ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2003 թվականի N 456-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդ և հաստատել դրա կանոնադրությունն ու անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշումը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
2003 թ. սեպտեմբերի 26 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշմամբ:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և իրականացվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և (կամ) դրամաշնորհային ծրագրի (ծրագրերի) իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում ծրագրի բյուջեում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (եթե այլ նախարարություն նախատեսված չէ միջազգային պայմանագրերով) կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
բ) ծրագիր (ծրագրեր) իրականացնող «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացումից (հաստատումից) հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրերի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրերով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրերի բյուջեներին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված աշխատանքների տարեկան ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ԾԻԳ-ի կողմից անցկացվող 50.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից ավելի արժողությամբ աշխատանքների, ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների վերջնական արդյունքների, ինչպես նաև 50.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի շրջանակներում կնքված պայմանագրերի փոփոխությունների հաստատումը.
է) ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման և (կամ) վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` նախապես համաձայնեցնելով համապատասխան վարկատու և (կամ) դրամաշնորհի տրամադրած կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցներից ու բյուջեներից առկա շեղումների վերացման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և իրականացվող ծրագրերի արդյունքները պատվիրակության հետ քննարկելը.
ժա) յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո դրա արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված` 50.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից ավելի արժողությամբ ծրագրի մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները, խորհրդի ներկայացմամբ, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն է (այսուհետ` նախարար):
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհուրդն ունի ութ անդամ: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
27. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ապա ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է խորհրդի որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ: Խորհրդի անդամը խորհրդի նիստի որոշմանն իր անհամաձայնության մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:
28. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարը:
29. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:
30. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
31. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
32. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագիծ.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ և պետական կառավարման մարմիններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
33. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
34. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
|
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Երիցյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ) |
|
|
Ա. Թոփուզյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
|
|
Ա. Կարապետյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
|
|
Ժ. Ասատրյան |
-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ |
|
|
Վ. Մարտիրոսյան |
- «Կրթական բարեփոխումների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն |
|
|
Ն. Ղուկասյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ |
|
|
Ս. Մինասյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ |
|
|
Կ. Հարությունյան |
- «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |