Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը (այսուհետև` Կողմեր),
համոզված լինելով, որ գիտական և տեխնիկական համագործակցությունը ընդհանուր երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է,
գիտակցելով գիտության, տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում համագործակցության անհրաժեշտությունը, և
ընդունելով, որ այդ համագործակցությունը կխթանի երկու երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդումը,
համաձայնեցին հետևյալ Փոխըմբռնման հուշագրի շուրջ (Հուշագիր).
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը փոխադարձաբար կխթանեն երկու երկրների միջև գիտական և տեխնիկական համագործակցության զարգացումն ու ամրապնդումը` սույն Հուշագրի դրույթներին և երկու Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2
Սույն Հուշագրի շրջանակում գիտական և տեխնիկական համագործակցության ոլորտները կսահմանվեն` ելնելով գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում երկու Կողմերի փոխադարձ հետաքրքրությունների շրջանակից և երկու երկրներում գիտական արդյունքների ներդրման անհրաժեշտությունից:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Հուշագրի շրջանակում համագործակցությունը կիրականացվի նախարարությունների, վարչությունների, գիտությունների ազգային ակադեմիաների, գիտական և հետազոտական հաստատությունների և կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մակարդակով, ինչպես նաև անհատ գիտնականների և մասնագետների միջոցով` դրանց միջև առանձին համաձայնագրերի և պայմանագրերի ստորագրմամբ՝ համաձայն երկու երկրների ազգային օրենսդրության:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Հուշագրի ներքո համագործակցության զարգացման ուղղություններ կարող են լինել.
●
Կողմերի տնտեսությունների համար առաջնային նշանակություն ունեցող համատեղ գիտական, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական ծրագրերի ու նախագծերի, ինչպես նաև հիմնարար հետազոտական աշխատանքների իրականացումը` համաֆինանսավորման հիմունքով,●
գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համատեղ հրատարակումը,●
համատեղ գիտահետազոտական խմբերի ձևավորումը, ներառյալ` դաշտային հետազոտությունների համատեղ արշավախմբերը, նորարարական և այլ կազմակերպությունները, որոնք կկատարեն հետազոտություններ, կմշակեն և կկիրառեն նոր տեխնոլոգիաներ,●
գիտական անձնակազմի վերապատրաստումը, գիտնականների և մասնագետների փոխանակումը,●
գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացումը համատեղ սեմինարների, գիտաժողովների, աշխատանքային հանդիպումների և գործնական վերապատրաստման միջոցով,●
գիտական և տեխնիկական տեղեկատվության փոխանակումը:Համագործակցությունը կարող է իրականացվել նաև Կողմերի միջև համաձայնեցված այլ միջոցներով, որոնք կապահովեն սույն Հուշագրի իրականացումը:
Համագործակցության ձևերն ընտրելիս և սահմանելիս Կողմերն առաջնորդվում են բացառապես գիտության զարգացման և երկու երկրների տնտեսական ու սոցիալական առաջընթացի շահերով:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Հուշագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի Առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի գործունեության շրջանակներում` հիմք ընդունելով 2002 թվականի ապրիլի 20-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:
Սույն Հուշագրի շրջանակներում գիտական համագործակցության կազմակերպումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության կողմից` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից` կրթության նախարարությունը:
ՀՈԴՎԱԾ 6
Հաշվի առնելով փորձագիտական նախագծման և գիտական հետազոտությունների զարգացումը միջազգային մակարդակի վրա պահելու կարևորությունը` Կողմերը փոխշահավետ պայմաններով կխրախուսեն նոր տեխնոլոգիաների փոխանակումը: Նրանք հատուկ ուշադրություն կդարձնեն գիտնականների համար նոր և եզակի փորձարարական կայանների, սարքերի, սարքավորումի հասանելիությանը և համագործակցության հիմունքներով կմասնակցեն դրանց մշակմանը, արտադրությանն ու ձեռքբերմանը:
ՀՈԴՎԱԾ 7
Հաշվի առնելով հեղինակային և սեփականության իրավունքները` Կողմերը, երկու երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան, համաշխարհային գիտական հանրությանը հասանելի կդարձնեն համագործակցության ընթացքում ստացված գիտական և գիտատեխնիկական տեղեկությունները` կիրառելով տեղեկությունների տարածման ընդունված եղանակները:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, կապահովեն սույն Հուշագրի շրջանակում իրականացվող համագործակցության արդյունքում ստեղծված մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն ու կիրառմանն առնչվող հարցերը կարգավորվում են սույն Հուշագրի 3-րդ հոդվածում հիշատակված մարմինների և կազմակերպությունների միջև ստորագրված համաձայնագրերով` հաշվի առնելով յուրաքանչյուր Կողմի ազգային օրենսդրությունը:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Հուշագիրը չի ազդի Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող Կողմերի իրավունքների և պարտավորությունների վրա: Սույն Հուշագրի դրույթներն իրականացվում են Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերի համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն գրավոր կերպով` առանձին արձանագրություններով և կկազմեն սույն Հուշագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Հուշագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում առաջացած վեճերը և տարաձայնությունները կկարգավորվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվանից, երբ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին տեղեկացնում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին: Սույն Հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով:
Սույն Հուշագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, քանի դեռ Կողմերից որևէ մեկը սույն Հուշագրի գործողության ժամկետի ավարտից վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չի ծանուցել սույն Հուշագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Հուշագրում կատարված փոփոխությունները կամ դրա դադարեցումը չեն ազդի փոփոխություններից և դադարեցումից առաջ Հուշագրի շրջանակում Կողմերի ստանձնած իրավունքների և պարտավորությունների վրա:
Կատարված է Դուբայ քաղաքում, 2016 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Հուշագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնությունների դեպքում` նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. մայիսի 25-ին