ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Բուլղարիան, Չիլին, Չինաստանը, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Կուբան, Դանիան, Բրիտանական Կայսրությունը (Նոր Զելանդիայի և Հնդկաստանի հետ), Իսպանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Գվատեմալան, Հայիթին, Հոնդուրասը, Իտալիան, Ճապոնիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Պանաման, Պարագվայը, Նիդերլանդները, Պարսկաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբ-Խորվաթ-Սլովենական Պետությունը, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխոսլովակիան, Ուրուգվայը և Վենեսուելան,
ցանկանալով ապահովել հաղորդակցությունների և տարանցման ազատության երաշխավորվածությունն ու պահպանումը,
ենթադրելով, որ նման հարցերում ընդհանուր կոնվենցիաները, որոնց ավելի ուշ կարող են միանալ այլ տերություններ, հանդիսանում են Ազգերի լիգայի դաշնագրի 23-րդ հոդվածի ե կետով սահմանված նպատակն իրագործելու լավագույն մեթոդը,
ընդունելով, որ, որպես պետությունների միջև համագործակցության զարգացման լավագույն միջոց, նպատակահարմար է հռչակել ազատ տարանցման իրավունքը և այդ կապակցությամբ սահմանել կանոնակարգեր՝ առանց սահմանափակելու նրանց ինքնիշխանության կամ տարանցման համար առկա երթուղիների նկատմամբ ունեցած իրավունքները,
ընդունած լինելով Ազգերի լիգայի՝ 1921 թվականի մարտի 14-ին Բարսելոնայում կայացած Խորհրդաժողովին մասնակցելու հրավերը և հաշվի առնելով այդ Խորհրդաժողովի եզրափակիչ ակտը,
ցանկանալով անմիջապես ուժի մեջ դնել նշված վայրում ընդունված՝ «Երկաթուղային գծով կամ ջրային ուղիներով տարանցման վերաբերյալ» կանոնակարգերի դրույթները,
ցանկություն ունենալով այդ նպատակով կնքելու կոնվենցիա՝ Պայմանավորվող բարձր կողմերն իրենց լիազոր ներկայացուցիչներ են նշանակել.
[…]
ովքեր, փոխանակելով իրենց լիազորությունները, որոնք սահմանված կարգի և ձևի շրջանակներում են, համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող բարձր կողմերը հայտարարում են, որ ընդունում են սույն փաստաթղթին կից ներկայացված` «Տարանցման ազատության մասին» Կանոնադրությունը, որն ընդունվել է Բարսելոնայի Խորհրդաժողովում 1921 թվականի ապրիլի 14-ին։
Սույն Կանոնադրությունը համարվում է սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը: Հետևաբար նրանք սույնով հայտարարում են, որ ընդունում են նշված Կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները և պարտականությունները՝ դրանում նշված ժամկետներին և պայմաններին համապատասխան։
Հոդված 2
Սույն Կոնվենցիան որևէ կերպով չի շոշափում 1919 թվականի հունիսի 28-ին Վերսալում ստորագրված Խաղաղության պայմանագրի դրույթներից կամ համապատասխան այլ պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները՝ այնքանով, որքանով դրանք առնչվում են այդ պայմանագրերն ստորագրած կամ դրանցից շահ ունեցող տերություններին։
Հոդված 3
Սույն Կոնվենցիան, որի և՛ ֆրանսերեն, և՛ անգլերեն տեքստերը բնօրինակ են, թվագրվում է սույն օրվա ամսաթվով և ստորագրման համար բաց է մինչև 1921 թվականի դեկտեմբերի 1-ը։
Հոդված 4
Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերացման մասին փաստաթղթերը կփոխանցվեն Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարին, ով դրանց ստացման մասին կծանուցի Լիգայի մյուս անդամներին և այն պետություններին, որոնք ընդունել են Կոնվենցիան ստորագրման։
Վավերացման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում քարտուղարության արխիվ:
Ազգերի լիգայի դաշնագրի 18-րդ հոդվածի դրույթների հետ համապատասխանությունն ապահովելու համար Գլխավոր քարտուղարը կգրանցի սույն Կոնվենցիան վավերացման մասին առաջին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին։
Հոդված 5
Ազգերի լիգայի այն անդամները, որոնք սույն Կոնվենցիան ստորագրած չեն լինի մինչև 1921 թվականի դեկտեմբերի 1-ը, կարող են միանալ դրան։
Նույն կարգը կիրառվում է Լիգայի անդամ չհանդիսացող պետությունների նկատմամբ, որոնց առնչությամբ Լիգայի խորհուրդը կարող է պաշտոնապես որոշում կայացնել սույն Կոնվենցիան նրանց ներկայացնելու մասին։
Միանալու որոշման մասին կծանուցվի Լիգայի գլխավոր քարտուղարը, ով շահագրգիռ բոլոր տերություններին կտեղեկացնի միանալու որոշման մասին և կհաղորդի այդ մասին ծանուցվելու ամսաթիվը։
Հոդված 6
Սույն Կոնվենցիան ուժի մեջ չի մտնի մինչև վավերացվի հինգ տերության կողմից։ Այն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերացումը Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` իննսուներորդ օրը։ Դրանից հետո սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնելու յուրաքանչյուր Կողմի համար՝ դրա վավերացման մասին փաստաթուղթը կամ դրան միանալու մասին ծանուցումը ստանալու օրվան հաջորդող իննսուներորդ օրը։
Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Գլխավոր քարտուղարը դրա վավերացված օրինակը կհանձնի Լիգայի անդամներ չհանդիսացող Ուժերին, որոնք, Խաղաղության պայմանագրերի համաձայն, պետք է միանան դրան։
Հոդված 7
Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարը հատուկ գրանցումներ է կատարում, որոնք ցույց են տալիս, թե որ Կողմերն են ստորագրել, վավերացրել սույն Կոնվենցիան, միացել դրան կամ դադարեցրել այն։ Այդ գրանցումները ցանկացած պահի բաց են Լիգայի անդամների համար. դրանք հրապարակվում են հնարավորինս հաճախ՝ Խորհրդի հրահանգներին համապատասխան։
Հոդված 8
Պահպանելով սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթները՝ այն կարող է դադարեցվել դրա ցանկացած Կողմի կողմից՝ այդ Կողմի համար այն ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարին լրանալուց հետո։ Դադարեցումն իրականացվում է Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցմամբ։ Վերջինս այդպիսի ծանուցման օրինակներն անմիջապես փոխանցում է մյուս բոլոր Կողմերին՝ նրանց տեղեկացնելով դրա ստացման ամսաթվի մասին։
Դադարեցումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարին այդ մասին ծանուցելու ամսաթվից մեկ տարի հետո և կիրառվում է միայն ծանուցող տերության նկատմամբ։
Հոդված 9
Սույն Կոնվենցիայի վերանայման մասին պահանջ կարող է ներկայացվել ցանկացած պահի` Պայմանավորվող բարձր կողմերի մեկ երրորդի կողմից։
Ի վկայություն որի՝ վերը նշված լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին սույն Կոնվենցիան։
Կատարված է Բարսելոնայում հազար ինը հարյուր քսանմեկ թվականի ապրիլի քսանին` մեկ եզակի օրինակով, որը պահվում է Ազգերի լիգայի արխիվում։
Տարանցման ազատության մասին Կանոնադրություն
Հոդված 1
Անձինք, ուղեբեռը և ապրանքները, ինչպես նաև նավերը` ուղևորատար և ապրանքատար, ինչպես նաև տրանսպորտային մյուս միջոցները համարվում են Պայմանավորվող պետություններից մեկի ինքնիշխանության կամ իշխանության ներքո գտնվող տարածքով տարանցման մեջ, եթե այդպիսի տարածքով անցումը` վերբեռնմամբ, պահեստավորմամբ, խմբաքանակի բաժանումով, փոխադրման եղանակի փոփոխությամբ կամ առանց դրանց, ամբողջական ճամփորդության միայն մի մասն է, որն սկսվում և ավարտվում է այն Պետության սահմաններից դուրս, որի տարածքում տեղի է ունենում տարանցումը։
Այդ բնույթի փոխադրման համար սույն Կանոնադրության մեջ օգտագործվում է «տարանցիկ փոխադրում» եզրույթը։
Հոդված 2
Պահպանելով սույն Կանոնադրության մյուս դրույթները՝ Պայմանավորվող պետությունների կողմից իրենց ինքնիշխանության կամ իշխանության ներքո գտնվող տարածքով փոխադրումների կարգավորման և իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները կնպաստեն երկաթգծով կամ ջրային ուղիներով ազատ տարանցմանը` միջազգային տարանցման հարմար երթուղիներով: Տարբերակում չպետք է դրվի անձանց ազգության, նավերի դրոշների, ապրանքների ծագման վայրի, մեկնման, մուտքի, ելքի կամ նշանակման վայրի կամ ցանկացած այլ հանգամանքների միջև, որոնք վերաբերում են ապրանքների կամ նավերի, ուղևորատար կամ ապրանքատար կազմին կամ տրանսպորտային այլ միջոցների պատկանելությանը։
Սույն հոդվածի դրույթների կիրառությունն ապահովելու համար Պայմանավորվող պետություններն ընդունված պայմաններով ու վերապահումներով կթույլատրեն իրենց տարածքային ջրերով տարանցում։
Հոդված 3
Տարանցիկ փոխադրումների դեպքում չպետք է կիրառվեն տարանցման (ներառյալ` մուտքի և ելքի) մասով հատուկ տուրքեր։ Այնուամենայնիվ, տարանցիկ փոխադրման համար կարող են գանձվել այնպիսի տուրքեր, որոնք բացառապես նախատեսված են նման տարանցիկ փոխադրման ընթացքում վերահսկման և կառավարման հետ կապված ծախսերը ծածկելու համար։ Ցանկացած այդպիսի տուրքի դրույքաչափը պետք է հնարավորինս համապատասխանի այն ծախսերին, որոնք ծածկելու համար դրանք նախատեսված են, և տուրքերը պետք է սահմանվեն նախորդ հոդվածով սահմանված հավասարության պայմաններով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որոշակի երթուղիներում այդպիսի տուրքերի գումարը կարող է նվազեցվել կամ նույնիսկ հանվել՝ հաշվի առնելով վերահսկման հետ կապված ծախսերում առկա տարբերությունները։
Հոդված 4
Պայմանավորվող պետությունները պարտավորվում են պետության կողմից կամ կոնցեսիայի հիման վրա շահագործվող կամ կառավարվող երթուղիներով տարանցիկ փոխադրման նկատմամբ (անկախ մեկնման կամ նշանակման վայրից) կիրառել այնպիսի սակագներ, որոնք, հաշվի առնելով երթուղիների միջև առկա երթևեկության պայմանները և առևտրային մրցակցության նկատառումները, ողջամիտ են թե՛ իրենց դրույքաչափերի, թե՛ կիրառման մեթոդների առումով։ Այդ սակագները սահմանվում են այնպես, որ հնարավորինս նպաստեն միջազգային երթևեկությանը։ Ոչ մի գանձում, արտոնություն կամ սահմանափակում ուղղակիորեն կամ անուղղակիորեն չպետք է կախված լինի այն նավի կամ այլ փոխադրամիջոցի պետական պատկանելությունից կամ սեփականությունից, որով ամբողջական ճամփորդության մի մասն իրականացվել է կամ պետք է իրականացվի։
Հոդված 5
Սույն Կանոնադրությամբ ոչ մի Պայմանավորվող պետություն չի պարտավորվում թույլ տալ այն ուղևորների տարանցիկ անցումը, որոնց մուտքը իր տարածք արգելված է, կամ այն տեսակի ապրանքների տարանցիկ փոխադրումը, որոնց ներմուծումն արգելված է կա՛մ հանրային առողջապահության, կա՛մ անվտանգության նկատառումներից ելնելով, կա՛մ որպես նախազգուշական միջոց կենդանիների կամ բույսերի հիվանդությունների դեմ:
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իրավունք ունի ձեռնարկելու ողջամիտ նախազգուշական միջոցներ` ապահովելու համար, որ անձինք, ուղեբեռն ու ապրանքները, մասնավորապես` մենաշնորհային ապրանքները, նաև նավերը, ուղևորատար կամ ապրանքատար կազմերը և այլ տրանսպորտային միջոցները իսկապես տարանցում կատարեն, ինչպես նաև տարանցող ուղևորներին ճամփորդությունն ավարտելու հնարավորություն տրվի, և երթուղիների ու հաղորդակցման միջոցների անվտանգությունն ապահովվի:
Սույն Կանոնադրության ոչ մի դրույթ չի շոշափում այն միջոցները, որոնք Պայմանավորվող պետություններից որևէ մեկը կարող է պարտավորված լինել ձեռնարկելու այն ընդհանուր միջազգային կոնվենցիաների ներքո, որոնց կողմ է հանդիսանում կամ որոնք կարող է կնքել հետագայում, մասնավորապես` Ազգերի լիգայի հովանու ներքո կնքված կոնվենցիաների, որոնք վերաբերում են կոնկրետ տեսակի ապրանքների, ինչպես, օրինակ՝ ափիոնի կամ այլ վտանգավոր թմրանյութերի, զենքի կամ ձկնաբուծական արտադրանքի տարանցիկ փոխադրմանը, արտահանմանը կամ ներմուծմանը, կամ, համաձայն ընդհանուր Կոնվենցիաների, նախատեսված են արդյունաբերական, գրական կամ գեղարվեստական սեփականությանն առնչվող իրավախախտումները կանխելու համար կամ առնչվում են կեղծ ապրանքային նշաններին, կեղծ ծագման նշաններին կամ անբարեխիղճ մրցակցության այլ միջոցների։
Փոխադրման ցանկացած ծառայություն, որը տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով ջրային ուղիների վրա ստեղծվել է որպես մենաշնորհային, պետք է այնպես կազմակերպվի, որ չխոչընդոտի նավերի տարանցմանը։
Հոդված 6
Սույն Կանոնադրությամբ Պայմանավորվող պետություններից ոչ մեկը նոր պարտավորություն չի ստանձնում՝ կապված քաղաքացիներին և նրանց ուղեբեռին կամ Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության դրոշին կամ ապրանքներին կամ ուղևորատար և ապրանքատար կազմերին կամ տրանսպորտային այլ միջոցներին փոխադրման ազատություն շնորհելու հետ, երբ դրանք գալիս կամ մուտք են գործում կամ մեկնում են Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարանցման համար հիմնավոր պատճառ է ներկայացնում մյուս շահագրգիռ Պայմանավորվող պետություններից որևէ մեկը: Համաձայնեցվում է, որ, սույն հոդվածի նպատակներով, Պայմանավորվող Պետության դրոշի ներքո տարանցիկ ռեժիմով փոխադրվող ապրանքների նկատմամբ կիրառվում են այդ դրոշին շնորհված արտոնությունները, եթե վերբեռնում չի կատարվում։
Հոդված 7
Ընդհանուր կամ կոնկրետ բնույթի միջոցները, որոնք Պայմանավորվող պետությունը ստիպված է ձեռնարկել իր պետության անվտանգությանը կամ երկրի կենսական շահերին սպառնացող արտակարգ իրավիճակի դեպքում, կարող են բացառիկ դեպքերում և հնարավորինս կարճ ժամկետներով հանգեցնել վերոհիշյալ հոդվածների դրույթներից շեղումների՝ պայմանով, որ տարանցման ազատության սկզբունքը պետք է հնարավորինս պահպանվի:
Հոդված 8
Պատերազմի ընթացքում սույն Կանոնադրությունը չի սահմանում պատերազմող և չեզոք կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Կանոնադրությունը, այնուամենայնիվ, շարունակում է ուժի մեջ մնալ պատերազմի ընթացքում այնքանով, որքանով նշված իրավունքներն ու պարտականությունները թույլ են տալիս:
Հոդված 9
Սույն Կանոնադրությամբ Պայմանավորվող պետության համար չեն սահմանվում այնպիսի պարտավորություններ, որոնք հակասում են նրա` որպես Ազգերի լիգայի անդամ պետության իրավունքներին ու պարտականություններին:
Հոդված 10
Սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելը չեղյալ չի հայտարարի Պայմանավորվող պետությունների կողմից նախքան 1921 թվականի մայիսի 1-ը կնքված՝ տարանցման խնդիրներին վերաբերող պայմանագրերը, կոնվենցիաները և համաձայնագրերը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ համաձայնագրերը շարունակում են մնալ ուժի մեջ՝ Պայմանավորվող պետությունները պարտավորվում են, համաձայնագրի գործողության դադարեցման միջոցով, կամ երբ հանգամանքները հնարավորություն կտան, ուժի մեջ մնացած այն համաձայնագրերում, որոնք հակասում են սույն Կանոնադրության դրույթներին, կատարել այդ դրույթների հետ համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ փոփոխություններ՝ այնքանով, որքանով թույլ են տալիս համապատասխան երկրների կամ տարածքների աշխարհագրական, տնտեսական կամ տեխնիկական պայմանները։
Պայմանավորվող պետությունները նաև պարտավորվում են հետագայում չկնքել պայմանագրեր, կոնվենցիաներ կամ համաձայնագրեր, որոնք չեն համապատասխանի սույն Կանոնադրության դրույթներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցից բացառիկ շեղումները արդարացվում են աշխարհագրական, տնտեսական կամ տեխնիկական հանգամանքներով։
Ավելին, Պայմանավորվող պետությունները կարող են տարանցման խնդիրների առնչությամբ ձեռք բերել տարածաշրջանային պայմանավորվածություններ՝ սույն Կանոնադրության սկզբունքներին համապատասխան։
Հոդված 11
Սույն Կանոնադրությունը ոչ մի կերպ չի հանգեցնում այն հնարավորություններից օգտվելու իրավունքից զրկվելուն, որոնք ավելի մեծ են, քան Կանոնադրությամբ նախատեսված հնարավորությունները, և որոնք Կանոնադրության սկզբունքներին համահունչ լինելու դեպքում տրամադրվում են Պայմանավորվող պետության ինքնիշխանության կամ իշխանության ներքո գտնվող տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում: Կանոնադրությունը չի նախատեսում նաև հետագայում նման ավելի մեծ հնարավորություններ տրամադրելու արգելքներ:
Հոդված 12
Ազգերի լիգայի դաշնագրի 23-րդ հոդվածի ե կետին համապատասխան՝ ցանկացած Պայմանավորվող պետություն, որը կարող է բավարար հիմքեր բերել իր տարածքի մի մասում կամ ամբողջ տարածքում սույն Կանոնադրության որևէ դրույթ չկիրառելու համար՝ պայմանավորված 1914-1918 թվականների ընթացքում իր հողի վրա իրականացված ավերածությունների հետևանքով առաջացած ծանր տնտեսական դրությամբ, ժամանակավորապես ազատվում է այդ դրույթի կիրառումից բխող պարտավորությունից՝ պայմանով, որ տարանցման ազատության սկզբունքը հնարավորինս պետք է պահպանվի:
Հոդված 13
Սույն Կանոնադրության մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ առաջացող ցանկացած վեճ, որն ուղղակիորեն չեն լուծում Կողմերը, ներկայացվում է Միջազգային արդարադատության մշտական դատարան, եթե հատուկ համաձայնությամբ կամ ընդհանուր արբիտրաժային որոշմամբ քայլեր չեն ձեռնարկվում վեճը արբիտրաժի կամ որևէ այլ միջոցով լուծելու համար:
Դատական գործը հարուցվում է Միջազգային արդարադատության մշտական դատարանի կանոնադրության 40-րդ հոդվածով սահմանված կարգով:
Նման վեճերը հնարավորության սահմաններում հաշտությամբ լուծելու համար, այնուամենայնիվ, Պայմանավորվող պետությունները, նախքան դատավարության դիմելը և չխախտելով Խորհրդի և Ասամբլեայի լիազորություններն ու իրավունքները, պարտավորվում են այդպիսի վեճերը եզրակացություն ստանալու համար ներկայացնել որևէ մարմնի, որը հիմնադրվել է Ազգերի լիգայի կողմից` որպես Ազգերի լիգայի՝ հաղորդակցման ու տարանցման հարցերով խորհրդատվական և տեխնիկական կազմակերպություն: Հրատապ դեպքերում նախնական եզրակացությամբ կարող է խորհուրդ տրվել ձեռնարկել ժամանակավոր միջոցներ, որոնցով մասնավորապես կվերականգնվեն տարանցման ազատությանն առնչվող այն հնարավորությունները, որոնք գոյություն են ունեցել նախքան վեճի առաջացման պատճառ դարձած գործողությունը կամ դեպքը:
Հոդված 14
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ Պայմանավորվող պետությունների տարածքներում կամ դրանց անմիջական հարակից տարածքներում կան տարածաշրջաններ կամ անկլավներ, որոնք այդ տարածքների համեմատ ունեն փոքր տարածություն և փոքրաթիվ բնակչություն, և որ այդ տարածաշրջանները կամ անկլավներն այլ մայր պետության անջատ մասն են կամ բնակավայրերը, և վարչական կարգի պատճառով գործնականում անհնար է սույն Կանոնադրության դրույթները կիրառել դրանց նկատմամբ, համաձայնություն է ձեռք բերվել, որ այս դրույթները չկիրառվեն դրանց նկատմամբ:
Նախատեսված նույն կարգը կիրառվում է, եթե գաղութը կամ կախյալ տարածքը դրա մակերեսի համեմատ ունի չափազանց երկար սահման, և երբ դրա հետևանքով գործնականում անհնար է իրականացնել անհրաժեշտ մաքսային և ոստիկանական վերահսկողություն:
Համապատասխան պետությունները, այնուամենայնիվ, վերը նշված դեպքերում կկիրառեն այնպիսի ռեժիմ, որը կպահպանի սույն Կանոնադրության սկզբունքները և հնարավորինս կնպաստի տարանցմանն ու հաղորդակցություններին:
Հոդված 15
Ենթադրվում է, որ սույն Կանոնադրությունը չպետք է մեկնաբանվի որպես նույն ինքնիշխան պետության մաս կազմող կամ նրա պաշտպանության ներքո գտնվող տարածքների միմյանց նկատմամբ իրավունքներն ու պարտավորությունները որևէ կերպ կարգավորող ակտ, անկախ այն հանգամանքից՝ այդ տարածքներն Ազգերի լիգայի առանձին անդամներ են, թե ոչ:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013 թ. օգոստոսի 22-ին։