601.0011.11.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 օգոստոսի 2001 թ. |
N 11 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
Հաստատել «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման կարգը» (կցվում է):
Նախագահ |
Գ. Ամալյան |
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
Կ Ա Ր Գ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) հեռարձակման լիցենզավորման պայմանները:
2. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի:
Հեռուստառադիոհաղորդումների եթերային և եթերակաբելային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցույթով և (կամ) աճուրդով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով): Աճուրդն անցկացվում է օրենքով սահմանված կարգով:
Հանձնաժողովը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները` ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից:
3. Լիցենզավորումն իրականացնում է Հանձնաժողովը` «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին ՀՀ օրենքին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
4. Հանձնաժողովը վարում է լիցենզիաների գրանցամատյան: Գրանցամատյանի էջերը համարակալվում և կնքվում են:
5. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որն իրավունք է տալիս իրավաբանական անձանց հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով օգտագործել հաճախություն (ներ), ստեղծել հեռարձակման ցանց (եթերային և (կամ) կաբելային):
6. Լիցենզիայի ձևը հաստատում է Հանձնաժողովը:
7. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիան տրվում է տասը տարի ժամկետով:
Հեռուստառադիոհաղորդումների եթերային և եթերակաբելային հեռարձակման լիցենզիան տրվում է հինգ տարի ժամկետով:
Լիցենզիայի գործողության ժամկետը չի երկարացվում:
8. Հեռուստառադիոհաղորդումների եթերային, եթերակաբելային հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման լիցենզավորման մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
9. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
10. Լիցենզավորման համար գանձվում է լիցենզային վճար, որի չափը սահմանում է Հանձնաժողովը: Լիցենզային վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման տարածքից և չի կարող գերազանցել նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հազարապատիկը:
11. Չի թույլատրվում լիցենզիան այլ անձանց օգտագործման տալ, օտարել կամ գրավադնել:
12. Լիցենզիան կորցնելու դեպքում հեռուստառադիոընկերությունն այդ մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով և դիմում Հանձնաժողով: Հանձնաժողովը լիցենզիայի կրկնօրինակ է տալիս հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` եռօրյա ժամկետում: Լիցենզիայի կրկնօրինակ տրվում է նաև լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում` դիմում տալուն հաջորդող երրորդ օրը:
Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
13. Վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում դիմել Հանձնաժողով` լիցենզիայի վերաձևակերպման համար: Դիմումին կցվում են նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթեր:
Լիցենզիան վերաձևակերպվում է Հանձնաժողովի որոշմամբ, որի հիման վրա լիցենզիաների գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:
14. Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, այն վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը:
16. Հանձնաժողովը կազմում և վարում է յուրաքանչյուր լիցենզավորված անձի անհատական գործ, որը պահպանվում է սահմանված կարգով և ժամկետում: Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիան վերադարձվում է Հանձնաժողով և կարվում լիցենզավորված անձի անհատական գործին:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
17. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը պատշաճ ձևով Հանձնաժողովի քարտուղարություն է ներկայացնում դիմում և կից փաստաթղթեր` սույն կարգի հավելվածում սահմանված դիմումի ձևին և փաստաթղթերի ցանկին համապատասխան: Հեռուստառադիոհաղորդումների եթերային և եթերակաբելային հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողովի կողմից հայտարարված մրցույթի (աճուրդի) պայմաններով սահմանված ժամկետներում:
18. Դիմողը պատասխանատու է ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:
19. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ արվում են, եթե`
ա) փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին.
բ) փաստաթղթերն ամբողջական չեն և լրացումների կարիք ունեն:
20. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը նախազգուշացում է ուղարկում դիմողին: Նախազգուշացումն ստանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում դիմողը պարտավոր է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր:
21. Դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա կազմվում է դիմողի անվանական գործ:
22. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային ցանցով հեռարձակման լիցենզիա տալու համար Հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:
Հեռուստառադիոհաղորդումների եթերային կամ եթերակաբելային հեռարձակման լիցենզիա տալու համար մրցույթի (աճուրդի) արդյունքների հիման վրա Հանձնաժողովն իր նիստում մրցույթի կարգով սահմանված ժամկետներում ընդունում է որոշում:
Հանձնաժողովն իր նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տեղեկատվություն է հրապարակում մամուլում:
23. Դիմողը հրավիրվում է Հանձնաժողովի նիստին, որի մասին նրան պատշաճ հայտնվում է նիստից առնվազն 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված դիմողի չներկայանալն արգելք չէ դիմումը քննարկելու և որոշում ընդունելու համար:
24. Դիմումի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) լիցենզիա տալու մասին.
բ) լիցենզիա տալը մերժելու մասին:
25. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, կամ չեն համապատասխանում օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.
բ) դիմողն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակմամբ.
գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման տեխնիկական հնարավորությունները կամ դրանք բավարար չեն:
26. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
27. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում դիմումը կարող է բավարարվել վերապահումով` այն պայմանով, որ լիցենզիան կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:
28. Լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում լիցենզավորված անձը պարտավոր է մուծել լիցենզային վճարը:
29. Լիցենզիա տալու կամ այն տալը մերժելու մասին որոշման պատճենը դիմողին պատշաճ ձևով ուղարկվում է որոշումն ընդունելուց հետո` տասնօրյա ժամկետում:
30. Լիցենզիան տրվում է համապատասխան մուծումները հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում:
31. Լիցենզիան ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
32. Լիցենզիա տալը մերժելը չի սահմանափակում դիմողի իրավունքը` լիցենզիա ստանալու նոր դիմում ներկայացնել ընդհանուր կարգով:
Հավելված |
Հեռուստատեսության և ռադիոյի |
Դ Ի Մ ՈՒ Մ
Հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների արտադրության եվ հեռարձակման լիցենզիա ստանալու
Դիմող ________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը __________________________________________
Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ ____________________________________
Սփռման տարածքը և բնակչության թիվը ___________________________
Հաղորդումների տարածման տեսակը _____________________________
____________________________________________________ (եթերային, կաբելային, եթերակաբելային)
Տվյալներ տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին _____________
_____________________________________________________ (ցանկ, տեխնիկական բնութագրեր, հավաստագրեր, կապի կազմակերպման սխեման, տեղակայման վայրը)
Տեղեկանք հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին __________________
_____________________________________________________ Տեղեկություններ դիմողի` այլ հեռուստառադիոընկերության հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին ______________________________________________________ ______________________________________________________ Տեղեկություններ աշխատակազմի մասին ____________________________ ______________________________________________________ (աշխատողների թիվը, կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունը)
Հեռուստառադիոհաղորդումների առավելագույն ծավալը ___________________
Տնօրեն __________________ Ստորագրությունը___________________
ԿՏ ______________ 2001 թ. |
ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
N |
Փաստաթղթի անվանումը |
կաբելային |
եթերակաբելային |
եթերային |
1. |
Հեռուստառադիոընկերության պետական գրանցման վկայականի պատճենը |
+ |
+ |
+ |
2. |
Կանոնադրության պատճենը |
+ |
+ |
+ |
3. |
Տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնությունը` կաբելային ցանց ստեղծելու վերաբերյալ |
+ |
+ |
- |
4. |
Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը |
+ |
+ |
+ |
+ պահանջվում է
- չի պահանջվում
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 սեպտեմբերի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60201144
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2002, N 3 | 16.02.2002, N 11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|