Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախաբան
Պայմանավորվող կողմերը՝
i. գիտակցելով միջազգային հանրության համար միջուկային էներգիայի ապահով, լավ կարգավորված և էկոլոգիապես անվտանգ օգտագործման կարևորությունը,
ii. վերահաստատելով ողջ աշխարհում միջուկային անվտանգության բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը,
iii. վերահաստատելով, որ միջուկային անվտանգության ստուգումների համար պատասխանատվությունը դրված է միջուկային օբյեկտի նկատմամբ իրավազորությամբ օժտված Պետության վրա,
iv. ցանկանալով նպաստել արդյունավետ միջուկային անվտանգության պրակտիկայի կիրառմանը,
/5/ գիտակցելով, որ միջուկային օբյեկտներում տեղի ունեցող պատահարները կարող են անդրսահմանային հետևանքներ ունենալ,
v. մտապահելով Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիան /1979/, Միջուկային պատահարների մասին վաղ ազդարարման մասին կոնվենցիան /1986/ և Միջուկային պատահարի կամ ռադիոակտիվ վթարի դեպքում աջակցության ցուցաբերման մասին կոնվենցիան /1986/,
vi. հաստատելով գործող երկկողմ և բազմակողմ մեխանիզմների միջոցով միջուկային անվտանգության բարելավմանն ու սույն խթանող Կոնվենցիայի ստեղծմանն ուղղված միջազգային համագործակցության կարևորությունը,
vii. գիտակցելով, որ սույն Կոնվենցիայով սահմանվում է ավելի շուտ միջուկային օբյեկտներում անվտանգության ապահովման արմատական սկզբունքների, քան անվտանգության մանրամասն չափանիշների կիրառման պարտավորություն, և որ գոյություն ունի մի շարք պարբերաբար թարմացվող` անվտանգությանը վերաբերող հրահանգներ, որոնք պարունակում են ցուցումներ անվտանգության ամենաբարձր մակարդակի ապահովմանն ուղղված արդիական միջոցների վերաբերյալ,
viii. հաստատելով ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին միջազգային կոնվենցիայի մշակման աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու կարիքը, քանի դեռ թափոնների կառավարման անվտանգության հիմնադրույթների մշակման շարունակական գործընթացը արդյունք է հանդիսացել միջազգային լայն փոխըմբռնման համար,
ix. ճանաչելով միջուկային վառելիքի ցիկլի այլ մասերի անվտանգության ապահովման հետ կապված հետագա տեխնիկական աշխատանքների անհրաժեշտությունը, և որ այդպիսի աշխատանքները կարող են ժամանակի ընթացքում նպաստել գործող և ապագա միջազգային մեխանիզմների զարգացմանն ու մշակմանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Գլուխ 1
Նպատակներ, սահմանումներ և կիրառման ոլորտ
Հ ո դ վ ա ծ 1
Նպատակներ
Սույն Կոնվենցիայի նպատակներն են.
i. ազգային մակարդակի վրա ձեռնարկվող միջոցների և միջազգային համագործակցության, այդ թվում, համապատասխան դեպքերում, անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական համագործակցության միջոցով ձեռք բերել և պահպանել միջուկային անվտանգության բարձր մակարդակ ողջ աշխարհում,
ii. միջուկային օբյեկտներում ստեղծել և կիրառել արդյունավետ պաշտպանիչ միջոցներ` այդպիսի օբյեկտների գործունեության արդյունքում առաջացող իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից անձանց, հասարակության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով,
iii. կանխել ռադիոակտիվ հետևանքներ ունեցող պատահարները, իսկ հետևանքների առկայության դեպքում` նվազեցնել դրանց ազդեցությունը:
Հ ո դ վ ա ծ 2
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի իմաստով.
i. «միջուկային օբյեկտը» յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար նշանակում է՝ այդ Պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած ցամաքային քաղաքացիական ատոմային էլեկտրակայան` ներառյալ նույն տարածքում գտնվող և ատոմային էլեկտրակայանի գործունեության հետ անմիջականորեն կապված` ռադիոակտիվ նյութերի պահեստավորման, օգտագործման և մշակման համար նախատեսված շինությունները: Այդպիսի էլեկտրակայանը դադարում է միջուկային օբյեկտ հանդիսանալ, եթե ռեակտորի ակտիվ գոտուց մշտապես հեռացվել և, սահմանված կարգի համաձայն, ապահով կերպով պահեստավորվել են միջուկային վառելիքի բոլոր տարրերը, և կարգավորող մարմնի կողմից հաստատվել է շահագործումից հանելու ծրագիրը,
ii. «կարգավորող մարմինը» յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար այն մարմինն է կամ մարմիններն են, որոնց տվյալ Պայմանավորվող կողմը լիազորում է՝ տրամադրել լիցենզիաներ և իրականացնել միջուկային օբյեկտների շինարարության պլանավորման, նախագծման, շինարարության, շահագործման, գործունեության և շահագործումից հանելու գործընթացների կարգավորումը,
iii. «լիցենզիան» կարգավորող մարմնի կողմից հայտատուին տրված ցանկացած թույլտվությունն է, որի համաձայն վերջինս պատասխանատվություն է ստանձնում միջուկային օբյեկտների շինարարության պլանավորման, նախագծման, շինարարության, շահագործման, գործունեության և շահագործումից հանելու գործընթացների իրականացման համար:
Հ ո դ վ ա ծ 3
Կիրառման շրջանակը
Սույն Կոնվենցիայով կարգավորվում է միջուկային օբյեկտների անվտանգությունը:
Գլուխ 2
Պարտավորություններ
ա/ Ընդհանուր դրույթներ
Հ ո դ վ ա ծ 4
Կոնվենցիայի իրագործմանն ուղղված միջոցներ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր ազգային օրենսդրության շրջանակներում ձեռնարկում է օրենսդրական, կանոնակարգային, վարչարարական և այլ բնույթի միջոցներ` սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարումն ապահովելու համար:
Հ ո դ վ ա ծ 5
Հաշվետվություն
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ 20-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր հանդիպումից առաջ քննարկման համար ներկայացնում է հաշվետվություն` սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով իր կողմից ձեռնարկված միջոցների մասին:
Հ ո դ վ ա ծ 6
Գործող միջուկային օբյեկտներ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող միջուկային օբյեկտներին ներկայացվող անվտանգության պահանջները հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայվեն: Երբ, սույն Կոնվենցիայի համաձայն, այդպիսի անհրաժեշտություն է ծագում, Պայմանավորվող կողմն ապահովում է առաջնային կարգով միջուկային օբյեկտի անվտանգության համակարգի բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցների իրականացումը: Եթե այդպիսի կատարելագործումն անհնար է, ապա իրագործվում է միջուկային օբյեկտը հնարավորինս սեղմ ժամանակահատվածում շահագործումից հանելու պլանը: Շահագործումից հանելու համար անհրաժեշտ ժամկետը որոշելիս կարելի է հաշվի առնել էներգետիկ համատեքստը, հնարավոր այլընտրանքները, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքները:
բ/ Օրենսդրություն և կանոնակարգում
Հ ո դ վ ա ծ 7
Օրենսդրական և կանոնակարգային համակարգ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մշակում և կիրառում է միջուկային օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված իր սեփական օրենսդրական և կանոնակարգային համակարգը:
2. Օրենսդրական և կանոնակարգային համակարգը նախատեսում է.
i. անվտանգության ապահովման ազգային կիրառելի պահանջների և կանոնակարգերի մշակում,
ii. միջուկային օբյեկտների հետ կապված գործունեության լիցենզավորման համակարգ և լիցենզիայի բացակայության դեպքում միջուկային օբյեկտի գործունեության արգելում,
iii. միջուկային օբյեկտների նկատմամբ կանոնավոր զննումների և գնահատումների համակարգի կիրառում, որը կոչված է՝ ապահովելու համապատասխանությունը կիրառելի կանոնակարգերի և լիցենզիաների պայմանների հետ,
iv. հսկողության իրականացում կիրառելի կանոնակարգերի և լիցենզիաների պայմանների կատարման նկատմամբ, ներառյալ դրանց գործողության դադարեցումը, պայմաններում փոփոխություններ կատարելը և չեղյալ հայտարարելը:
Հ ո դ վ ա ծ 8
Կարգավորող մարմինը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ստեղծում կամ նշանակում է կարգավորող մարմին, որին վերապահվում է 7-րդ հոդվածում նշված օրենսդրական և կանոնակարգային համակարգի կիրառման պարտականությունը, և որն օժտված է համապատասխան լիազորություններով ու իրավասություններով և ապահովված է իրեն վերապահված պարտականությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսներով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում կարգավորող մարմնի և միջուկային էներգետիկայի զարգացման հարցերով ու միջուկային էներգիայի օգտագործմամբ զբաղվող որևէ այլ մարմնի կամ կազմակերպության գործառույթների արդյունավետ բաժանումն ապահովելու համար:
Հ ո դ վ ա ծ 9
Լիցենզիա կրողի պատասխանատվությունը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ միջուկային օբյեկտի անվտանգության համար պատասխանատվությունը կրի համապատասխան լիցենզիա ստացած կազմակերպությունը, և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում լիցենզիա ստացած տվյալ կազմակերպության կողմից սահմանված պահանջների կատարումն ապահովելու համար:
գ/ Անվտանգության ապահովման ընդհանուր դրույթներ
Հ ո դ վ ա ծ 10
Անվտանգության ապահովման կարևորությունը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ միջուկային օբյեկտների հետ ուղղակիորեն կապված բոլոր կազմակերպությունների կողմից իրականացվող քաղաքականության մեջ առաջնային տեղ գրավի միջուկային անվտանգության ապահովումը:
Հ ո դ վ ա ծ 11
Ֆինանսական և մարդկային ռեսուրսներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում յուրաքանչյուր միջուկային օբյեկտի շահագործման ողջ ժամանակահատվածի ընթացքում դրա անվտանգության ապահովման համար անհրաժեշտ համապատասխան ֆինանսական միջոցների առկայությունն ապահովելու համար:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում յուրաքանչյուր միջուկային օբյեկտի շահագործման ողջ ժամանակահատվածի ընթացքում դրա անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր գործողությունների կատարման համար համապատասխան կրթություն ստացած, պատրաստում կամ վերապատրաստում անցած մասնագիտացված անձնակազմի առկայությունն ապահովելու համար:
Հ ո դ վ ա ծ 12
Մարդկային գործոններ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ մարդկային կարողությունները և դրանց սահմանափակումները համապատասխան կերպով հաշվի առնվեն միջուկային օբյեկտի շահագործման ողջ ժամանակահատվածի ընթացքում:
Հ ո դ վ ա ծ 13
Որակի ապահովում
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում միջուկային օբյեկտի շահագործման ողջ ժամանակահատվածի ընթացքում միջուկային անվտանգության ապահովման համար կարևոր բոլոր գործողություններին վերաբերող հատուկ պահանջների կատարման նկատմամբ վստահության ստեղծմանն ուղղված` որակի ապահովման ծրագրերի մշակումը և իրականացումն ապահովելու համար:
Հ ո դ վ ա ծ 14
Անվտանգության գնահատում և ստուգում
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ.
i. մինչև միջուկային օբյեկտի կառուցումն ու շահագործումը և շահագործման ողջ ժամանակահատվածի ընթացքում իրականացվեն համապարփակ և համակարգված անվտանգության գնահատումներ: Այդ գնահատումները պետք է արձանագրվեն, պարբերաբար թարմացվեն` հաշվի առնելով գործնական փորձը և անվտանգության ապահովման վերաբերյալ նորագույն գիտելիքները, և վերանայման ենթարկվեն կարգավորող մարմնի լիազորությունների շրջանակներում,
ii. վերլուծությունների, դիտարկումների, տեստերի և զննումների միջոցով իրականացվող ստուգումները կոչված են՝ ապահովելու, որ միջուկային օբյեկտի ֆիզիկական վիճակը և գործունեությունը շարունակ համապատասխանեն այդ օբյեկտի նախագծին, անվտանգության ապահովման՝ կիրառելի ազգային պահանջներին, արտադրական սահմանափակումներին և պայմաններին:
Հ ո դ վ ա ծ 15
Պաշտպանություն ռադիացիայից
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ ցանկացած աշխատանքային ռեժիմի դեպքում աշխատակիցների և բնակչության վրա միջուկային օբյեկտի գործունեության արդյունքում արձակվող ռադիացիայի ազդեցությունը կպահպանվի գործնականում հնարավոր ամենացածր մակարդակի վրա, և որ ոչ մի անձ չի ենթարկվի ռադիացիայի այնպիսի դոզաների ազդեցության, որոնք գերազանցում են ազգային օրենսդրությամբ սահմանված քանակը:
Հ ո դ վ ա ծ 16
Պատրաստվածություն արտակարգ իրավիճակներում
i. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում օբյեկտի տարածքում և տարածքից դուրս ծագող արտակարգ իրավիճակների դեպքում կիրառվելիք պլանների առկայությունը, միջուկային օբյեկտում դրանց արդյունավետության ստուգումը և այդ պլանի մեջ՝ արտակարգ իրավիճակի դեպքում ձեռնարկվելիք բոլոր միջոցների ընդգրկվածությունն ապահովելու համար:
Ցանկացած միջուկային օբյեկտի համար այդպիսի պլանները մշակվում և փորձարկվում են մինչև կարգավորող մարմնի կողմից հաստատված ցածր հզորության մակարդակը գերազանցող հզորությունների անցնելը:
ii. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ քանի դեռ դրա տարածքում կարող է տեղի ունենալ ռադիոակտիվ պատահար, միջուկային օբյեկտի շրջակայքի բնակչությունը և շրջանի իրավասու մարմինները ապահովված լինեն արտակարգ իրավիճակների պլանավորման և հաղթահարման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ:
iii. Իրենց տարածքում միջուկային օբյեկտ չունեցող Պայմանավորվող կողմերը, քանի դեռ դրանք կարող են տուժել հարևանությամբ գտնվող միջուկային օբյեկտում տեղի ունեցած ռադիոակտիվ պատահարի հետևանքներից, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում իրենց տարածքում արտակարգ իրավիճակների համար պլանների մշակման և փորձարկման համար, որոնցում ներառված կլինեն բոլոր գործողությունները, որոնք կարող են իրականացվել այդպիսի արտակարգ իրավիճակի դեպքում:
դ/ Օբյեկտների անվտանգությունը
Հ ո դ վ ա ծ 17
Շինարարության համար տեղանքի ընտրություն
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ համապատասխան միջոցառումներ մշակվեն և իրականացվեն`
i. տեղանքին վերաբերող բոլոր այն գործոնների ուսումնասիրման համար, որոնք կարող են ազդել միջուկային օբյեկտի անվտանգության վրա շահագործման նախատեսվող ժամանակահատվածի ընթացքում,
ii. անձանց, բնակչության և շրջակա միջավայրի վրա նախագծվող միջուկային օբյեկտի հնարավոր բացասական ազդեցությունը գնահատելու համար,
iii. անհրաժեշտության դեպքում 1-ին և 2-րդ ենթակետերում նշված համապատասխան բոլոր գործոնների վերագնահատման համար, որպեսզի ապահովվի միջուկային օբյեկտի շարունակական համապատասխանությունը անվտանգության պահանջներին,
iv. նախագծվող միջուկային օբյեկտին սահմանակից Պայմանավորվող կողմերի հետ խորհրդակցելու համար, քանի դեռ դրանք կարող են ենթարկվել այդ օբյեկտի ազդեցությանը, պահանջի դեպքում այդ Պայմանավորվող կողմերին տրամադրելով տեղեկատվություն, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կատարել իրենց տարածքի վրա նախագծվող միջուկային օբյեկտի հավանական բացասական ազդեցության սեփական գնահատում:
Հ ո դ վ ա ծ 18
Նախագծում և կառուցում
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ.
i. միջուկային օբյեկտի նախագծով և շինարարության պլանով նախատեսվի պաշտպանության մի շարք վստահելի միջոցների և մեթոդների կիրառում, որոնք ուղղված կլինեն ռադիոակտիվ նյութերի արտանետման դեմ և կոչված կլինեն՝ կանխելու վթարները և նվազեցնելու ռադիոակտիվ հետևանքները, եթե այդպիսիք առաջանան,
ii. միջուկային օբյեկտի նախագծման և շինարարության համար օգտագործվող տեխնոլոգիաների վստահելիությունն ապացուցվի փորձով կամ հաստատվի համապատասխան տեստերի կամ անալիզների միջոցով,
iii. միջուկային օբյեկտի նախագիծը կապահովի դրա գործունեության վստահելիությունը, կայուն և դյուրին կառավարումը և դրանում հատուկ հաշվի կառնվեն մարդկային գործոնները և մարդ-մեքենա հարաբերությունները:
Հ ո դ վ ա ծ 19
Շահագործումը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար, որ.
i. միջուկային օբյեկտ գործարկելու սկզբնական թույլտվությունը տրամադրվի ապահովության վերլուծության և շահագործման համապատասխան ծրագրի հիման վրա,
ii. սահմանվեն և, ըստ անհրաժեշտության, թարմացվեն ապահովության վերլուծության, տեստերի և գործնական փորձի վրա հիմնված սահմանափակումներն ու պայմանները` շահագործման համար ապահով շրջանակներ հատկանշելու համար,
iii. միջուկային օբյեկտի շահագործումը, սպասարկումը, զննումը և ստուգումն իրականացվեն սահմանված կարգին համապատասխան,
iv. ընթացակարգեր սահմանվեն շահագործման ընթացքում տեղի ունեցող դեպքերին և պատահարներին արձագանքելու համար,
v. միջուկային օբյեկտի շահագործման ողջ ժամանակահատվածի ընթացքում անվտանգության ապահովման հետ կապված բոլոր ոլորտներում առկա լինի անհրաժեշտ ճարտարագիտական և տեխնիկական ապահովում,
vi. անվտանգությանը սպառնացող դեպքերի մասին համապատասխան լիցենզիան կրողը ժամանակին տեղեկացնի կարգավորող մարմնին,
vii. մշակվեն գործնական փորձի կուտակման և վերլուծության ծրագրեր, հաշվի առնվեն ստացված արդյունքներն ու արված եզրակացությունները և կարևոր փորձը միջազգային մարմինների և շահագործող այլ կազմակերպությունների և կարգավորող մարմինների միջև փոխանակելու համար կիրառվեն գործող մեխանիզմները,
viii. միջուկային օբյեկտի գործունեության արդյունքում ռադիոակտիվ թափոնների առաջացումը նվազագույնի հասցված լինի ինչպես գործածության, այնպես էլ ծավալի առումով, և շահագործման հետ ուղղակիորեն կապված ու միջուկային օբյեկտի հետ նույն տարածքում կատարվող՝ օգտագործված վառելիքի և թափոնների պահեստավորման և մշակման համար հաշվի առնվի համապատասխան պայմանների ստեղծման և հեռացման անհրաժեշտությունը:
Գլուխ 3
Պայմանավորվող կողմերի ժողովները
Հ ո դ վ ա ծ 20
Քննարկման ժողովներ
1. Պայմանավորվող կողմերը սույն Կոնվենցիայի 22-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում են ժողովներ /այսուհետ` քննարկման ժողովներ/` 5-րդ հոդվածի համաձայն ներկայացված հաշվետվությունները քննարկման ենթարկելու նպատակով:
2. Սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ հաշվետվություններում պարունակվող որոշակի առարկաների քննարկման նպատակով կարող են ստեղծվել և քննարկման ընթացքում գործել Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից կազմված ենթախմբեր:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի հնարավորություն է ընձեռվում մասնակցել այլ Պայմանավորվող կողմերի հաշվետվությունների քննարկումներին և պարզաբանումներ ստանալ դրանց վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 21
Ժամանակացույց
1. Պայմանավորվող կողմերի նախապատրաստական հանդիպումը տեղի կունենա ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
2. Նախապատրաստական հանդիպման ժամանակ Պայմանավորվող կողմերը որոշում են քննարկման առաջին ժողովի օրը: Քննարկման առաջին ժողովը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեսուն ամիս հետո:
3. Յուրաքանչյուր ժողովի ընթացքում Պայմանավորվող կողմերը որոշում են հաջորդ ժողովի օրը: Ժողովների միջև դադարը չպետք է գերազանցի երեք տարին:
Հ ո դ վ ա ծ 22
Ընթացակարգի կանոններ
1. 21-րդ հոդվածի համաձայն անցկացվող նախապատրաստական հանդիպման ընթացքում Պայմանավորվող կողմերը մշակում և փոխհամաձայնությամբ ընդունում են ընթացակարգի կանոնները և ֆինանսական կանոնները: Պայմանավորվող կողմերը, ընթացակարգի կանոններին համապատասխան, սահմանում են, մասնավորապես.
i. 5-րդ հոդվածի համաձայն ներկայացվող հաշվետվությունների ձևաչափի և կառուցվածքի վերաբերյալ ղեկավար ցուցումները,
ii. այդ հաշվետվությունների ներկայացման ժամկետները,
iii. այդ հաշվետվությունների քննարկման կարգը:
2. Քննարկման ժողովներին Պայմանավորվող կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են վերանայել վերը նշված 1-3-րդ ենթակետերի դրույթները և փոխհամաձայնության միջոցով ընդունել այդ փոփոխությունները, եթե ընթացակարգի կանոններով այլ կերպ նախատեսված չէ: Պայմանավորվող կողմերը կարող են նաև փոփոխություններ կատարել ֆինանսական կանոնների մեջ` նույնպես փոխհամաձայնության միջոցով:
Հ ո դ վ ա ծ 23
Արտահերթ ժողովներ
Պայմանավորվող կողմերի արտահերթ ժողովներ են անցկացվում.
i. եթե այդպիսի որոշում է կայացվում ժողովին ներկա գտնվող և քվեարկած Պայմանավորվող կողմերի մեծամասնության կողմից` ներառյալ ձեռնպահ քվեարկածները, կամ
ii. Պայմանավորվող կողմի դիմումի համաձայն` այլ Պայմանավորվող կողմերին դիմումն ուղղելու և 28-րդ հոդվածում նշված քարտուղարության կողմից դիմումը Պայմանավորվող կողմերի մեծամասնության հավանությանն արժանանալու մասին ծանուցումն ստանալու պահից վեց ամսվա ընթացքում:
Հ ո դ վ ա ծ 24
Մասնակցություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մասնակցում է Պայմանավորվող կողմերի ժողովներին և դրանց ներկայացված է լինում մեկ պատգամավորով և այնպիսի փոխարինող անձանցով, փորձագետներով կամ խորհրդատուներով, որոնց ներկայությունը կարող է անհրաժեշտ համարվել:
2. Պայմանավորվող կողմերը փոխհամաձայնության միջոցով կարող են դիտորդի կարգավիճակով հրավիրել սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում իրավասու որևէ միջկառավարական կազմակերպության` մասնակցելու դրանց ցանկացած ժողովին կամ ժողովի առանձին նիստերին: Դիտորդներից նախօրոք պահանջվում է գրավոր տեսքով ընդունել 27-րդ հոդվածի պահանջները:
Հ ո դ վ ա ծ 25
Ամփոփիչ հաշվետվություններ
Պայմանավորվող կողմերը փոխհամաձայնության միջոցով ընդունում և հրապարակում են ժողովի ընթացքում քննարկված հարցերին և արված եզրակացություններին նվիրված փաստաթուղթը:
Հ ո դ վ ա ծ 26
Լեզուներ
1. Պայմանավորվող կողմերի ժողովների լեզուներ են սահմանվում արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը, եթե ընթացակարգի կանոններով այլ կերպ նախատեսված չէ:
2. 5-րդ հոդվածի համաձայն ներկայացված հաշվետվությունները կազմվում են այն ներկայացրած Պայմանավորվող կողմի պետական լեզվով կամ միասնական այն լեզվով, որը կսահմանվի ընթացակարգի կանոններով: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որևէ այլ պետական լեզվով, որը նույնը չէ, ինչ սահմանված միասնական լեզուն, ապա Պայմանավորվող կողմը պարտավոր է ապահովել նաև դրա թարգմանությունը:
3. Անկախ 2-րդ կետի դրույթներից՝ փոխհատուցում ստանալու դեպքում քարտուղարությունը կկատարի ժողովի որևէ այլ լեզվով ներկայացված հաշվետվության թարգմանությունը սահմանված լեզվի:
Հ ո դ վ ա ծ 27
Գաղտնիություն
1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում տեղեկատվության գաղտնիության պահպանման հետ կապված՝ Պայմանավորվող կողմերի օրենքներով նախատեսված իրենց իրավունքներն ու պարտականությունները: Սույն հոդվածի իմաստով «տեղեկատվություն» հասկացությունը մասնավորապես ընդգրկում է. 1/ անձնական տվյալները, 2/ մտավոր սեփականության իրավունքներով պաշտպանված կամ արդյունաբերական կամ տնտեսական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը և 3/ ազգային անվտանգությանը կամ միջուկային նյութերի կամ օբյեկտների ֆիզիկական պաշտպանությանն առնչվող տեղեկությունները:
2. Այն դեպքերում, երբ, սույն Կոնվենցիայի համաձայն, Պայմանավորվող կողմը տրամադրում է տեղեկատվություն, որն ինքը համարում է 1-ին կետի դրույթներին համապատասխանող և պաշտպանության ենթակա, ապա այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն այն նպատակներով, որոնց համար տրամադրվել է, և դրա գաղտնիությունը պետք է ապահովվի:
3. Ժողովների ընթացքում Պայմանավորվող կողմերի հաշվետվությունների քննարկումների բովանդակությունը նույնպես գաղտնի է համարվում:
Հ ո դ վ ա ծ 28
Քարտուղարություն
1. Պայմանավորվող կողմերի ժողովների քարտուղարությունն ապահովվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության /այսուհետ` Գործակալություն/ կողմից:
2. Քարտուղարությունը.
i. գումարում, նախապատրաստում և սպասարկում է Պայմանավորվող կողմերի ժողովները,
ii. Պայմանավորվող կողմերին է փոխանցում սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն ստացված կամ պատրաստված տեղեկատվական նյութերը:
1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործառույթների կատարումից բխող ծախսերը հոգում է Գործակալությունը` իր կանոնավոր բյուջեի շրջանակներում:
3. Պայմանավորվող կողմերը կարող են փոխհամաձայնության միջոցով դիմել Գործակալությանը՝ ժողովների անցկացմանն օժանդակող այլ ծառայություններ մատուցելու խնդրանքով: Գործակալությունը մատուցում է այդ ծառայությունները, եթե դրանք ընդգրկված են դրա ծրագրային շրջանակներում և նախատեսված են կանոնավոր բյուջեով: Դրա անհնարինության դեպքում Գործակալությունը կարող է այդ ծառայությունները մատուցել որևէ այլ աղբյուրից կամավոր կերպով ֆինանսավորվելու դեպքում:
Գլուխ 4
Եզրափակիչ և այլ դրույթներ
Հ ո դ վ ա ծ 29
Վեճերի կարգավորում
Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև վեճ ծագելու դեպքում Կողմերը ծագած վեճը կարգավորելու նպատակով խորհրդակցություններ են կազմակերպում իրենց ժողովների շրջանակներում:
Հ ո դ վ ա ծ 30
Ստորագրում, վավերացում, ընդունում, հաստատում, միացում
1. Սույն Կոնվենցիան բաց է բոլոր Պետությունների ստորագրման համար Գործակալության կենտրոնակայանում՝ Վիեննայում, 1994թ. սեպտեմբերի 20-ից մինչև ուժի մեջ մտնելու պահը:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ միացման բոլոր Պետությունների կողմից:
3. Ուժի մեջ մտնելուց հետո Կոնվենցիային միանալը բաց կլինի բոլոր Պետությունների համար:
4. i.Սույն Կոնվենցիան բաց կլինի ստորագրման կամ միանալու համար ինտեգրման կամ այլ բնույթ կրող տարածաշրջանային կազմակերպությունների կողմից` պայմանով, որ ցանկացած այդպիսի կազմակերպության անդամակցությունը կազմված լինի ինքնիշխան Պետություններից և օժտված լինի սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերին առնչվող միջազգային համաձայնագրերի շուրջ բանակցություններ վարելու, այդպիսի համաձայնագրեր կնքելու և կիրառելու իրավասություններով:
ii. Իրենց իրավասությունների շրջանակներում ընդգրկված հարցերում այդպիսի կազմակերպությունները սեփական անունից օգտվում են այն իրավունքներից և կատարում այն պարտականությունները, որոնք սույն Կոնվենցիայով սահմանված են Պայմանավորվող կողմերի համար:
iii. Սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու դեպքում այդպիսի կազմակերպությունը 34-րդ հոդվածում նշված ավանդապահին է ուղարկում հայտարարություն, որտեղ նշվում են այդ կազմակերպության անդամ պետությունները, դրա նկատմամբ կիրառելի` սույն Կոնվենցիայի հոդվածները և այդ հոդվածներով կարգավորվող ոլորտներում դրա իրավասության շրջանակները:
iv. Այդպիսի կազմակերպությունը, բացի իր անդամ պետությունների ձայներից, որևէ լրացուցիչ ձայն չունի:
5. Վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 31
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը` ներառյալ այն տասնյոթ Պետությունների փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրն ունի առնվազն մեկ միջուկային օբյեկտ, որի ռեակտորի ակտիվ գոտին աշխատում է կրիտիկական ռեժիմով:
2. Յուրաքանչյուր այն Պետության կամ ինտեգրման և որևէ այլ բնույթ կրող կազմակերպության համար, որը սույն Կոնվենցիան վավերացնում, ընդունում, հաստատում կամ դրան միանում է 1-ին կետով սահմանված պահանջները բավարարելու համար անհրաժեշտ վերջին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդպիսի Պետության կամ կազմակերպության կողմից համապատասխան փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնվելուց հետո՝ իննսուներորդ օրը:
Հ ո դ վ ա ծ 32
Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում: Առաջարկվող փոփոխությունները քննարկվում են հերթական կամ արտահերթ ժողովներին:
2. Առաջարկվող փոփոխությունների տեքստը հիմքերի հետ միասին ներկայացվում է ավանդապահին, որը դրանք սեղմ ժամկետներում` դրա քննարկման համար նախատեսված ժողովից առնվազն իննսուն օր առաջ, ուղարկում է բոլոր Պայմանավորվող կողմերին: Առաջարկության վերաբերյալ ստացված բոլոր դիտողություններն ավանդապահի կողմից ներկայացվում են Պայմանավորվող կողմերին:
3. Առաջարկվող փոփոխությունը քննարկման ենթարկելուց հետո Պայմանավորվող կողմերը որոշում են կայացնում այն փոխհամաձայնության միջոցով ընդունելու կամ, փոխհամաձայնության բացակայության դեպքում, Դիվանագիտական խորհրդաժողով գումարելու մասին: Առաջարկվող փոփոխությունը Դիվանագիտական խորհրդաժողովին ներկայացնելու մասին որոշումն ընդունվում է ժողովին ներկա գտնվող և քվեարկած Պայմանավորվող կողմերի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ` պայմանով, որ քվեարկությանը ներկա լինեն Պայմանավորվող կողմերի առնվազն կեսը: Ձեռնպահ քվեարկածները նույնպես քվեարկած են համարվում:
4. Սույն Կոնվենցիայում առաջարկվող փոփոխությունները քննարկելու և ընդունելու համար նախատեսված Դիվանագիտական խորհրդաժողովը գումարվում է ավանդապահի կողմից և անցկացվում է սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված համապատասխան որոշումն ընդունելու պահից ամենաուշը մեկ տարի հետո: Դիվանագիտական խորհրդաժողովը ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի առաջարկվող փոփոխություններն ընդունվեն փոխհամաձայնությամբ: Եթե այդպես չի հաջողվում, ապա փոփոխություններն ընդունվում են Պայմանավորվող կողմերի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:
5. 3-րդ և 4-րդ կետերով սահմանված կարգով ընդունված փոփոխությունները ենթակա են Պայմանավորվող կողմերի վավերացմանը, ընդունմանը և հաստատմանը և ուժի մեջ են մտնում այն Պայմանավորվող կողմերի համար, որոնք դրանք վավերացրել, ընդունել կամ հաստատել են Կոնվենցիայի Կողմերի առնվազն երեք քառորդի համապատասխան փաստաթղթերը ավանդապահի ստանալու օրվանից իննսուներորդ օրը:
Ցանկացած այլ Պայմանավորվող կողմի համար, որը նշված փոփոխությունները վավերացնում, ընդունում կամ հաստատում է հետագայում, դրանք ուժի մեջ են մտնում դրա համապատասխան փաստաթղթերն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
Հ ո դ վ ա ծ 33
Չեղյալ հայտարարում
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից այդ մասին ծանուցագիրն ստանալու պահից մեկ տարի հետո կամ ավելի ուշ, ինչպես կարող է նշված լինել ծանուցագրի մեջ:
Հ ո դ վ ա ծ 34
Ավանդապահ
1. Սույն Կոնվենցիայի ավանդապահ է նշանակվում Գործակալության Գլխավոր տնօրենը:
2. Ավանդապահը Պայմանավորվող կողմերին տեղեկացնում է.
i. սույն Կոնվենցիայի ստորագրման և, 30-րդ հոդվածին համապատասխան, վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին,
ii. 31-րդ հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,
iii. 33-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի չեղյալ հայտարարման վերաբերյալ ծանուցագրերի և դրանց ուղարկման օրերի մասին,
iv. սույն Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու՝ Պայմանավորվող կողմերի առաջարկությունների, համապատասխան Դիվանագիտական խորհրդաժողովի կամ Պայմանավորվող կողմերի ժողովի կողմից ընդունված փոփոխությունների և, 31-րդ հոդվածի համաձայն, դրանց ուժի մեջ մտնելու օրվա մասին:
Հ ո դ վ ա ծ 35
Հավասարազոր տեքստեր
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում ավանդապահին, որը դրա հաստատված պատճեններն ուղարկում է Պայմանավորվող կողմերին:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի դեկտեմբերի 20-ից: