մարդահամար:
Փորձնական մարդահամարի անցկացման միջոցով ընտրված տարածքներում փորձարկվելու են մարդահամարի նախապատրաստման և անցկացման բոլոր գործընթացները, մեթոդաբանությունը, համապատասխան հարցերի կոդավորման և մարդահամարի նյութերի մեքենայական մշակման ծրագրերն ու տեխնոլոգիական գործընթացները:
Փորձնական մարդահամարի արդյունքներով կկատարվեն համապատասխան եզրահանգումներ, մասնավորապես կազմակերպչական և մեթոդաբանական դրույթների, փաստաթղթերի, նյութերի մեքենայական մշակման տեխնոլոգիական պրոցեսի վերաբերյալ, և այլ հնարավոր ճշգրտումներ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության |
Հավելված
2001 թ. մարդահամարի նախապատրաստման ԵՎ անցկացման ժամանակ օգտագործվող տերմիններ
Մշտական բնակավայր | - | Համարվում է աշխարհագրական այն վայրը, որտեղ սովորաբար բնակվում է հարցվողը: Դա այն վայրն է, որտեղ հարցվողն անցկացնում է իր գիշերային քնի մեծ մասը: |
Գյուղական վայր | - | Տարածքային ամբողջականություն կազմող գյուղական բնակավայրեր: |
Մարդահամարի կրիտիկական պահ | - | Մարդահամարի կարևորագույն հատկանիշներից մեկը կայանում է նրանում, որ բնակչությունը, բնակելի շինությունները և այլն` ամբողջ հանրապետությունում հաշվեգրվում են, հնարավորության սահմաններում, միևնույն հստակ սահմանված պահի դրությամբ` մարդահամարի առաջին օրվա կեսգիշերին (հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ժամը 12-ի դրությամբ): |
Ժամանակավոր գտնվող | - | Անձն, ով մարդահամարի կրիտիկական պահին` հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ժամը 12-ին գտնվել է տվյալ տանը (շինությունում), սակայն նրա մշտական բնակավայրը գտնվում է տվյալ համայնքի սահմաններից դուրս, և նրա գտնվելու տևողությունը չի գերազանցում մեկ տարուց: |
Ժամանակավոր բացակայող | - | Անձն, ով մշտապես (սովորաբար) բնակվում է տվյալ տանը (շինությունում), սակայն հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ժամը 12-ին` մարդահամարի կրիտիկական պահին, գտնվել է տվյալ քաղաքային կամ գյուղական համայնքի սահմաններից դուրս, և նրա բացակայության տևողությունը չի գերազանցում մեկ տարուց: |
Մշտական բնակչություն | - | Մշտական բնակչության թվաքանակը, որպես կանոն, ստացվում է մարդահամարի պահին իրենց մշտական բնակատեղում գտնվող անձանց և մարդահամարի պահին իրենց մշտական բնակատեղից ժամանակավոր բացակայող անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից: |
Բնակատեղ | - | Ժամանակավոր նշանակություն և բնակչության ոչ մշտական կազմ ունեցող կացարաններ, ինչպես նաև ծառայողական նշանակություն ունեցող օբյեկտներ: |
Առկա բնակչություն | - | Առկա բնակչության թվաքանակը, որպես կանոն, ստացվում է մարդահամարի պահին իրենց մշտական բնակատեղում գտնվող անձանց և մարդահամարի պահին ժամանակավոր գտնվող, սակայն մշտապես (սովորաբար) տվյալ համայնքի սահմաններից դուրս բնակվող անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից: |
Հաշվեգրել (հաշվեգրում) | - | Մարդահամարի ընթացքում հաշվարարի կողմից բնակչության հարցման միջոցով մարդահամարի հարցաթերթերի լրացման գործընթացը: |
Ձև 1 բնակֆոնդի հավելված | - | Մարդահամարի հարցաթերթում «Տնային տնտեսության բնակարանային պայմանները» բաժնում տեղեկությունների ճշտությունն ապահովելու համար մարդահամարի նախապատրաստման ընթացքում իրականացվում է հաշվետվության այս ձևի լրացումը: Այն ներառում է տեղեկություններ բնակելի շինության հասցեի, կառուցման տարեթվի, արտաքին պատերի շինանյութի, բնակարանների թվի, բնակելի սենյակների քանակի, մակերեսի չափերի (ընդհանուր և բնակելի) վերաբերյալ: |
Մարդահամարի աշխատողներ | - | ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, նրա մարզային (տարածքային) վարչությունների (բաժանմունքների) մարդահամարի նախապատրաստման և անցկացման հարցերով զբաղված աշխատողները, ինչպես նաև մարդահամարի անցկացման համար ժամանակավորապես ներգրավված մարդահամարային տեղամասերի վարիչները և նրանց օգնականները, հրահանգիչ-հսկիչները, հաշվարարները: |
Հիմնական հաշվային տեղամաս | - | Քաղաքում և տարածաշրջանում ստեղծված բոլոր հաշվային տեղամասերն` առանց ժամանակավոր բնակության համար նախատեսված հիմնարկներում (հյուրանոցներ, հանգստյան տներ, հիվանդանոցներ և նմանատիպ այլ հիմնարկներ) ստեղծված հաշվային տեղամասերի: |
Անհատական տնային տնտեսություն | - | ա) Առանձին բնակելի միավորում, կամ դրա մի մասում բնակվող անձն, որն ինքնուրույն ապահովում է իրեն կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչը և ընդհանուր տնտեսություն վարելու նպատակով տվյալ բնակելի միավորում բնակվող այլ անձանց հետ չի միավորում իր միջոցները: |
- | բ) Առանձին բնակելի միավորում, կամ դրա մի մասում, կամ մի քանի շինություններում համատեղ բնակվող 2 և ավելի անձինք, ովքեր իրենց կենսական անհրաժեշտ ամեն ինչն ապահովում են ընդհանուր տնտեսություն վարելով` ամբողջությամբ կամ մասամբ միավորելով իրենց միջոցները: Այդ անձինք կարող են կապված լինել ազգակցական կամ ամուսնական կապով, կամ չլինել ազգական, կամ և մեկը, և մյուսը: | |
Խմբային (ինստիտուցիոնալ) տնտեսություն | - | Համատեղ բնակվող բնակչության խմբեր կազմում են այն անձինք, ում բնակարանի և սննդի կարիքները բավարարվում են հիմնարկների կողմից, ովքեր սովորաբար ենթարկվում են ընդհանուր կանոնների և սնվում են համատեղ (օրինակ մանկատներում, որբ երեխաների գիշերօթիկներում, ծերանոցներում (տուն- ինտերնատներում), կրոնական հիմնարկներում (մենաստաններում), կալանավայրերում, ազատազրկման վայրերում, ուղղիչ աշխատանքային գաղութներում և նման այլ հիմնարկներում բնակվողները): |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12000108