041.0628.10.11.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1998 թվականի N 628
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համակարգի աշխատողների թիվը սահմանել 769 միավոր, այդ թվում` կենտրոնական ապարատի աշխատողներինը` 118, իսկ տարածքային մաքսատների և մաքսային կետերի աշխատողներինը` 651 միավոր:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 234 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համակարգի կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 17-ի N 244 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 273 որոշման 2-րդ կետը.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 22-ի N 234 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 344 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի N 273 և 1996 թվականի հունիսի 10-ի N 344 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 484 որոշումը.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 163 որոշումը.
զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 22-ի N 234 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 400 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան, որպես Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի կառավարման կենտրոնական մարմին, ապահովում է մաքսային օրենսդրության կիրառումն ու իրականացնում մաքսային գործի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն իրավապահ մարմիններ են:
4. Վարչությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների կատարման, մաքսային օրենսդրության կիրառման, շուկայական հարաբերությունների ընդլայնման ու հաստատման, մաքսային գործի պետական կառավարման, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` սակագնային և ոչ սակագնային կարգավորման լծակների կիրառման համար:
5. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում որպես պաշտոնատար անձ կարող է աշխատել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
6. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհվում են հատուկ կոչումներ:
7. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսվում է ծառայողական համազգեստ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այն կրելու կանոնները` վարչությունը:
8. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:
II. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթները
9. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության և Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը.
բ) մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ապահովումը.
գ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրելիս` մաքսասակագնային մեխանիզմների իրականացման, ապրանքների և այլ առարկաների ներմուծման ու արտահանման սահմանված կարգի կիրառման, մաքսատուրքի և օրենքով սահմանված այլ հարկերի, տուրքերի, վճարների հավաքման ու դրանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ժամանակին մուտքագրման ապահովումը.
դ) մաքսային հսկողության ու ձևակերպման մեխանիզմների կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.
ե) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և այլ առարկաներ փոխադրելիս` մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարը, միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին աջակցելն ու միջազգային տրանսպորտային հաղորդակցության միջոցների գործունեությանն ապօրինի միջամտության կասեցումը.
զ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված ապրանքների և առարկաների (թմրանյութեր, զենք, զինամթերք, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների մշակութային ու պատմական ժառանգության առարկաներ, ինտելեկտուալ սեփականության և այլ առարկաներ) ապօրինի շրջանառության դեմ պայքարը.
է) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցելը.
ը) սպառողների` ներմուծվող ապրանքների գծով շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացմանն աջակցելը.
թ) մաքսային գործին վերաբերող հարցերին պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների իրազեկության ապահովումը.
ժ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ապահովումը` մաքսային գործին վերաբերող մասերով, համագործակցությունն օտարերկրյա պետությունների, մաքսային գործով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.
ժա) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության ապահովումը.
ժբ) մաքսային գործի վերլուծական, հետազոտական և խորհրդատվական աշխատանքների կատարումը.
ժգ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան` մաքսանենգության գործերով հետաքննության կատարումը, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի քննումը.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսանենգության գործերով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը.
ժե) մաքսային գործի բնագավառում գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների, համաշխարհային փորձի ուսումնասիրումը, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, դրանց տեղայնացումը, ներդրումը և արմատավորումը.
ժզ) աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը, աշխատողների գիտելիքների ու փորձի կիրառման համար պայմանների ստեղծումն ու աշխատողների վերապատրաստումը.
ժէ) աշխատողների սոցիալական պաշտպանվածության ապահովումը.
ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
III. Վարչության աշխատանքների կազմակերպումը
10. Վարչությունը, նրան ենթակա մաքսատները և մաքսային կետերը (մաքսային մարմինները) կազմում են վարչության համակարգը:
11. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն անմիջականորեն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:
12. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները մաքսանենգության գործերով հետաքննության մարմիններ են:
13. Հայաստանի Հանրապետության մաքսատներն ու մաքսային կետերն ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:
14. Վարչությունը`
ա) մաքսային համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
բ) համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ, նրանց հետ համատեղ հրապարակում հրամաններ և հրահանգներ.
գ) ապահովում իր համակարգի պետական սեփականության պահպանությունը և դրա նկատմամբ խնայողական վերաբերմունքը.
դ) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ և, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է մաքսային մարմինների համար, և ստուգում դրանց կատարումը.
ե) ապահովում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործը, համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները.
զ) ընդհանրացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկան իրեն հանձնարարված բնագավառում, դրա կատարելագործման վերաբերյալ մշակում առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.
է) մասնակցում է մաքսային քաղաքականությանը և մաքսային գործին առնչվող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը, ինչպես նաև կնքում է ոլորտին վերաբերող միջազգային միջգերատեսչական պայմանագրեր (համաձայնագրեր):
15. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
16. Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու վարչության պետի հետ:
17. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին և մաքսային մարմինների այն պաշտոնատար անձանց, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող են շնորհվել հատուկ կոչումներ, աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է վարչության պետը, իսկ մաքսային մարմինների մյուս աշխատողներին աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում են մաքսատների պետերը` համաձայնեցնելով վարչության պետի հետ:
18. Վարչության պետը`
ա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մաքսատների պետերին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.
բ) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) կատարում է վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում, սահմանում վարչության բաժինների և մյուս ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունները.
դ) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը.
ե) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցնում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կառուցվածքը և կենտրոնական ապարատի աշխատողների թիվը, ինչպես նաև վարչության խորհրդի անդամների թիվն ու խորհրդի անդամների անհատական կազմը.
զ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, մաքսատների և մաքսային կետերի կանոնադրությունները.
է) կասեցնում կամ ուժը կորցրած ճանաչում մաքսատների և մաքսային կետերի պաշտոնատար անձանց կողմից ընդունված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամաններն ու որոշումները.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
19. Վարչությունը համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է միանձնյա ղեկավարման և կոլեգիալության զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
20. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ են մտնում վարչության պետը (նախագահ), վարչության պետի տեղակալները` ի պաշտոնե, և մաքսային համակարգի այլ ղեկավար աշխատողներ:
21. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում մաքսային համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, մաքսային գործը կարգավորող հրամանների ու հրահանգների նախագծերը, վարչության և ենթակա մաքսային մարմինների կառուցվածքային փոփոխությունները, վարչության կառուցվածքային ստորաբաժանումների, մաքսատների ու մաքսային կետերի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները:
22. Խորհրդի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են վարչության պետի հրամաններով: Խորհրդի նախագահի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:
23. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանն առընթեր գործում է մաքսասակագնային խորհուրդ: Խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
24. Վարչության և վարչության համակարգի պահպանման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Վարչությունն ունի խրախուսման նպատակային ֆոնդ, որի միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի զարգացման նպատակով: Խրախուսման նպատակային ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:
25. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի մարմինների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:
26. Վարչությունն իրականացնում է համակարգի մարմինների գործունեության օրինականության վերահսկողությունը:
27. Վարչությունը կազմակերպում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից ստացված նամակների (դիմումների և բողոքների) ժամանակին քննարկումը` դրանց տալով համապատասխան ընթացք, ինչպես նաև ձեռնարկում միջոցներ մաքսային մարմինների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
28. Վարչությունում գործավարությունը տարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կենտրոնական ապարատի
Մաքսային վարչության պետի աշխատակազմ
Մաքսային մեխանիզմների կատարելագործման և վիճակագրության վարչություն
Ֆինանսական վարչություն
Մաքսային վերահսկողության վարչություն
Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն
Հետաքննության բաժին
Կադրերի բաժին
Իրավաբանական բաժին
Միջազգային հարաբերությունների բաժին
Ներքին անվտանգության բաժին
Լրատվական կենտրոն
Ուսումնական կենտրոն
Կապի և պարետային ծառայության բաժին
Գործերի կառավարչություն