Մ Ի Ա Վ Ո Ր Վ Ա Ծ Ա Զ Գ Ե Ր Ի
Կ Ա Զ Մ Ա Կ Ե Ր Պ ՈՒ Թ Յ Ա Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին
Սույն Կոնվենցիայի Կողմերը,
խորապես մտահոգված լինելով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության, պահանջարկի և շրջանառության ծավալներով և աճի միտումներով, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության և բարեկեցության համար և բացասական ազդեցություն են գործում հասարակության տնտեսական, մշակութային և քաղաքական հիմքերի վրա,
ինչպես նաև խորապես մտահոգված լինելով տարբեր սոցիալական խմբերի մեջ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալների աճով և, մասնավորապես, այն փաստով, որ աշխարհի բազում շրջաններում որպես ապօրինի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի սպառող օգտագործվում են երեխաները, որոնք շահագործվում են առաջիններիս ապօրինի արտադրության և շրջանառության համար, ինչն իրենից սարսափելի վտանգ է ներկայացնում,
գիտակցելով ապօրինի շրջանառության կապակցվածությունը կազմակերպված հանցավորության այլ ձևերի հետ, որոնք քայքայում են օրինական տնտեսական գործունեությունը և սպառնալիք են ստեղծում պետության կայունության, անվտանգության և անկախության համար,
գիտակցելով նաև, որ ապօրինի շրջանառությունն իրենից ներկայացնում է միջազգային հանցավոր գործունեություն, որի կանխարգելումը անհապաղ և առաջնահերթ ուշադրություն է պահանջում,
գիտակցելով, որ ապօրինի շրջանառությունն ապահովում է խոշոր շահույթներ և ֆինանսական միջոցներ, ինչը միջազգային հանցավոր կազմակերպություններին թույլ է տալիս սողոսկել կառավարական մարմիններ, օրինական առևտրային և ֆինանսական գործունեության ու հասարակության բոլոր մակարդակների մեջ` քայքայելով և վնաս պատճառելով դրանց,
պատրաստակամություն հայտնելով զրկել ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց հանցավոր գործունեությամբ ձեռք բերվող իրենց եկամուտներից` դրանով իսկ վերացնելով նման գործունեությամբ զբաղվելու հիմնական դրդապատճառը,
ձգտելով վերացնել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահումների հիմնախնդրի արմատական պատճառները` ներառյալ նման միջոցների և նյութերի ապօրինի պահանջարկը և ապօրինի շրջանառությունից ստացվող հսկայական շահույթները,
անհրաժեշտ համարելով վերահսկողության միջոցներ սահմանել որոշ նյութերի նկատմամբ, ներառյալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստման համար օգտագործվող պրեկուրսորները, քիմիական նյութերը և լուծիչները, որոնց դյուրինությունը հանգեցրել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ընդհատակյա արտադրության աճին,
ձգտելով ամրապնդել միջազգային համագործակցությունը ծովային ավազանում ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում,
գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության իրավասությունները թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ հսկողության ոլորտում և ցանկություն հայտնելով, որ նման հսկողություն իրականացնող միջազգային մարմինները գործեն վերը նշված կազմակերպության շրջանակներում,
կրկին հաստատելով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետ առնչություն ունեցող գործող համաձայնագրերի ղեկավար սկզբունքները և դրանցով նախատեսված հսկողության համակարգը,
գիտակցելով Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիայով, նույն Կոնվենցիայում` Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1972 թվականի Արձանագրության համապատասխան կատարված փոփոխություններով և լրացումներով և Հոգեներգործուն նյութերի մասին 1971 թվականի Կոնվենցիայով նախատեսված միջոցների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը` ապօրինի շրջանառության և դրա լուրջ հետևանքների թափի և ծավալների նվազեցման նպատակով,
գիտակցելով նաև իրավական ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետ օրինական միջոցների ամրապնդման և ընդլայնման կարևոր նշանակությունը միջազգային հանցավորության, մասնավորապես` ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար,
ցանկանալով ընդունել համապարփակ, արդյունավետ և գործունակ միջազգային Կոնվենցիա, որը հատուկ ուղղված կլինի ապօրինի շրջանառության դեմ և որում հաշվի կառնվեն հիմնահարցի տարբեր ասպեկտներն ընդհանրապես, և մասնավորապես նրանք, որոնք նախատեսված չեն թմրամիջոցներին և հոգեմետ նյութերին առնչվող գործող համաձայնագրերով,
սույնով համաձայնվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սահմանումներ
Բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղակիորեն այլ բան է նշված կամ տեքստի իմաստով այլ բան է ենթադրվում, սույն Կոնվենցիայում օգտագործվում են հետևյալ սահմանումները.
ա/ «Կոմիտե» նշանակում է Թմրամիջոցների նկատմամբ հսկողության միջազգային կոմիտեն, որը հիմնադրվել է Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիայի և սույն Կոնվենցիայում` Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1972 թվականի Արձանագրության հիման վրա,
բ/ «կանեփ բույս» նշանակում է Cannabis ցեղատեսակի ցանկացած բույս,
գ/ «կոկաինի թուփ» նշանակում է Erythroxylon ցեղատեսակի ցանկացած բույս,
դ/ «Առևտրական փոխադրող» նշանակում է ցանկացած անձ կամ հասարակական, մասնավոր կամ այլ կազմակերպություն, որն իրականացնում է անձանց, ապրանքների կամ փոստի տեղափոխում` վարձավճարի կամ այլ տեսակի վարձատրության դիմաց,
ե/ «Հանձնաժողով» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը,
զ/ «բռնագրավում», որը համապատասխան դեպքերում ներառում է նաև առգրավումը, նշանակում է սեփականության իրավունքից վերջնական զրկումը` դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշման հիման վրա,
է/ «հսկվող առաքում» նշանակում է այն մեթոդը, որը ենթադրում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և սույն Կոնվենցիայի հավելվածում ներկայացված 1-ին կամ 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի կամ դրանց փոխարինող նյութերի ապօրինի կամ կասկած հարուցող խմբաքանակների ներկրումը, տարանցումը կամ արտահանումը մեկ կամ մի քանի երկրների տարածքից համապատասխան իրավասու մարմինների գիտությամբ կան դրանց հսկողության տակ` սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով օրինախախտում համարվող գործողություններին մասնակցող անձանց հայտնաբերման նպատակով,
ը/ «1961 թվականի Կոնվենցիա» նշանակում է Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիան,
թ/ «1961 թվականի Կոնվենցիա` փոփոխություններով և լրացումներով» նշանակում է Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիան` Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1972 թվականի Արձանագրության համաձայն կատարված փոփոխությունների և լրացումների հետ միասին,
ժ/ «1971 թվականի Կոնվենցիա» նշանակում է Հոգեներգործուն նյութերի մասին 1971 թվականի Կոնվենցիան,
ժա/ «Խորհուրդ» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհուրդը,
ժբ/ «սառեցում» կամ «կալանք դնել» նշանակում է սեփականության փոխանցման, փոխանակման, տեղաբաշխման կամ տեղափոխման ժամանակավոր արգելքը կամ սեփականության վրա ժամանակավոր կալանք դնելը կամ առաջինիս նկատմամբ հսկողություն սահմանելը` դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշման հիման վրա,
ժգ/ «ապօրինի շրջանառություն» նշանակում է սույն Կոնվենցիայի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված օրինախախտումները,
ժդ/ «թմրամիջոց» նշանակում է Թմրամիջոցների մասին 1961 թվականի Կոնվենցիայի և այդ նույն Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով` 1-ին և 2-րդ ցանկերում ներառված բնական կամ սինթետիկ նյութերից որևէ մեկը,
ժե/ «ափիոնի խաշխաշ» նշանակում է Papaver somniferum L. ցեղատեսակի բույս,
ժզ/ «եկամուտներ» նշանակում են այն սեփականությունը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվել կամ ձեռք է բերվել 3-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով օրինախախտում համարվող գործողությունների արդյունքում,
ժէ/ «սեփականություն» նշանակում է ցանկացած տեսակի միջոցներ` նյութական կամ ոչ նյութական, շարժական կամ անշարժ, շոշափելի կամ ոչ շոշափելի, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ իրավունքներ կամ դրանցում բաժնեմաս ունենալու փաստը հաստատող իրավական փաստաթղթերը կամ ակտերը,
ժը/ «հոգեմետ նյութ» նշանակում է 1971 թվականի Կոնվենցիայի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկերում ընդգրկված բոլոր նյութերը` բնական թե սինթետիկ կամ բնական ծագում ունեցող այլ նյութ,
ժթ/ «Գլխավոր քարտուղար» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար,
ժժ/ «Աղյուսակ 1» և «Աղյուսակ 2»-ը նշանակում են նյութերի համապատասխան կերպ համարակալված ցանկերը, որոնք ներկայացված են սույն Կոնվենցիայի հավելվածում և որոնցում ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել 12-րդ հոդվածի դրույթներին համապատասխան,
ժժա/ «տարանցիկ փոխադրման պետություն» նշանակում է այն պետությունը, որի տարածքով տեղափոխվում են ապօրինի թմրամիջոցները, հոգեմետ նյութերը և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերը, և որը չի հանդիսանում այդ միջոցների և նյութերի ոչ ծագման երկիրը, ոչ էլ վերջնական նշանակման վայրը:
Հոդված 2
Կոնվենցիայի կիրառման շրջանակները
1. Սույն Կոնվենցիան նպատակ ունի նպաստել Կողմերի միջև համագործակցության զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետ կերպով լուծել համաշխարհային տարածում ստացած թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված բազմաթիվ հիմնախնդիրները: Կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունների կատարման հետ մեկտեղ, Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ներառյալ օրենսդրական և կազմակերպչական բնույթի միջոցներ` իրենց ազգային իրավական համակարգերի հիմնադիր դրույթներին համապատասխան:
2. Կողմերը կատարում են սույն Կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան:
3. Կողմերից մեկը չի իրականացնում այլ Կողմերից որևէ մեկի տարածքում իրավասություններ կամ գործառույթներ, որոնց իրականացումը վերապահված է այլ Կողմի մարմիններին` վերջինիս ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 3
Օրինախախտումներ և պատժամիջոցներ
1. Կողմերից յուրաքանչյուրը ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել դիտավորյալ կատարված հետևյալ գործողություններն իր ազգային օրենսդրության համաձայն քրեական հանցագործություններ ճանաչելու համար.
/ա/ /i/ ի խախտումն 1961 թվականի Կոնվենցիայի, նույն Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի Կոնվենցիայի, ցանկացած թմրամիջոցի կամ ցանկացած հոգեմետ նյութի արտադրությունը, պատրաստումը, վերամշակումը, առաջարկումը, առաջարկումը` վաճառքի համար, տարածումը, վաճառքը, ցանկացած պայմաններով կատարվող առաքումը, միջնորդությունը, փոխադրումը, տարանցիկ փոխադրումը, տեղափոխումը, ներմուծումը կամ արտահանումը,
/ii/ ափիոնի խաշխաշի, կոկաինի թուփի կամ կանեփ բույսի մշակումը թմրամիջոցների արտադրության նպատակով` ի խախտումն 1961 թվականի Կոնվենցիայի և նույն Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով,
/iii/ ցանկացած թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պահելը կամ ձեռք բերելը` վերոշարադրյալ 1-ին ենթակետում թվարկված գործունեության տեսակներից որևէ մեկի իրականացման նպատակով,
/iv/ սարքավորումների, սարքերի կամ 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված նյութերի պատրաստում, տեղափոխում կամ տարածում, եթե հայտնի է, որ դրանք նախատեսված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի մշակման, արտադրության կամ պատրաստման համար,
/v/ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված ապօրինի գործունեության տեսակների կազմակերպումը, ղեկավարումը և ֆինանսավորումը,
բ/ /i/ սեփականության փոխարկումը կամ փոխանցումը, եթե հայտնի է, որ այդ սեփականությունը ձեռք է բերվել սույն կետի /ա/ ենթակետի իմաստով ցանկացած օրինախախտում կամ օրինախախտումներ համարվող գործողությունների արդյունքում, կամ էլ նման օրինախախտմանը կամ օրինախախտումներին մասնակցելու արդյունքում, սեփականության ապօրինի աղբյուրի թաքցման կամ պարտակման նպատակով կամ նման օրինախախտման կամ օրինախախտումների կատարման մասնակցին օգնություն ցուցաբերելու նպատակով, որպեսզի վերջինս կարողանա խուսափել իր կողմից կատարված գործողությունների համար սահմանված պատասխանատվությունից,
/ii/ սեփականության իրական բնույթի, աղբյուրի, գտնվելու վայրի, տնօրինման կարգի, տեղափոխման, դրա նկատմամբ իրական իրավունքների կամ պատկանելիության թաքցնումը և պարտակումը, եթե հայտնի է, որ այդ սեփականությունը ձեռք է բերվել սույն կետի /ա/ ենթակետի իմաստով ցանկացած օրինախախտում կամ օրինախախտումներ համարվող գործողությունների արդյունքում, կամ էլ նման օրինախախտմանը կամ օրինախախտումներին մասնակցելու արդյունքում,
գ/ իր սահմանադրական դրույթների և օրենսդրական համակարգի հիմնադրույթների մտապահումով.
/i/ սեփականության ձեռքբերում, տիրապետում կամ օգտագործում, եթե ձեռքբերման պահին հայտնի է եղել, որ այդ սեփականությունը ստացվել է սույն կետի /ա/ ենթակետի իմաստով ցանկացած օրինախախտում կամ օրինախախտումներ համարվող գործողությունների արդյունքում, կամ էլ նման օրինախախտմանը կամ օրինախախտումներին մասնակցելու արդյունքում,
/ii/ 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված սարքավորումների, սարքերի և նյութերի տիրապետում, եթե հայտնի է, որ դրանք օգտագործվում են և նախատեսված են որևէ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի մշակման, արտադրության կամ պատրաստման համար,
/iii/ սույն հոդվածով սահմանված օրինախախտում կատարելու կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելու հրապարակային սադրանք կամ ցանկացած այլ միջոցներով դրդում,
/iv/ սույն հոդվածով սահմանված օրինախախտմանը կամ օրինախախտումներին մասնակցելը կամ դրանց կատարման նպատակով հանցավոր համաձայնության գալը, նման օրինախախտում կամ օրինախախտումներ կատարելու փորձը, սադրանքները, դրանց մասնակցելը, ինչպես նաև դրանց կատարման ընթացքում խորհուրդներ տալը:
2. Յուրաքանչյուր Կողմ, իր սահմանադրական դրույթներին և օրենսդրական հիմնադրույթներին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ, որոնք կարող են պահանջվել իրենց օրենսդրության իմաստով ի խախտումն 1961 թվականի Կոնվենցիայի, 1961 թվականի Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի Կոնվենցիայի ցանկացած թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պահելը, ձեռք բերելը կամ մշակելը օրինախախտումներ համարելու համար, եթե դրանք կատարվում են դիտավորյալ:
3. Գիտակցումը, մտադրությունը և նպատակը, որպես սույն հոդվածի 1-ին կետում նշված օրինախախտման բաղադրիչ տարրեր, կարող են հաստատվել գործի օբյեկտիվ փաստացի հանգամանքներով:
4. ա/ Յուրաքանչյուր Կողմ, սույն հոդվածով սահմանված օրինախախտումների կատարման համար, նախատեսում է այդ օրինախախտումների չափազանց ծանր բնույթը հաշվի առնող այնպիսի պատժամիջոցների կիրառում, ինչպիսիք են բանտարկությունը կամ ազատազրկման այլ միջոցները, տուգանային պատժամիջոցներ և բռնագրավում,
բ/ ի լրումն սույն հոդվածով սահմանված օրինախախտման կատարման համար նախատեսված դատապարտման կամ պատժման, Կողմերը խախտողի նկատմամբ կարող են սահմանել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են բուժումը, վերադաստիարակումը, հետբուժումային հսկողության իրականացումը, աշխատունակության վերականգնումը կամ սոցիալական վերամիավորումը,
գ/ անկախ վերոշարադրյալ ենթակետերով սահմանված դրույթներից, համապատասխան դեպքերում, երբ կատարված օրինախախտումը սակավանշանակ է, Կողմերը կարող են որպես դատապարտման կամ պատժման այլընտրանքային այնպիսի միջոցներ սահմանել, ինչպիսիք են վերադաստիարակումը, աշխատունակության վերականգնումը կամ սոցիալական վերամիավորումը, ինչպես նաև, եթե խախտողը թմրամոլ է` վերջինիս բուժումը և հետբուժումային հսկողությունը,
դ/ սույն հոդվածի 2-րդ կետի իմաստով օրինախախտում համարվող գործողություն կատարելու համար դատապարտման կամ պատժման փոխարեն կամ ի լրումն դրանց, Կողմերը կարող են նախատեսել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են խախտողի բուժումը, վերադաստիարակումը, հետբուժումային հսկողությունը, աշխատունակության վերականգնումը և սոցիալական վերամիավորումը:
5. Կողմերն ապահովում են, որ իրենց դատական կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ իրավասու մարմինները որպես սույն հոդվածի 1-ին կետի իմաստով օրինախախտումներ համարվող գործողությունները ծանրացնող հանգամանքներ համարեն հետևյալ հանգամանքները.
ա/ օրինախախտման մեջ հանցավոր խմբի մասնակցությունը, որի կազմի մեջ է մտնում օրինախախտը,
բ/ օրինախախտի մասնակցությունը միջազգային կազմակերպված հանցավորության այլ տեսակներին,
գ/ օրինախախտի մասնակցությունը տվյալ օրինախախտման կատարմանը նպաստող ապօրինի գործունեության այլ տեսակներին,
դ/ օրինախախտի կողմից բռնության գործադրում կամ զենքի կիրառում,
ե/ այն փաստը, որ օրինախախտը պաշտոնատար անձ է հանդիսանում, և տվյալ օրինախախտումը կապված է իր պաշտոնի հետ,
զ/ անչափահասների ներգրավում և օգտագործում,
է/ այն փաստը, որ օրինախախտումը կատարվել է ուղղիչ հիմնարկում, ուսումնական կամ հասարակական հաստատությունում կամ դրանց անմիջական հարևանությամբ, կամ այլ վայրերում, որտեղ դպրոցականները և ուսանողները անց են կացնում ուսումնական, սպորտային և հասարակական միջոցառումներ,
ը/ նախկին դատվածությունների առկայությունը` հատկապես նմանատիպ օրինախախտումների համար, արտասահմանյան կամ սեփական երկրում, որքանով դա ընդունելի է և համապատասխանում է տվյալ Կողմի ազգային օրենսդրությանը:
6. Կողմերը ձգտում են ապահովել սույն հոդվածով սահմանված օրինախախտումների կատարման համար դատական կարգով անձանց հետապնդմանն առնչվող ցանկացած ինքնահայաց իրավական լիազորությունների կիրառումը` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան` այդ օրինախախտումների նկատմամբ օրինապահ միջոցները առավել արդյունավետ դարձնելու նպատակով և հաշվի առնելով նման օրինախախտումների կատարմանը խոչընդոտելու անհրաժեշտությունը:
7. Կողմերն ապահովում են, որ իրենց դատական և այլ իրավասու մարմինները հաշվի կառնեն սույն հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների լուրջ բնույթը, և սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված հանգամանքները` նման օրինախախտումների կատարման համար դատապարտված անձանց վաղաժամկետ կամ պայմանական ազատման հարցի քննարկման ժամանակ:
8. Յուրաքանչյուր Կողմ, անհրաժեշտության դեպքում, իր ազգային օրենսդրության համապատասխան, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների համար դատական կարգով հետապնդման վաղեմության երկարատև ժամկետ է սահմանում, և ավելի երկարատև ժամկետ այն դեպքերում, երբ ենթադրվող օրինախախտը խուսափում է արդարադատությունից:
9. Յուրաքանչյուր Կողմ, իր մոտ գործող իրավական համակարգին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ապահովի սույն հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտման համար մեղադրվող կամ դատապարտված անձի ներկայությունը պարտադիր հետաքննչական միջոցառումներին:
10. Սույն Կոնվենցիայի, մասնավորապես դրա 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածների շրջանակներում Կողմերի միջև համագործակցության նպատակների համար, սույն հոդվածով սահմանված օրինախախտումները չեն դիտվում որպես ֆինանսական կամ քաղաքական օրինախախտումներ, կամ քաղաքական դրդապատճառներով կատարված օրինախախտումներ` առանց որևէ վնասի Կողմերի սահմանադրական սահմանափակումների և հիմնական օրենքների կիրառման համար:
11. Ոչինչ սույն հոդվածում չի հակասում այն սկզբունքին, որ այստեղ սահմանված օրինախախտումների նկարագրությունը գտնվում է յուրաքանչյուր Կողմի ազգային օրենսդրության իրավասությունների շրջանակներում և որ պատիժները նման օրինախախտումների համար իրականացվում են այդ օրենսդրության համապատասխան:
Հոդված 4
Իրավազորությունը
1. Յուրաքանչյուր Կողմ.
ա/ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իր իրավազորությունը սահմանելու համար այն դեպքերում, երբ.
/i/ տվյալ օրինախախտումը կատարվել է իր տարածքում,
/ii/ տվյալ օրինախախտումը կատարվել է իր դրոշը կրող նավի կամ օրինախախտման պահին իր օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված օդանավի վրա,
բ/ կարող է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իր իրավազորությունը սահմանելու համար այն դեպքերում, երբ.
/i/ տվյալ օրինախախտումը կատարվել է իր քաղաքացու կամ հիմնականում իր տարածքում բնակվող անձի կողմից,
/ii/ տվյալ օրինախախտումը կատարվել է այնպիսի նավի վրա, որի նկատմամբ այդ Կողմը լիազորված է համապատասխան գործողություններ ձեռնարկել` համաձայն 17-րդ հոդվածի, այն պայմանով, որ նման իրավազորությունը սահմանվում է միմիայն սույն հոդվածի 4-րդ և 9-րդ կետերում նշված համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների հիման վրա,
/iii/ տվյալ օրինախախտումը 3-րդ հոդվածի 1-ին կետի գ/-/4/ ենթակետով սահմանված օրինախախտումներից մեկն է հանդիսանում և կատարվել է իր տարածքից դուրս` հետագայում իր տարածքում 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտում կատարելու նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ.
ա/ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իր իրավազորութունը սահմանելու համար այն դեպքերում, երբ ենթադրվող օրինախախտը գտնվում է իր տարածքում և այն վերջինիս չի հանձնում այլ Կողմին քանի որ տվյալ օրինախախտումը կատարվել է.
/i/ իր տարածքում կամ իր դրոշը կրող ծովային նավի կամ օրինախախտման պահին իր օրենսդրությամբ նախատեսված կարգով գրանցված օդանավի վրա,
/ii/ իր քաղաքացի հանդիսացող անձի կողմից,
բ/ կարող է ձեռնարկել նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իր իրավազորությունը սահմանելու համար այն դեպքերում, երբ ենթադրվող օրինախախտը գտնվում է իր տարածքում և այն վերջինիս չի հանձնում այլ Կողմին:
3. Սույն Կոնվենցիան չի բացառում տվյալ Կողմի օրենսդրությամբ սահմանված ցանկացած քրեական իրավազորության իրականացում:
Հոդված 5
Բռնագրավում
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել.
ա/ այն եկամուտների բռնագրավման համար, որոնք ստացվել են 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կատարման արդյունքում, կամ այն սեփականության բռնագրավման համար, որի արժեքը համապատասխանում է այդ եկամուտներին,
բ/ այն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարքավորումների, նյութերի և այլ միջոցների բռնագրավման համար, որոնք օգտագործվել կամ նախատեսված են եղել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կատարման ընթացքում օգտագործման համար:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել, որպեսզի այդ Կողմի իրավասու մարմինները կարողանան հայտնաբերել, սառեցնել կամ ձերբակալել սույն հոդվածի 1-ին կետում նշված եկամուտները, միջոցները և այլ առարկաները` դրանց հետագա բռնագրավման նպատակով:
3. Սույն հոդվածում նշված միջոցառումների իրականացման նպատակով, յուրաքանչյուր Կողմ լիազորում է իր դատական կամ այլ իրավասու մարմիններին որոշումներ ընդունել բանկային, ֆինանսական կամ առևտրային փաստաթղթերի ստուգման կամ ձերբակալման վերաբերյալ: Կողմը չի խուսափում սույն կետի դրույթներով սահմանված միջոցառումների իրականացումից` հիմք ընդունելով բանկային գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը:
4. ա/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իրավազորություն ունեցող Կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան ուղղված դիմումն ստանալուն պես, Կողմը, որի տարածքում են գտնվում սույն հոդվածի 1-ին կետում նշված եկամուտները, սեփականությունը կամ այլ առարկաները.
/i/ հարցում է ուղղում իր իրավասու մարմիններին` բռնագրավման մասին որոշումն ստանալու նպատակով և, այդ որոշումն ստանալու դեպքում, ի կատար է ածում այն, կամ
/ii/ իր իրավասու մարմիններին է ներկայացնում հարցող Կողմի բռնագրավման մասին սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունած որոշումը` դիմումի մեջ նշված ծավալով այն ի կատար ածելու նպատակով, և այն չափով, որքանով այդ դիմումն առնչվում է 1-ին կետում նշված` հարցվող Կողմի տարածքում գտնվող եկամուտներին, սեփականությանը, միջոցներին կամ այլ առարկաներին:
բ/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իրավազորություն ունեցող Կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան ուղղված դիմումն ստանալուն պես, հարցվող Կողմը ձեռնարկում է միջոցներ` սույն հոդվածի 1-ին կետում նշված եկամուտները, միջոցները և այլ առարկաները հայտնաբերելու, սառեցնելու կամ ձերբակալելու նպատակով` դրանց հետագա բռնագրավման համար, ինչի մասին որոշումն ընդունում է կամ հարցող Կողմը, կամ էլ հարցվող Կողմը` հիմք ընդունելով սույն կետի ա/ ենթակետի դրույթների հիման վրա ուղղված դիմումը:
գ/ Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված որոշումները և միջոցները հարցվող Կողմն ընդունում և կիրառում է իր օրենսդրությանը, դատավարական նորմերին կամ հարցող Կողմի հետ կնքված երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերին համապատասխան:
դ/ 7-րդ հոդվածի 6-ից 19-րդ կետերի դրույթները կիրառվում են mսtatis mսtaոdis: Ի լրումն 7-րդ հոդվածի 10-րդ կետում նշված տեղեկությունների, սույն հոդվածի համաձայն ուղղվող դիմումների մեջ պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները.
/i/ սույն հոդվածի «ա»-ից «1»-ին ենթակետով նախատեսված դիմումի դեպքում` բռնագրավման ենթակա սեփականության նկարագրությունը և այն փաստերը, որոնց վկայակոչում է հարցումն ուղղող Կողմը և որոնք բավարար հիմքեր են ստեղծում, որպեսզի հարցվող Կողմն ընդունի իր օրենսդրությանը համապատասխանող անհրաժեշտ որոշումը,
/ii/ սույն հոդվածի «ա»-ից «1»-ին ենթակետով նախատեսված դիմումի դեպքում` ըստ սահմանված կարգի հաստատված` հարցումն ուղղող Կողմից ընդունված բռնագրավման մասին այն որոշման պատճենը, որի վրա հիմնված է դիմումը, առկա փաստերը և տեղեկություններ որոշման կատարման խնդրարկված ծավալների վերաբերյալ,
/iii/ «բ» կետով նախատեսված դիմումի դեպքում` այն փաստերի շարադրանքը, որոնց վկայակոչում է հարցող Կողմը և առաջարկվող միջոցառումների նկարագրությունը:
ե/ Յուրաքանչյուր Կողմ Գլխավոր քարտուղարին է ներկայացնում սույն կետի դրույթների կատարումն ապահովող իր բոլոր օրենքների կամ կանոնակարգերի, ինչպես նաև վերջիններիս մեջ հետագայում կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների տեքստերը:
զ/ Եթե Կողմերից որևէ մեկը ցանկանում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված միջոցների կիրառումը պայմանավորել համապատասխան համաձայնագրի առկայությամբ, ապա այդ Կողմը պիտի սույն Կոնվենցիան ընդունի որպես անհրաժեշտ և բավարար իրավապայմանագրային հիմք:
է/ Կողմերը ձգտում են երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքել միմյանց հետ` սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով:
5. ա/ Սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ կետի դրույթների հիման վրա եկամուտների կամ սեփականության բռնագրավում կատարած Կողմը դրանց տնօրինումն իրականացնում է ըստ իր օրենսդրությամբ սահմանված կարգի:
բ/ Սույն հոդվածի դրույթներին համապատասխան մեկ այլ Կողմի խնդրանքով գործող Կողմը կարող է հատուկ կերպով դիտարկել հետևյալ միջոցառումներն իրականացնելու մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը.
/i/ Եկամուտների և սեփականության, կամ այդ եկամուտների կամ սեփականության, կամ դրանց մի մասի իրացումից առաջացած միջոցների նվիրաբերում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և դրանց չարաշահման դեմ պայքարի ոլորտում գործող միջպետական մարմիններին,
/ii/ Կողմերի միջև եկամուտների և սեփականության, կամ այդ եկամուտների կամ սեփականության իրացումից առաջացած միջոցների կանոնավոր կամ միանվագ բաշխում` ըստ իր օրենսդրությամբ և այդ նպատակով կնքված երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերով սահմանված կարգի:
6. ա/ Եթե եկամուտները վերածվել կամ փոխակերպվել են սեփականության այլ տեսակների, ապա սույն հոդվածում նշված միջոցները կիրառվում են ոչ թե եկամուտների, այլ այդ սեփականության նկատմամբ:
բ/ Եթե եկամուտները միախառնվել են օրինական ձևով ձեռք բերված սեփականությանը, ապա այդ սեփականությունը, առանց այն կալանքի դնելու կամ սառեցնելու լիազորությունների համար վնասի, ենթակա է բռնագրավման այն ծավալով, որը համապատասխանում է այդ միախառնված եկամուտների գնահատված արժեքին:
գ/ Այն օգուտների և այլ շահույթի նկատմամբ, որոնք ստացվել են`
/i/ եկամուտներից,
/ii/ այն սեփականությունից, որի վերածվել կամ փոխակերպվել են եկամուտները, կամ
/iii/ այն սեփականությունից, որին միախառնվել են եկամուտները, նույնպես կիրառվում են սույն հոդվածում նշված միջոցները` նույն եղանակով և նույն չափով, որքան և եկամուտների նկատմամբ:
7. Յուրաքանչյուր Կողմ կարող է քննարկել ենթադրյալ եկամուտների կամ բռնագրավման ենթակա այլ սեփականության օրինական ծագումն ապացուցելու բեռի տեղափոխումն ապահովելու հնարավորությունը` այն չափով, որքանով այդպիսի միջոցը համապատասխանում է իր ազգային օրենսդրության սկզբունքներին և դատական կամ այլ հետաքննության բնույթին:
8. Սույն հոդվածի դրույթները ոչ մի կերպ չեն դիտվում որպես բարեխղճորեն գործող երրորդ կողմերի իրավունքներին վնաս պատճառող:
9. Սույն հոդվածի դրույթներից ոչ մեկը չի խախտում այն սկզբունքը, որ դրանում նշված միջոցները սահմանվում և կիրառվում են միմիայն համապատասխան Կողմի ազգային օրենսդրության դրույթների համաձայն:
Հոդված 6
Հանձնում
1. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են այն օրինախախտումների դեպքում, որոնք Կողմերը ընդունել են որպես այդպիսիք` 3-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն:
2. Յուրաքանչյուր օրինախախտում, որի դեպքում կիրառվում է սույն հոդվածը, համարվում է հանձնման մասին Կողմերի միջև գործող ցանկացած համաձայնագրում ներառման ենթակա` որպես հանձնում առաջ բերող օրինախախտում: Կողմերը պարտավորվում են ներառել միմյանց միջև կնքվող հանձնման մասին ցանկացած համաձայնագրի մեջ բոլոր այն օրինախախտումները, որոնք առաջ են բերում հանձնում:
3. Եթե Կողմերից որևէ մեկը, պայմանավորելով հանձնումը համապատասխան համաձայնագրի առկայությամբ, հանձնման դիմում է ստանում մեկ այլ Կողմից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր կնքած չունի, այն կարող է սույն Կոնվենցիան ընդունել որպես հանձնման համար բավարար իրավական հիմք` ցանկացած այնպիսի օրինախախտման առնչությամբ, որի դեպքում կիրառվում է սույն հոդվածը: Այն Կողմերը, որոնց սույն Կոնվենցիան որպես հանձնման համար բավարար իրավական հիմք ընդունելու համար անհրաժեշտ է մանրամասն օրենսդրության մշակում, պետք է քննարկեն նման օրենսդրության մշակման և ընդունման հնարավորությունը:
4. Այն Կողմերը, որոնք հանձնումը չեն պայմանավորում համապատասխան համաձայնագրի առկայությամբ, ճանաչում են այն օրինախախտումները, որոնց դեպքում կիրառվում է սույն հոդվածը, որպես օրինախախտումներ, որոնք կարող են առաջ բերել փոխադարձ հանձնում:
5. Հանձնումը կատարվում է հարցվող Կողմի օրենսդրությամբ կամ հանձնման մասին գործող համաձայնագրերով սահմանված կարգով` ներառյալ այն հիմքերը, որոնցով հարցվող Կողմը կարող է մերժել հանձնումը:
6. Սույն հոդվածին համապատասխան ստացված դիմումների քննարկման ժամանակ, հարցվող Կողմը կարող է հրաժարվել այդ դիմումներում ներկայացվող խնդրանքները բավարարելուց, եթե բավարար հիմքեր կան, որոնք թույլ են տալիս իր դատական կամ այլ իրավասու մարմիններին համարել, որ դրանց բավարարումը կհեշտացնի որևէ անձի նկատմամբ վարվող դատաքննությունը կամ այդ անձին պատժի ենթարկելը` վերջինիս ռասայի, դավանանքի, քաղաքացիության կամ քաղաքական համոզմունքների հիման վրա, կամ այդ պատճառներից մեկով վնաս կպատճառի որևէ անձի, որին և վերաբերում է այդ դիմումը:
7. Այն օրինախախտումների առնչությամբ, որոնց դեպքում կիրառվում է սույն հոդվածը, Կողմերը ջանքեր են գործադրում` հանձնման գործընթացն արագացնելու և դրա հետ կապված` ապացույցների ներկայացման պահանջները պարզեցնելու համար:
8. Հաշվի առնելով հանձնման հետ կապված խնդիրները կարգավորող իր ազգային օրենսդրության դրույթները և գործող համաձայնագրերը, հարցվող Կողմը, համոզվելով, որ հանգամանքները անհապաղ բնույթ են կրում և պահանջում են այն, և հարցող Կողմի խնդրանքով կարող է կալանքի տակ առնել այն անձին, որը գտնվում է իր տարածքում և որի հանձնումը հարցվում է, կամ ձեռնարկել այլ անհրաժեշտ միջոցներ` հանձնման ընթացակարգին իր ներկայությունն ապահովելու նպատակով:
9. Առանց իր ազգային օրենսդրությամբ սահմանված որևէ քրեական իրավազորություն խախտելու, Կողմը, որի տարածքում գտնվում է ենթադրվող օրինախախտը.
ա/ այն դեպքում, երբ նա օրինախախտին չի հանձնում 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտում կատարելու համար` 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հիմքերով, գործը փոխանցում է իր իրավասու մարմիններին` քրեական հետապնդում սկսելու նպատակով, եթե հարցող Կողմի հետ այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել,
բ/ այն դեպքում, երբ նա օրինախախտին չի հանձնում այդպիսի օրինախախտում կատարելու համար և իր իրավազորութունն է սահմանել այդ օրինախախտման նկատմամբ` 4-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, գործը փոխանցում է իր իրավասու մարմիններին` քրեական հետապնդում սկսելու նպատակով, եթե հարցող Կողմը իր օրինական իրավազորությունը պահպանելու նպատակով չի դիմում մեկ այլ խնդրանքով:
10. Եթե հանձնումը, որը հարցվում է դատավճիռը ի կատար ածելու նպատակով, մերժվում է հետախուզվող անձի հարցվող Կողմի քաղաքացի հանդիսանալու պատճառով, ապա հարցվող Կողմը, եթե դա հիմնավորված է իր ազգային օրենսդրությամբ և համապատասխանում է վերջինիս դրույթներին, հարցող Կողմի դիմումի հիման վրա քննարկում է հարցող Կողմի օրենսդրության համաձայն կայացրած դատավճիռը կամ դատավճռի մնացած մասը ի կատար ածելու հարցը:
11. Կողմերը ձգտում են երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքել` հանձնման գործընթացների իրականացումն ապահովելու կամ դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
12. Կողմերը կարող են ուսումնասիրել հատուկ և ընդհանուր բնույթի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքման հնարավորությունը, որոնց համաձայն անձինք, որոնք դատապարտված են բանտարկության կամ ազատազրկման այլ տեսակների այն օրինախախտումների համար, որոնց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի դրույթները, արտահանձնվեն իրենց երկրներին, որպեսզի նրանք իրենց ազատազրկման մնացած մասը կարողանան կրել այնտեղ:
Հոդված 7
Փոխադարձ իրավական օգնություն
1. Կողմերը, սույն հոդվածին համապատասխան, միմյանց ցուցաբերում են բազմակողմ իրավական օգնություն` 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված քրեական օրինախախտումներին առնչվող հետաքննությունների, քրեական հետապնդման և դատաքննությունների իրականացման գործում:
2. Փոխադարձ իրավական օգնությունը, որը ցուցաբերվում է սույն հոդվածի դրույթների համաձայն, կարող է խնդրարկվել հետևյալ նպատակներով.
/ա/ ապացույցների կամ ցուցմունքների հավաքում,
/բ/ դատական հետաքննության նյութերի հետ ծանոթացում,
/գ/ խուզարկությունների և կալանավորումների իրականացում,
/դ/ առարկաների և վայրերի զննում,
/ե/ տեղեկությունների և ապացուցական առարկաների տրամադրում,
/զ/ համապատասխան փաստաթղթերի և նյութերի բնագրերի կամ ըստ սահմանված կարգի հաստատված դրանց պատճենների տրամադրում` ներառյալ բանկային, ֆինանսական, ֆիրմային կամ առևտրային փաստաթղթերը,
/է/ ապացուցական նպատակներով եկամուտների, սեփականության կամ այլ առարկաների հայտնաբերում:
3. Կողմերը կարող են միմյանց ցուցաբերել հարցվող Կողմի ազգային օրենսդրությամբ թույլատրվող այլ տեսակի փոխադարձ իրավական օգնություն:
4. Ներկայացված դիմումին համապատասխան, Կողմերը հեշտացնում կամ խրախուսում են, որքանով դա ընդունելի է իր ազգային օրենսդրության կամ գործնական տեսակետից, այն անձանց ներկայությունը կամ մատչելիությունը` ներառյալ կալանքի տակ գտնվող անձանց, որոնք իրենց համաձայնությունն են տալիս օգնություն ցուցաբերել հետաքննությանը կամ մասնակցել դատաքննությանը:
5. Կողմը չպետք է հրաժարվի սույն հոդվածի համաձայն իրավական օգնություն ցուցաբերելուց, դա պատճառաբանելով բանկային գաղտնիքի պահպանման անհրաժեշտությամբ:
6. Սույն հոդվածի դրույթները չեն ազդում այն հանգամանքների վրա, որոնք բխում են ցանկացած այլ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերից, որոնք կարգավորում են կամ կկարգավորեն, ամբողջությամբ կամ մասնակիորեն, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ցուցաբերումը:
7. Սույն հոդվածի 8-ից 19-րդ կետերի դրույթները կիրառվում են դրանց հիման վրա ներկայացված դիմումների նկատմամբ, եթե համապատասխան Կողմերը միմյանց հետ կապված չեն փոխադարձ իրավական օգնության մասին որևէ համաձայնագրով: Եթե այդ Կողմերը կապված են նման համաձայնագրով, ապա կիրառվում են այդ համաձայնագրի համապատասխան դրույթները, եթե Կողմերը համաձայնության չեն եկել դրա փոխարեն սույն հոդվածի 8-ից 19-րդ կետերը կիրառելու վերաբերյալ:
8. Կողմերը նշանակում են այն մարմինը, կամ, անհրաժեշտության դեպքում, մարմինները, որոնք պարտավոր են և լիազորված են բավարարել փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման դիմումները կամ կատարման նպատակով դրանք առաքել համապատասխան իրավասու մարմիններին: Գլխավոր քարտուղարը ծանուցվում է այդ նպատակով նշանակվող մարմնի կամ մարմինների մասին: Փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու դիմումների և դրանց առնչվող ցանկացած տեղեկությունների առաքումը կատարվում է նշանակված մարմինների միջոցով. սույն դրույթը չի խախտում Կողմի` նման դիմումները և հաղորդագրությունները դիվանագիտական ուղիներով, իսկ արտակարգ հանգամանքների դեպքում` նաև, եթե դա հնարավոր է, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության միջոցով ուղղելը պահանջելու իրավունքը:
9. Դիմումներն ուղղվում են գրավոր ձևով` հարցվող Կողմի համար ընդունելի լեզվով: Գլխավոր քարտուղարը ծանուցվում է յուրաքանչյուր Կողմի համար ընդունելի լեզվի կամ լեզուների մասին: Արտակարգ հանգամանքների պայմաններում և Կողմերի միջև համաձայնեցված լինելու դեպքում, նման դիմումները կարող են ուղղվել բանավոր ձևով, սակայն դրանք անմիջապես հաստատվում են գրավոր ձևով:
10. Փոխադարձ իրավական օգնության դիմումի մեջ նշվում են.
/ա/ տեղեկություններ դիմող մարմնի մասին,
/բ/ Դիմումի առարկայի և դրա հետ առնչվող հետաքննության, քրեական հետապնդման կամ դատաքննության բնույթը, ինչպես նաև այդ հետաքննությունը, քրեական հետապնդումը կամ դատաքննությունը վարող մարմնի անվանումը և գործառույթները,
/գ/ համապատասխան փաստերի համառոտ շարադրանքը` բացառությամբ այն ամենի, ինչ վերաբերվում է դատական փաստաթղթերի հետ ծանոթանալու դիմումներին,
/դ/ պահանջվող օժանդակության բնույթի նկարագրությունը և մանրամասն տեղեկություններ այն ընթացակարգի վերաբերյալ, որը ցանկանում է կիրառել դիմող Կողմը,
/ե/ հնարավորության դեպքում` տեղեկություններ համապատասխան անձի, իր գտնվելու վայրի և քաղաքացիության վերաբերյալ,
/զ/ ապացույցների և տեղեկությունների հավաքման, ինչպես նաև կոնկրետ միջոցների կիրառման նպատակը:
11. Հարցվող Կողմը կարող է կատարել լրացուցիչ տեղեկությունների հարցում, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են այդ Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան դիմումի բավարարման համար, կամ եթե այդ տեղեկությունները կարող են հեշտացնել դիմումի բավարարումը:
12. Դիմումը բավարարվում է համաձայն հարցվող Կողմի ազգային օրենսդրության այնքանով, որքանով դա չի հակասում վերջինիս դրույթներին, և հնարավորության չափ` դիմումի մեջ նշված ընթացակարգերին համապատասխան:
13. Հարցող Կողմը չի փոխանցում և չի օգտագործում հարցվող Կողմի տրամադրած տեղեկությունները կամ ապացույցները որևէ այլ հետաքննության, քրեական հետապնդման կամ դատաքննության իրականացման նպատակներով, բացի դիմումի մեջ նշվածներից` առանց հարցվող Կողմի նախնական համաձայնության:
14. Հարցվող Կողմը կարող է պահանջել, որպեսզի հարցող Կողմը պահպանի դիմումի գոյության և բնույթի գաղտնիությունը, բացառությամբ այն ամենի, ինչ անհրաժեշտ է բուն դիմումը բավարարելու համար: Եթե հարցվող Կողմը չի կարող կատարել գաղտնիության պահպանման պահանջը, ապա նա այդ մասին անհապաղ հայտնում է հարցող Կողմին:
15. Փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու դիմումը կարող է մերժվել.
/ա/ եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի դրույթներին,
/բ/ եթե հարցվող Կողմը համարում է, որ դիմումի բավարարումը կարող է վնաս պատճառել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգուկանոնին կամ այլ կենսական կարևորություն ունեցող շահերին,
/գ/ եթե հարցվող Կողմի ազգային օրենսդրությունն իր մարմիններին արգելում է բավարարել համանման օրինախախտման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե այդ օրինախախտումը հանդիսացել է այդ մարմինների լիազորությունների շրջանակներում հետաքննության, քրեական հետապնդման կամ դատաքննության իրականացման առարկա,
/դ/ եթե այն հակասում է հարցվող Կողմի իրավական համակարգի` փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման դիմումներին վերաբերվող դրույթներին:
16. Փոխադարձ իրավական օգնության դիմումի ցանկացած պատճառով մերժումը պետք է հիմնավորվի:
17. Հարցվող Կողմը կարող է հետաձգել փոխադարձ իրավական օգնության ցուցաբերումը այն բանի հիման վրա, որ այդ օգնությունը խոչընդոտում է վարվող հետաքննությունը, քրեական հետապնդմանը կամ դատաքննությանը: Այս դեպքում հարցվող Կողմը խորհրդակցություններ է անցկացնում հարցումն ուղղող Կողմի հետ` որոշելու համար, թե արդյոք հնարավոր կլինի պահանջվող օգնությունը ցուցաբերել հարցվող Կողմի համար ընդունելի ժամկետներում և պայմաններով:
18. Վկան, փորձագետը կամ ցանկացած այլ անձը, որը համաձայնվում է ցուցմունքներ տալ դատաքննության ընթացքում կամ աջակցություն ցուցաբերել հարցող Կողմի տարածքում վարվող հետաքննության, քրեական հետապնդման կամ դատաքննության իրականացմանը, այդ տարածքում չի ենթարկվում քրեական հետապնդման, ձերբակալման, որևէ պատժի կամ անձնական ազատության ցանկացած այլ սահմանափակման` այն արարքների, խախտումների կամ դատվածությունների առնչությամբ, որոնք վերաբերվում են հարցվող Կողմի տարածքից մեկնելուն նախորդող ժամանակահատվածին: Անձնական անվտանգության նման երաշխիքի գործողությունը դադարում է, եթե վկան, փորձագետը կամ այլ անձը, պաշտոնապես ծանուցված լինելով այն մասին, որ դատական մարմինների համար իր ներկայությունն այլևս պարտադիր չէ, այդ ծանուցման ստացմանը հաջորդող տասնհինգ օրվա, կամ Կողմերով համաձայնեցված ցանկացած այլ ժամանակահատվածի ընթացքում ունեցել է այդ տարածքը լքելու հնարավորություն, այնուամենայնիվ կամավոր կերպով մնացել է այդ տարածքում կամ, այն լքելով, սեփական կամքով կրկին հետ է վերադարձել:
19. Դիմումի բավարարման հետ կապված սովորական ծախսերը հոգում է հարցվող Կողմը, եթե համապատասխան Կողմերն այլ կերպ պայմանավորված չեն: Եթե դիմումի բավարարման համար պահանջվում են կամ կպահանջվեն էական կամ արտակարգ ծախսեր, ապա Կողմերն անցկացնում են խորհրդակցություններ` դիմումի բավարարման ժամկետները և պայմանները որոշելու, ինչպես նաև այդ ծախսերի հատուցման ուղիներ հայտնաբերելու նպատակով:
20. Կողմերը քննարկում են, որքանով դա անհրաժեշտ է, այնպիսի երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի կնքման հնարավորությունը, որոնք կհամապատասխանեն սույն հոդվածի նպատակներին, կնպաստեն վերջինիս դրույթների ամրապնդմանը և արդյունավետ գործնական կիրառմանը:
Հոդված 8
Դատական վարույթների տրամադրում
Կողմերը դիտարկում են 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ վարույթների փոխադարձ տրամադրման հնարավորությունն այն դեպքերում, երբ համարվում է, որ այդ վարույթների տրամադրումը համապատասխանում է արդարադատության պատշաճ կատարման շահերին:
Հոդված 9
Համագործակցության այլ ձևեր և կադրերի պատրաստում
1. Կողմերը սերտորեն համագործակցում են միմյանց հետ` գործելով իրենց ազգային իրավական և վարչարարական համակարգերին համապատասխան` 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կանխարգելման համար անհրաժեշտ օրինապահ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Դրանք, հիմք ընդունելով գործող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերն ու պայմանավորվածությունները, մասնավորապես.
/ա/ ստեղծում և պահպանում են հաղորդակցման ուղիներ միմյանց իրավասու մարմինների և ծառայությունների միջև, որպեսզի ապահովեն 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների բոլոր ասպեկտներին վերաբերվող տեղեկատվության հուսալի և արագ փոխանակումը` ներառյալ, եթե Կողմերն այդ նպատակահարմար գտնեն, կապերը հանցավոր գործունեության այլ տեսակների հետ,
/բ/ միմյանց հետ համագործակցում են միջազգային բնույթ կրող և 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների հետաքննություններին.
/i/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների մասնակցության մեջ կասկածվող անձանց, դրանց գտնվելու վայրի հայտնաբերման և գործունեության բացահայտման նպատակով,
/ii/ այդպիսի օրինախախտումների արդյունքում ստացված եկամուտների կամ սեփականության տեղափոխման բացահայտման նպատակով,
/iii/ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և սույն Կոնվենցիայում տրված 1-ին և 2-րդ աղյուսակներում տեղ գտած նյութերի, ինչպես նաև այդպիսի օրինախախտումներ գործելու համար օգտագործվող կամ նախատեսված միջոցների հայտնաբերման նպատակով,
/գ/ համապատասխան դեպքերում և ըստ իրենց օրենսդրությամբ սահմանված կարգի, ստեղծում են համատեղ խմբեր` հաշվի առնելով անձանց և գործողությունների անվտանգության ապահովման կարևորությունը սույն կետի դրույթների կիրառման համար: Նման խմբերի կազմում ընդգրկված ցանկացած Կողմի պաշտոնատար անձինք գործում են այն Կողմի համապատասխան մարմինների հավանությամբ, որի տարածքում պետք է անցկացվի այդ գործողությունը, նման բոլոր դեպքերում շահագրգիռ Կողմերն ապահովում են այն Կողմի ինքնիշխանության լիարժեք պահպանումը, որի տարածքում անց է կացվում տվյալ գործողությունը,
/դ/ համապատասխան դեպքերում տրամադրում են անհրաժեշտ քանակությամբ նյութերի փորձանմուշներ` հետազոտական կամ հետաքննչական նպատակների համար,
/ե/ աջակցում են իրենց իրավասու մարմինների և ծառայությունների համատեղ գործունեության արդյունավետ համադրմանը և աշխատակիցների և այլ փորձագետների փոխանակմանը` ներառյալ կապի աշխատակիցների տեղաբաշխումը:
2. Յուրաքանչյուր Կողմ անհրաժեշտության սահմաններում, մշակում, իրականացնում կամ կատարելագործում է իրավապահ և այլ մարմինների աշխատակիցների հատուկ պատրաստության ծրագրեր` ներառյալ մաքսային մարմինները, որոնք պատասխանատու են 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կանխարգելման համար: Նման ծրագրերը, մասնավորապես, ներառում են հետևյալը.
/ա/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների բացահայտման և կանխարգելման ժամանակ կիրառվող մեթոդները,
/բ/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումներին մասնակցելու մեջ կասկածվող անձանց կողմից օգտագործվող երթուղիները և միջոցները` մասնավորապես տարանցիկ փոխադրման երկրներում, և համապատասխան հակամիջոցները,
/գ/ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում տեղ գտած նյութերի ներկրման և արտահանման նկատմամբ հսկողության սահմանում,
/դ/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների արդյունքում ստացված եկամուտների և սեփականության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում տեղ գտած նյութերի, ինչպես նաև այդ օրինախախտումների կատարման համար ընթացքում օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված նյութերի շրջանառության հայտնաբերում և դրա նկատմամբ հսկողության սահմանում,
/ե/ այդպիսի եկամուտների, սեփականության և միջոցների տեղափոխման, թաքցման կամ պարտակման մեթոդներ,
/զ/ ապացույցների հավաքում,
/է/ հսկողության իրականացման մեթոդներ ազատ առևտրի գոտիներում և ազատ նավահանգիստներում,
/ը/ արդիական իրավապահ մեթոդներ:
3. Կողմերը միմյանց աջակցություն են ցուցաբերում սույն հոդվածի 2-րդ կետում նշված ոլորտներում հատուկ գիտելիքների և հմտությունների փոխանակումն ապահովող հետազոտական և ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման գործում և այդ նպատակով համապատասխան դեպքերում կազմակերպում են տարածաշրջանային և միջազգային սեմինարներ` համագործակցության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների քննարկման նպատակով` ներառյալ յուրահատուկ հիմնախնդիրները և տարանցիկ փոխադրման երկրների կարիքները:
Հոդված 10
Միջազգային համագործակցությունը և աջակցության ցուցաբերում տարանցիկ փոխադրման երկրներին
1. Կողմերը համագործակցում են անմիջականորեն կամ միջազգային և տարածաշրջանային իրավասու կազմակերպությունների միջոցով` տարանցիկ փոխադրման երկրներին աջակցություն ցուցաբերելու նպատակով, մասնավորապես, հնարավորության սահմաններում, նման աջակցության կարիքն ունեցող զարգացող երկրներին` ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված տեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրա հետ կապված այլ միջոցառումների իրականացման միջոցով:
2. Կողմերը կարող են պարտավորություն ստանձնել անմիջականորեն կամ իրավասու միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով ֆինանսական օժանդակություն տրամադրել տարանցիկ փոխադրման երկրներին` ապօրինի շրջանառության արդյունավետ կանխարգելման և խափանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ամրապնդման և զարգացման նպատակով:
3. Կողմերը կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր և պայմանավորվածություններ` սույն հոդվածի դրույթների կիրառման ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով, և այդ կապակցությամբ կարող են հաշվի առնել նաև ֆինանսական պայմանավորվածությունները:
Հոդված 11
Հսկվող առաքումներ
1. Կողմերը, եթե այդպիսի բան նախատեսված է իրենց ազգային օրենսդրությամբ, ձեռնարկում են, իրենց հնարավորությունների շրջանակներում, անհրաժեշտ միջոցներ, որոնք ուղղված են փոխադարձ համաձայնագրերի և պայմանավորվածությունների հիման վրա հսկվող առաքումների մեխանիզմների պատշաճ կիրառմանը` 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների մասնակից անձանց հայտնաբերման և դրանց քրեական հետապնդման նպատակով:
2. Հսկվող առաքման մեխանիզմի կիրառման մասին որոշումներն ընդունվում են ցանկացած առանձին դեպքերում և կարող են, եթե անհրաժեշտ է, հաշվի առնել համապատասխան Կողմերի միջև գործող ֆինանսական համաձայնագրերը և իրավազորությունների իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունները:
3. Ապօրինի խմբաքանակները, որոնց հսկվող առաքումն իրականացվում է Կողմերի համաձայնությամբ և դրանց միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, կարող են բռնվել և ապա բաց թողնվել հետագա տեղափոխման համար` թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանմամբ, բռնագրավմամբ կամ ամբողջական կամ մասնակի փոխարինմամբ:
Հոդված 12
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության համար հաճախակի օգտագործվող նյութեր
1. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված այն նյութերի հոսակորուստի կանխարգելման համար, որոնք օգտագործվում են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության համար, և այդ նպատակով համագործակցում են միմյանց հետ:
2. Եթե Կողմը կամ Կոմիտեն ունի այնպիսի տեղեկություններ, որոնք, առաջիններիս կարծիքով, կարող են պահանջել 1-ին կամ 2-րդ աղյուսակում որևէ նյութի ընդգրկումն, ապա նա այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին և նրան տրամադրում նշված ծանուցումը հիմնավորող տեղեկություններ: Սույն հոդվածի 2-ից 7-րդ կետերով սահմանված կարգը կիրառվում է նաև այն դեպքում, եթե Կողմը կամ Կոմիտեն ունեն տեղեկություններ, որոնք արդարացնում են որևէ նյութի հեռացումը 1-ին կամ 2-րդ աղյուսակների ցանկերից կամ այդ նյութի տեղափոխումը մեկ ցանկից մյուսը:
3. Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումն, ինչպես նաև իր կարծիքով տվյալ գործին առնչվող բոլոր տեղեկություններն, ուղղում է Կողմերին, Հանձնաժողովին և, եթե որևէ Կողմից այս առնչությամբ ծանուցում է ներկայացվում, Կոմիտեին: Կողմերը Գլխավոր քարտուղարին ներկայացնում են ծանուցման վերաբերյալ իրենց նկատողությունները և այլ տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել Կոմիտեին` գնահատական տալու համար և Հանձնաժողովին` որոշում կայացնելու համար:
4. Եթե Կոմիտեն, հաշվի առնելով այդպիսի նյութի օրինական օգտագործման շրջանակները, նշանակությունը և բազմազանությունն, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օրինական նպատակներով օգտագործման և դրանց ապօրինի արտադրության համար այլընտրանքային միջոցների օգտագործման հնարավորությունները և դյուրինությունը, համարում է, որ
/ա/ տվյալ նյութը հաճախակի օգտագործվում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության համար,
/բ/ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության ծավալները սոցիալական և առողջապահական լուրջ հիմնախնդիրներ են առաջացնում, ինչը հիմք է հանդիսանում միջազգային մակարդակի վրա միջոցներ ձեռնարկելու համար,
ապա Կոմիտեն Հանձնաժողովին հայտնում է տվյալ նյութի գնահատման արդյունքները` ներառյալ օրինական օգտագործման նպատակով 1-ին կամ 2-րդ աղյուսակում այդ նյութն ընդգրկելու, ինչպես նաև այդ նյութի ապօրինի արտադրության հնարավոր հետևանքները, և, գնահատման արդյունքների հիման վրա, առաջարկություններ է ներկայացնում հսկողության իրականացման անհրաժեշտ միջոցների կիրառման վերաբերյալ:
5. Հանձնաժողովը, հաշվի առնելով Կողմերի, ինչպես նաև Կոմիտեի նկատողություններն ու առաջարկությունները, որի գնահատականը որոշիչ նշանակություն ունի գիտական խնդիրների ոլորտում, և պատշաճ կերպով նկատի առնելով տվյալ գործին առնչվող բոլոր այլ գործոնները, կարող է ձայների մեծամասնությամբ` իր անդամների ձայների մեկ երրորդով, որոշում ընդունել տվյալ նյութը 1-ին կամ 2-րդ աղյուսակում ներառելու մասին:
6. Գլխավոր քարտուղարը Կոմիտեին և բոլոր այն պետություններին և կազմակերպություններին, որոնք հանդիսանում են կամ իրավունք ունեն դառնալու սույն Կոնվենցիայի անդամ, հայտնում է հանձնաժողովի կողմից ըստ սույն հոդվածով սահմանված կարգի ընդունված ցանկացած որոշման մասին: Որոշումը յուրաքանչյուր Կողմի համար լիարժեք ուժի մեջ է մտնում դրա մասին հայտնելու պահից հարյուր ութսուն օր անց:
7. /ա/ Սույն հոդվածի դրույթների հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները ենթակա են Խորհրդի կողմից վերանայման` Կողմերից որևէ մեկի դիմումի համաձայն, որով նա դիմել է այդ որոշման մասին հայտնելու պահից հարյուր ութսուն օրվա ընթացքում: Վերանայման մասին դիմումը ուղղվում է Գլխավոր քարտուղարին` գործին վերաբերվող բոլոր տեղեկությունների հետ մեկտեղ, որոնց վրա հիմնվում է վերանայման մասին դիմումը:
/բ/ Գլխավոր քարտուղարը վերանայման մասին դիմումի պատճենները` գործին առնչվող տեղեկությունների հետ մեկտեղ առաքում է Հանձնաժողովին, Կոմիտեին և բոլոր Կողմերին, նրանց առաջարկելով իրենց նկատողությունները ներկայացնել իննսուն օրվա ընթացքում: Ստացված բոլոր նկատողությունները ներկայացվում են Խորհրդին` քննարկման համար:
/գ/ Խորհուրդը կարող է հաստատել կամ չեղյալ հայտարարել Հանձնաժողովի որոշումը: Խորհրդի որոշման մասին ծանուցագիրն ուղղվում է Հանձնաժողովին, Կոմիտեին և բոլոր այն պետություններին և կազմակերպություններին, որոնք հանդիսանում են կամ իրավունք ունեն դառնալու սույն Կոնվենցիայի անդամ:
8. /ա/ Առանց սույն հոդվածի 1-ին կետի, 1961 թվականի՝ Կոնվենցիայի, այդ Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով, և 1971 թվականի՝ Կոնվենցիայի դրույթները խախտելու, Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` սույն Կոնվենցիայի 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի արտադրության և տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
/բ/ Այդ նպատակով Կողմերը կարող են.
/i/ հսկողություն իրականացնել այդպիսի նյութեր արտադրող և տարածող, ինչպես նաև դրանց արտադրմանը և տարածմանը մասնակցող անձանց և ձեռնարկությունների նկատմամբ,
/ii/ լիցենզիաների տրամադրման միջոցով հսկողություն իրականացնել այն տարածքները կամ ձեռնարկությունները, որտեղ կարող է տեղի ունենալ այդպիսի արտադրություն կամ տարածում,
/iii/ լիցենզիաներ ունեցողներից պահանջել վերը նշված գործունեության իրականացման համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելը,
/iv/ Չթույլատրել արտադրողների կամ տարածողների տնօրինման ներքո կուտակված այդ նյութերի այնպիսի քանակություններ, որոնք գերազանցում են առաջիններիս բնականոն գործունեության համար անհրաժեշտ քանակությունները` հաշվի առնելով շուկայում տիրող իրավիճակը:
9. 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված նյութերի նկատմամբ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է հետևյալ միջոցները.
/ա/ մշակում և կիրառում է 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված նյութերի միջազգային առևտրի մոնիտորինգի համակարգ` կասկածելի գործարքների հայտնաբերմանը նպաստելու նպատակով: Այդպիսի մոնիտորինգային համակարգերի կիրառումն իրականացվում է արտադրողների, ներմուծողների, արտահանողների, մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող անձանց օժանդակությամբ, որոնք իրավասու մարմիններին տեղեկացնում են կասկածելի պատվերների և գործարքների մասին,
/բ/ իրականացնում է 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված ցանկացած նյութի բռնագրավում, եթե առկա են համոզիչ ապացույցներ այն մասին, որ տվյալ նյութը նախատեսված է որևէ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ապօրինի արտադրության համար,
/գ/ հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնում է շահագրգիռ Կողմերի իրավասու մարմիններին և ծառայություններին, եթե հիմքեր կան ենթադրելու, որ 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված նյութերից որևէ մեկի ներմուծումն, արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը կատարվում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության նպատակով, մասնավորապես նշելով նման եզրակացության համար հիմք ծառայած վճարման միջոցների և բոլոր այլ հիմնական տարրերի մասին,
/դ/ պահանջում է, որ ներմուծվող և արտահանվող նյութերը պատշաճ կերպով պիտակավորված լինեն և իրենց հետ ունենան անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթեր: Առևտրային փաստաթղթերում, այն է` հաշիվ-ապրանքագրերում, բեռնագրերում, մաքսային, տրանսպորտային կամ այլ բեռնային փաստաթղթերում պետք է նշված լինեն 1-ին և 2-րդ աղյուսակում ներառված` ներմուծվող կամ արտահանվող նյութերի անվանումները, ներմուծվող կամ արտահանվող նյութի քանակությունը, ինչպես նաև ներմուծողի, արտահանողի և, առկայության դեպքում, բեռն ստացողի անվանումն ու հասցեն,
/ե/ ապահովում է, որ սույն կետի «դ» ենթակետում նշված փաստաթղթերի պահպանման ժամկետը սահմանվի երկու տարուց ոչ պակաս և որ դրանք կարողանան տրամադրվել իրավասու ազգային մարմիններին` ստուգման համար:
10. /ա/ Ի լրումն 9-րդ կետի դրույթների և Գլխավոր քարտուղարին ուղղված շահագրգիռ Կողմի դիմումի համաձայն, յուրաքանչյուր Կողմ, որի տարածքից կատարվում է 1-ին աղյուսակում ներառված որևէ նյութի արտահանում, ապահովում է, որ մինչև արտահանման պահը իր իրավասու մարմինները ներմուծող երկրի իրավասու մարմիններին տրամադրեն հետևյալ տեղեկությունները.
/i/ ներմուծողի, արտահանողի և, եթե այդպիսին կա, բեռն ստացողի անվանումն ու հասցեն,
/ii/ 1-ին աղյուսակում ներառված նյութի անվանումը,
/iii/ արտահանվող նյութի քանակությունը,
/iv/ մուտքի ենթադրվող կետը և մեկնման ենթադրվող ամսաթիվը,
/v/ ցանկացած այլ տեղեկություններ, որոնց առնչությամբ Կողմերն ունեն փոխադարձ պայմանավորվածություններ
/բ/ Կողմը կարող է կիրառել հսկողության ավելի խիստ միջոցներ, քան սույն հոդվածով նախատեսվածները, եթե, իր կարծիքով, այդպիսի միջոցները նպատակահարմար են կամ անհրաժեշտ:
11. Եթե Կողմերից մեկը սույն հոդվածի 9-րդ և 10-րդ կետերին համապատասխան տեղեկություններ է տրամադրում որևէ այլ Կողմի, ապա այդպիսի տեղեկություններ տրամադրող Կողմը կարող է պահանջել, որ ստացող Կողմը ապահովի դրա մեջ պարունակվող առևտրային, գործարարական կամ պրոֆեսիոնալ ցանկացած գաղտնիքի, ինչպես նաև առևտրային գործարքի գաղտնիքի պահպանումը:
12. Կողմերը յուրաքանչյուր տարի Կոմիտեին են ներկայացնում` վերջինիս կողմից սահմանված կարգով և տրամադրված բլանկների վրա, հետևյալ տեղեկությունները.
/ա/ 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի բռնագրավված քանակությունների մասին և, եթե հայտնի է, դրանց ծագման մասին,
/բ/ 1-ին կամ 2-րդ աղյուսակում չներառված այնպիսի նյութի մասին, որն, ըստ առկա տվյալների, օգտագործվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության համար և որը, Կողմերի կարծիքով, իրենից լուրջ և Կոմիտեի ուշադրությանը ներկայացնելու արժանի հիմնախնդիր է ներկայացնում,
/գ/ հոսակորուստի ձևերի և ապօրինի արտադրության տեսակների մասին:
13. Կոմիտեն յուրաքանչյուր տարի Հանձնաժողովին է հայտնում սույն հոդվածի դրույթների կիրառման մասին, իսկ Հանձնաժողովը պարբերաբար անց է կացնում 1-ին և 2-րդ աղյուսակի համապատասխանության ստուգումներ:
14. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում ոչ դեղագործական պատրաստուկների, ոչ էլ այլ տեսակի պատրաստուկների նկատմամբ, որոնք պարունակում են 1-ին կամ 2-րդ աղյուսակում նշված նյութերը, սակայն ունեն այնպիսի բաղադրություն, որ այդ նյութերը հնարավոր չէ հեշտությամբ առանձնացնել առկա միջոցների օգնությամբ:
Հոդված 13
Նյութեր և սարքավորումներ
Կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության կամ պատրաստման համար օգտագործվող նյութերի և սարքավորումների վաճառքի և դրանց հոսակորուստի կանխարգելման ուղղությամբ և այդ նպատակով համագործակցում են միմյանց հետ:
Հոդված 14
Թմրամիջոցներ պարունակող բույսերի ապօրինի մշակման և թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ ապօրինի պահանջարկի վերացմանն ուղղված միջոցներ
1. Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կիրառվող միջոցները պետք է լինեն ոչ պակաս խիստ, քան 1961 թվականի՝ Կոնվենցիայով, այդ Կոնվենցիայով` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի՝ Կոնվենցիայով նախատեսված` թմրամիջոցներ պարունակող բույսերի ապօրինի մշակման և թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ ապօրինի պահանջարկի վերացմանն ուղղված միջոցների կիրառմանն առնչվող դրույթները:
2. Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող այնպիսի բույսերի ապօրինի մշակման կանխարգելման և ոչնչացման համար, ինչպիսիք են ափիոնի խաշխաշը, կոկաինի թուփը և կանեփ բույսը, որոնց ապօրինի մշակումը կատարվում է իր տարածքում: Այդպիսի միջոցների կիրառման ժամանակ պահպանվում են մարդու հիմնական իրավունքները և պատշաճ կերպով հաշվի են առնվում նման բույսերի օրինական օգտագործման ավանդական ձևերը, երբ առկա են այդպիսի օգտագործումը հաստատող պատմական փաստեր, ինչպես նաև հաշվի է առնվում շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությունը:
3. /ա/ Կողմերը կարող են համագործակցել ապօրինի մշակման վերացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այդ համագործակցությունը կարող է, մասնավորապես, իր մեջ ներառել, երբ նպատակահարմար է, գյուղական շրջանների համալիր զարգացմանն ուղղված օժանդակություն, ինչը տնտեսապես արդյունավետ այլընտրանքներ կստեղծի ապօրինի մշակմանը: Մինչև գյուղական շրջանների զարգացմանն ուղղված նման ծրագրեր իրականացնելը, անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են շուկաների մատչելիությունը, ռեսուրսների առկայությունը և առկա սոցիալ-տնտեսական պայմանները: Կողմերը կարող են պայմանավորվել փոխադարձ համագործակցության շրջանակներում ցանկացած այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացման մասին:
/բ/ Կողմերը նաև նպաստում են միմյանց միջև գիտական և տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը և ապօրինի մշակման վերացման ոլորտում հետազոտությունների կազմակերպմանն ու անցկացմանը:
/գ/ Այն դեպքերում, երբ Կողմերը ընդհանուր սահման ունեն, նրանք ձգտում են համագործակցել այդ սահմաններին հարող շրջաններում ապօրինի մշակման վերացման ծրագրերի իրականացման շրջանակներում:
4. Մարդկային տառապանքների նվազեցման և ապօրինի շրջանառության ֆինանսական խթանների վերացման նպատակով, Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ուղղված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ ապօրինի պահանջարկի վերացմանը կամ նվազեցմանը: Այդ միջոցները կարող են իրականացվել, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության այնպիսի մասնագիտացված մարմինների, ինչպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, և այլ իրավասու միջազգային կազմակերպությունների հանձնարարականների հիման վրա, ինչպես նաև 1987 թվականին կայացած` թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովին ընդունված Համապարփակ միջճյուղային ծրագրի հիման վրա` որքանով այն առնչվում է թմրամոլության նախապահպանության, ինչպես նաև թմրամոլների բուժման և նրանց աշխատունակության վերականգնման ոլորտներում գործող պետական հիմնարկներին, հասարակական կազմակերպություններին և անհատներին: Կողմերը կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ ձեռք բերել պայմանավորվածություններ` ուղղված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ պահանջարկի վերացմանը կամ նվազեցմանը:
5. Կողմերը կարող են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կալանքի տակ առնված կամ բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի շուտափույթ ոչնչացման կամ օրինական օգտագործման, ինչպես նաև այդպիսի նյութերի պատշաճ կերպով հավաստագրված անհրաժեշտ քանակությունները որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության ապահովման համար:
Հոդված 15
Առևտրային փոխադրողներ
1. Կողմերը համապատասխան միջոցներ են ձեռնարկում, որպեսզի առևտրային փոխադրողների կողմից շահագործվող տրանսպորտային միջոցները չօգտագործվեն 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կատարման համար. այդ միջոցների թվում կարող են լինել հատուկ պայմանավորվածությունները առևտրային փոխադրողների հետ:
2. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որպեսզի առևտրային փոխադրողները համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկեն` 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կատարման համար իրենց տնօրինման տակ գտնվող տրանսպորտային միջոցների օգտագործման կանխարգելման համար: Այդպիսի միջոցները կարող են ընդգրկել.
/ա/ եթե առևտրային փոխադրողի հիմնական գործունեության վայրը գտնվում է Կողմի տարածքում.
/i/ կասկածելի բեռների և անձանց բացահայտմանը նվիրված դասընթացների կազմակերպում աշխատակիցների համար,
/ii/ իրենց պաշտոնական պարտականությունների նկատմամբ աշխատակիցների բարեխիղճ վերաբերմունքի խրախուսում,
/բ/ եթե առևտրային փոխադրողը գործում է Կողմի տարածքում,
/i/ բեռնագրերի նախօրոք ներկայացումը` երբ հնարավոր է,
/ii/ բեռնարկղների վրա հուսալի, ամուր և անհատական կարգով ստուգվող կնիքների կիրառում,
/iii/ համապատասխան մարմինների օպերատիվ տեղեկացումը բոլոր կասկածելի հանգամանքների մասին, որոնք կարող են առնչություն ունենալ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների հետ:
3. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է ապահովել առևտրային փոխադրողների և համապատասխան մարմինների համագործակցությունը մուտքի և ելքի կետերում և մաքսային հսկողության այլ գոտիներում` տրանսպորտային միջոցների և բեռների չհաստատված օգտագործումը բացառելու և անվտանգության անհրաժեշտ միջոցներ կիրառելու նպատակով:
Հոդված 16
Արտահանվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերը և պիտակավորումը
1. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ օրինական ուղիներով արտահանվող թմրամիջոցները և հոգեմետ նյութերն ունենան համապատասխան ուղեկցող փաստաթղթեր: Ի լրումն այդ փաստաթղթերին 1961 թվականի՝ Կոնվենցիայի 31-րդ հոդվածի, այդ Կոնվենցիայի 31-րդ հոդվածով` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի՝ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն ներկայացվող պահանջների, այնպիսի ուղեկցող փաստաթղթերում, ինչպիսիք են հաշիվ-ապրանքագրերը, բեռնագրերը, մաքսային, տրանսպորտային կամ այլ բեռնային փաստաթղթերը, պետք է նշված լինեն 1961 թվականի՝ Կոնվենցիայի, այդ Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի՝ Կոնվենցիայի համապատասխան ցանկերում ներառված` արտահանվող նյութերի անվանումները, արտահանվող նյութի քանակությունը, ինչպես նաև ներմուծողի, արտահանողի և, առկայության դեպքում, բեռն ստացողի անվանումն ու հասցեն:
2. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանվող խմբաքանակները պատշաճ կերպով պիտակավորված լինեն:
Հոդված 17
Ապօրինի շրջանառությունը ծովում
1. Կողմերը, միջազգային ծովային իրավունքի նորմերին համապատասխան, սերտ համագործակցություն են իրականացնում ծովային ավազանում ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով:
2. Եթե Կողմը բավարար հիմքեր ունի կասկածելու, որ իր դրոշը կրող, ինչպես նաև որևէ դրոշ չկրող կամ գրանցումը հատկանշող տարբերիչ նշաններ չունեցող նավը մասնակցում է ապօրինի շրջանառությանը, ապա այն կարող է դիմել այլ Կողմերին` նշված նպատակով նավի օգտագործումը խափանելու գործում աջակցություն ստանալու համար: Այդպիսի դիմում ստացող Կողմերը անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում` իրենց մոտ առկա միջոցների շրջանակներում:
3. Եթե Կողմը բավարար հիմքեր ունի կասկածելու, որ միջազգային ծովային իրավունքի համաձայն ազատ նավարկության իրավունք կիրառող նավը, որը կրում է մեկ այլ Կողմի դրոշը կամ գրանցումը հատկանշող տարբերիչ նշանները, մասնակցում է ապօրինի շրջանառությանը, ապա այն կարող է այդ մասին տեղեկացնել այդ դրոշի պետությանը, պահանջել գրանցման հաստատում և, այդ հաստատումն ստանալու դեպքում, դիմել այդ դրոշի պետությանը` նավի նկատմամբ համապատասխան միջոցներ կիրառելու թույլտվություն ստանալու համար:
4. 3-րդ կետի, Կողմերի միջև գործող համաձայնագրերի և Կողմերի միջև որևէ այլ կերպ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, դրոշի պետությունը կարող է ի թիվս այլ բաների դիմող պետությանը թույլատրել.
/ա/ իջնել այդ նավի վրա,
/բ/ իրականացնել այդ նավի զննում,
/գ/ ապօրինի շրջանառությանը մասնակցելու ապացույցների հայտնաբերման դեպքում` համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ նավի և դրա տախտակամածին գտնվող անձանց և բեռի նկատմամբ:
5. Սույն հոդվածի դրույթների հիման վրա համապատասխան միջոցների կիրառման դեպքում, Կողմերը պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն ծովում կյանքի պահպանման, ինչպես նաև նավի և բեռի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և վնաս չպատճառեն դրոշի պետության և որևէ այլ շահագրգիռ պետության առևտրային և որևէ այլ շահերին:
6. Դրոշի պետությունը կարող է, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված իր պարտավորությունների համաձայն, տրված թույլտվությունն ուղեկցել պայմաններով, որոնք պետք է փոխադարձաբար համաձայնեցվեն իր և դիմող Կողմի միջև` ներառյալ պատասխանատվությանը վերաբերող պայմանները:
7. 3-րդ և 4-րդ կետերի նպատակներով, հարցվող Կողմն անհապաղ պատասխանում է դիմող Կողմին, թե արդյոք իր դրոշը կրող նավն ունի այդ իրավունքը, ինչպես նաև պատասխանում է 3-րդ կետի պահանջների հիման վրա ուղղվող` համապատասխան թույլտվության մասին դիմումին: Դառնալով սույն Կոնվենցիայի անդամ, յուրաքանչյուր Կողմ նշանակում է մի մարմին, կամ, անհրաժեշտության դեպքում, մարմիններ, որոնք պետք է ստանան այդ դիմումները և պատասխանեն դրանց: Այդպիսի նշանակման մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի միջոցով ուղղվում է բոլոր այլ Կողմերին` նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում:
8. Կողմը, որը քայլեր է ձեռնարկել սույն հոդվածին համապատասխան, անհապաղորեն տեղեկացնում է դրոշի պետությանը այդ քայլերի արդյունքների մասին:
9. Կողմերը քննարկում են միմյանց միջև երկկողմ կամ բազմակողմանի համաձայնագրերի կնքման հարցը` սույն հոդվածի դրույթների կիրառման և դրանց արդյունավետության բարձրացման նպատակով:
10. Սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն կիրառվող միջոցներն իրականացվում են միմիայն ռազմանավերի, ռազմական օդանավերի կամ այլ նավերի կամ օդանավերի կողմից, որոնք կրում են հստակ արտաքին նշաններ, ինչը թույլ է տալիս դրանց ճանաչել որպես պետական ծառայության մեջ գտնվող, և որոնք օժտված են այդ միջոցներն իրականացնելու համապատասխան լիազորություններով:
11. Սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված ցանկացած գործողություն պատշաճ կերպով հաշվի է առնում առափնյա պետությունների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև իրավազորությունների իրականացմանը վնաս չպատճառելու անհրաժեշտությունը` միջազգային ծովային իրավունքի հիմնադրույթներին համապատասխան:
Հոդված 18
Ազատ առևտրի գոտիներ և ազատ նավահանգիստներ
1. Ազատ առևտրի գոտիներում և ազատ նավահանգիստներում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի ապօրինի շրջանառության խափանման նպատակով, Կողմերը կիրառում են ոչ պակաս խիստ միջոցներ, քան իրենց տարածքների այլ հատվածներում կիրառվող միջոցները:
2. Կողմերը ձգտում են.
/ա/ Ազատ առևտրի գոտիներում և ազատ նավահանգիստներում հսկողություն սահմանել ապրանքների և անձանց շարժի նկատմամբ և այդ նպատակով իր համապատասխան իրավասու մարմիններին լիազորում իրականացնել ապրանքների և ժամանող ու մուտք գործող նավերի զննում` ներառյալ զբոսանավերը և ձկնորսական նավերը, ինչպես նաև օդանավերը և ցամաքային տրանսպորտային միջոցները, և անհրաժեշտության դեպքում, անձնակազմի անդամների և ուղևորների, ինչպես նաև իրենց ուղեբեռի զննում,
/բ/ ստեղծել և կիրառել թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութեր պարունակելու կասկածանքի տակ գտնվող` ազատ առևտրի գոտիներ և ազատ նավահանգիստներ մուտք գործող և դուրս բերվող բեռների հայտնաբերման համակարգ,
/գ/ ստեղծել և կիրառել հսկողության համակարգեր նավահանգստի շինությունների շրջաններում, օդանավակայաններում և այդ վայրերում գտնվող մաքսային հսկողության կետերում:
Հոդված 19
Փոստային առաքումների օգտագործում
1. Համաշխարհային փոստային միության Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունների համաձայն և իրենց ազգային իրավական համակարգերի հիմնադրույթներին համապատասխան, Կողմերը միջոցներ են ձեռնարկում ապօրինի շրջանառության համար փոստային առաքումների օգտագործումը խափանելու ուղղությամբ և այդ նպատակով համագործակցում են միմյանց հետ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցները, ի թիվս այլ բաների, ընդգրկում են.
/ա/ համակարգված գործողություններ` ուղղված ապօրինի շրջանառության նպատակով փոստային առաքումների օգտագործման կանխարգելմանն ու խափանմանը,
/բ/ իրավապահ մարմինների կողմից հետախուզության և հսկողության միջոցների և մեթոդների ներդրում և կիրառում, որոնք նախատեսված են փոստով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի ապօրինի առաքումների հայտնաբերման համար,
/գ/ օրենսդրական բնույթի միջոցներ, որոնք թույլ կտան համապատասխան քայլերի դիմել քրեական հետապնդումն սկսելու համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով:
Հոդված 20
Կողմերի տրամադրած տեղեկությունները
1. Կողմերը Գլխավոր քարտուղարի միջոցով Հանձնաժողովին տրամադրում են տեղեկություններ` իրենց տարածքում սույն Կոնվենցիայի գործողության վերաբերյալ, մասնավորապես.
/ա/ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովման նպատակով ընդունված օրենքների և կանոնակարգերի տեքստերը,
/բ/ մանրամասն տեղեկություններ իրենց իրավազորության ներքո գտնվող` ապօրինի շրջանառության հետ կապված այն գործերի մասին, որոնք նրանց կողմից համարվում են կարևոր` նոր միտումների բացահայտման, շրջանառության մեջ ներառված քանակության, նյութերի ստացման աղբյուրների կամ ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց կողմից օգտագործված մեթոդների շնորհիվ:
2. Կողմերը նշված տեղեկությունները տրամադրում են Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 21
Հանձնաժողովի գործառույթները
Հանձնաժողովը լիազորված է քննարկել սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած հարց, այդ թվում.
/ա/ Հանձնաժողովը, 20-րդ հոդվածի հիման վրա տրամադրված տեղեկությունների հիման վրա, հետևում է սույն Կոնվենցիայի իրագործման գործընթացին,
/բ/ Հանձնաժողովը, Կողմերից ստացված տեղեկությունների վերլուծության հիման վրա, կարող է ներկայացնել առաջարկություններ և ընդհանուր բնույթ կրող հանձնարարականներ,
/գ/ Հանձնաժողովը կարող է Կոմիտեի ուշադրությունը հրավիրել ցանկացած հարցի, որը կարող է առնչություն ունենալ վերջինիս գործառույթների հետ,
դ/ Հանձնաժողովը կարող է 22-րդ հոդվածի 1/բ/ կետի համաձայն Կոմիտեի կողմից իր քննարկմանն ուղղված ցանկացած հարցի առնչությամբ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք իր կողմից նպատակահարմար կհամարվեն,
/ե/ Հանձնաժողովը կարող է, 12-րդ հոդվածով սահմանված կարգով, փոփոխություններ և լրացումներ կատարել 1-ին և 2-րդ աղյուսակներում,
/զ/ Հանձնաժողովը կարող է սույն Կոնվենցիայի Կողմեր չհանդիսացող պետությունների ուշադրությունը հրավիրել այն որոշումներին և հանձնարարականներին, որոնք այն ընդունում է համաձայն սույն Կոնվենցիայի, որպեսզի այդ պետությունները քննության առնեն սույն Կոնվենցիայի հիմնադրույթներին համապատասխանող միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը:
Հոդված 22
Կոմիտեի գործառույթները
1. Առանց 21-րդ հոդվածով սահմանված` Հանձնաժողովի գործառույթները և 1961 թվականի Կոնվենցիայի, այդ Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի Կոնվենցիայի դրույթներով սահմանված` Կոմիտեի և Հանձնաժողովի գործառույթները խախտելու.
/ա/ եթե իրեն, Գլխավոր քարտուղարին կամ Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունների, կամ Միավորված ազգերի կազմակերպության մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների քննարկման հիման վրա Կոմիտեն հիմքեր ունի համարելու, որ սույն Կոնվենցիայի նպատակներն իր իրավազորությանն առնչվող հարցերում չեն իրագործվում, այն կարող է Կողմին կամ Կողմերին առաջարկել իրեն տրամադրել համապատասխան տեղեկություններ,
/բ/ 12, 13 և 16-րդ հոդվածների առնչությամբ.
/i/ սույն հոդվածի /ա/ ենթակետի դրույթների հիման վրա համապատասխան միջոցների կիրառումից հետո Կոմիտեն, եթե այն գտնում է, որ դա անհրաժեշտ է, կարող է համապատասխան Կողմին կոչ անել ի կատարումն 12, 13 և 16-րդ հոդվածների ձեռնարկել այնպիսի ուղղիչ միջոցներ, որոնք տվյալ հանգամանքներում անհրաժեշտ են պատկերվում,
/ii/ մինչև 3-րդ ենթակետով սահմանված միջոցները ձեռնարկելը, Կոմիտեն գաղտնի է համարում Կողմերի հետ նախորդ ենթակետերի դրույթներին համապատասխան իրականացվող իր շփումները,
/iii/ եթե Կոմիտեին հայտնի է դառնում, որ համապատասխան Կողմը չի ձեռնարկել սույն ենթակետի հիման վրա իրեն առաջարկված ուղղիչ միջոցներն, ապա այն Կարող է Կողմերի, Խորհրդի և Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել այս հարցի կապակցությամբ: Սույն ենթակետին համապատասխան Կոմիտեի կողմից հրապարակված ցանկացած զեկույցի մեջ ներառվում են նաև համապատասխան Կողմի տեսակետները` վերջինիս դիմումի հիման վրա:
2. Ցանկացած Կողմի առաջարկվում է մասնակցել Կոմիտեի այն նիստին, որտեղ սույն հոդվածին համապատասխան քննարկվելու է իրեն հետաքրքրող հարցը:
3. Եթե որևէ դեպքում սույն հոդվածին համապատասխան Կոմիտեի կողմից ընդունված որոշումը միաձայն չի ընդունվում, ապա փոքրամասնության տեսակետները հաշվի են առնվում:
4. Սույն հոդվածով նախատեսված Կոմիտեի որոշումներն ընդունվում են վերջինիս անդամների ձայների մեծամասնությամբ` երկու երրորդով:
5. Սույն հոդվածի 1/ա/ ենթակետով սահմանված իր գործառույթներն իրականացնելիս, Կոմիտեն ապահովում է իր տրամադրության տակ մատուցվող տեղեկությունների գաղտնիությունը:
6. Սույն հոդվածով սահմանված Կոմիտեի պատասխանատվությունը չի տարածվում գործող այն համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների վրա, որոնք կնքվել են Կողմերի միջև սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
7. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում Կողմերի միջև առաջացած վեճերի նկատմամբ, որոնք կարգավորվում են համաձայն 32-րդ հոդվածի դրույթների:
Հոդված 23
Կոմիտեի զեկույցները
1. Կոմիտեն պատրաստում է իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան զեկույց, որն ընդգրկում է իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունների վերլուծությունը և, համապատասխան դեպքերում, Կողմերի պարզաբանումների շարադրանքը, եթե այդպիսիք տրամադրվել կամ հարցվել են` այն բոլոր նկատողությունների և առաջարկությունների հետ միասին, որոնք Կոմիտեն նպատակահարմար է գտնում ներկայացնել: Կոմիտեն կարող է կազմել այնպիսի լրացուցիչ զեկույցներ, որոնք նա անհրաժեշտ կհամարի: Զեկույցները Խորհրդին են ներկայացվում Հանձնաժողովի միջոցով, որը կարող է անել այնպիսի նկատողություններ, որոնք նպատակահարմար կգտնի:
2. Կոմիտեի զեկույցները առաքվում են Կողմերին, ապա հրապարակվում են Գլխավոր քարտուղարի կողմից: Կողմերը թույլ են տալիս դրանց անսահմանափակ տարածումը:
Հոդված 24
Սույն Կոնվենցիայով նախատեսվածներից ավելի խիստ միջոցների կիրառում
Կողմը կարող է կիրառել սույն Կոնվենցիայով նախատեսվածներից ավելի խիստ միջոցներ, եթե, իր կարծիքով, այդպիսի միջոցների կիրառումը նպատակահարմար է կամ անհրաժեշտ է ապօրինի շրջանառության կանխարգելման կամ խափանման համար:
Հոդված 25
Նախկինում կնքված պայմանագրերով սահմանված իրավունքների և պարտականությունների պահպանում
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն նվազեցնում այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք Կողմերն ստանձնել են 1961 թվականի Կոնվենցիայի, այդ Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի Կոնվենցիայի համապատասխան:
Հոդված 26
Ստորագրում
Սույն Կոնվենցիան բաց էր ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Վիեննայի` 1988 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1989 թվականի փետրվարի 28-ը, իսկ այդ ժամկետն ավարտվելուն պես` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական մարմիններում, Նյու-Յորքում, մինչև 1989 թվականի դեկտեմբերի 20-ը.
/ա/ ցանկացած պետության կողմից,
/բ/ Նամիբիայի կողմից, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը,
/գ/ Սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարցերի շուրջ բանակցություններ վարելու և դրանց մասին միջազգային համաձայնագրեր կնքելու լիազորություններով օժտված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից. Կոնվենցիայի շրջանակներում Կողմերին, պետություններին կամ ազգային մարմիններին կատարվող հղումները կիրառելի են նաև այդ կազմակերպությունների նկատմամբ` իրենց իրավազորությունների շրջանակներում:
Հոդված 27
Վավերացում, ընդունում, հավանություն կամ պաշտոնական ճանաչման ակտ
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության` պետությունների և Նամիբիայի կողմից, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը, ինչպես նաև 26-րդ հոդվածի /գ/ հոդվածում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից պաշտոնական ճանաչման ակտերի միջոցով ընդունման: Վավերագրերը և ընդունման ու հավանության մասին փաստաթղթերն, ինչպես նաև պաշտոնական ճանաչման ակտերին վերաբերող փաստաթղթերը, ի պահ են հանձնվում Գլխավոր քարտուղարին:
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող պաշտոնական ճանաչման փաստաթղթերում հայտնում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները նաև տեղեկացնում են Գլխավոր քարտուղարին սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխման մասին:
Հոդված 28
Միացում
1. Սույն Կոնվենցիային միանալը բաց է ցանկացած պետության և Նամիբիայի համար, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը, ինչպես նաև 26-րդ հոդվածի /գ/ հ ոդվածում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների համար: Միացումը տեղի է ունենում միանալու մասին փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող միանալու մասին փաստաթղթերում հայտնում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները նաև տեղեկացնում են Գլխավոր քարտուղարին սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխման մասին:
Հոդված 29
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում պետությունների և Նամիբիայի կողմից, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը, Գլխավոր քարտուղարին ի պահ ներկայացված քսաներորդ վավերագրի, ընդունման կամ հավանության փաստաթղթի հանձնման պահին հաջորդող իննսուներորդ օրվանից:
2. Սույն Կոնվենցիան վավերացրած, ընդունած, դրան հավանություն տված, կամ դրան քսաներորդ վավերագիրը կամ ընդունման, հավանության կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո միացած ցանկացած պետության և Նամիբիայի համար, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման կամ հավանության փաստաթղթի ի պահ հանձնելու պահին հաջորդող իննսուներորդ օրվանից:
3. Պաշտոնական ճանաչման ակտին վերաբերվող փաստաթուղթը կամ միանալու մասին փաստաթուղթը պահպանման հանձնող` 26-րդ հոդվածի /գ/ կետում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային ցանկացած կազմակերպության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում ի պահ հանձնման պահին հաջորդող իննսուներորդ օրվանից, կամ էլ սույն հոդվածին համապատասխան Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից` կախված նրանից, թե այդ պահերից որն է ավելի ուշ:
Հոդված 30
Չեղյալ հայտարարում
1. Ցանկացած Կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` այդ մասին գրավոր ծանուցում ուղղելով Գլխավոր քարտուղարին:
2. Տվյալ Կողմի համար չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու պահից մեկ տարի հետո:
Հոդված 31
Փոփոխություններ
1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում ցանկացած փոփոխություն կատարել: Այդ Կողմը փոփոխության տեքստը և հիմքերը ներկայացնում է Գլխավոր քարտուղարին, որը դրանք ներկայացնում է այլ Կողմերին և հարցնում, թե արդյոք իրենք համաձայն են առաջարկվող փոփոխության հետ: Եթե նման կարգով ներկայացված փոփոխության կատարման առաջարկությունը ուղարկման պահից քսանչորս ամսվա ընթացքում չի մերժվում որևէ Կողմից, այն համարվում է ընդունված և ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Կողմի համար Գլխավոր քարտուղարին այդ փոփոխությունն ընդունելու մասին փաստաթղթի ի պահ հանձնման պահից իննսուներորդ օրվանից:
2. Իսկ եթե փոփոխության առաջարկությունը որևէ Կողմից մերժվում է, Գլխավոր քարտուղարը խորհրդակցում է Կողմերի հետ և, մեծամասնության խնդրանքով, այդ մասին, ինչպես նաև Կողմերի բոլոր նկատողությունների մասին հայտնում է Խորհրդին, որը կարող է համաժողով հրավիրելու որոշում ընդունել` Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն:
Հոդված 32
Վեճերի կարգավորում
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ իրագործման վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև վեճերի ծագման դեպքում, Կողմերը խորհրդակցում են միմյանց հետ` ծագած վեճը բանակցությունների, հետաքննության, միջնորդության, հաշտեցման, իրավարարության, տարածաշրջանային մարմիններին դիմելու, դատական հետաքննության և այլ խաղաղ միջոցներով` ըստ իրենց ընտրության, կարգավորելու նպատակով:
2. Ցանկացած այնպիսի վեճ, որը ենթակա չէ կարգավորման սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, վեճի կողմերից մեկը հանդիսացող պետության խնդրանքով հանձնվում է Միջազգային դատարան` համապատասխան որոշման ընդունման նպատակով:
3. Եթե սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով կարգավորման ոչ ենթակա վեճի կողմերից մեկը 26-րդ հոդվածի /գ/ կետում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն է, այն կարող է Խորհրդին դիմել Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության միջոցով, որպեսզի Խորհուրդը պահանջի Միջազգային դատարանի խորհրդակցական եզրակացությունը` Դատարանի Կանոնադրության 65-րդ հոդվածին համապատասխան, որի տեսակետը վճռական է համարվում:
4. Յուրաքանչյուր պետություն` սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու պահին, կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային յուրաքանչյուր կազմակերպություն` պաշտոնական ճանաչման ակտի ստորագրման, պահպանման հանձնման կամ միանալու պահին, կարող են հայտարարությամբ հանդես գալ այն մասին, որ իրենք սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով իրենց կապված չեն համարում: Այլ Կողմերը 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով կապված չեն նման հայտարարությամբ հանդես եկած ցանկացած Կողմի հետ:
5. Սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն այդպիսի հայտարարությամբ հանդես եկող Կողմը կարող է ցանկացած պահին չեղյալ հայտարարել այդ հայտարարությունն` այդ մասին ծանուցելով Գլխավոր քարտուղարին:
Հոդված 33
Նույնական տեքստեր
Սույն Կոնվենցիայի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:
Հոդված 34
Ավանդապահ
Սույն Կոնվենցիայի ավանդապահն է հանդիսանում Գլխավոր քարտուղարը:
Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Վիեննա քաղաքում, մեկ օրինակից, հազար ինը հարյուր ութսունութ թվականի դեկտեմբերի քսանին:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ
Փոփոխված ցանկեր, որոնք ներառում են Թմրամիջոցների հանձնաժողովի կողմից կատարված և 1992 թվականի նոյեմբերի 23-ին ուժի մեջ մտած լրացումներն ու փոփոխությունները
Ցանկ 1 |
Ցանկ 2 |
N-ացետիլանտրանիլային թթու |
Քացախի անհիդրիդ |
Էֆեդրին |
Ացետոն |
Էրգոմետրին |
Անտրանիլային թթու |
Էրգոտամին |
Էթիլային եթեր |
Իզոսաֆրոլ |
Աղաթթու |
Լիզերգինային թթու |
Մեթիլ էթիլ կետոն |
3,4-մեթիլենեդիօքսիֆենիլ-2-պրոպանոն |
Ֆենիլաքացախաթթու |
1-ֆենիլ-2-պրոպանոն |
Պիպերիդին |
Պիպերոնալ |
Կալիումի պերմանգանատ |
Կեղծ էֆեդրին |
Ծծմբաթթու |
Սաֆրոլ |
Տոլուեն |
Նաև սույն ցանկում ներառված նյութերի աղերը, երբ այդ աղերի գոյությունը հնարավոր է |
Նաև սույն ցանկում ներառված նյութերի աղերը, երբ այդ աղերի գոյությունը հնարավոր է /աղաթթվի և ծծմբաթթվի աղերը ցանկից հատուկ են հանված/ |
*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 12-ից