Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախաբան
Սույն Կոնվենցիայի Կողմերը,
նկատի առնելով մարդկանց և շրջակա միջավայրի արդյունաբերական վթարների ազդեցությունից պաշտպանության կարևոր նշանակությունը ներկա և ապագա սերունդների համար,
գիտակցելով մարդկանց և շրջակա միջավայրի վրա արդյունաբերական վթարների զգալի վնասակար ազդեցության կանխման, ինչպես նաև էկոլոգիապես անվտանգ և կայուն տնտեսական զարգացման նպատակով վթարների կանխմանը, դրանց համար պատրաստվածության ապահովմանը և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների բանական, խելացի և արդյունավետ կազմակերպումը խթանող միջոցների կիրառմանը նպաստելու կարևորությունն ու անհապաղությունը,
նկատի առնելով, որ արդյունաբերական վթարների վնասակար ազդեցությունը կարող է տարածվել սահմաններից դուրս և դրա հետ պայքարելու համար միջազգային համագործակցության պահանջ կա,
հաստատելով շահագրգիռ պետությունների միջև վթարից առաջ, վթարի ընթացքում և վթարից հետո ակտիվ միջազգային համագործակցությանը նպաստելու անհրաժեշտությունը համապատասխան քաղաքականության ամրապնդման, ինչպես նաև արդյունաբերական վթարների կանխման, դրանց համար պատրաստվածության ապահովման և դրանց անդրսահմանային ազդեցության վերացման համար բոլոր համապատասխան մակարդակների վրա իրականացվող գործողությունների ակտիվացման և համադրման նպատակով,
նշելով արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց համար պատրաստվածության ապահովմանը և դրանց անդրսահմանային ազդեցության վերացմանն ուղղված երկկողմ և բազմակողմ միջոցառումների կարևորությունն ու օգտակարությունը,
գիտակցելով այդ ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի /ԵՏՀ/ դերը, ինչպես նաև վկայակոչելով Անդրսահմանային ներքին ջրերի վթարային աղտոտման ժամանակ ԵՏՀ վարքագծի կանոնները և Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Կոնվենցիան,
նկատի առնելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության /ԵԱՀԽ/ եզրափակիչ ակտի և ԵԱՀԽ մասնակից պետությունների ներկայացուցիչների Վիեննայի հանդիպման ամփոփիչ փաստաթղթերի համապատասխան դրույթները, շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված ԵԱՀԽ մասնակից պետությունների Սոֆիայի հանդիպման արդյունքները, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի /ՄԱԿՇՄԾ/, մասնավորապես` ԱՊԵԼԼ ծրագրի, Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/, մասնավորապես` Խոշոր արդյունաբերական վթարների կանխման վարքագիրքը, և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների գործունեության համապատասխան ոլորտները և մեխանիզմները,
նկատի առնելով մարդու միջավայրի հիմնախնդիրներին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության խորհրդաժողովի Հռչակագրի համապատասխան դրույթները և, մասնավորապես, 21-րդ սկզբունքը, որի համաձայն պետությունները` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնիշխան իրավունք ունեն շահագործելու սեփական պաշարները` շրջակա միջավայրի ոլորտում իրենց ընդունած քաղաքականությանը համապատասխան և ապահովում են, որ իրենց իրավազորության կամ հսկողության սահմաններում իրականացվող գործունեությունն իրենց ազգային իրավազորությունից դուրս գտնվող պետությունների կամ տարածքների շրջակա միջավայրին վնաս չպատճառի,
ընդունելով «աղտոտողը վճարում է» սկզբունքը, որպես շրջակա միջավայրի միջազգային իրավունքի սկզբունք,
ընդգծելով միջազգային իրավունքի և ավանդների սկզբունքները, մասնավորապես, բարիդրացիության, փոխադարձության և բարի կամքի սկզբունքները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի իմաստով,
ա/ «արդյունաբերական վթար»-ը վտանգավոր նյութեր ընդգրկող գործունեության իրականացման ընթացքում տեղի ունեցող անվերահսկելի փոփոխությունների արդյունքում առաջացող դեպք է.
1. արդյունաբերական ձեռնարկության տարածքում` արտադրության, օգտագործման, պահպանման, տեղափոխման կամ ոչնչացման ընթացքում, կամ
2. տեղափոխման ընթացքում` 2-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքում,
բ/ «վտանգավոր գործունեություն»-ը ցանկացած այն գործունեությունն է, որի իրականացման մեջ ընդգրկված է կամ կարող է ընդգրկվել մեկ կամ մի քանի վտանգավոր նյութ` սույն Կոնվենցիայի 1-ին հավելվածում թվարկված շեմային քանակություններին հավասար կամ դրանք գերազանցող քանակություններով և որը կարող է առաջ բերել անդրսահմանային ազդեցություն,
գ/ «ազդեցություն»-ը արդյունաբերական վթարի ուղղակի կամ անուղղակի, անմիջական կամ հետաձգված վնասակար հետևանքներն են, մասնավորապես՝
i) մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի համար,
ii) հողի, ջրի, օդի և լանդշաֆտի համար,
iii) 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործողությունների միջև փոխադարձ կապի համար,
iv) նյութական արժեքների և մշակութային ժառանգության համար` ներառյալ պատմական հուշարձանները,
դ/ «անդրսահմանային ազդեցություն»-ը որևէ Կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում մեկ այլ Կողմի իրավազորության ներքո գտնվող տարածքում տեղի ունեցած արդյունաբերական վթարի արդյունքում առաջացող ազդեցությունն է,
ե/ «օպերատոր»-ը ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական այն անձն է կամ այն պետական մարմինն է, որը պատասխանատուն է որևէ գործունեության իրականացման համար, օրինակ` որևէ գործունեության վերահսկման, պլանավորման կամ իրականացման համար,
զ/ «Կողմ»-ը սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմն է, եթե տեքստում այլ բան նշված չէ,
է/ «ծագման Կողմ»-ը այն Կողմն է /Կողմերն են/, որի իրավազորության ներքո տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ արդյունաբերական վթարը,
ը/ «ազդեցության ենթարկված Կողմ»-ը այն Կողմն է, որը ազդեցության է ենթարկվել կամ կարող է ազդեցության ենթարկվել արդյունաբերական վթարի անդրսահմանային հետևանքների արդյունքում,
թ/ «շահագրգիռ Կողմ»-ը ծագման կամ ազդեցության ենթարկված որևէ Կողմ է,
ժ/ «հանրություն»-ը մեկ կամ մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են:
Հոդված 2
Կոնվենցիայի կիրառման շրջանակները
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այնպիսի արդյունաբերական վթարների կանխման, դրանց համար պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման նկատմամբ, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն ունենալ` ներառյալ տարերային աղետների հետևանքով տեղի ունեցած վթարների ազդեցությունը, ինչպես նաև՝ արդյունաբերական վթարների կանխման, դրանց համար պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման նպատակով տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակման, հետազոտությունների և փոխադարձ աջակցության ոլորտում միջազգային համագործակցության նկատմամբ:
2. Սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակները չեն ներառում.
ա/ միջուկային վթարները կամ ռադիոակտիվ վարակման հետ կապված արտակարգ իրավիճակները,
բ/ ռազմական օբյեկտներում իրականացվող գործունեության արդյունքում տեղի ունեցած վթարները,
գ/ ամբարտակների ավերումը` բացառությամբ ավերածությունների հետևանքով տեղի ունեցած արդյունաբերական վթարների ազդեցությունից,
դ/ ցամաքային տրանսպորտային միջոցի վրա տեղի ունեցած վթարների` բացառությամբ.
1. այդ վթարների հետևանքների վերացման գործողությունների,
2. վտանգավոր գործունեության տեսակի իրականացման վայրում կատարվող տեղափոխման ընթացքում տեղի ունեցած վթարների,
ե/ գենետիկորեն վերափոխված օրգանիզմների պատահական արտանետումը,
զ/ ծովային միջավայրում իրականացվող գործունեության, այդ թվում` ծովի հատակի ուսումնասիրման կամ շահագործման արդյունքում տեղի ունեցած վթարները,
է/ ծովում նավթի կամ այլ վնասակար նյութեր թափվելու դեպքերը:
Հոդված 3
Ընդհանուր դրույթներ
1. Կողմերը, հաշվի առնելով այն ջանքերը, որոնք արդեն գործադրվել են ազգային և միջազգային մակարդակներով, համապատասխան միջոցներ են ձեռնարկում և համագործակցում են սույն Կոնվենցիայի շրջանակներում արդյունաբերական վթարներից մարդկանց և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով` հնարավորության դեպքում այդպիսի վթարների կանխարգելման, դրանց հաճախականության, ծավալների և հետևանքների նվազեցման միջոցով: Այս առնչությամբ կիրառվում են արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց համար պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն, այդ թվում` վերականգնողական աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցներ:
2. Կողմերը, տեղեկատվության փոխանակման, խորհրդակցությունների կազմակերպման և այլ համատեղ միջոցառումների իրականացման միջոցով, մշակում և առանց անհիմն հետաձգումների իրագործում են արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցման և այդպիսի վթարների կանխմանը, դրանց համար պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն, այդ թվում` վերականգնողական աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցների կատարելագործման քաղաքականություն և ռազմավարություն` միաժամանակ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք արդեն գործադրվել են ազգային և միջազգային մակարդակների վրա` ավելորդ կրկնումները բացառելու նպատակով:
3. Կողմերն ապահովում են, որ օպերատորը պարտադրվում է ձեռնարկել ռիսկի բացառման համար վտանգավոր գործունեության իրականացման ընթացքում արդյունաբերական վթարների կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:
4. Սույն Կոնվենցիայի դրույթների իրագործման նպատակով Կողմերը ձեռնարկում են համապատասխան օրենսդրական, կարգավորիչ, վարչական և ֆինանսական միջոցները, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական վթարների կանխման, դրանց համար պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման համար:
5. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում միջազգային իրավունքին համապատասխան արդյունաբերական վթարների և վտանգավոր գործունեության առնչությամբ Կողմերի ստանձնած պարտավորությունները:
Հոդված 4
Գործունեության վտանգավոր տեսակների սահմանում, խորհրդակցություններ և խորհրդատվություն
1. Կանխարգելիչ և պատրաստականությունն ապահովող միջոցառումների իրականացման նպատակով Ծագման Կողմը, անհրաժեշտության դեպքում, իր իրավազորության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում գործունեության վտանգավոր տեսակների սահմանման համար և ապահովում է ազդեցության ենթարկված Կողմերի տեղեկացվածությունն այդպիսի պլանավորված կամ իրականացվող գործունեության տեսակի մասին:
2. Շահագրգիռ Կողմերն այդ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ, անց են կացնում խորհրդակցություններ գործունեության այնպիսի վտանգավոր տեսակների սահմանման նպատակով, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն գործել: Այն դեպքում, երբ շահագրգիռ Կողմերը համաձայնության չեն գալիս գործունեության այս կամ այն տեսակի վտանգավոր լինելու վերաբերյալ, ապա այդ Կողմերից մեկը սույն Կոնվենցիայի 2-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, կարող է հարցը ներկայացնել հարցումների հանձնաժողովի քննարկմանը տվյալ հարցի վերաբերյալ այդ հանձնաժողովի եզրակացությունն ստանալու նպատակով, եթե միայն շահագրգիռ Կողմերը պայմանավորվածություն ձեռք չեն բերել հարցի լուծման որևէ այլ եղանակ ընտրելու մասին:
3. Պլանավորված կամ իրականացվող գործունեության նկատմամբ Կողմերը կիրառում են սույն Կոնվենցիայի 3-րդ հավելվածում շարադրված ընթացակարգերը:
4. Այն դեպքերում, երբ վտանգավոր գործունեությունը անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, և այդ գնահատումը ներառում է սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրականացվող վտանգավոր գործունեության արդյունքում տեղի ունեցած արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության վերլուծություն, ապա սույն Կոնվենցիայի նպատակների համար ընդունվող անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին վերջնական որոշումը պետք է համապատասխանի սույն Կոնվենցիայի պահանջներին:
Հոդված 5
Կիրառման շրջանակների կամավոր ընդլայնում
Շահագրգիռ Կողմերն այդ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ, անց են կացնում խորհրդակցություններ, որտեղ քննարկվում է 1-ին հավելվածում չընդգրկված պլանավորված գործունեության որևէ տեսակի վտանգավոր լինելը: Փոխադարձ պայմանավորվածության ձեռքբերման դեպքում, խորհրդատվություն ստանալու համար նրանք կարող են ըստ իրենց ընտրության օգտագործել ցանկացած խորհրդակցական մեխանիզմ կամ 2-րդ հավելվածով սահմանված կարգին համապատասխան դիմել հարցումների հանձնաժողով: Եթե շահագրգիռ Կողմերն այս հարցի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերում, ապա սույն Կոնվենցիան կամ դրա ցանկացած որևէ մասը գործունեության տվյալ տեսակի նկատմամբ կիրառվում է այնպես, ինչպես եթե այդ տեսակը վտանգավոր լիներ:
Հոդված 6
Կանխում
1. Կողմերը ձեռնարկում են համապատասխան միջոցներ արդյունաբերական վթարների կանխման համար` այդ թվում այնպիսի միջոցներ, որոնք օպերատորներին խրախուսում են իրականացնել արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Այդ միջոցառումները կարող են ներառել սույն Կոնվենցիայի 4-րդ հավելվածում թվարկվածները, սակայն չսահմանափակվել դրանցով:
2. Ցանկացած վտանգավոր գործունեության առնչությամբ ծագման Կողմը պահանջում է, որ օպերատորն ապացուցի գործունեության տվյալ տեսակի անվտանգությունը` տրամադրելով տեղեկատվություն, որը ներառում է տեղեկություններ արտադրական գործընթացի վերաբերյալ` այդ թվում սույն Կոնվենցիայի 5-րդ հավելվածով նախատեսված վերլուծությունն ու գնահատումը, սակայն չի սահմանափակվում դրանցով:
Հոդված 7
Տեղաբաշխման վերաբերյալ որոշումների ընդունում
Ծագման Կողմն, իր իրավական համակարգի շրջանակներում, բոլոր շահագրգիռ Կողմերի բնակչության և շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի նվազեցման նպատակով, մշակում է վտանգավոր գործունեության տեսակներ իրականացնող նոր օբյեկտների տեղաբաշխմանը և գործող օբյեկտներում իրականացվող վտանգավոր գործունեության զգալի վերափոխմանն ուղղված քաղաքականություն: Շահագրգիռ Կողմերն, իրենց իրավական համակարգի շրջանակներում, մշակում են ռիսկի նվազեցմանն ուղղված խոշոր միջոցառումներ նախատեսող քաղաքականություն այն շրջաններում, որոնք կարող են վտանգավոր գործունեության իրականացման արդյունքում տեղի ունեցած արդյունաբերական վթարի անդրսահմանային ազդեցության ենթարկվել: Այդ քաղաքականության մշակման և գործադրման համար Կողմերը պետք է ուսումնասիրեն սույն Կոնվենցիայի 6-րդ հավելվածի 2-րդ կետի 1-ից 8-րդ ենթակետերում թվարկված հարցերը:
Հոդված 8
Պատրաստվածություն արտակարգ իրավիճակներին
1. Կողմերը համապատասխան միջոցներ են ձեռնարկում արտակարգ իրավիճակների ժամանակ պատշաճ պատրաստվածություն ապահովելու և պահպանելու ուղղությամբ` արդյունաբերական վթարների հետևանքների վերացման նպատակով: Կողմերն արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության նվազեցման նպատակով ապահովում են պատրաստվածության ապահովման միջոցառումների իրականացումը, ընդ որում արդյունաբերական օբյեկտի տարածքում այդ միջոցառումները իրականացվում են օպերատորների կողմից: Այդ միջոցառումները կարող են ներառել սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածում թվարկվածները, սակայն դրանցով չեն սահմանափակվում: Մասնավորապես, շահագրգիռ Կողմերը միմյանց տեղեկացնում են արտակարգ իրավիճակների պայմաններում իրենց գործողությունների պլանների մասին:
2. Վտանգավոր գործունեության առնչությամբ ծագման Կողմն ապահովում է արտադրական օբյեկտում ստեղծված արտակարգ իրավիճակի դեպքում իրականացվելիք գործողությունների պլանների մշակումն ու իրագործումը, այդ թվում` վթարի հետևանքների վերացմանն ուղղված միջոցների և անդրսահմանային ազդեցության նվազեցմանը և կանխմանն ուղղված միջոցների իրականացմանը: Ծագման Կողմը շահագրգիռ այլ Կողմերին տրամադրում է իր մոտ առկա այն տարրերը, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակի պայմաններում գործողությունների պլաններ մշակելու համար:
3. Վտանգավոր գործունեության առնչությամբ ծագման Կողմն ապահովում է արտադրական օբյեկտի տարածքից դուրս ստեղծված արտակարգ իրավիճակի դեպքում իրականացվելիք գործողությունների պլանների մշակումն ու իրագործումը, որոնք նախատեսում են անդրսահմանային ազդեցության նվազեցմանն ու կանխմանն ուղղված միջոցների իրականացում օբյեկտի տարածքում: Այդպիսի պլանների մշակման ժամանակ հաշվի են առնվում վերլուծության և գնահատման արդյունքները, մասնավորապես` 5-րդ հավելվածի 2-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերում թվարկված հարցերը: Շահագրգիռ Կողմերը ձգտում են ապահովել այդ պլանների համատեղելիությունը: Անհրաժեշտության դեպքում, մշակվում են արտակարգ իրավիճակի պայմաններում արտադրական օբյեկտի տարածքից դուրս իրականացվելիք համատեղ գործողությունների պլաններ` վթարի հետևանքների վերացմանն ուղղված համապատասխան միջոցների իրականացմանն օժանդակելու նպատակով:
4. Գործողությունների պլանները պարբերականորեն վերանայվում են կամ, անհրաժեշտության դեպքում, թարմացվում են` հաշվի առնելով նախկինում ծագած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ժամանակ ձեռքբերված փորձը:
Հոդված 9
Հանրության տեղեկացվածությունը և մասնակցությունը
1. Կողմերն ապահովում են համապատասխան տեղեկատվության տրամադրումը հանրությանը այն շրջաններում, որոնք կարող են տուժել վտանգավոր գործունեության արդյունքում տեղի ունեցած վթարից: Այդ տեղեկատվությունը տրամադրվում է այնպիսի ուղիներով, որոնք Կողմերը հարմար կգտնեն, և ներառում է սույն Կոնվենցիայի 8-րդ հավելվածում պարունակվող տարրեր, ընդ որում հաշվի են առնվում նաև 5-րդ հավելվածի 2-րդ կետի 1-ից 4-րդ և 9-րդ ենթակետերում նշված հարցերը:
2. Ծագման Կողմը սույն Կոնվենցիայով սահմանված կարգով և, հնարավորության ու անհրաժեշտության դեպքում, այն տարածքներում, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցության կենթարկվեն, հնարավորություն է ստեղծում հանրության համար մասնակցելու համապատասխան ընթացակարգերի իրականացմանը` կանխման և պատրաստվածության ապահովման միջոցների վերաբերյալ իր կարծիքին ծանոթանալու նպատակով, և ապահովում է, որ ազդեցության ենթարկված Կողմի հանրությանն ընձեռված այդ հնարավորությունը համահավասար լինի ծագման Կողմի հանրությանն ընձեռվող հնարավորությանը:
3. Կողմերը, իրենց իրավական համակարգերին համապատասխան և ցանկության դեպքում, փոխադարձ հիմունքներով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք որևէ Կողմի տարածքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել արդյունաբերական վթարի վնասակար անդրսահմանային ազդեցության, տալիս են համապատասխան վարչական և դատական ընթացակարգերից օգտվելու և այդ ընթացակարգերի շրջանակներում հավասար վերաբերմունք վայելելու նույն հնարավորությունը, ինչ ընձեռված է իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց` ներառյալ դատական գործի հարուցման և իրենց իրավունքները խախտող որոշման բողոքարկման իրավունքը:
Հոդված 10
Արդյունաբերական վթարների մասին տեղեկացման համակարգեր
1. Կողմերն ապահովում են արդյունաբերական վթարների մասին տեղեկացման համատեղելի և արդյունավետ համակարգերի մշակումն ու շահագործումը համապատասխան մակարդակների վրա` անդրսահմանային ազդեցությանը հակազդելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող արդյունաբերական վթարների մասին ծանուցումների ստացման և հաղորդման նպատակով:
2. Այնպիսի արդյունաբերական վթարի առաջացման կամ առաջացման անխուսափելի վտանգի դեպքում, որը գործում է կամ կարող է գործել անդրսահմանային ազդեցություն, ծագման Կողմը համապատասխան մակարդակների վրա անհապաղ ծանուցում է տուժող Կողմերին արդյունաբերական վթարների մասին տեղեկացման համակարգերի միջոցով: Ծանուցումն իր մեջ ներառում է սույն Կոնվենցիայի 9-րդ հավելվածում նշված տեղեկությունները:
3. Արդյունաբերական վթարի առաջացման կամ առաջացման անխուսափելի վտանգի դեպքում շահագրգիռ Կողմերն ապահովում են 8-րդ հոդվածին համապատասխան մշակված` արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացվելիք գործողությունների պլանների անհապաղ իրագործումը` ստեղծված իրավիճակին համապատասխան:
Հոդված 11
Վթարների հետևանքների վերացում
1. Արդյունաբերական վթարի առաջացման կամ անխուսափելի վտանգի դեպքում Կողմերն ապահովում են հետևանքների վերացմանն ուղղված համապատասխան միջոցների անհապաղ իրականացումը` կիրառելով ազդեցության սահմանափակման և նվազեցման առավել արդյունավետ մեթոդները:
2. Այնպիսի արդյունաբերական վթարի առաջացման կամ առաջացման անխուսափելի վտանգի դեպքում, որը գործում է կամ կարող է գործել անդրսահմանային ազդեցություն, շահագրգիռ Կողմերն` անհրաժեշտության դեպքում համատեղորեն, կատարում են ազդեցության գնահատում` վթարի հետևանքների վերացմանն ուղղված պատշաճ միջոցների իրականացման նպատակով: Շահագրգիռ Կողմերը ձգտում են համադրել վթարի հետևանքների վերացմանն ուղղված իրենց ջանքերը:
Հոդված 12
Փոխադարձ աջակցություն
1. Եթե արդյունաբերական վթարի դեպքում որևէ Կողմ աջակցության կարիք ունի, ապա նա կարող է դրա համար դիմել մյուս Կողմերին` նշելով պահանջվող աջակցության ծավալն ու բնույթը: Կողմը, որին ուղղված է աջակցության մասին դիմումը, անհապաղ կերպով որոշում է ընդունում և տեղեկացնում դիմող Կողմին այն մասին, թե կարող է նա արդյոք տրամադրել պահանջվող աջակցությունը, ինչպես նաև նշում է իր կողմից տրամադրվելիք աջակցության ծավալն ու բնույթը:
2. Շահագրգիռ Կողմերը համատեղ ջանքեր են գործադրում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով աջակցության անհապաղ տրամադրման համար, այդ թվում` անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են քայլեր, որոնք ուղղված են արդյունաբերական վթարի հետևանքների և ազդեցության նվազեցմանն, ինչպես նաև ցուցաբերում են ընդհանուր բնույթի աջակցություն: Այդ դեպքերում, երբ Կողմերի միջև փոխադարձ աջակցության ցուցաբերումը կարգավորող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր գոյություն չունեն, աջակցությունը տրամադրվում է սույն Կոնվենցիայի 10-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, եթե Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:
Հոդված 13
Պատասխանատվություն
Կողմերն օժանդակում են պատասխանատվության ոլորտում նորմերի, չափանիշների և ընթացակարգերի մշակմանն ուղղված համապատասխան միջազգային ջանքերին:
Հոդված 14
Հետազոտություններ և մշակումներ
Կողմերն անհրաժեշտության սահմաններում հանդես են գալիս առաջարկություններով և համագործակցում են արդյունաբերական վթարների կանխման, դրանց պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման մեթոդների և տեխնոլոգիաների հետազոտման և մշակման ոլորտում: Այս նպատակով Կողմերը նպաստում են միմյանց միջև գիտատեխնիկական համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ զարգացմանը` ներառյալ հետազոտությունների անցկացումը ավելի քիչ վտանգավոր գործընթացների ոլորտում արդյունաբերական վթարների հետ կապված վտանգների նվազեցման և դրանց հետևանքների սահմանափակման նպատակով:
Հոդված 15
Տեղեկատվության փոխանակում
Կողմերը երկկողմ և բազմակողմ մակարդակներով իրականացնում են իրենց մոտ առկա տեղեկատվության փոխանակում` ներառյալ սույն Կոնվենցիայի 10-րդ հավելվածով նախատեսված տեղեկությունները:
Հոդված 16
Տեխնոլոգիաների փոխանակում
1. Կողմերը, ելնելով սեփական օրենսդրությունից, կանոնակարգերից և գործնական փորձից, նպաստում են արդյունաբերական վթարների կանխման, դրանց պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման նպատակով իրականացվող տեխնոլոգիաների փոխանակմանը, մասնավորապես օժանդակելով`
ա/ առկա տեխնոլոգիաների փոխանակմանը տարբեր ֆինանսական պայմաններով,
բ/ արդյունաբերության ոլորտում ուղղակի կապերի ստեղծմանն ու համագործակցությանը,
գ/ տեղեկատվության և փորձի փոխանակմանը,
դ/ տեխնիկական աջակցության տրամադրմանը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-ից «դ» ենթակետերում թվարկված միջոցառումներին օժանդակելիս, Կողմերը նպաստավոր պայմաններ են ստեղծում համապատասխան կազմակերպությունների և առանձին անձանց միջև կապերի հաստատմանն ու համագործակցության ընդլայնմանը` ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում, որոնց միջոցով կարող է ապահովվել տեխնոլոգիաների, նախագծային և ճարտարագիտական սպասարկման սարքավորումների կամ ֆինանսական միջոցների տրամադրումը:
Հոդված 17
Իրավասու մարմինները և կապի կետեր
1. Յուրաքանչյուր Կողմ սույն Կոնվենցիայի նպատակների համար նշանակում կամ ստեղծում է մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ:
2. Առանց խախտելու երկկողմ կամ բազմակողմ մակարդակի վրա կնքված այլ պայմանավորվածությունների դրույթները, յուրաքանչյուր Կողմ նշանակում կամ ստեղծում է մեկ կապի կետ, որը ծառայում է 10-րդ հոդվածով նախատեսված արդյունաբերական վթարների մասին ծանուցման նպատակների համար և մեկ կապի կետ` 12-րդ հոդվածով նախատեսված աջակցության ցուցաբերման նպատակների համար: Նախընտրելի է, որ նշված կապի կետերը միավորված լինեն որպես մեկ կետ:
3. Յուրաքանչյուր Կողմ` այդ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում, 20-րդ հոդվածում նշված քարտուղարության միջոցով այլ Կողմերին ծանուցում է այն մասին, թե ինչ մարմին կամ մարմիններ են նշանակվել իր կողմից որպես կապի կետ/կետեր կամ իրավասու մարմին/մարմիններ:
4. Յուրաքանչյուր Կողմ, որոշում ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, քարտուղարության միջոցով այլ Կողմերին ծանուցում է սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարված նշանակումներին առնչվող ցանկացած փոփոխությունների մասին:
5. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է իր կապի կետերի և 10-րդ հոդվածով նախատեսված արդյունաբերական վթարների մասին ծանուցման համակարգերի անխափան աշխատանքը:
6. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է իր կապի կետի և 12-րդ հոդվածին համապատասխան աջակցության տրամադրման դիմումների ներկայացման և ընդունման, ինչպես նաև աջակցության առաջարկների ընդունման համար պատասխանատու մարմինների անխափան աշխատանքը:
Հոդված 18
Կողմերի խորհրդաժողովները
1. Կողմերի ներկայացուցիչները կազմավորում են սույն Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովը և իրենց ժողովները գումարում են պարբերական հիմունքներով: Կողմերի առաջին ժողովն անց է կացվում ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո: Հետագայում դրանք գումարվում են տարին առնվազն մեկ անգամ կամ համաձայն Կողմերից որևէ մեկի գրավոր դիմումի` պայմանով, որ քարտուղարության կողմից այդ դիմումի մասին Կողմերին ծանուցելու օրվանից վեց ամսվա ընթացքում այն կարժանանա Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի հավանությանը:
2. Կողմերի խորհրդաժողովը.
ա/ հսկում է սույն Կոնվենցիայի իրագործման ընթացքը,
բ/ իրականացնում է խորհրդակցական գործառույթներ, որոնց նպատակն է հզորացնել Կողմերի արդյունաբերական վթարների կանխման, դրանց պատրաստվածության ապահովման և դրանց անդրսահմանային ազդեցության վերացման կարողությունները, նպաստել տեխնիկական աջակցության ցուցաբերմանը և արդյունաբերական վթարների հետ գործ ունեցող Կողմերի խնդրանքով խորհրդակցությունների կազմակերպմանը,
գ/ անհրաժեշտության դեպքում, ստեղծում է աշխատանքային խմբեր և այլ համապատասխան մեխանիզմներ` սույն Կոնվենցիայի կենսագործման և զարգացման հետ կապված խնդիրների քննարկման, այդ նպատակին ուղղված ուսումնասիրությունների և այլ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև Կողմերի խորհրդաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելու համար,
դ/ իրականացնում է այն գործառույթները, որոնք կարող են պահանջվել սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան,
ե/ իր առաջին նիստին քննարկում և փոխհամաձայնության հիմունքներով ընդունում է նիստերի անցկացման կանոնակարգերը:
3. Իր գործառույթների իրականացման ընթացքում Կողմերի խորհրդաժողովը նպատակահարմարության դեպքում համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:
4. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին մշակում է իր աշխատանքային ծրագիրը, մասնավորապես` ծրագրի այն տարրերը, որոնք կապված են սույն Կոնվենցիայի 12-րդ հավելվածի դրույթների հետ: Կողմերի խորհրդաժողովը նաև որոշումներ է ընդունում աշխատանքի մեթոդների վերաբերյալ, այդ թվում այնպիսի որոշումներ, որոնք կապված են սույն Կոնվենցիայի իրագործումն ապահովող համակարգի ստեղծման նպատակով ազգային կենտրոնների օգտագործման և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, մասնավորապես` արդյունաբերական վթարի դեպքում փոխադարձ աջակցության ցուցաբերման ոլորտում և հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդեն իսկ իրականացվող միջոցառումները: Որպես իր աշխատանքային ծրագրի մի մաս, Կողմերի խորհրդաժողովը, արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն ուղղված տեղեկատվական գործունեության և այլ ջանքերի համադրման նպատակով, հսկում է գործող ազգային, տարածաշրջանային և միջազգային կենտրոնների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և ծրագրերի գործունեությունը` որոշելու համար, թե ինչ լրացուցիչ միջազգային հաստատություններ կամ կենտրոններ կարող են պահանջվել 12-րդ հավելվածում թվարկված առաջադրանքները կատարելու համար:
5. Կողմերի խորհրդաժողովի մասնակիցները խորհրդաժողովի առաջին նիստին անցնում են արդյունաբերական վթարների կանխման, դրանց պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման ոլորտում տեխնոլոգիաների փոխանակման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանն ուղղված ընթացակարգերի քննարկմանը:
6. Կողմերի խորհրդաժողովը հաստատում է այն ղեկավար սկզբունքները, որոնք նպաստում են սույն Կոնվենցիայի նպատակների համար գործունեության վտանգավոր տեսակների բնորոշմանը:
Հոդված 19
Ձայնի իրավունք
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն:
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն օգտվում են իրենց ձայնի իրավունքից իրենց իրավասության շրջանակներում գտնվող հարցերի քննարկման ժամանակ` ունենալով սույն Կոնվենցիայի կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների ձայների քանակին հավասար ձայների քանակ: Այդ կազմակերպությունները կորցնում են իրենց ձայնի իրավունքը, եթե այն կիրառվում է իրենց անդամ պետությունների կողմից, և հակառակը:
Հոդված 20
Քարտուղարություն
Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը կատարում է հետևյալ քարտուղարական պարտականությունները`
ա/ գումարում և նախապատրաստում է Կողմերի խորհրդաժողովները,
բ/ Կողմերին է փոխանցում սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ստացված զեկույցները և այլ տեղեկատվությունը,
գ/ կատարում է սույն Կոնվենցիայով նախատեսված կամ Կողմերի սահմանած այլ պարտականություններ:
Հոդված 21
Վեճերի կարգավորում
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ վեճի մեջ ընդգրկված Կողմերի համար ընդունելի ցանկացած այլ եղանակով:
2. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ, կամ դրանից հետո ցանկացած պահին, Կողմը կարող է ավանդապահին ներկայացնել գրավոր դիմում այն մասին, որ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան չկարգավորված վեճի առնչությամբ այն վեճի կարգավորման ստորև նշված եղանակներից մեկը կամ երկուսն էլ ճանաչում է որպես պարտադիր՝ նման պարտավորություն ստանձնած ցանկացած այլ Կողմի համար.
ա/ վեճի հանձնում Միջազգային դատարան,
բ/ վեճի հանձնում իրավարարության` ըստ 12-րդ հավելվածով սահմանված կարգի:
3. Եթե Կողմերը սույն հոդվածի 2-րդ կետում նշված վեճի կարգավորման եղանակներից երկուսն էլ ընդունում են, ապա վեճը կարող է հանձնվել միայն Միջազգային դատարան, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:
Հոդված 22
Տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ
1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում առանձին Կողմերի իրավունքը կիրառել ազգային օրենսդրությունը, կանոնակարգերը, վարչական դրույթները կամ ընդունված իրավական պրակտիկան և միջազգային կանոնները, որոնք նախատեսում են այնպիսի տեղեկատվության գաղտնիության պահպանումը, որի տրամադրումը կարող է խախտել անձնական տվյալների, արտադրական կամ առևտրային գաղտնիքը կամ վնաս հասցնել ազգային անվտանգության շահերին:
2. Եթե Կողմը, այնուամենայնիվ, որոշում է ընդունում մեկ այլ Կողմին այդպիսի տեղեկատվություն տրամադրել, ապա այն ստացող Կողմը պահպանում է ստացված տեղեկատվության գաղտնիությունը և կատարում է այն պայմանները, որոնց համաձայն այդ տեղեկատվությունը տրամադրվել է:
Հոդված 23
Կոնվենցիայի իրագործումը
Կողմերը պարբերական զեկույցներ են ներկայացնում սույն Կոնվենցիայի իրագործման ընթացքի վերաբերյալ:
Հոդված 24
Երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր
1. Սույն Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների կատարման նպատակով Կողմերը կարող են շարունակել գործող համաձայնագրերի կիրառումը կամ կնքել նոր երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր և ձեռք բերել այլ պայմանավորվածություններ:
2. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում առանձին Կողմերի իրավունքը երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի հիման վրա կիրառել ավելի խիստ միջոցներ, քան սույն Կոնվենցիայով նախատեսվածները:
Հոդված 25
Հավելվածների կարգավիճակը
Սույն Կոնվենցիայի հավելվածները Կոնվենցիայի անբաժանելի մասն են հանդիսանում:
Հոդված 26
Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը
1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում:
2. Առաջարկվող փոփոխությունների տեքստը ներկայացվում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը դրանք ուղարկում է բոլոր Կողմերին: Առաջարկվող փոփոխությունները քննարկվում են Կողմերի հերթական խորհրդաժողովում` պայմանով, որ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարն այդ փոփոխությունները Կողմերին է ուղարկել այդ խորհրդաժողովից առնվազն իննսուն օր առաջ:
3. Ինչ վերաբերում է սույն Կոնվենցիայում կատարված փոփոխություններին` բացառությամբ 1-ին հավելվածի փոփոխությունների, որոնց կատարման կարգը սահմանված է սույն հոդվածի 4-րդ կետում, ապա՝
ա/ փոփոխություններն ընդունվում են խորհրդաժողովին մասնակցող Կողմերի փոխհամաձայնությամբ և ավանդապահի կողմից ներկայացվում են բոլոր Կողմերին՝ վավերացման, ընդունման կամ հաստատման համար,
բ/ փոփոխությունների վավերագրերը և ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին: Սույն հոդվածին համապատասխան ընդունված փոփոխություններն ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից տասնվեցերորդ վավերագիրը, հաստատման կամ ընդունման մասին փաստաթուղթն ստանալու պահից իննսուներորդ օրը,
գ/ հետագայում ցանկացած այլ Կողմի համար այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց վավերացման, հաստատման կամ ընդունման մասին Կողմի փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
4. Ինչ վերաբերում է 1-ին հավելվածում փոփոխություններ կատարելուն, ապա՝
ա/ Կողմերը ձեռնարկում են բոլոր ջանքերը` փոխհամաձայնության միջոցով համաձայնություն ձեռք բերելու համար: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ համաձայնությունն այդպես էլ ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների ինը տասնորդական մեծամասնությամբ,
բ/ 1-ին հոդվածում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի կողմից Կողմերին ուղարկելու պահից տասներկու ամիսը լրանալուն պես այն Կողմերի համար, որոնք 4-րդ կետի դրույթներին համապատասխան ծանուցագիր չեն ներկայացրել,
գ/ ցանկացած Կողմ, որը չի կարող հաստատել սույն Կոնվենցիայի 1-ին հավելվածում կատարված որևէ փոփոխություն, այդ մասին փոփոխության ընդունման ծանուցագիրն ստանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին: Գործադիր քարտուղարն անմիջապես տեղեկացնում է բոլոր Կողմերին այդպիսի ծանուցագիր ստանալու մասին: Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահին ընդունել փոփոխությունը` հրաժարվելով նախկինում իր կողմից արված հայտարարությունից, ինչից հետո փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ Կողմի համար,
դ/ սույն Կոնվենցիայի իմաստով, «ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերն» այն Կողմերն են, որոնք ներկա են գտնվում ժողովին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:
Հոդված 27
Ստորագրում
Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Հելսինկիում` 1992 թվականի մարտի 17-ից մինչև մարտի 18-ը ներառյալ, ապա` Նյու Յորքում, Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակներում` մինչև 1992 թվականի սեպտեմբերի 18-ը Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների կողմից, Տնտեսական և սոցիալական խորհրդի 1947 թվականի մարտի 28-ի թիվ 36 (IV) որոշման 8-րդ կետին համապատասխան Եվրոպական տնտեսական հանձնաժողովում խորհրդակցական կարգավիճակ ունեցող պետությունների կողմից, ինչպես նաև՝ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ինքնիշխան անդամ պետությունների նախաձեռնությամբ ստեղծված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնց իրենց անդամ պետությունները օժտել են լիազորություններով սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ, այդ թվում` նշված հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու լիազորություններով:
Հոդված 28
Ավանդապահ
Որպես սույն Կոնվենցիայի ավանդապահ հանդես է գալիս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:
Հոդված 29
Վավերացում, ընդունում, հաստատում և միացում
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման 27-րդ հոդվածում նշված` այն ստորագրած պետությունների և տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:
2. Սույն Կոնվենցիան բաց է 27-րդ հոդվածում նշված պետությունների կողմից միանալու համար:
3. 27-րդ հոդվածում նշված ցանկացած կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ նման կազմակերպության մեկ կամ մի քանի անդամ սույն Կոնվենցիայի անդամներ են հանդիսանում, տվյալ կազմակերպությունը և իր անդամ պետությունները որոշում են ընդունում սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների նկատմամբ իրենց պատասխանատվության վերաբերյալ: Նման դեպքերում ինչպես այն կազմակերպությունն, այդպես էլ իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքներից:
4. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում 27-րդ հոդվածում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին:
Հոդված 30
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին տասնվեցերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի իմաստով, 27-րդ հոդվածում նշված որևէ կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթուղթը չի դիտարկվում որպես այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերը լրացնող փաստաթուղթ:
Հոդված 31
Կոնվենցիայից դուրս գալը
1. Տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարին լրանալուն պես, այդ Կողմը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Ցանկացած այդպիսի չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից դրա մասին ծանուցագիրն ստանալու պահից իննսուներորդ օրը:
2. Սույն Կոնվենցիայից դուրս գալը չի ազդում Կոնվենցիայի 4-րդ հոդվածի կիրառման վրա գործունեության այն տեսակների նկատմամբ, որոնց առնչությամբ 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցում է կատարվել կամ 4-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան քննարկում կազմակերպելու դիմում է ներկայացվել:
Հոդված 32
Հավասարազոր տեքստեր
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Հելսինկի քաղաքում 1992 թվականի մարտի 17-ին:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Գործունեության վտանգավոր տեսակների սահմանման համար օգտագործվող վտանգավոր նյութեր
Ստորև բերվող քանակությունները վերաբերում են գործունեության յուրաքանչյուր տեսակին կամ գործունեության տեսակների յուրաքանչյուր խմբին: Եթե 1-ին մասում տրվում է քանակությունների ծավալ, ապա շեմային են համարվում յուրաքանչյուր ծավալում տրված առավելագույն քանակությունները: Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից հինգ տարին լրանալուն պես շեմային է դառնում յուրաքանչյուր ծավալում տրված նվազագույն քանակությունը, եթե այն մինչ այդ չի փոփոխվել:
Եթե 2-րդ մասում թվարկված նյութը կամ պատրաստուկը ներառվում են 1-ին մասում բերված որևէ կարգի մեջ, ապա նման դեպքերում օգտագործվում է 2-րդ մասում տրված շեմային քանակությունը:
Գործունեության վտանգավոր տեսակների հատկանշման համար Կողմերը հաշվի են առնում առկա վտանգների սաստկացման հավանականությունը, վտանգավոր նյութերի քանակությունը և դրանց մոտիկությունը` անկախ նրանից, գտնվում են դրանք մեկ, թե մի քանի օպերատորների տնօրինության ներքո:
Մաս 1.
2-րդ մասում հատուկ չնշված նյութերի և պատրաստուկների խմբերը
Խումբ |
Շեմային քանակություն /տ/ |
1. Բռնկվող գազեր /1ա/` ներառյալ հեղուկ նավթային գազը |
200 |
2. Դյուրավառ հեղուկներ /1բ/ |
50.000 |
3. Գերթունավոր նյութեր /1գ/ |
20 |
4. Թունավոր նյութեր /1դ/ |
500 – 200 |
5. Թթվեցուցիչներ /1ե/ |
500 – 200 |
6. Պայթուցիկ նյութեր /1զ/ |
200 – 50 |
7. Բռնկվող հեղուկներ /1է/ /պահանջում են պահպանման ճնշումային և ջերմային հատուկ պայմաններ/ |
200 |
8. Շրջակա միջավայրի համար վտանգավոր նյութեր /1ը/ |
200 |
Մաս 2.
Կոնկրետ նյութեր
Խումբ |
Շեմային քանակություն /տ/ |
1. Ամոնիակ |
500 |
2. ա. Ամոնիումի նիտրատ /2/ |
2.500 |
բ. Ամոնիումի նիտրատ պարարտանյութի տեսքով |
10.000 |
3. Ակրիլոնիտրիլ |
200 |
4. Քլոր |
25 |
5. Էթիլենի օքսիդ |
50 |
6. Ցիանաջրածին |
20 |
7. Ֆտորաջրածին |
50 |
8. Ծծմբաջրածին |
50 |
9. Ծծմբի երկօքսիդ |
250 |
10. Ծծմբի եռօքսիդ |
75 |
11. Կապարի ալքիլներ |
50 |
12. Ֆոսգեն |
0.75 |
13. Մեթիլի իզոցիանատ |
0.15 |
Ծանոթություններ.
/1/. Բնորոշող չափանիշներ: Այլ համապատասխան չափանիշների բացակայության դեպքում, Կողմերը` սույն հավելվածի 1-ին մասի նպատակների համար նյութերի կամ պատրաստուկների դասակարգման ժամանակ, կարող են օգտագործել հետևյալ չափանիշները.
/1ա/. բռնկվող գազեր. նյութեր, որոնք գազային վիճակում նորմալ ճնշման տակ օդի հետ խառնվելիս բռնկվում են և որոնց եռման ջերմությունը նորմալ ճնշման պայմաններում 200 C է կամ դրանից ցածր,
/1բ/. դյուրավառ հեղուկներ. նյութեր, որոնց բռնկման ջերմությունը 210 C-ից ցածր է, իսկ եռման ջերմությունը նորմալ ճնշման պայմաններում գերազանցում է 200 C,
/1գ/. գերթունավոր նյութեր. նյութեր, որոնց հատկությունները համապատասխանում են ստորև տրված 1-ին կամ 2-րդ աղյուսակներում բերվածներին և որոնք, ելնելով իրենց ֆիզիկական և քիմիական հատկություններից, կարող են առաջացնել արդյունաբերական վթարի ծագման վտանգ:
Աղյուսակ 1
LD50 /բերանային ներգործություն/ /1/` LD50 |
LD50 /մաշկային ներգործություն/` /2/` LD50 |
LD50 /ինհալացիոն ներգործություն/` /3/` LD50 |
/1/ LD50 առնետների վրա բերանային ներգործության դեպքում | ||
/2/ LD50 առնետների կամ ճագարների վրա մաշկային ներգործության դեպքում | ||
/3/ LD50 առնետների վրա ինհալացիոն ներգործության դեպքում /չորս ժամվա ընթացքում/ |
Աղյուսակ 2
Կողմնորոշիչ դոզա` < 25մգ/կգ մարմնի քաշի |
այն դեպքերում, երբ նյութի գերթունությունը կենդանիների վրա բերանային ներգործության ժամանակ որոշվում է ֆիքսված դոզային մեթոդի օգնությամբ |
/1դ/. թունավոր նյութեր. նյութեր, որոնց հատկությունները համապատասխանում են ստորև տրված 3-րդ կամ 4-րդ աղյուսակներում բերվածներին և որոնք, ելնելով իրենց ֆիզիկական և քիմիական հատկություններից, կարող են առաջացնել արդյունաբերական վթարի ծագման վտանգ։
Աղյուսակ 3
LD50 /բերանային ներգործություն/ /1/` 25 մգ/կգ մարմնի քաշի |
LD50 /մաշկային ներգործություն/ /2/` 50 մգ/կգ մարմնի քաշի < LD50 <= 400 մգ/կգ մարմնի քաշի |
LD50 /ինհալացիոն ներգործություն/ /3/` 0.5 մգ/լ ինհալացիայի < LD50 |
/1/ LD50 առնետների վրա բերանային ներգործության դեպքում | ||
/2/ LD50 առնետների կամ ճագարների վրա մաշկային ներգործության դեպքում | ||
/3/ LD50 առնետների վրա ինհալացիոն ներգործության դեպքում /չորս ժամվա ընթացքում/ |
Աղյուսակ 4
Կողմնորոշիչ դոզա` = 5մգ/կգ մարմնի քաշի |
այն դեպքերում, երբ նյութի գերթունությունը կենդանիների վրա բերանային ներգործության ժամանակ որոշվում է ֆիքսված դոզային մեթոդի օգնությամբ |
/1ե/. թթվեցուցիչներ. նյութեր, որոնք այլ նյութերի, մասնավորապես` բռնկվող նյութերի հետ փոխներգործության դեպքում առաջացնում են բուռն ջերմատու ռեակցիա,
/1զ/. պայթուցիկ նյութեր. նյութեր, որոնք կրակի ներգործության դեպքում կարող են պայթել կամ ավելի զգայուն են հարվածների կամ շփման նկատմամբ, քան երկնիտրոբենզոլը,
/1է/. դյուրավառ հեղուկներ. նյութեր, որոնց բռնկման ջերմությունը 550 C-ից ցածր է և որոնք ճնշման պայմաններում գտնվում են հեղուկ վիճակում, եթե դրանց վերամշակման որոշակի պայմանները, ինչպիսիք են բարձր ճնշումը կամ ջերմությունը, կարող են առաջացնել արդյունաբերական վթարի ծագման վտանգ,
/1ը/. շրջակա միջավայրի համար վտանգավոր նյութեր. նյութեր, որոնք բնորոշվում են ջրային միջավայրում բարձր թունավորության ցուցանիշներով, որոնք բերված են 5-րդ աղյուսակում:
Աղյուսակ 5
LC50 /1/` LC50 <= 10 մգ/լ |
EC50 /2/` EC50 <= 10 մգ/լ |
IC50 /3/` IC50 <= 10 մգ/լ |
/1/ LC50 ձկների համար /96 ժամ/ | ||
/2/ EC50 դաֆնիաների համար /48 ժամ/ | ||
/3/ IC50 ջրիմուռների համար /72 ժամ/ | ||
այն դեպքերում, երբ նյութը շուտ քայքայվող չի կամ եթե Pօw լոգարիթմը > 3.0-ից /պայմանով, որ փորձարկման միջոցով որոշված BCF-ն < 100-ից/: |
թ/ LD` մահացու դոզա,
ժ/ LC` մահացու խտություն,
ժա/ EC` արդյունավետ խտություն,
ժբ/ IC` արգելակող խտություն,
ժգ/ Pօw` օքտանոլ/ջուր բաշխման գործակից,
ժդ/ BCF` կենսաբանական խտության գործոն:
/2/. Այս խումբն ընդգրկում է ամոնիումի նիտրատը և ամոնիումի նիտրատի խառնուրդները, որոնցում ամոնիումի նիտրատի մեջ ազոտի պարունակությունը կազմում է քաշի ավելի քան 28%-ը, ինչպես նաև ամոնիումի նիտրատի ջրային լուծույթները, որոնցում ամոնիումի նիտրատի պարունակությունը կազմում է քաշի ավելի քան 90%-ը:
/3/. Այս խումբն ընդգրկում է պարզ պարարտանյութեր ամոնիումի նիտրատի հիմքի վրա, ինչպես նաև բաղադրյալ պարարտանյութեր, որոնցում ամոնիումի նիտրատի մեջ ազոտի պարունակությունը կազմում է քաշի ավելի քան 28%-ը /բաղադրյալ պարարտանյութերը պարունակում են ամոնիումի նիտրատ` ֆոսֆաթի և/կամ կալիումի հետ միասին/:
/4/. Այդպիսի նյութեր պարունակող խառնուրդներն ու պատրաստուկները պետք է դիտվեն նույն կերպ, ինչ այդ նյութերը` մաքուր վիճակում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խառնուրդներն ու պատրաստուկները կորցնում են մաքուր նյութերի համապատասխան հատկությունները և այլևս չեն կարող անդրսահմանային ազդեցություն գործել:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան հարցումներ կատարելու ընթացակարգ
1. Հարցող Կողմը կամ Կողմերը քարտուղարությանը ծանուցում է այն մասին, որ նա սույն հավելվածի դրույթներին համապատասխան ստեղծվող հարցումների հանձնաժողովի քննարկմանը հարց կամ հարցեր է ներկայացնում: Ծանուցման մեջ նշվում է հարցման առարկան: Քարտուղարությունն անմիջապես ծանուցում է սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին այդ հարցման մասին:
2. Հարցման հանձնաժողովը կազմված է երեք անդամից: Հարցում կատարող Կողմը և հարցման ընթացակարգին առնչություն ունեցող այլ Կողմը նշանակում են մեկական գիտական կամ տեխնիկական փորձագետ, և այդ կերպով նշանակված երկու փորձագետները փոխադարձ համաձայնությամբ նշանակում են երրորդ փորձագետին, որը կատարում է հարցման հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Վերջինս չի հանդիսանում հարցման ընթացակարգին առնչություն ունեցող որևէ Կողմի քաղաքացի, մշտապես չի բնակվում այդ Կողմերից որևէ մեկի տարածքում, այդ Կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ չի գտնվում և տվյալ գործին ոչ մի այլ առնչություն չի ունեցել:
3. Եթե երկրորդ փորձագետին նշանակելուց հետո երկու ամսվա ընթացքում հարցման հանձնաժողովի նախագահ չի նշանակվում, ապա նրան Կողմերից մեկի խնդրանքով հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:
4. Եթե հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերից մեկը քարտուղարությունից ծանուցում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում փորձագետ չի նշանակում, ապա այլ Կողմը կարող է այդ մասին հայտնել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը նշանակում է հարցման հանձնաժողովի նախագահին հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում: Նշանակվելուն պես, հարցման հանձնաժողովի նախագահը դիմում է փորձագետ չնշանակած Կողմին մեկ ամսվա ընթացքում փորձագետ նշանակելու խնդրանքով: Այդ ժամկետը լրանալուն պես, նախագահը համապատասխան կերպով տեղյակ է պահում Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այդ փորձագետին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:
5. Հարցման հանձնաժողովի կանոնակարգերը սահմանում է հանձնաժողովը:
6. Հարցման հանձնաժողովը կարող է ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցներն իր պարտականությունների կատարումն ապահովելու համար:
7. Հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերը օժանդակում են հարցման հանձնաժողովի աշխատանքներին` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները.
ա/ հանձնաժողովին են տրամադրում համապատասխան փաստաթղթերը և տեղեկությունները, ապահովում են համապատասխան պայմաններով,
բ/ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովին հնարավորություն են ընձեռում կանչել վկաներ կամ փորձագետներ և լսել նրանց ցուցմունքները:
8. Կողմերը և փորձագետներն ապահովում են իրենց կողմից հանձնաժողովի աշխատանքների ընթացքում գաղտնի կերպով ստացված բոլոր տեղեկությունների գաղտնիությունը:
9. Եթե հարցման ընթացակարգին առնչություն ունեցող Կողմերից մեկը չի ներկայանում հարցման հանձնաժողով կամ չի կարողանում ներկայացնել իր գործը, ապա այլ Կողմը կարող է հարցման հանձնաժողովին դիմել, որպեսզի այն շարունակի քննությունը և ավարտին հասցնի իր աշխատանքը: Հարցման հանձնաժողովում Կողմերից մեկի բացակայությունը կամ սեփական գործը չներկայացնելը խոչընդոտ չեն հանդիսանում հարցման հանձնաժողովի աշխատանքները շարունակելու և ավարտելու համար:
10. Եթե հարցման հանձնաժողովը, հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, որևէ այլ կերպ չի սահմանում, ապա հանձնաժողովի ծախսերը` ներառյալ անդամների վարձատրությունը, Կողմերը հավասար բաշխում են միմյանց միջև: Հարցման հանձնաժողովը հաշվառում է իր բոլոր ծախսերը և Կողմերին ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի վերաբերյալ:
11. Ցանկացած Կողմ, որը հարցման գործում ունի իր շահերը կամ որի վրա տվյալ գործով կայացված որոշումը կարող է որևէ կերպ ազդել, իրավունք ունի հանձնաժողովի համաձայնությամբ մասնակցելու հարցման քննությանը:
12. Կանոնակարգերի մասին հարցումների հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Հարցումների հանձնաժողովի վերջնական կարծիքն արտացոլում է իր անդամների մեծամասնության կարծիքը և իր մեջ է ներառում ցանկացած հատուկ կարծիք:
13. Հարցումների հանձնաժողովն իր վերջնական կարծիքը ներկայացնում է իր ձևավորման օրվանից երկու ամսվա ընթացքում, եթե միայն նա անհրաժեշտ չհամարի այդ ժամկետը երկարաձգել ոչ ավելի, քան երկու ամսով:
14. Հարցումների հանձնաժողովի վերջնական կարծիքը հիմնվում է համընդհանուր գիտական սկզբունքների վրա: Հարցումների հանձնաժողովն իր վերջնական կարծիքն ուղարկում է հարցման ընթացակարգի հետ առնչություն ունեցող Կողմերին և քարտուղարությանը:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
4-րդ հոդվածին համապատասխան իրականացվող ընթացակարգեր
1. Ծագման Կողմը կարող է պահանջել խորհրդակցություններ անցկացնել այլ Կողմի հետ, սույն հոդվածի 2-ից 5-րդ կետերին համապատասխան` որոշելու համար, թե արդյոք այդ Կողմը ազդեցության ենթարկված Կողմ է հանդիսանում:
2. Պլանավորված կամ արդեն իրականացվող գործունեության առնչությամբ, ծագման Կողմը, համապատասխան արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում, ծանուցում է այն Կողմին, որն իր կարծիքով կարող է ազդեցության ենթարկված Կողմ հանդիսանալ, սակայն ոչ ուշ, քան այն կտեղեկացնի իր երկրի հանրությանը պլանավորված կամ իրականացվող գործունեության մասին: Իրականացվող վտանգավոր գործունեության առնչությամբ այդպիսի ծանուցումն ուղղվում է ոչ ուշ, քան ծագման Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց պահից երկու տարի հետո:
3. Ծանուցման մեջ, բացի այլ տեղեկություններից, նշվում են.
ա/ տեղեկություններ պլանավորված գործունեության տեսակի մասին` ներառյալ արդյունաբերական վթարի դեպքում դրա հավանական անդրսահմանային ազդեցության մասին ցանկացած առկա տեղեկությունները, որոնք նախատեսված են 6-րդ հոդվածով,
բ/ այն ժամկետը, որի ընթացքում սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն պահանջվում է պատասխան ներկայացնել` հաշվի առնելով պլանավորված գործունեության բնույթը, ինչպես նաև կարող է պարունակել սույն հոդվածի 6-րդ կետում նշված տեղեկությունները:
4. Ծանուցված Կողմերը ծագման Կողմին պատասխանը ներկայացնում են ծանուցման մեջ նշված ժամկետներում` հաստատելով ծանուցման ստացումը, և նշում են, թե արդյոք մտադրված են մասնակցել խորհրդակցություններին:
5. Եթե ծանուցված Կողմը նշում է, որ մտադրված չէ մասնակցել խորհրդակցություններին, կամ եթե այն պատասխան չի ներկայացնում ծանուցման մեջ նշված ժամկետներում, ապա սույն հավելվածի ստորև շարադրված կետերի դրույթները չեն կիրառվում: Այս դեպքում ծագման Կողմի` իր ազգային օրենսդրության և պրակտիկային համապատասխան գնահատման և վերլուծության անհրաժեշտությունը որոշելու իրավունքը չի սահմանափակվում:
6. Խորհրդակցություններին մասնակցելու իր մտադրության մասին ծանուցված Կողմի պատասխանն ստանալուց հետո, ծագման Կողմը ազդեցության ենթարկված Կողմին տրամադրում է, եթե նախկինում արդեն չի տրամադրել.
ա/ համապատասխան տեղեկություններ վերլուծության անցկացման ժամկետների վերաբերյալ` նշելով նաև դիտողությունների ներկայացման ժամկետները,
բ/ համապատասխան տեղեկություններ վտանգավոր գործունեության և դրա հնարավոր անդրսահմանային ազդեցության մասին,
գ/ հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ ցանկացած հաղորդագրության կամ տեղեկատվության գնահատմանը մասնակցելու հնարավորություն:
7. Ծագման Կողմի խնդրանքով ազդեցության ենթարկված Կողմը առաջինիս տրամադրում է իր իրավազորության ներքո գտնվող տարածքում պոտենցիալ ազդեցության ենթարկված շրջակա միջավայրի մասին առկա տեղեկությունները, եթե դրանք անհրաժեշտ են գնահատման, վերլուծության և համապատասխան միջոցների նախապատրաստման համար: Այդ տեղեկությունները տրամադրվում են անհապաղ և, անհրաժեշտության դեպքում, համատեղ մարմնի միջոցով, եթե այդպիսին գործում է:
8. Ծագման Կողմը, անհրաժեշտության դեպքում, ուղղակիորեն կամ համատեղ մարմնի միջոցով, եթե այդպիսին գործում է, ազդեցության ենթարկված Կողմին ներկայացնում է վերլուծության և գնահատման փաստաթղթերը` 5-րդ հավելվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
9. Շահագրգիռ Կողմերը տեղեկացնում են այն շրջանների հանրությանը, որոնք, ամենայն հավանականությամբ, կտուժեն վտանգավոր գործունեությունից, և կազմակերպում են վերլուծության և գնահատման փաստաթղթերի տարածումն այդ շրջանի հանրության և դրա իշխանությունների միջև: Կողմերը նաև ապահովում են, որ վերջիններս հնարավորություն ունենան իրենց դիտողություններն ու առարկությունները ներկայացնել վտանգավոր գործունեության վերաբերյալ, և որ այդ դիտողություններն ու առարկությունները փոխանցվեն ծագման Կողմի իրավասու մարմնին` ուղղակիորեն կամ, անհրաժեշտության դեպքում, ծագման Կողմի միջոցով:
10. Ծագման Կողմը, վերլուծության և գնահատման փաստաթղթերը պատրաստելուց հետո և առանց չհիմնավորված հետաձգումների, խորհրդակցություններ է կազմակերպում ազդեցության ենթարկված համապատասխան Կողմի հետ մասնավորապես արդյունաբերական վթարի դեպքում վտանգավոր գործունեության անդրսահմանային ազդեցության և այդ ազդեցության նվազեցման կամ վերացման շուրջ: Խորհրդակցությունները կարող են վերաբերել.
ա/ վտանգավոր գործունեության հնարավոր այլընտրանքային տարբերակների մշակմանը` ներառյալ որևէ գործողության չդիմելու տարբերակը, ինչպես նաև ծագման Կողմի միջոցների հաշվին անդրսահմանային ազդեցության նվազեցման հնարավոր միջոցների կիրառմանը,
բ/ ցանկացած տեսակի անդրսահմանային ազդեցության նվազեցման նպատակով ցուցաբերվող փոխադարձ աջակցության այլ ձևերին, և
գ/ այլ համապատասխան հարցերին: Այդպիսի խորհրդակցությունների կազմակերպման նախնական փուլում շահագրգիռ Կողմերը համաձայնեցնում են դրանց անցկացման ժամկետները: Ցանկացած այդպիսի խորհրդակցությունները կազմակերպվում են համապատասխան համատեղ մարմնի միջոցով, եթե այդպիսին գործում է:
11. Շահագրգիռ Կողմերն ապահովում են, որ վերլուծության և գնահատման արդյունքները, դրանց վերաբերյալ սույն հավելվածի 9-րդ կետին համապատասխան ներկայացված դիտողությունները, ինչպես նաև սույն հավելվածի 10-րդ կետում նշված խորհրդակցությունների արդյունքները պատշաճ կերպով հաշվի առնվեն:
12. Ծագման Կողմը ազդեցության ենթարկված Կողմերին հայտնում է տվյալ գործունեության վերաբերյալ ընդունված որոշման և դրա համար հիմք ծառայած պատճառների և նկատառումների մասին:
13. Եթե վտանգավոր գործունեության անդրսահմանային ազդեցության վերաբերյալ որևէ լրացուցիչ տեղեկություններ, որոնք հայտնի չէին այդ գործունեության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման պահին, հայտնի են դառնում շահագրգիռ Կողմին, ապա այդ Կողմն այդ մասին անհապաղ կերպով տեղեկացնում է այլ շահագրգիռ Կողմին կամ Կողմերին: Ցանկացած շահագրգիռ Կողմի խնդրանքով խորհրդակցությունները կարող են վերսկսվել:
ՀԱՎԵԼՎԱԾ 4
6-րդ հոդվածին համապատասխան ձեռնարկվող կանխարգելիչ միջոցներ
Կախված ազգային օրենսդրությունից և գործող պրակտիկայից, Կողմերի, իրավասու մարմինների և օպերատորների կողմից, ինչպես նաև համատեղ ջանքերով, կարող են ձեռնարկվել հետևյալ միջոցները.
1. Անվտանգության ընդհանուր կամ հատուկ նպատակների սահմանում:
2. Անվտանգության ապահովման միջոցներին և նորմերին առնչվող օրենսդրական դրույթների և ղեկավար սկզբունքների ընդունում:
3. Վթարների կանխման տեսակետից հատուկ միջոցների կիրառում պահանջող վտանգավոր գործունեության այնպիսի տեսակների հատկանշում, որոնք կարող են ընդգրկել լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման համակարգեր:
4. Վտանգավոր գործունեության իրականացման ժամանակ ռիսկի վերլուծության կամ անվտանգության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների գնահատում և անհրաժեշտ գործողությունների իրականացման պլանի մշակում:
5. Ռիսկի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում իրավասու մարմիններին:
6. Արդյունաբերական վթարների կանխման և մարդկանց ու շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով առավել համապատասխան տեխնոլոգիաների օգտագործում:
7. Արդյունաբերական վթարների կանխման նպատակով արդյունաբերական օբյեկտներում ինչպես նորմալ, այնպես էլ աննորմալ պայմաններում իրականացվող վտանգավոր գործունեության մեջ ընդգրկված անձանց համապատասխան ուսուցման և վերապատրաստման կազմակերպում:
8. Ներքին կառավարման համակարգերի և մեթոդների ներդրում անվտանգության նորմերի արդյունավետ կիրառման և ապահովման նպատակով:
9. Վտանգավոր գործունեության մոնիտորինգի և ստուգումների, այդ թվում` տեսչական ստուգումների իրականացում:
ՀԱՎԵԼՎԱԾ 5
Վերլուծություն և գնահատում
1. Վտանգավոր գործունեության վերլուծության և գնահատման շրջանակները և խորությունը կախված են սահմանված նպատակներից:
2. Ստորև բերված աղյուսակում` համապատասխան հոդվածների նպատակների համար, ներկայացվում է այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նշված նպատակներով վերլուծության և գնահատման իրականացման ժամանակ.
Վերլուծության |
Ուսումնասիրման ենթակա հարցերը |
Արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների պլանավորում` 8-րդ հոդվածին համապատասխան |
1. Արդյունաբերական օբյեկտում վտանգավոր նյութերի քանակությունները և հատկությունները, |
Տեղաբաշխվածության |
6. մարդկանց և շրջակա միջավայրին հասցված վնասի ծավալը` կախված արտանետման բնույթից և հանգամանքներից, |
9-րդ հոդվածին համապատասխան հանրությանը տրամադրվող տեղեկատվություն |
Ի լրումն վերը շարադրված 1–4-րդ կետերի. |
Կանխարգելիչ միջոցներ` համաձայն 6-րդ հոդվածի |
Ի լրումն վերը շարադրված 4–9-րդ կետերի, վթարների կանխարգելման միջոցներ կիրառելու համար կպահանջվեն 1–3-րդ կետերում տրված նկարագրությունների և գնահատականների ավելի մանրամասն տարբերակներ: Բացի այդ նկարագրություններից և գնահատականներից, անհրաժեշտ է նաև ներառել հետևյալ հարցերը, 10. լուրջ հետևանքների բերող արդյունաբերական վթարների տեսակների սցենարների ցանկ` վթարների ծավալների օրինակներով և մոտակայքում իրականացվող գործունեության ազդեցության հավանականության մասին նշումով, 11. յուրաքանչյուր սցենարի համար` այն իրադարձությունների նկարագրությունը, որոնք կարող են արդյունաբերական վթարի բերել և այդ վթարի հավանական ուժգնացման փուլերի նկարագրությունը, 12. փուլերից յուրաքանչյուրի հավանականության առնվազն ընդհանուր բնույթ կրող գնահատում` հաշվի առնելով 14-րդ կետով նախատեսված միջոցառումները, 13. կանխարգելիչ միջոցների նկարագրությունը` յուրաքանչյուր փուլի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար նախատեսված սարքավորումների և ընթացակարգերի տեսանկյունից, 14. շահագործման բնականոն պայմաններից շեղումների հնարավոր հետևանքների, արտակարգ իրավիճակի ստեղծման դեպքում վտանգավոր գործունեության կամ դրա տարրերից որևէ մեկի դադարեցմանն ուղղված համապատասխան միջոցառումների, ինչպես նաև հնարավոր լուրջ շեղումների ժամանակին հայտնաբերումը և համապատասխան միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով կադրերի վերապատրաստման անհրաժեշտության գնահատումը, 15. այն աստիճանի գնահատումը, որքանով սարքի վերափոխումը, վերանորոգումը և տեխնիկական սպասարկումը, որի վրա վտանգավոր գործունեություն է իրականացվում, կարող է վտանգել վերահսկողության միջոցների, ինչպես նաև վերահսկողութան հետագա միջոցառումների իրականացումը: |
ՀԱՎԵԼՎԱԾ 6
7-րդ հոդվածին համապատասխան տեղաբաշխման մասին որոշումների ընդունում
Ստորև շարադրվածը ներկայացնում է այն հարցերը, որոնք անհրաժեշտ են նկատի առնել 7-րդ հոդվածին համապատասխան:
1. Ռիսկի վերլուծության և գնահատման արդյունքները` ներառյալ այն շրջանի ֆիզիկական բնութագրերի գնահատումը, որտեղ նախատեսվում է իրականացնել վտանգավոր գործունեություն` 5-րդ հավելվածին համապատասխան:
2. Խորհրդակցությունների արդյունքները և հանրության մասնակցությունը:
3. Ծագման Կողմի տարածքում իրականացվող վտանգավոր գործունեության հետ կապված` ազդեցության ենթարկված Կողմի տարածքում տեղի ունեցած իրադարձության արդյունքում ծագող ռիսկի աճի կամ նվազեցման վերլուծություն:
4. Շրջակա միջավայրին սպառնացող վտանգի գնահատում` ներառյալ ցանկացած անդրսահմանային ազդեցությունը:
5. Վտանգավոր գործունեության նոր տեսակների գնահատում, որոնք կարող են ռիսկի աղբյուր հանդիսանալ:
6. Վտանգավոր գործունեության նոր օբյեկտները բնակավայրերից ապահով հեռավորության վրա տեղաբաշխելու և արդեն գործող օբյեկտները զգալի ձևափոխումների ենթարկելու, ինչպես նաև վտանգավոր գործունեության օբյեկտների շուրջ անվտանգության գոտիներ ստեղծելու հետ կապված հարցերի քննարկում. այդ գոտիներում պետք է մանրակրկիտ ուսումնասիրման ենթարկվեն այն զարգացումները, որոնք հանգեցնում են վտանգի ենթարկվող բնակչության թվի աճին կամ որևէ այլ կերպ են նպաստում առկա ռիսկերի աճին:
ՀԱՎԵԼՎԱԾ 7
8-րդ հոդվածին համապատասխան արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ապահովմանն ուղղված միջոցներ
1. Անհրաժեշտ է իրականացնել ինչպես արդյունաբերական օբյեկտներում, այնպես էլ դրանց տարածքից դուրս ստեղծվող արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանների համադրում` վթարի հետևանքների վերացմանն ուղղված համալիր և արդյունավետ միջոցառումների իրականացման նպատակով:
2. Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանները պետք է ընդգրկեն այդ իրավիճակների մեկուսացմանը, ինչպես նաև դրանց անդրսահմանային ազդեցության հնարավորինս նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Դրանք պետք է ընդգրկեն նաև բնակչության տեղեկացման և, անհրաժեշտության դեպքում, բնակչության էվակուացիայի միջոցառումներ, այլ պաշտպանական կամ փրկարարական միջոցառումներ, ինչպես նաև բժշկական ծառայությունների նկարագրություններ:
3. Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանները պետք է ընդգրկեն. արդյունաբերական օբյեկտներում աշխատող անձնակազմի, արտակարգ իրավիճակի ազդեցությանը ենթարկված անձանց և փրկարարների համար` տեխնիկական և կազմակերպական այն ընթացակարգերի մանրամասն նկարագրություն, որոնք կպահանջվեն միջոցներ ձեռնարկելու համար արդյունաբերական վթարի դեպքում, որը կարող է անդրսահմանային ազդեցություն գործել, և մարդկանց ու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար` ինչպես արդյունաբերական օբյեկտում, այնպես էլ դրա տարածքից դուրս:
4. Արդյունաբերական օբյեկտներում արտակարգ իրավիճակներում գործողությունների պլաններում կարող են ընդգրկվել, օրինակ, հետևյալ հարցերը.
ա/ արդյունաբերական օբյեկտում կազմակերպական պարտականությունների և պատասխանատվության բաշխում արտակարգ իրավիճակի դեպքում,
բ/ արդյունաբերական վթարի դեպքում իրականացվելիք միջոցառումների նկարագրություն` իրավիճակը վերահսկելի դարձնելու և վթարը կանխելու նպատակով, կամ էլ հստակ ցուցում այն մասին, թե որտեղ է կարելի գտնել այդ նկարագրությունը,
գ/ առկա սարքավորումների և պաշարների նկարագրություն,
դ/ արդյունաբերական վթարի մասին արդյունաբերական օբյեկտների տարածքից դուրս վթարների հետևանքների վերացման համար պատասխանատու պետական մարմնի տեղեկացումն ապահովող միջոցառումներ` ներառյալ նախնական ազդարարման մեջ ընդգրկման ենթակա տեղեկատվության տեսակը, ինչպես նաև ընթացքում ավելի մանրամասն տեղեկատվության ապահովմանն ուղղված միջոցներ,
ե/ ուսուցման կազմակերպում` անձնակազմին իր պարտականությունների հետ ծանոթացնելու նպատակով:
5. Արտակարգ իրավիճակի դեպքում արդյունաբերական օբյեկտների տարածքից դուրս իրականացվելիք գործողությունների պլաններում կարող են ընդգրկվել հետևյալ հարցերը.
ա/ արդյունաբերական օբյեկտի տարածքից դուրս կազմակերպական պարտականությունների և պատասխանատվության բաշխում արտակարգ իրավիճակի դեպքում` ներառյալ այն միջոցները, որոնց օգնությամբ ապահովվում է համապատասխանությունը արդյունաբերական օբյեկտում իրականացվելիք միջոցառումների պլանների հետ,
բ/ փրկարարական և բժշկական անձնակազմի կողմից կիրառվելիք մեթոդները և ընթացակարգերը,
գ/ ազդեցության ենթարկված շրջանի արագ հատկանշման մեթոդներ,
դ/ արդյունաբերական վթարի մասին ազդեցության ենթարկված կամ ազդեցության ենթարկվելու պոտենցիալ վտանգի տակ գտնվող Կողմերի արագ ազդարարման և հետագա կապի պահպանման միջոցառումներ,
ե/ պլանի իրագործման և համադրման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների հատկանշում,
զ/ հանրության տեղեկացման միջոցառումներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են ներառել 9-րդ հոդվածի համաձայն հանրությանը տրամադրվող տեղեկատվության թարմացումն ու կրկնակի տրամադրումը,
է/ վերապատրաստման դասընթացների և վարժանքների անցկացում:
6. Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանները կարող են նաև ընդգրկել վտանգավոր և վարակված նյութերի վերամշակման, հավաքման, մաքրման, պահպանման, հեռացման և անվտանգ ոչնչացման, ինչպես նաև վերականգնման միջոցառումներ:
ՀԱՎԵԼՎԱԾ 8
9-րդ հոդվածին համապատասխան հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը
1. Կազմակերպության անվանումը, վտանգավոր գործունեության իրականացման վայրը և տեղեկատվությունը տրամադրող անձի պաշտոնը:
2. Վտանգավոր գործունեության ընդհանուր նկարագրությունը` ներառյալ ռիսկերը:
3. Վտանգավոր գործունեության ընթացքում օգտագործվող նյութերի և պատրաստուկների սահմանված կամ ընդհանուր անվանումները, կամ դրանց վտանգավորության ընդհանուր դասակարգումը` ծագող վտանգի տեսակետից դրանց հիմնական հատկությունների նշումով:
4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքում ստացված ընդհանուր բնույթի տեղեկատվություն` եթե այդպիսին կա և առնչվում է տվյալ հարցին:
5. Ընդհանուր տեղեկություններ արդյունաբերական վտանգի բնույթի մասին, որը կարող էր տեղի ունենալ վտանգավոր գործունեության իրականացման արդյունքում` ներառյալ դրա պոտենցիալ ազդեցությունը բնակչության և շրջակա միջավայրի վրա:
6. Համապատասխան տեղեկություններ արդյունաբերական վթարի դեպքում ազդեցության ենթարկված բնակչությանը ազդարարման և տեղեկացման մեթոդների մասին:
7. Համապատասխան տեղեկություններ արդյունաբերական վթարի դեպքում ազդեցության ենթարկված բնակչության կողմից ձեռնարկվելիք անհրաժեշտ գործողությունների և ընդհանուր վարքի մասին:
8. Համապատասխան տեղեկություններ վտանգավոր գործունեության իրականացման ընթացքում իրականացվող միջոցառումների մասին` ներառյալ կապը վթարային ծառայությունների հետ, արդյունաբերական վթարների դեմ պայքարի, դրանց ծավալների սահմանափակման և ազդեցության նվազեցման նպատակով:
9. Ընդհանուր տեղեկություններ արդյունաբերական օբյեկտի տարածքից դուրս ծագած արտակարգ իրավիճակի դեպքում վթարային ծառայությունների գործողությունների պլանի մասին, որը կազմվում է արդյունաբերական օբյեկտի տարածքից դուրս ցանկացած տեսակի ազդեցության վերացման նպատակով` ներառյալ արդյունաբերական վթարի անդրսահմանային ազդեցությունը:
10. Ընդհանուր տեղեկություններ վտանգավոր գործունեությունը կարգավորող պահանջների և պայմանների մասին` համաձայն համապատասխան ազգային նորմատիվ և/կամ վարչական դրույթների` ներառյալ թույլատրագրերի և թույլտվությունների տրամադրման համակարգերը:
11. Մանրամասն տեղեկություններ լրացուցիչ համապատասխան տեղեկությունների աղբյուրների մասին:
ՀԱՎԵԼՎԱԾ 9
10-րդ հոդվածին համապատասխան արդյունաբերական վտանգների մասին տեղեկացման համակարգեր
1. Արդյունաբերական վթարների մասին տեղեկացման համակարգերը պետք է ապահովեն տվյալների և կանխատեսումների առավել արագ հաղորդումը նախապես մշակված գաղտնագրերին համապատասխան` տվյալների հաղորդման և մշակման համատեղելի համակարգերի օգտագործմամբ` արտակարգ իրավիճակների մասին տեղեկացման և դրանց արձագանքելու, ինչպես նաև տարբեր մակարդակների վրա առկա տարբեր կարիքները հաշվի առնելով` անդրսահմանային ազդեցության ծավալների սահմանափակման նպատակով:
2. Արդյունաբերական վտանգների մասին ծանուցագիրն իր մեջ ներառում է հետևյալ տարրերը.
ա/ արդյունաբերական վթարի տեսակը և ծավալը, ընդգրկված վտանգավոր նյութերը /եթե հայտնի են/ և վթարի հնարավոր ազդեցության ուժգնությունը,
բ/ վթարի ծագման ժամանակը և վայրը,
գ/ արդյունաբերական վթարի հետևանքների վերացման համար անհրաժեշտ այլ առկա տեղեկություններ:
3. Արդյունաբերական վթարի մասին ծանուցագիրը ժամանակ առ ժամանակ կամ անհրաժեշտության դեպքում լրացվում է անդրսահմանային ազդեցության հետ կապված իրավիճակի զարգացմանը վերաբերող համապատասխան հետագա տեղեկություններով:
4. Իրականացվում են արդյունաբերական վթարների մասին տեղեկացման համակարգերի արդյունավետության պարբերական ստուգումներ և փորձարկումներ` ներառյալ համապատասխան անձնակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Անհրաժեշտության դեպքում այդպիսի փորձարկումները, ստուգումները կամ վերապատրաստման դասընթացներն իրականացվում են համատեղ:
ՀԱՎԵԼՎԱԾ 10
12-րդ հոդվածին համապատասխան տրամադրվող փոխադարձ աջակցություն
1. Աջակցության տրամադրման միջոցառումների ղեկավարման, դրանց իրականացման նկատմամբ հսկողության, համադրման և վերահսկման պարտականությունը ստանձնում է աջակցություն ստանալու համար դիմող Կողմը: Աջակցության տրամադրման միջոցառումներին մասնակցող անձնակազմը գործում է դիմող Կողմի օրենսդրությանը համապատասխան: Դիմող Կողմի համապատասխան մարմինները համագործակցում են այն մարմնի հետ, որին աջակցություն տրամադրող Կողմը նշանակում է 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և որը պատասխանատու է աջակցությունը ցուցաբերող Կողմի տրամադրած անձնակազմի և սարքավորումների անմիջական օպերատիվ հսկողությունն իրականացնելու համար:
2. Դիմող Կողմը, իր հնարավորությունների սահմաններում, հատկացնում է վայրում առկա շինությունները և ծառայությունները` տրամադրվող աջակցության պատշաճ և արդյունավետ օգտագործումն ապահովելու համար և ապահովում է այդ նպատակներով աջակցությունը ցուցաբերող Կողմի կամ դրա անունից դիմող Կողմի տարածք ներկրված անձնակազմի, սարքավորումների և նյութերի անվտանգությունն ու պաշտպանությունը:
3. Եթե շահագրգիռ Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, աջակցությունը տրամադրվում է դիմող Կողմի միջոցների հաշվին: Աջակցություն տրամադրող Կողմը կարող է ցանկացած պահին ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվել իր կրած ծախսերի փոխհատուցման իրավունքից:
4. Դիմող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի աջակցություն ցուցաբերող Կողմին և վերջինիս անունից հանդես եկող անձանց տրամադրվեն համապատասխան արտոնություններ և անձեռնմխելիություն, ինչպես նաև օժանդակում է աջակցության ցուցաբերման հետ կապված միջոցառումների արագ իրականացմանը: Դիմող Կողմը պարտավոր չի սույն դրույթը կիրառել սեփական քաղաքացիների կամ իր տարածքում մշտապես բնակվող անձանց նկատմամբ, կամ վերջիններիս տրամադրել վերը նշված արտոնությունները և անձեռնմխելիությունը:
5. Դիմող կամ աջակցություն ցուցաբերող Կողմի խնդրանքով, Կողմերից մեկը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հնարավորինս հեշտացնի իր տարածքով աջակցության ցուցաբերման նպատակով համապատասխան կերպով ուղղված ծանուցման մեջ նշված անձնակազմի, սարքավորումների և այլ գույքի տարանցիկ փոխադրումը դեպի դիմող Կողմ և հետագայում` դիմող Կողմից:
6. Դիմող Կողմը հեշտացնում է աջակցության ցուցաբերման նպատակով համապատասխան կերպով ուղղված ծանուցման մեջ նշված անձնակազմի, սարքավորումների և այլ գույքի իր տարածք ներկրումը, իր տարածքում գտնվելը և հետագա ելքը:
7. Աջակցության տրամադրման հետ անմիջականորեն կապված միջոցառումների առնչությամբ, դիմող Կողմը, խնդրված աջակցության տրամադրման ընթացքում իր տարածքում տեղի ունեցած մարդկանց մահվան կամ վնասվածքներ ստանալու դեպքում, սեփականության վնասման կամ կորստի դեպքում կամ շրջակա միջավայրին վնաս պատճառելու դեպքում, աջակցություն տրամադրող Կողմին կամ վերջինիս անունից հանդես եկող անձանց մեղադրանքներ չի ներկայացնում, նրանց ազատում է նյութական պատասխանատվությունից և փոխհատուցում է վճարում մարդկանց մահվան կամ վնասվածքներ ստանալու դեպքում, ինչպես նաև աջակցության տրամադրման ընթացքում օգտագործված սարքավորումների կամ այլ գույքի վնասման կամ կորստի դեպքում: Դիմող Կողմը պատասխանատու է աջակցություն ցուցաբերող Կողմին կամ իր անունից գործող անձանց երրորդ Կողմերից ներկայացվող պահանջների կարգավորման համար:
8. Շահագրգիռ Կողմերը սերտորեն համագործակցում են այն դատական գործերի կամ պահանջների կարգավորման նպատակով, որոնք կարող են ծագել աջակցության տրամադրման միջոցառումների իրականացման ընթացքում:
9. Ցանկացած Կողմ կարող է հանդես գալ վթարից տուժած անձանց բուժման կամ մեկ այլ Կողմի տարածք այդ անձանց ժամանակավորապես տեղափոխելու հարցում աջակցություն ստանալու դիմումով:
10. Ազդեցության ենթարկված Կողմը կամ դիմող Կողմը, համապատասխան խորհրդակցություններ անցկացնելուց հետո և ծանուցում ուղղելու միջոցով, կարող է դիմել սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ցուցաբերվող աջակցության տրամադրումը դադարեցնելու մասին: Այդպիսի դիմում ներկայացնելուց անմիջապես հետո, շահագրգիռ Կողմերը խորհրդակցություններ են անցկացնում միմյանց միջև` աջակցության տրամադրման դադարեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու նպատակով:
ՀԱՎԵԼՎԱԾ 11
Տեղեկատվության փոխանակում 15-րդ հոդվածին համապատասխան
Տեղեկատվությունը պետք է ներառի հետևյալ տարրերը, որոնք նաև կարող են երկկողմ կամ բազմակողմ համագործակցության առարկա հանդիսանալ.
ա/ արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանը վերաբերող օրենսդրական և վարչական միջոցները, քաղաքականությունը, նպատակները և առաջնությունները, վտանգավոր գործունեության արդյունքում տեղի ունեցող արդյունաբերական վթարների ռիսկի, այդ թվում` անդրսահմանային ազդեցության նվազեցմանն ուղղված գիտական գործունեությունը և տեխնիկական միջոցառումները,
բ/ արտակարգ իրավիճակի դեպքում համապատասխան մակարդակի վրա իրականացվող միջոցառումներ և գործողությունների պլաններ, որոնք ազդեցություն են գործում այլ Կողմերի վրա,
գ/ մոնիտորինգի, պլանավորման, հետազոտությունների և զարգացման ծրագրեր` ներառյալ դրանց իրագործումն ու իրագործման վերահսկումը,
դ/ արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ,
ե/ արդյունաբերական վթարների ժամանակ ձեռնարկվող աշխատանքների փորձ և համագործակցություն անդրսահմանային ազդեցություն գործող արդյունաբերական վթարների հետևանքների վերացման ոլորտում,
զ/ առկա լավագույն տեխնոլոգիաների մշակում և կիրառում` շրջակա միջավայրի պահպանության մեթոդների կատարելագործման և անվտանգության ամրապնդման նպատակով,
է/ պատրաստվածություն արտակարգ իրավիճակներին և դրանց հետևանքների վերացում,
ը/ ռիսկի կանխատեսման համար կիրառվող մեթոդներ` ներառյալ մոնիտորինգի և անդրսահմանային ազդեցության գնահատման չափանիշներ:
ՀԱՎԵԼՎԱԾ 12
18-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան փոխադարձ աջակցության ցուցաբերման հետ կապված առաջադրանքներ
1. Տեղեկատվության և տվյալների հավաքում և տարածում.
ա/ արդյունաբերական վթարների մասին տեղեկացման համակարգի ստեղծում և շահագործում, որի շրջանակներում կարող է տեղեկատվություն տրամադրվել արդյունաբերական վթարների և փորձագետների վերաբերյալ` վերջիններին հնարավորինս սեղմ ժամկետներում աջակցության ցուցաբերմանն ուղղված միջոցառումների մեջ ընդգրկելու նպատակով,
բ/ տվյալների շտեմարանի ստեղծում և շահագործում` արդյունաբերական վթարների, այդ թվում` դրանց ազդեցության, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող միջոցների և այդ միջոցների արդյունավետության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացման, մշակման և տարածման նպատակով,
գ/ վտանգավոր նյութերի ցանկի կազմում և վարում, որը ներառում է նաև այդ նյութերի համապատասխան հատկությունները, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե ինչպես է պետք վարվել այդ նյութերի հետ արդյունաբերական վթարի դեպքում,
դ/ փորձագետների ցանկի կազմում և վարում, որոնք կարող են ցուցաբերել խորհրդակցական և այլ բնույթի աջակցություն արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման ոլորտում` ներառյալ վերականգնման միջոցառումները,
ե/ վտանգավոր գործունեության տեսակների ցանկի վարում,
զ/ 1-ին հավելվածի 1-ին մասի դրույթների մեջ ընդգրկված վտանգավոր նյութերի ցանկի կազմում և վարում:
2. Գիտական հետազոտություններ, մասնագետների պատրաստում և մեթոդաբանության մշակում.
ա/ նախկինում տեղի ունեցած արդյունաբերական վթարների ժամանակ ձեռք բերված փորձի վրա հիմնված մոդելների, ինչպես նաև արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների սցենարների մշակում և տրամադրում,
բ/ մասնագետների ուսուցման և վերապատրաստման խրախուսում, միջազգային խորհրդաժողովների կազմակերպում և համագործակցության ընդլայնում հետազոտությունների և զարգացման ոլորտում:
3. Տեխնիկական աջակցություն.
ա/ խորհրդակցական գործառույթների իրականացում, որոնք ուղղված են արդյունաբերական վթարների կանխման, դրանց պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման միջոցառումներ իրականացնելու կարողությունների հզորացմանը,
բ/ որևէ Կողմի խնդրանքով այդ Կողմի իրականացվող վտանգավոր գործունեության տեսչական ստուգումների անցկացում, ինչպես նաև աջակցության ցուցաբերում սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան սեփական տեսչական ստուգումների կազմակերպման համար:
4. Արտակարգ իրավիճակի դեպքում ցուցաբերվող աջակցություն.
որևէ Կողմի խնդրանքով աջակցության ցուցաբերում` մասնավորապես` արդյունաբերական վթարի վայր փորձագետներ ուղղելու միջոցով` այդ վթարի հետևանքների վերացմանն ուղղված խորհրդակցական և այլ բնույթի աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ՀԱՎԵԼՎԱԾ 13
Իրավարարություն
1. Հայցվոր Կողմը կամ Կողմերը քարտուղարությանը ծանուցում են այն մասին, որ Կողմերը պայմանավորվել են վեճը, սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հանձնել միջնորդ դատարան: Ծանուցման մեջ նշվում է իրավարարական հետաքննության առարկան` ներառյալ սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնց մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագել է վեճը: Քարտուղարությունը փոխանցում է այս կերպ ստացված տեղեկությունը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին:
2. Միջնորդ դատարանը կազմված է երեք անդամներից: Ինչպես հայցվող Կողմը կամ Կողմերը, այնպես էլ վեճի մեջ ընդգրկված այլ Կողմը կամ Կողմերը, նշանակում են մեկական իրավարար, և այս կերպ նշանակված երկու իրավարարները նշանակում են երրորդին, որը կատարում է միջնորդ դատարանի նախագահի պարտականությունները: Վերջինս չի կարող վեճի մեջ ընդգրկված որևէ Կողմի քաղաքացի հանդիսանալ, մշտապես բնակվել այդ Կողմերից որևէ մեկի տարածքում, այդ Կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ գտնվել և տվյալ գործին որևէ կերպ առնչություն ունենալ:
3. Եթե երկրորդ իրավարարին նշանակելուց հետո երկու ամսվա ընթացքում միջնորդ դատարանի նախագահ չի նշանակվում, ապա նրան Կողմերից մեկի առաջարկությամբ հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը:
4. Եթե վեճի մեջ ընդգրկված Կողմերից մեկը առաջարկությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում իրավարար չի նշանակում, ապա այլ Կողմը կարող է այդ մասին հայտնել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը նշանակում է միջնորդ դատարանի նախագահին հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում: Նշանակվելուն պես, միջնորդ դատարանի նախագահը դիմում է իրավարար չնշանակած Կողմին երկու ամսվա ընթացքում փորձագետ նշանակելու խնդրանքով: Այդ ժամկետը լրանալուն պես, նախագահը համապատասխան կերպով տեղյակ է պահում Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այդ իրավարարին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:
5. Միջնորդ դատարանն իր որոշումներն ընդունում է միջազգային իրավունքի նորմերին և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
6. Սույն հավելվածին համապատասխան հիմնադրվող ցանկացած միջնորդ դատարան սահմանում է իր սեփական կանոնակարգերը:
7. Միջնորդ դատարանի ինչպես ընթացակարգային հարցերով, այնպես էլ գործի բնույթով որոշումներն ընդունվում են դրա անդամների ձայների մեծամասնությամբ:
8. Դատարանը կարող է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները փաստերը բացահայտելու համար:
9. Վեճի կողմերը օժանդակում են միջնորդ դատարանի աշխատանքներին` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները.
ա/ դատարանին տրամադրում են համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ, ապահովում են համապատասխան պայմանների առկայությունը,
բ/ անհրաժեշտության դեպքում, դատարանին հնարավորություն են ընձեռում կանչել վկաներ կամ փորձագետներ և լսել նրանց ցուցմունքները:
10. Կողմերը և փորձագետներն ապահովում են իրենց կողմից իրավարարական հետաքննության ընթացքում գաղտնի կերպով ստացված բոլոր տեղեկությունների գաղտնիությունը:
11. Միջնորդ դատարանը կողմերից մեկի խնդրանքով կարող է առաջարկել ժամանակավոր պաշտպանական միջոցներ ձեռնարկել:
12. Եթե վեճի կողմերից մեկը չի ներկայանում միջնորդ դատարան կամ չի կարողանում մասնակցել իր գործի հետաքննությանը, ապա այլ կողմը կարող է դատարանին դիմել, որպեսզի այն շարունակի հետաքննությունը և վերջնական որոշում կայացնի: Միջնորդ դատարանում կողմերից մեկի բացակայությունը կամ սեփական գործի հետաքննությանը չմասնակցելը խոչընդոտ չի հանդիսանում հետաքննության համար: Մինչև վերջնական որոշում կայացնելը միջնորդ դատարանը պետք է համոզվի հայցի փաստացի և իրավաբանական հիմնավորվածության մեջ:
13. Միջնորդ դատարանը կարող է լսել նաև անմիջականորեն վեճի առարկայից ծագող հակադարձ հայցերը և որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ:
14. Եթե միջնորդ դատարանը, հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, որևէ այլ կերպ չի սահմանում, ապա դատական ծախսերը` ներառյալ դատարանի անդամների վարձատրությունը, վեճի կողմերը հավասար բաշխում են միմյանց միջև: Միջնորդ դատարանը հաշվառում է իր բոլոր ծախսերը և Կողմերին ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի վերաբերյալ:
15. Սույն Կոնվենցիայի ցանկացած Կողմ, որը վեճի առարկայում ունի իր շահերը կամ որի վրա տվյալ գործով կայացված որոշումը կարող է որևէ կերպ ազդել, իրավունք ունի դատարանի համաձայնությամբ մասնակցելու հետաքննությանը:
16. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է հիմնադրման օրվանից հինգ ամսվա ընթացքում, եթե միայն անհրաժեշտ չի համարում այդ ժամկետը երկարաձգել հինգ ամիսը չգերազանցող ժամանակահատվածով:
17. Միջնորդ դատարանի որոշումն ուղեկցվում է պատճառների բացատրությամբ: Այդ որոշումը վերջնական է և պարտադիր է վեճի բոլոր կողմերի համար: Միջնորդ դատարանն իր որոշման մասին տեղեկացնում է վեճի անդամներին և քարտուղարությանը: Քարտուղարությունն ուղարկում է ստացված տեղեկատվությունը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին:
18. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել Կողմերի միջև դատարանի որոշման մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ, կարող է հանձնվել այդ որոշումն ընդունած միջնորդ դատարան կամ, վերջինիս ծառայություններից օգտվելու անհնարինության դեպքում, մեկ այլ դատարան, որը հիմնադրվում է համաձայն միևնույն կարգի և միևնույն նպատակների համար, ինչ առաջին դատարանը:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 19-ից: