«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1719-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի
N 1929-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Երևանի
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1929-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
ա) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ».
բ) 15-րդ կետի «ա» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
գ) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է: Համալսարանի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է».
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-16.9-րդ կետերով.
«16.1. Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`
ա) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.
բ) համալսարանի կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածուներն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.
գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
16.2. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).
բ) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին.
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
16.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
16.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
16.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
16.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
16.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
16.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
16.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում, այն համալրվում է սույն կանոնադրության 16.1 - 16.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը».
ե) 17-րդ կետից հանել «նիստին ներկա» և «Խորհրդի որոշումները կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամանով» բառերը.
զ) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Խորհուրդը`
ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) հաստատում է համալսարանի բյուջեն.
դ) հաստատում է համալսարանի ռազմավարական ծրագիրը.
ե) լսում և գնահատում է համալսարանի գործունեության տարեկան հաշվետվությունը.
զ) ընտրում է համալսարանի ռեկտորին.
է) համալսարանի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է հիմնադրին».
է) 20-րդ կետի «զ» ենթակետից հանել «համալսարանի ռեկտորի ներկայացմամբ`» բառերը.
ը) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.
«ժգ) հաստատում է համալսարանի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը».
թ) 24-րդ կետից հանել «և կենսագործվում համալսարանի ռեկտորի հրամաններով» բառերը.
ժ) 27-րդ կետից հանել «Ռեկտորատի որոշումները կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամաններով» բառերը.
ժա) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Համալսարանի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը` համալսարանի ռեկտորը, որն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
Համալսարանի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով».
ժբ) 36-րդ կետից հանել «ընտրում է ֆակուլտետի դեկանին» բառերը.
ժգ) 38-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) փակ գաղտնի քվեարկությամբ գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում գիտական կոչումներ շնորհելու թեկնածուներին».
ժդ) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Ֆակուլտետի գործունեությունը, սահմանված կարգին համապատասխան, կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը:
Ֆակուլտետի դեկանի ընտրության կարգը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը».
ժե) 41-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով, և համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվում է պաշտոնի` մինչև 5 տարի ժամկետով».
ժզ) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Համալսարանի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է սահմանված կարգով անցկացվող մրցույթի հիման վրա».
ժէ) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Սովորողների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` համալսարան ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».
ժը) 44-րդ կետը «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար» բառով.
ժթ) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Համալսարանում իրականացվում է դիպլոմավորված մասնագետի և երկաստիճան ուսուցման համակարգով կրթական ծրագրերի ուսուցում: Համալսարանի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի (մագիստրատուրայի) մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանք:
Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական)».
ի) 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«57. Համալսարանի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմը ձևավորվում է խորհրդի սահմանած կարգով».
իա) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. Համալսարանի ուսանողներ են համարվում սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ռեկտորի կողմից հրամանագրված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառող անձինք».
իբ) 60-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հաճախելու դասախոսություններին, ստանալու ուսումնական ծրագրերով նախատեսված արտալսարանային անհատական կամ խմբակային խորհրդատվություն».
իգ) 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«71. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, սահմանված կարգով ձևակերպված թեկնածուական ատենախոսության վրա ինքնուրույն աշխատող անձը».
իդ) 74-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Համալսարանը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրեն նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքների, իրեն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:
Համալսարանն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը».
իե) 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«77. Համալսարանն իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը և ուրիշներից գույք վարձակալելու: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե».
իզ) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«79. Հաստատության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|