Փ ո խ ը մ բ ռ ն մ ա ն Հ ո ւ շ ա գ ի ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին
Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ցանկություն հայտնելով նպաստել Կողմերի պետությունների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը և ամրապնդել փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերը,
ղեկավարվելով Կողմերի պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունները դյուրացնելու ցանկությամբ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերի պետությունների քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են բազմակի մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում առավելագույնը 90 (իննսուն) օր ժամկետով` 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում:
Կացության 90-օրյա ժամկետի երկարաձգումը վերապահված է Կողմերի իրավասու մարմիններին` Կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հոդված 2
1. Կողմերի պետությունների քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում` հետևյալ վավերական ճամփորդական փաստաթղթերով.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
- Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար`
- Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական և ծառայողական անձնագիր,
- Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անձնագիր,
- Իրանի Իսլամական Հանրապետություն վերադարձի վկայական:
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով տեղեկատվություն են փոխանակում նոր ճամփորդական փաստաթղթեր շրջանառության մեջ դնելու կամ գործող ճամփորդական փաստաթղթերում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Կողմերը կփոխանակեն այդ փաստաթղթերի նմուշները ոչ ուշ, քան նշված փաստաթղթերը շրջանառության մեջ դնելուց 30 օր առաջ:
3. Ճամփորդական գործող փաստաթղթերի ցանկում փոփոխությունները կատարվում են սույն Փոխըմբռնման հուշագրի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 3
Կողմերից մեկի պետության քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցում կատարել մյուս կողմի պետության տարածքով` միջազգային ուղևորափոխադրումների համար նախատեսված սահմանային անցակետերով:
Հոդված 4
Մի Կողմի պետության քաղաքացիները, մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ պարտավոր են պահպանել գտնվելու պետության օրենսդրությունը:
Հոդված 5
Սույն Փոխըմբռնման հուշագիրը չի սահմանափակում Կողմերի իրավունքները` մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտքը մերժելու կամ գտնվելու ժամկետը կրճատելու, որոնց ներկայությունը իրենց պետության տարածքում անցանկալի է համարվում:
Հոդված 6
1. Մի Կողմի պետության քաղաքացիները, մյուս Կողմի պետության տարածքում սույն Փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կորցնելու դեպքում, պարտավոր են այդ մասին տեղեկացնել կացության երկրի իրավասու մարմիններին, որոնք կտրամադրեն վկայական, որը հաստատում է փաստաթղթերի կորստյան փաստը:
2. Կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց պետության քաղաքացիներին կտրամադրեն սույն Փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածում նշված վերադարձի վկայականը` համաձայն Կողմերի պետությունների օրենսդրությունների:
Հոդված 7
Կողմերը առնվազն 30 օր առաջ դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն մուտքի, գտնվելու և ելքի պայմանների փոփոխությունների մասին:
Հոդված 8
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Փոխըմբռնման հուշագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով, նրա անբաժանելի մասն են հանդիսանում և ուժի մեջ են մտնում սույն Փոխըմբռնման հուշագրի 11-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 9
Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված Կողմերի միջև ծագող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Հոդված 10
1. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամբողջապես, մասնակիորեն կասեցնել սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության ապահովման, հասարակական կարգի կամ իր պետության ազգաբնակչության առողջության պահպանման համար:
2. Կողմերը պետք է տեղեկացնեն միմյանց սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցառումների ձեռնարկման և չեղյալ հայտարարելու մասին` այդպիսի որոշման կատարումից 5 օր առաջ:
Հոդված 11
1. Սույն Փոխըմբռնման հուշագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը` մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով այդ մասին: Այդ դեպքում Փոխըմբռնման հուշագրիրը ուժը կորցրած է համարվում այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 90 (իննսուն) օր անց:
Կատարված է Թեհրան քաղաքում, 2016 թվականի հունիսի 5-ին, համապատասխանաբար` 1395 թվականի խորդադի 16-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը, հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման առնչությամբ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Հուշագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 10-ին
![loading...](/static/img/loader.gif)