Գլխավոր տեղեկություն
Համար
N 678
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.1999-15.04.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.13/28(94)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1999

041.0678.08.11.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 1999 թվականի N 678
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 399 որոշման 1-ին կետը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 8-ի N 399 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 723 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 398 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
նոյեմբերի 8-ի N 678 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

5. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

6. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`

ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

բ) տրանսպորտի տեխնիկական շահագործման և այլ կանոնների, տեխնիկական նորմերի մշակումը, որոնց պահանջների կատարումը պարտադիր է բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար.

գ) պետական պատվերի կատարման ապահովումը.

դ) իր իրավասության սահմաններում երթևեկության կազմակերպման բարելավումը, երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը և կենսոլորտի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը.

ե) իր իրավասության սահմաններում բեռների փոխադրումների և օբյեկտների անվտանգության ու պահպանության կազմակերպման ապահովումը.

զ) մասնավորեցման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի համակարգում զարգացման և ներդրումների ծրագրերի, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, տարածքային տրանսպորտային, սակագնային քաղաքականության մշակումը.

ը) նախարարության համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի ոլորտում անառողջ մրցակցությունը դադարեցնելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

ժ) տրանսպորտի ոլորտում քաղաքացիական պաշտպանության առաջադրած պահանջներին համապատասխան նպատակային և երկարաժամկետ ծրագրերի կազմումն ու դրանց իրականացումը.

ժա) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող կազմակերպությունների գործունեությանն աջակցությունը.

ժբ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ծառայությունների շուկայի գործունեությանն առնչվող` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերի մշակմանը մասնակցությունը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզիաներ տալը.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

7. Նախարարության համակարգը ներառում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետև` վարչություն), Հայկական երկաթուղու դեպարտամենտը (այսուհետև` դեպարտամենտ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային, ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային տրանսպորտի, էլեկտրատրանսպորտի, մետրոպոլիտենի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ու շահագործման հիմնարկները և կազմակերպությունները:

8. Նախարարությունը`

ա) իր իրավասության սահմաններում լուծում է ոլորտին վերաբերող հարցերը` չխախտելով համակարգի գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը.

բ) համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ` միջգերատեսչական հարցերի կարգավորման ու լուծման համար.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է համակարգի պետական սեփականություն հանդիսացող գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները.

դ) ընդհանրացնում է ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր, իր իրավասության սահմաններում ընդունում գերատեսչական նորմատիվ ակտեր և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ե) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջազգային պայմանագրեր.

զ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

է) կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.

ը) մշակում և իրականացնում է նախարարության կենտրոնական ապարատի, վարչության, դեպարտամենտի, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին.

թ) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար.

ժ) վերահսկում է համակարգի հիմնարկների և կազմակերպությունների պետական գույքի օգտագործումը, դրանց օտարումն ու վարձակալության հանձնումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարի տեղակալներին, ինչպես նաև դեպարտամենտի ու վարչության պետերին և նրանց տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

10. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) կատարում է նախարարի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

գ) արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների համար.

դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության, դեպարտամենտի, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու կարգադրությունները.

ե) հաստատում է նախարարության համակարգի հիմնարկների, կազմակերպությունների, կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչության կանոնադրությունները.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը և կոլեգիայի կազմը.

է) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ը) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, հաստատում է դեպարտամենտի և վարչության խորհուրդների կազմերը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր.

ժ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.

ժա) անհրաժեշտության դեպքում վարում է վարչության և դեպարտամենտի խորհուրդների հերթական նիստերը և հրավիրում արտահերթ նիստեր.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

11. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը:

12. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, դեպարտամենտի և վարչության ղեկավարները, նախարարության կենտրոնական ապարատի ու համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

13. Նախարարության կոլեգիան իր նիստերում, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, քննության է առնում ոլորտի գործունեության ու զարգացման հիմնական հարցերը, քննարկում դեպարտամենտի և վարչության, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների նախագծերի և նախարարության վարչությունների ու բաժինների, վարչության, դեպարտամենտի, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Կոլեգիայի նիստերին հրավիրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատողը, ինչպես նաև կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
նոյեմբերի 8-ի N 678 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կենտրոնական ապարատի

 

 Նախարարի աշխատակազմ

Ֆինանսատնտեսական գլխավոր վարչություն

Ավտոտրանսպորտի վարչություն

Տեխնիկական քաղաքականության և մասնավորեցման վարչություն

Ներդրումների և շինարարական ծրագրերի վարչություն

Իրավաբանական վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Օդային փոխադրումների բաժին

Ծովային փոխադրումների բաժին

Երկաթուղային փոխադրումների բաժին

Լիցենզավորման բաժին

Հաշվապահություն

Կադրերի և սոցիալական հարցերի բաժին

Հատուկ բաժին

Տնտեսական բաժին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.03.2000, N 121 15.04.2000, N 678
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան