Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Ն ա խ ա բա ն
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և սույն Կոնվենցիան ստորագրած այլ պետությունները,
հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է իր անդամների միջև սերտ միասնության հասնելը,
համոզված լինելով հասարակության պաշտպանությանն ուղղված ընդհանուր քրեական քաղաքականություն վարելու անհրաժեշտության մեջ,
հաշվի առնելով, որ առավել մեծ չափերի միջազգային հիմնախնդրի վերածվող ծանր հանցագործությունների դեմ պայքարը պահանջում է միջազգային մակարդակով ժամանակակից և արդյունավետ մեթոդների օգտագործում,
հավատալով, որ այս մեթոդներից մեկը հանդիսանում է հանցագործներին հանցավոր ուղիներով ստացված եկամուտներից զրկելը,
հաշվի առնելով, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել նաև միջազգային համագործակցության արդյունավետ համակարգ,
համաձայնեցին հետևյալի մասին.
Գ Լ ՈՒ Խ 1
Տերմինների օգտագործումը
Հոդված 1.
Տերմինների օգտագործումը
Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝
ա) «եկամուտներ» նշանակում է` հանցագործությունից ստացված ցանկացած տնտեսական օգուտ: Այդ եկամուտը կարող է ներառել ցանկացած գույք, որը սահմանված է սույն հոդվածի «բ» ենթակետում,
բ) «գույք»-ը ներառում է ցանկացած տեսակի գույքը՝ իրեղեն կամ ոչ իրեղեն, շարժական կամ անշարժ, ինչպես նաև այդպիսի գույքի նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք սահմանող իրավաբանական ակտերը կամ փաստաթղթերը,
գ) «գործիքներ» նշանակում է` ցանկացած առարկա, որը օգտագործվում է, կամ որը նախատեսվում է որևէ ձևով, մասնակիորեն կամ ամբողջությամբ օգտագործել հանցագործություն կամ հանցագործություններ կատարելու համար,
դ) «բռնագրավում» նշանակում է՝ պատիժ կամ դատարանի կողմից նշանակված այլ միջոց, որը հետևում է հանցագործության կամ հանցագործությունների վերաբերյալ վարույթին և հանգեցնում է գույքից վերջնական զրկման,
ե) «հիմնական հանցագործություն» նշանակում է` ցանկացած հանցագործություն, որի արդյունքում ստացվել են այնպիսի եկամուտներ, որոնք կարող են դառնալ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն սահմանված հանցագործության օբյեկտ:
Գ լ ու խ 2
Ազգային մակարդակով ձեռնարկվելիք միջոցներ
Հոդված 2. | Բռնագրավման միջոցներ |
1. Յուրաքանչյուր Կողմ կընդունի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք գործիքների, եկամուտների կամ այդ եկամուտներին համապատասխանող արժեք ունեցող գույքի բռնագրավման հնարավորություն կտան:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ սույն հոդվածի 1-ին կետը կիրառվում է միայն այն հանցագործությունների կամ հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ, որոնք նշված են տվյալ հայտարարության մեջ:
Հոդված 3.
Նախաքննության հետ կապված նախնական միջոցներ
Յուրաքանչյուր Կողմ կընդունի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բռնագրավման ենթակա գույքի նույնացումն ու հայտնաբերումը և այդպիսի գույքի հետ կապված յուրաքանչյուր գործողության, փոխանցման կամ տնօրինման կանխումը:
Հոդված 4.
Նախաքննության հատուկ լիազորություններ և միջոցներ
1. Յուրաքանչյուր Կողմ կընդունի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել՝ լիազորելու իրենց դատարաններին կամ այլ իրավասու մարմիններին՝ կարգադրել, որ բանկային, ֆինանսական կամ առևտրական տվյալները 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված գործողությունները կատարելու նպատակով պահանջվեն կամ կալանքի տակ դրվեն: Կողմը չի կարող բանկային գաղտնիքի պատճառաբանմամբ հրաժարվել սույն հոդվածի դրույթներն իրականացնելուց:
2. Յուրաքանչյուր Կողմ կքննարկի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցների ընդունման հարցը, որոնք հնարավորություն կտան օգտագործել նախաքննության հատուկ այնպիսի միջոցներ, որոնք կդյուրացնեն եկամուտների հայտնաբերումը և համապատասխան ապացույցների հավաքումը: Այսպիսի միջոցները կարող են ընդգրկել բանկային հաշիվների վերահսկողությունը, հեռահաղորդակցության դիտարկումը և վերահսկողությունը, մուտքը համակարգչային համակարգեր և հատուկ փաստաթղթերի ներկայացման հետ կապված այլ կարգադրությունները:
Հոդված 5.
Իրավական պաշտպանության միջոցներ
Յուրաքանչյուր Կողմ կընդունի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք 2-րդ և 3-րդ հոդվածների հիման վրա ձեռնարկված միջոցների հետևանքով վնաս կրած անձանց հնարավորություն կտան ունենալ իրենց իրավունքները պաշտպանելու համար արդյունավետ իրավական միջոցներ:
Հոդված 6. | Եկամուտների լվացման հետ կապված հանցագործություններ |
1. Յուրաքանչյուր Կողմ կընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, դիտավորությամբ կատարված հետևյալ արարքները որպես հանցագործություններ սահմանելու նպատակով՝
ա) գույքի փոխակերպումը կամ փոխանցումը՝ գույքի անօրինական ծագումը թաքցնելու կամ քողարկելու կամ իր արարքներից առաջացող իրավական հետևանքներից խուսափելու գործում հիմնական հանցագործության կատարման մեջ ներգրավված անձին օգնելու նպատակով` իմանալով, որ այդ գույքը իրենից եկամուտներ է ներկայացնում,
բ) գույքի իրական բնույթը, աղբյուրը, գտնվելու վայրը, շարժը, գույքի նկատմամբ իրավունքները կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը թաքցնելը կամ քողարկելը՝ իմանալով, որ այդ գույքը իրենից եկամուտներ է ներկայացնում, համաձայն իր սահմանադրական սկզբունքներին և իր իրավական համակարգի հիմնական հասկացություններին,
գ) գույք ձեռք բերելը, տիրապետելը կամ օգտագործելը՝ ստանալու պահին իմանալով, որ այդ գույքը իրենից եկամուտներ է ներկայացնում,
դ) մասնակցությունը սույն հոդվածում սահմանված հանցագործություններից որևէ մեկի կատարմանը, հանցակցությունը, նախապես համաձայնության գալը, դրդումը, կատարման փորձը, օժանդակությունը՝ հանցագործության կատարման նպատակով ցուցաբերվող օգնության, աջակցության, խորհուրդների միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի կատարման կամ կիրառման նպատակների համար`
ա) հաշվի չի առնվում, թե ենթակա՞ է արդյոք հիմնական հանցագործությունը Կողմի քրեական իրավազորությանը,
բ) կարող է նախատեսվել, որ այդ կետում սահմանված հանցագործությունները չեն կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են հիմնական հանցագործությունը,
գ) իմանալը, մտադրությունը կամ դրդապատճառները, որպես այդ կետում սահմանված հանցագործությունների համար պահանջվող տարրեր, կարող են եզրակացվել միայն օբյեկտիվ, փաստացի հանգամանքների հիման վրա:
3. Յուրաքանչյուր Կողմ անհրաժեշտության դեպքում կարող է ընդունել այնպիսի միջոցներ, որ իր ներքին օրենսդրությանը համապատասխան` որպես հանցագործություն սահմանի սույն հոդվածի 1-ին կետում նշված բոլոր կամ մի քանի գործողությունները հետևյալ բոլոր կամ որևէ դեպքում, երբ հանցագործը`
ա) պարտավոր էր ենթադրել, որ գույքը իրենից եկամուտներ է ներկայացնում,
բ) գործել է շահ ստանալու նպատակով,
գ) գործել է հետագա հանցավոր գործունեության շարունակմանը խթանելու նպատակով:
4. Յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ սույն հոդվածի 1-ին կետը կիրառվում է միայն այդ հայտարարության մեջ նշված հիմնական հանցագործությունների կամ այդպիսի հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ:
Գ լ ու խ 3
Միջազգային համագործակցություն
Բ ա ժ ի ն 1
Միջազգային համագործակցության սկզբունքները
Հոդված 7. | Միջազգային համագործակցության հիմնական սկզբունքները և միջոցները |
1. Կողմերը հնարավորինս լայն ծավալով կհամագործակցեն միմյանց հետ գործիքների և եկամուտների բռնագրավման գործում՝ ելնելով նախաքննության և դատական քննության նպատակներից:
2. Յուրաքանչյուր Կողմ կընդունի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան պատասխանել սույն գլխի պայմանների համաձայն արվող հարցումներին, որոնք կատարվել են՝
ա) եկամուտներ կամ գործիքներ համարվող կոնկրետ գույքի բռնագրավման համար, ինչպես նաև եկամուտների արժեքին համապատասխանող գումար վճարելու պահանջից կազմված եկամուտների բռնագրավման համար,
բ) վերը նշված «ա» կետում բռնագրավման որևէ ձևի նկատմամբ նախաքննական աջակցության և նախնական միջոցների համար:
Բ ա ժ ի ն 2
Նախաքննության հետ կապված աջակցությունը
Հոդված 8. | Աջակցելու պարտավորությունը |
Կողմերը հարցման հիման վրա միմյանց կտրամադրեն հնարավոր ամենալայն աջակցության միջոցները գործիքների, եկամուտների և բռնագրավման ենթակա այլ գույքի նույնացման և հայտնաբերման համար: Այդպիսի աջակցությունը կընդգրկի յուրաքանչյուր միջոցառում, որն ուղղված կլինի վերը նշված գույքի գոյության, գտնվելու վայրի կամ շարժի, բնույթի, իրավական կարգավիճակի կամ արժեքի վերաբերյալ ապացույցների տրամադրմանը և պահպանմանը:
Հոդված 9. | Աջակցության իրականացումը |
8-րդ հոդվածում նշված աջակցությունը կկատարվի Հայցվող կողմի ներքին օրենսդրության համապատասխան և հարցման մեջ նշված ընթացակարգերի համաձայն՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում այդ օրենսդրությանը:
Հոդված 10. | Առանց հարցման տեղեկատվության տրամադրումը |
Առանց վնասելու իր կողմից իրականացվող նախաքննությանը կամ դատական քննությանը, Կողմը կարող է առանց նախնական հարցման տեղեկատվություն ուղարկել մյուս Կողմին գործիքների և եկամուտների վերաբերյալ, երբ ենթադրում է, որ այդպիսի տեղեկատվության առկայությունը կարող է օգնել ստացող Կողմին նախաքննություն կամ դատական քննություն սկսելու կամ իրականացնելու գործում կամ կարող է հանգեցնել այդ Կողմի կողմից հարցման ներկայացմանը՝ սույն գլխի համաձայն:
Բ ա ժ ի ն 3
Նախնական միջոցներ
Հոդված 11. | Նախնական միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը |
1. Քրեական վարույթ կամ բռնագրավման նպատակով գործողություն հարուցած մյուս Կողմի խնդրանքով Կողմը պետք է ձեռնարկի անհրաժեշտ նախնական միջոցներ, ինչպիսիք են սառեցումը կամ կալանք դնելը՝ կանխելու համար ցանկացած գործողություն, փոխանցում կամ տնօրինում այն գույքի նկատմամբ, որն ավելի ուշ կարող է բռնագրավման մասին հարցման առարկա հանդիսանալ, կամ այնպիսի գույք, որը կարող է բավարարել հարցումը:
2. 13-րդ հոդվածի համաձայն բռնագրավման մասին հարցում ստանալու դեպքում Կողմը ձեռնարկում է սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցները հարցման առարկա կազմող ցանկացած գույքի նկատմամբ կամ այնպիսի գույքի նկատմամբ, որը կարող է բավարարել հարցումը:
Հոդված 12. | Նախնական միջոցների կատարումը |
1. 11-րդ հոդվածում նշված նախնական միջոցառումները պետք է կատարվեն Հայցվող կողմի ներքին օրենսդրության համաձայն և հարցման մեջ նշված ընթացակարգերի համաձայն՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում այդ օրենսդրությանը:
2. Մինչև սույն հոդվածում նշված ցանկացած նախնական միջոց դադարեցնելը, Հայցվող կողմը պետք է, երբ դա հնարավոր է, հնարավորություն տա Հայցող կողմին՝ ներկայացնելու իր հիմնավորումները հօգուտ միջոցի շարունակման:
Բ ա ժ ի ն 4
Բռնագրավում
Հոդված 13. | Բռնագրավելու պարտավորությունը |
1. Այն Կողմը, որը մյուս Կողմից ստացել է իր տարածքում գտնվող գործիքների կամ եկամուտների բռնագրավման մասին հարցում, պետք է`
ա) կատարի այդպիսի գործիքների կամ եկամուտների վերաբերյալ Հայցող կողմի դատարանի կայացրած բռնագրավման մասին որոշումը,
բ) ներկայացնի հարցումը իր իրավասու մարմիններին՝ բռնագրավման մասին որոշում կայացնելու նպատակով, և, եթե այդպիսի որոշում կայացված է, կատարի այն:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի կիրառման նպատակներից ելնելով՝ յուրաքանչյուր Կողմ, երբ դա անհրաժեշտ է, պետք է իրավասու լինի` սկսելու բռնագրավմանն ուղղված վարույթ՝ իր ներքին օրենսդրության համաձայն:
3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև եկամուտների արժեքին համապատասխանող գումարի վճարման պահանջից կազմված բռնագրավման նկատմամբ, եթե գույքը, որի հանդեպ կարող է բռնագրավում իրականացվել, գտնվում է Հայցվող կողմի տարածքում: Նման դեպքերում, երբ 1-ին կետում նշված բռնագրավումը կատարելիս վճարումը չի ստացվել, Հայցվող կողմը պետք է բավարարի այս նպատակով հնարավոր ցանկացած գույքի նկատմամբ պահանջ:
4. Եթե բռնագրավման մասին հարցումը վերաբերում է որևէ կոնկրետ գույքի, Կողմերը կարող են համաձայնության գալ, որ Հայցվող կողմը կարող է բռնագրավումը կատարել գույքի արժեքին համապատասխանող գումարի վճարման պահանջի ձևով:
Հոդված 14.
Բռնագրավման իրականացումը
1. 13-րդ հոդվածի համաձայն բռնագրավման թույլտվություն ստանալու և բռնագրավում կատարելու ընթացակարգերը պետք է կարգավորվեն Հայցվող կողմի օրենսդրությամբ:
2. Հայցվող կողմը պարտավոր է ընդունել փաստերի առումով եզրահանգումները այնքանով, որքանով դրանք նշված են Հայցող կողմի մեղադրական դատավճռի կամ դատարանի որոշման մեջ, կամ այնքանով, որքանով այդպիսի մեղադրական դատավճիռը կամ դատարանի որոշումը անուղղակիորեն հիմնված է դրանց վրա:
3. Յուրաքանչյուր Կողմ կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ սույն հոդվածի 2-րդ կետը կիրառվում է միայն իր սահմանադրական սկզբունքների և իրավական համակարգի հիմնական հասկացությունների համաձայն:
4. Եթե բռնագրավումը իրականացվում է գումարի վճարման պահանջի ձևով, Հայցվող կողմի իրավասու մարմինը, բռնագրավումը իրականացնելու որոշում ընդունելու օրվա արտարժույթի փոխանակման կուրսին համապատասխան, պետք է փոխարկի գումարը մյուս Կողմի արտարժույթով:
5. 13-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դեպքում միայն Հայցող կողմը իրավունք ունի որոշում ընդունելու բռնագրավման մասին որոշումը վերանայելու ցանկացած դիմումի վերաբերյալ:
Հոդված 15. | Բռնագրավված գույքը |
Հայցվող կողմի բռնագրաված ցանկացած գույք պետք է տնօրինվի այդ Կողմի կողմից` իր ներքին օրենսդրության համաձայն, եթե այլ բան համաձայնեցված չէ շահագրգիռ Կողմերի միջև:
Հոդված 16. | Բռնագրավման հարկադիր իրականացման իրավունքը և բռնագրավման առավելագույն գումարը |
1. 13-րդ հոդվածի համաձայն բռնագրավման վերաբերյալ արված հարցումը չի ազդում Հայցող կողմի իրավունքի վրա՝ ինքնուրույն կատարելու բռնագրավման մասին որոշումը:
2. Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի այնպես, որ թույլատրի, որ բռնագրավման ամբողջ արժեքը գերազանցի բռնագրավման մասին որոշման մեջ նշված գումարը: Եթե Կողմը գտնի, որ նման բան կարող է տեղի ունենալ, շահագրգիռ Կողմերը կխորհրդակցեն միմյանց հետ այդպիսի հետևանքներից խուսափելու համար:
Հոդված 17. | Ազատազրկումը պարտավորությունները չկատարելու համար |
Հայցվող կողմը պարտավորությունները չկատարելու համար չի կարող որոշում կայացնել անձին ազատազրկման ենթարկելու կամ ազատությունը սահմանափակող այլ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ 13-րդ հոդվածում նշված հարցման համաձայն, եթե Հայցող կողմը այդ մասին կոնկրետ նշել է հարցման մեջ:
Բ ա ժ ի ն 5
Համագործակցության մերժումը կամ հետաձգումը
Հոդված 18. | Մերժման հիմքերը |
1. Սույն գլխի համաձայն՝ համագործակցությունը կարող է մերժվել, եթե`
ա) հայցվող գործողությունը հակասում է Հայցվող կողմի իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին, կամ
բ) հարցման կատարումը կարող է վնաս հասցնել Հայցվող կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին և այլ էական շահերին, կամ
գ) Հայցվող կողմի կարծիքով` հարցման մեջ նշված գործի կարևորությունը չի արդարացնում հայցվող գործողությունների ձեռնարկումը, կամ
դ) հարցման մեջ նշված հանցագործությունը հանդիսանում է քաղաքական կամ հարկային հանցագործություն, կամ
ե) Հայցվող կողմը գտնում է, որ հայցվող գործողությունը չի համապատասխանում ne bis in idem սկզբունքին, կամ
զ) հարցման մեջ նշված հանցագործությունը, Հայցվող կողմի օրենսդրության համաձայն, չէր հանդիսանա հանցագործություն, եթե կատարված լիներ իր իրավազորության ներքո: Այնուամենայնիվ, մերժման այս հիմքը կիրառվում է 2-րդ բաժնում նշված համագործակցության նկատմամբ միայն այն դեպքում, երբ հայցվող աջակցությունը ներառում է հարկադիր գործողություն:
2. 2-րդ բաժնում նշված համագործակցությունը, երբ հայցվող աջակցությունը ներառում է հարկադիր գործողություն, և սույն գլխի 3-րդ բաժնում նշված համագործակցությունը նույնպես կարող են մերժվել, եթե նախաքննության և դատական քննության նպատակների համար հայցվող միջոցները հնարավոր չէր լինի ձեռնարկել Հայցվող կողմի ներքին օրենսդրության համաձայն, եթե լիներ նմանատիպ ներքին գործ:
3. Այն դեպքերում, երբ դա պահանջում է Հայցվող կողմի օրենսդրությունը, 2-րդ բաժնում նշված համագործակցությունը այն չափով, որքանով հայցվող աջակցությունը ներառում է հարկադիր միջոցներ, և սույն գլխի 3-րդ բաժնում նշված համագործակցությունը կարող են նույնպես մերժվել, եթե հայցվող միջոցները կամ նմանատիպ ազդեցություն ունեցող ցանկացած այլ միջոց չէին թույլատրվի Հայցող կողմի օրենսդրությամբ, կամ եթե հարցումը հաստատված չէ Հայցող կողմի իրավասու մարմինների՝ դատավորի կամ հանցագործությունների առումով իրավասություն ունեցող ցանկացած այլ դատական մարմնի կողմից՝ ներառյալ դատախազությունը:
4. Սույն գլխի 4-րդ բաժնում նշված համագործակցությունը կարող է նույնպես մերժվել, եթե՝
ա) հարցման մեջ նշված հանցատեսակի համար Հայցվող կողմի օրենսդրությամբ բռնագրավում չի նախատեսվում, կամ
բ) առանց վնասելու 13-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պարտավորությունը, այն հակասում է Հայցվող կողմի` բռնագրավման սահմաններին վերաբերող ներքին օրենսդրության սկզբունքներին` նկատի առնելով հանցագործության կապը՝
i) տնտեսական օգուտի հետ, որը կարելի է որակել որպես դրա եկամուտներ, կամ
ii) գույքի հետ, որը կարելի է որակել որպես դրա գործիքներ,
գ) համաձայն Հայցվող կողմի օրենսդրության` բռնագրավման մասին որոշում չի կարող կայացվել կամ բռնագրավում չի կարող իրականացվել վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, կամ
դ) հարցումը չի վերաբերում նախկինում կայացված դատավճռին կամ դատական բնույթի որոշմանը կամ այդպիսի որոշման մեջ տեղ գտած հայտարարության այն մասին, որ կատարվել է հանցագործություն կամ մի քանի հանցագործություններ, որոնց հիման վրա բռնագրավման մասին որոշում է կայացվել, կամ բռնագրավում է հայցվում, կամ
ե) Հայցող կողմում բռնագրավումը կիրարկելի չէ կամ դեռ ենթակա է բողոքարկման սովորական միջոցներով, կամ
զ) հարցումը վերաբերում է այն բռնագրավման որոշմանը, որը կայացվել է անձի բացակայությամբ կայացված որոշման հիման վրա և, Հայցվող կողմի կարծիքով, այս որոշումը ընդունելուն հանգեցնող՝ Հայցող կողմի դատական քննության ընթացքում չեն պահպանվել հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի համար նախատեսված պաշտպանության նվազագույն իրավունքները:
5. Սույն հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետի նպատակներով որոշումը չի համարվում կայացված անձի բացակայությամբ, եթե՝
ա) հաստատվել կամ հայտարարվել է շահագրգիռ անձի բողոքարկումից հետո,
բ) կայացվել է վերաքննության կարգով՝ պայմանով, որ վերաքննիչ բողոքը բերվել է տվյալ անձի կողմից:
6. Երբ Հայցվող կողմը քննարկի այն հարցը, թե արդյո՞ք պաշտպանության նվազագույն իրավունքները պահպանվել են սույն հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետի նպատակներով, հաշվի կառնի այն փաստը, որ շահագրգիռ անձը միտումնավոր խուսափել է արդարադատությունից, կամ այն փաստը, որ այդ անձը հնարավորություն ուներ դիմելու դատարան իր բացակայությամբ ընդունված որոշման դեմ, բայց նախընտրել է այդ չանել: Նույնը կիրառվում է նաև, երբ շահագրգիռ անձը պատշաճորեն ծանուցվել է դատարան ներկայանալու մասին, բայց նախընտրել է չներկայանալ կամ չի խնդրել հետաձգել գործը:
7. Կողմը բանկային գաղտնիքը չպետք է վկայակոչի որպես սույն գլխում նշված համագործակցության մերժման հիմք: Ներքին օրենսդրության պահանջների համաձայն` Կողմը կարող է պահանջել, որ համագործակցության մասին հարցումը, որը կներառի բանկային գաղտնիքի բացահայտում, լինի թույլատրված դատավորի կամ հանցագործությունների առումով իրավասություն ունեցող ցանկացած այլ դատական մարմնի կողմից՝ ներառյալ դատախազությունը:
8. Առանց վնասելու սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված մերժման հիմքերը`
ա) քննության ենթակա անձի կամ Հայցող կողմի լիազորված մարմինների կողմից բռնագրավման մասին որոշման ենթակա անձի իրավաբանական անձ հանդիսանալը չպետք է վկայակոչվի Հայցվող կողմի կողմից որպես սույն գլխում նշված ցանկացած համագործակցության խոչընդոտ,
բ) այն փաստը, որ ֆիզիկական անձը, ում նկատմամբ կայացվել է եկամուտների բռնագրավման մասին որոշում, այդպիսի որոշում ընդունելուց հետո մահացել է, կամ այն փաստը, որ իրավաբանական անձը, ում դեմ կայացվել է եկամուտների բռնագրավման մասին որոշում, լուծարվել է, չպետք է վկայակոչվի որպես 13-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված աջակցության խոչընդոտ:
Հոդված 19. | Հետաձգում |
Հայցվող կողմը կարող է հետաձգել հարցման կատարման հետ կապված գործողությունը, եթե այդպիսի գործողությունը կարող է վնաս հասցնել իր մարմինների կողմից կատարվող նախնական քննությանը կամ դատական քննությանը:
Հոդված 20. | Հարցման մասնակի կամ պայմանական բավարարումը |
Մինչ սույն գլխում նշված համագործակցության մերժումը կամ հետաձգումը Հայցվող կողմը անհրաժեշտության դեպքում Հայցող կողմի հետ նախօրոք խորհրդակցելուց հետո կքննարկի, թե արդյոք հարցումը կարո՞ղ է բավարարվել մասնակիորեն կամ այնպիսի պայմաններով, որոնք անհրաժեշտ կհամարվեն:
Բ ա ժ ի ն 6
Ծանուցումը ԵՎ երրորդ անձանց իրավունքների պաշտպանությունը
Հոդված 21. | Փաստաթղթերի մասին ծանուցումը |
1. Կողմերը միմյանց լայնածավալ աջակցություն կցուցաբերեն բռնագրավման և նախնական միջոցների հետ առնչություն ունեցող անձանց դատական փաստաթղթերի տրամադրման գործում:
2. Ոչինչ սույն հոդվածում չպետք է խոչընդոտի`
ա) փոստային ուղիներով դատական փաստաթղթերի՝ արտասահմանում գտնվող անձանց ուղղակիորեն ուղարկելու հնարավորությանը,
բ) տրամադրող Կողմի դատական աշխատակիցների, պաշտոնյաների կամ այլ իրավասու մարմինների հնարավորությանը՝ ուղարկելու դատական փաստաթղթերը ուղղակիորեն այդ Կողմի հյուպատոսական մարմինների միջոցով կամ ստացող Կողմի դատական աշխատակիցների, պաշտոնյաների կամ այլ իրավասու մարմինների միջոցով, եթե, իհարկե, ստացող Կողմը ստորագրման կամ վավերագրի, ընդունման, կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ հակառակի մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարություն չանի:
3. Երբ դատական փաստաթղթերը տրամադրվում են արտասահմանում գտնվող անձանց, որոնց վերաբերում են նախնական միջոցները կամ ուղարկող Կողմի կողմից կայացված բռնագրավման մասին որոշումները, ապա այդ Կողմը պետք է նշի, թե, իր օրենսդրության համաձայն, ինչպիսի հնարավոր իրավական պաշտպանության միջոցներ գոյություն ունեն այդ անձանց համար:
Հոդված 22. | Օտարերկրյա որոշումները ճանաչելը |
1. Հայցվող կողմը 3-րդ և 4-րդ բաժիններում նշված համագործակցությունն իրականացնելիս կճանաչի Հայցող կողմի ընդունած յուրաքանչյուր դատական որոշում, որը վերաբերում է երրորդ անձանց իրավունքներին:
2. Ճանաչումը կարող է մերժվել, եթե՝
ա) երրորդ անձինք չեն ունեցել իրենց իրավունքները պաշտպանելու համար բավարար հնարավորություն, կամ
բ) որոշումը անհամատեղելի է նույն հարցի կապակցությամբ Հայցվող կողմի արդեն իսկ կայացրած որոշման հետ, կամ
գ) անհամատեղելի է Հայցվող կողմի հասարակական կարգի հետ, կամ
դ) որոշումը ընդունվել է Հայցվող կողմի օրենսդրությամբ սահմանված՝ նրա բացառիկ իրավասությանը վերաբերող դրույթներին հակառակ:
Բ ա ժ ի ն 7
Ընթացակարգային ԵՎ այլ ընդհանուր կանոններ
Հոդված 23. | Կենտրոնական մարմին |
1. Կողմերը կնշանակեն կենտրոնական մարմին կամ, անհրաժեշտության դեպքում, մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն այս գլխում նշված հարցումների ուղարկման և ստացման, այսպիսի հարցումների կատարման կամ այսպիսի հարցումները կատարման համար իրավասու մարմիններին փոխանցելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման կամ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին կհայտնի սույն հոդվածի 1-ին կետի համաձայն նշանակված մարմինների անվանումները և հասցեները:
Հոդված 24. | Ուղղակի հաղորդակցում |
1. Կենտրոնական մարմինները ուղղակիորեն կհաղորդակցվեն միմյանց հետ:
2. Հրատապ դեպքերում սույն գլխի մեջ նշված հարցումները կամ հաղորդակցությունները կարող են ուղղակիորեն ուղարկվել Հայցող կողմի դատական մարմինների, այդ թվում՝ դատախազության կողմից Հայցվող կողմի համապատասխան մարմիններին: Այդպիսի դեպքերում Հայցող կողմի կենտրոնական մարմնի միջոցով Հայցվող կողմի կենտրոնական մարմնին միաժամանակ պետք է ուղարկվի հարցման պատճենը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված յուրաքանչյուր հարցում կամ հաղորդակցում կարող է իրականացվել Ինտերպոլի (Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն) միջոցով:
4. Եթե հարցումը կատարվել է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, և այն կատարող մարմինը իրավասու չէ հարցմանը ընթացք տալ, նա պետք է տրամադրի այդ հարցումը իրավասու ազգային մարմնին և այդ մասին ուղղակիորեն տեղեկացնի Հայցող կողմին:
5. Սույն գլխի 2-րդ բաժնի համաձայն՝ հարցումները կամ հաղորդակցումները, որոնք չեն ներառում հարկադիր գործողություն, կարող են Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից ուղղակիորեն փոխանցվել Հայցվող կողմի իրավասու մարմիններին:
Հոդված 25. | Հարցման ձևը և լեզուները |
1. Սույն հոդվածի համաձայն` բոլոր հարցումները պետք է կատարվեն գրավոր: Կարող են օգտագործվել ժամանակակից հաղորդակցության ձևերը, ինչպիսին է հեռաֆաքսը:
2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները՝ հարցումների կամ կից փաստաթղթերի թարգմանություն չի պահանջվի:
3. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կարող է հայտարարությամբ դիմել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որ իրեն իրավունք է վերապահում՝ պահանջելու, որ հարցումները և այդպիսի հարցումներին առնչվող փաստաթղթերը ուղեկցվեն իր լեզվով կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկով կամ իր կողմից նշված լեզուներով կատարված թարգմանությամբ: Այս դեպքում նա կարող է հայտնել իր պատրաստակամությունը՝ ընդունելու թարգմանություններ որևէ այլ լեզվով, որն ինքը կարող է նշել: Այլ Կողմերը կարող են կիրառել փոխադարձության կանոններ:
Հոդված 26. | Օրինականացումը |
Սույն գլխում նշված փոխանցվող փաստաթղթերը պետք է ազատվեն օրինականացման բոլոր պաշտոնականություններից:
Հոդված 27. | Հարցման բովանդակությունը |
1. Սույն գլխում նշված համագործակցության համար յուրաքանչյուր հարցում պետք է իր մեջ ընդգրկի`
ա) հարցում կատարող մարմնի անվանումը և նախաքննություն կամ դատական քննություն իրականացնող մարմնի անվանումը,
բ) հարցման առարկան և պատճառը,
գ) նյութերը, ներառյալ համապատասխան փաստերը (ինչպես, օրինակ, հանցագործության վայրը, ամսաթիվը, հանգամանքները), որոնց առնչվում են նախաքննությունը կամ դատական քննությունը, բացառությամբ ծանուցման խնդրանքի դեպքի,
դ) երբ համագործակցությունը ներառում է հարկադիր գործողություն՝
i. օրենքի դրույթների տեքստը կամ, երբ դա հնարավոր չէ, կիրառվող օրենսդրության շարադրանքը, և
ii. նշում այն մասին, որ հայցվող միջոցները և ցանկացած այլ նմանատիպ միջոց կարող են ձեռնարկվել Հայցող կողմի տարածքում՝ նրա օրենսդրության համապատասխան,
ե) երբ դա անհրաժեշտ է և հնարավոր`
i. համապատասխան անձի կամ անձանց վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ անունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, քաղաքացիությունը և բնակության վայրը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նստավայրը, և
ii. գույքի, որի կապակցությամբ հայցվում է համագործակցություն, գտնվելու վայրը, կապը համապատասխան անձի կամ անձանց հետ, կապը հանցագործության հետ, ինչպես նաև ցանկացած այլ առկա տեղեկատվություն գույքի նկատմամբ այլ անձանց շահերի մասին, և
զ) յուրաքանչյուր կոնկրետ ընթացակարգ, որը Հայցող կողմը ցանկանում է, որ իրականացվի:
2. 3-րդ բաժնի համաձայն գույքը առգրավելու (գույքի վրա կալանք դնելու) կապակցությամբ նախնական միջոցների մասին արված հարցման մեջ, որի վերաբերյալ կարող է գումարի վճարման պահանջից կազմված բռնագրավման մասին որոշում կայացվել, պետք է նշվի նաև այդ գույքի դիմաց ստացվելիք առավելագույն գումարը:
3. Ի լրումն 1-ին կետում նշված նշումների՝ 4-րդ բաժնի համաձայն արված յուրաքանչյուր հարցում պետք է պարունակի`
ա) 13-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դեպքում՝
i. Հայցող կողմի դատարանի կողմից կայացված բռնագրավման որոշման բնօրինակի հաստատված պատճենը և հիմքերի շարադրումը, որոնց հիման վրա ընդունվել է բռնագրավման մասին որոշումը, եթե այդպիսիք նշված չեն որոշման մեջ,
ii. Հայցող կողմի իրավասու մարմնի կողմից հաստատում այն մասին, որ բռնագրավման որոշումը կիրարկելի է և ենթակա չէ բողոքարկման սովորական միջոցներով,
iii. տեղեկություններ այն մասին, թե ինչ չափով պետք է կատարվի որոշումը, և
iv. տեղեկություններ յուրաքանչյուր նախնական միջոցի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ,
բ) 13-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դեպքում` փաստերի շարադրում, որոնց վրա հիմնվում է Հայցող կողմը, և որոնք բավարար են, որ Հայցվող կողմը կարողանա բռնագրավման մասին որոշումը կայացնել իր ներքին օրենսդրության համապատասխան,
գ) երբ երրորդ անձինք հնարավորություն կունենան հռչակելու իրենց իրավունքները` այդ իրավունքները հաստատող փաստաթղթեր:
Հոդված 28. | Թերի հարցումներ |
1. Եթե հարցումը չի համապատասխանում սույն գլխի դրույթներին, կամ եթե ներկայացված տեղեկությունները բավարար չեն, որ Հայցվող կողմը կատարի հարցում, այդ Կողմը կարող է խնդրել Հայցող կողմին, որ նա փոփոխություններ մտցնի հարցման մեջ կամ լրացնի հարցումը լրացուցիչ տեղեկություններով:
2. Հայցվող կողմը կարող է ժամկետ սահմանել այսպիսի փոփոխությունների կամ տեղեկությունների ստացման համար:
3. Մինչ հայցվող փոփոխությունները կամ տեղեկություններն ստանալը, որոնք առնչվում են սույն գլխի 4-րդ բաժնում նշված հարցման հետ, Հայցվող կողմը կարող է ձեռնարկել սույն գլխի 2-րդ կամ 3-րդ բաժիններում նշված յուրաքանչյուր միջոց:
Հոդված 29. | Հարցումների բազմաքանակությունը |
1. Երբ Հայցվող կողմը, սույն գլխի 3-րդ կամ 4-րդ բաժինների համաձայն, նույն անձի կամ գույքի վերաբերյալ ստացել է մեկից ավելի հարցում, այդպիսի հարցումների բազմաքանակությունը չպետք է խոչընդոտի այդ Կողմին՝ քննարկելու նախնական միջոցների ձեռնարկում պահանջող հարցումները:
2. 4-րդ բաժնի համաձայն` Հայցվող կողմը հարցումների բազմաքանակության դեպքում պետք է խորհրդակցի Հայցող կողմերի հետ:
Հոդված 30. | Պատճառաբանելու պարտավորությունը |
Հայցվող կողմը պետք է պատճառաբանի սույն գլխի համաձայն հայցվող համագործակցության յուրաքանչյուր մերժման, հետաձգման կամ պայմաններ առաջադրող իր որոշումը:
Հոդված 31. | Տեղեկատվություն |
1. Հայցվող կողմը պետք է արագորեն տեղեկացնի Հայցող կողմին`
ա) սույն գլխի համաձայն ներկայացված հարցմանը տրված ընթացքի մասին,
բ) հարցմանը տրված ընթացքի վերջնական արդյունքների մասին,
գ) սույն գլխի համաձայն՝ համագործակցության յուրաքանչյուր մասնակի կամ ամբողջական մերժման, հետաձգման կամ պայմանական կատարման վերաբերյալ որոշման մասին,
դ) յուրաքանչյուր հանգամանքի մասին, որն անհնար է դարձնում կամ նշանակալիորեն հետաձգում է հայցվող գործողության կատարումը, և
ե) սույն գլխի 2-րդ կամ 3-րդ բաժինների համաձայն արված հարցման հիման վրա ձեռնարկվող նախնական միջոցների դեպքում` իր ներքին օրենսդրության այնպիսի դրույթների մասին, որոնք ինքնաբերաբար հանգեցնում են նախնական միջոցների դադարեցման:
2. Հայցող կողմը պետք է անհապաղ տեղեկացնի Հայցվող կողմին՝
ա) յուրաքանչյուր վերանայման, որոշման կամ ցանկացած այլ փաստի մասին, որոնց հետևանքով բռնագրավման որոշումը մասնակիորեն կամ ամբողջովին դադարում է լինել կիրարկելի, և
բ) յուրաքանչյուր փաստացի կամ իրավական փոխոխության մասին, որի պատճառով, սույն գլխի համաձայն, ոչ մի գործողություն այլևս իրեն չի արդարացնում:
3. Երբ Կողմը բռնագրավման մասին նույն որոշման հիման վրա բռնագրավման համար դիմում է մի քանի Կողմերի, նա պետք է տեղեկացնի այդ մասին բոլոր այն Կողմերին, որոնց առնչվում է բռնագրավման մասին որոշման կատարումը:
Հոդված 32. | Օգտագործման սահմանափակումը |
1. Հայցվող կողմը կարող է իրականացնել հարցման կատարումը՝ այն պայմանով, որ ձեռք բերված տեղեկատվությունը կամ ապացույցները Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից չեն օգտագործվի կամ փոխանցվի այլ քննության կամ վարույթի համար, բացի այն, որը նշված է հարցման մեջ, առանց Հայցվող կողմի նախնական համաձայնությունը ստանալու:
2. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ, համաձայն սույն գլխի, իր կողմից տրամադրված տեղեկությունները կամ ապացույցը չեն կարող, առանց իր նախնական համաձայնության, Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից օգտագործվել կամ փոխանցվել այլ քննության կամ վարույթի համար` բացի հարցման մեջ նշվածից:
Հոդված 33. | Գաղտնիությունը |
1. Հայցող կողմը կարող է պահանջել, որ Հայցվող կողմը գաղտնի պահի փաստերը և հարցման բովանդակությունը` այն չափով, որն անհրաժեշտ է հարցումը կատարելու համար: Եթե Հայցվող կողմը չի կարող բավարարել գաղտնիության պահանջը, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի Հայցող կողմին:
2. Հայցող կողմը պետք է, եթե դա չի հակասում իր ներքին օրենսդրության սկզբունքներին, և եթե դա պահանջվում է, գաղտնի պահի Հայցվող կողմի տրամադրած յուրաքանչյուր ապացույց կամ տեղեկատվություն և երևան հանի միայն այն չափով, ինչքան անհրաժեշտ է հարցման մեջ նկարագրված քննության կամ վարույթի համար:
3. Իր ներքին օրենսդրության համապատասխան՝ Կողմը, որը, 10-րդ հոդվածի համաձայն, ստացել է անմիջական տեղեկատվություն, պետք է բավարարի տեղեկությունները տրամադրած Կողմի կողմից պահանջվող ցանկացած գաղտնիության պահանջ: Եթե մյուս Կողմը չի կարողանում բավարարել այդպիսի պահանջը, նա պետք է անմիջապես տեղեկացնի փոխանցող Կողմին:
Հոդված 34. | Ծախսերը |
Հարցման կատարմանն առնչվող սովորական ծախսերը կհոգա Հայցվող կողմը: Եթե հարցման կատարման համար անհրաժեշտ են էական կամ չնախատեսված ծախսեր, Կողմերը կհամաձայնեցնեն միմյանց հետ հարցման կատարման հետ կապված պայմանները և այն, թե ինչպես պետք է ծածկվեն այդ ծախսերը:
Հոդված 35. | Վնասները |
1. Երբ, սույն գլխի համաձայն՝ համագործակցության շրջանակներում կատարած գործողության կամ անգործության հետևանքով որևէ անձի կողմից նախաձեռնվել են իրավական գործողություններ՝ վնաս պատճառելու համար պատասխանատվության ենթարկելու նպատակով, շահագրգիռ Կողմերը, երբ դա հնարավոր է, խորհրդակցում են միմյանց հետ՝ վնասը հատուցելու համար գումարի բաշխման նպատակով:
2. Այն Կողմը, որին վնասների փոխհատուցման հետ կապված հայց է ներկայացված, պետք է տեղեկացնի մյուս Կողմին դրա մասին, եթե տվյալ Կողմը շահագրգռված է այդ գործում:
Գ լ ու խ 4
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 36. | Ստորագրումը և ուժի մեջ մտնելը |
1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և ոչ անդամ այն պետությունների ստորագրման համար, որոնք մասնակցել են Կոնվենցիայի մշակմանը: Այդ պետությունները կարող են Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել հետևյալ կերպով`
ա) ստորագրմամբ` առանց ընդունման, վավերացման կամ հաստատման պայմանի, կամ
բ) ստորագրմամբ` հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
3. Կոնվենցիան ուժի մեջ կմտնի համաձայն 1-ին կետի դրույթների` Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին երեք պետություններ, որոնցից առնվազն երկուսը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ են, համաձայնություն հայտնելուց սկսած երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը:
4. Այն ստորագրած պետությունների համար, որոնք հետագայում համաձայնություն կհայտնեն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի համաձայն 1-ին կետի դրույթների` Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն տալուն հաջորդող երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը:
Հոդված 37. | Կոնվենցիային միանալը |
1. Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի ոչ անդամ ցանկացած պետության, որը չի մասնակցել Կոնվենցիայի մշակմանը, միանալու սույն Կոնվենցիային՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետում սահմանված մեծամասնության որոշմամբ և Կոմիտեի նիստում գտնվող մասնակից պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ:
2. Ցանկացած միացած պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալուն հաջորդող երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը:
Հոդված 38. | Տարածքային կիրառություն |
1. Ցանկացած պետություն կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կկիրառվի սույն Կոնվենցիան:
2. Ցանկացած պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ավելի ուշ ուղղված հայտարարությամբ տարածել սույն Կոնվենցիայի կիրառումը այլ տարածքների վրա, որոնք նշված են այդ հայտարարության մեջ: Այդ տարածքների նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այդպիսի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվան հաջորդող երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը:
3. Ցանկացած հայտարարություն, որը արվել է նախորդ երկու կետերի համաձայն հայտարարությունում նշված յուրաքանչյուր տարածքի նկատմամբ, կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվան հաջորդող երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը:
Հոդված 39. | Այլ կոնվենցիաների և համաձայնագրերի հետ հարաբերությունը |
1. Սույն Կոնվենցիան չի ազդում այլ հատուկ հարցերի վերաբերյալ միջազգային բազմակողմ կոնվենցիաներից ծագող իրավունքների ու պարտավորությունների վրա:
2. Սույն Կոնվենցիայի Կողմերը միմյանց հետ կարող են կնքել երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր այն հարցերի շուրջ, որոնք շոշափվում են սույն Կոնվենցիայում, դրա դրույթները ուժեղացնելու կամ լրացնելու նպատակներով կամ դրա սկզբունքների կիրառումը հեշտացնելու համար:
3. Եթե երկու կամ ավելի Կողմեր արդեն կնքել են համաձայնագիր կամ պայմանագիր սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ կամ այլ կերպ հաստատել են իրենց հարաբերությունները այս հարցերի կապակցությամբ, նրանք հնարավորություն կունենան կիրառել այդ համաձայնագիրը կամ պայմանագիրը կամ, համապատասխանաբար, կարգավորել իրենց հարաբերությունները` սույն Կոնվենցիայի փոխարեն, եթե դա հեշտացնում է միջազգային համագործակցությունը:
Հոդված 40. | Վերապահումներ |
1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կարող է հայտարարել, որ ինքը կատարում է մեկ կամ ավելի վերապահումներ՝ կապված 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 3-րդ կետի, 21-րդ հոդվածի 2-րդ կետի, 25-րդ հոդվածի 3-րդ կետի և 32-րդ հոդվածի 2-րդ կետի հետ: Այլ վերապահումներ չեն կարող արվել:
2. Յուրաքանչյուր պետություն, որը նախորդ կետի համաձայն կատարել է վերապահում, կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել այն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից:
3. Կողմը, որը կատարել է վերապահում սույն Կոնվենցիայի որևէ դրույթի վերաբերյալ, չի կարող պահանջել ցանկացած այլ Կողմի կողմից այդ դրույթի կիրառում. այնուամենայնիվ, եթե այդ վերապահումը կատարվել է մասնակիորեն կամ պայմանական, նա կարող է պահանջել այդ դրույթի կիրառությունը այնքանով, որքանով դա ինքն է ընդունում:
Հոդված 41. | Փոփոխություններ |
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է սույն Կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու առաջարկություն անել, և այդ առաջարկությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից պետք է փոխանցվի Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին և յուրաքանչյուր ոչ անդամ պետության, որը միացել է կամ հրավիրվել է միանալու սույն Կոնվենցիային՝ համաձայն 37-րդ հոդվածի դրույթների:
2. Յուրաքանչյուր Կողմի առաջարկած ցանկացած փոփոխություն պետք է փոխանցվի Քրեական հարցերով եվրոպական կոմիտեին, որը այդ փոփոխության վերաբերյալ իր կարծիքը պետք է ներկայացնի Նախարարների կոմիտեին:
3. Նախարարների կոմիտեն առաջարկված փոփոխությունը և Քրեական հարցերով եվրոպական կոմիտեի կարծիքը քննարկելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը:
4. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված յուրաքանչյուր փոփոխության տեքստ կփոխանցվի Կողմերին` նրանց ընդունման համար:
5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ կմտնի երեսուներորդ օրը այն պահից, երբ Գլխավոր քարտուղարին բոլոր Կողմերը կտեղեկացնեն իրենց կողմից դրանք ընդունվելու մասին:
Հոդված 42. | Վեճերի լուծում |
1. Եվրոպայի խորհրդի Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն կտեղեկացվի սույն Կոնվենցիայի կիրառության և մեկնաբանման վերաբերյալ:
2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև առաջացած տարաձայնությունների դեպքում նրանք կարող են կարգավորել դրանք բանակցությունների միջոցով կամ, իրենց ընտրությամբ, այլ խաղաղ միջոցներով` ներառյալ վեճը Քրեական հարցերով եվրոպական կոմիտե ներկայացնելը, արբիտրաժային դատարան ներկայացնելը, որոնց որոշումը պարտադիր կլինի Կողմերի համար, կամ, առնչվող Կողմերի կողմից համաձայնեցված, միջազգային դատարան ներկայացնելը:
Հոդված 43. | Չեղյալ հայտարարում |
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան՝ այդ մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելով:
2. Այդպիսի չեղյալ հայտարարումը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվան հաջորդող օրացուցային երեք ամիսը լրանալուց հետո՝ եկող ամսվա առաջին օրը:
3. Սույն Կոնվենցիան ամեն դեպքում կշարունակի կիրառվել 14-րդ հոդվածում նկարագրված բռնագրավման կիրարկման նկատմամբ, որի համար հարցումը կատարվել է սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը:
Հոդված 44. | Ծանուցումներ |
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և յուրաքանչյուր պետության, որը միացել է սույն Կոնվենցիային`
ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,
բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթ ի պահ տալու մասին,
գ) 36-րդ ու 37-րդ հոդվածների համաձայն՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,
դ) 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր վերապահման մասին,
ե) սույն Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդակցության մասին:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգում 1990 թվականի նոյեմբերի 8-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են տրվելու Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված կրկնօրինակները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, ոչ անդամ այն պետություններին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը, և յուրաքանչյուր այլ պետության, որը հրավիրվել է՝ միանալու սույն Կոնվենցիային:
*Կոնվենցիայի 40-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ հայտարարությունները.
I
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է հետևյալ հանցագործությունների կատեգորիաների վրա.
ա) սեփականության դեմ ուղղված հանցագործություններ.
բ) տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ.
գ) հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ.
դ) բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ.
ե) սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ.
զ) պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ.
Հայաստանի Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում հետագայում ավելացնել հանցագործությունների այլ կատեգորիաներ:
II
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, 6-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է սույն հայտարարությունների I-ին բաժնում նշված բոլոր հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ:
III
Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, 14-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքների և իրավական համակարգի հիմնական հասկացությունների համաձայն:
IV
Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կենտրոնական մարմիններն են.
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարման կապակցությամբ հարցումների ուղարկման և ստացման հարցերով.
բ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը՝ քրեական հետապնդում իրականացնելու փուլում գտնվող գործերով հարցումների ուղարկման և ստացման հարցերով:
V
Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությանն ուղղված հարցումները և հարցումներին առնչվող փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայերեն կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկի հաստատված թարգմանությամբ:
VI
Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Կոնվենցիայի 3-րդ գլխի նորմերով սահմանաված կարգով Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված տեղեկատվությունը կամ ապացույցը չի կարող առանց Հայաստանի Հանրապետության նախնական համաձայնության Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից օգտագործվել կամ փոխանցվել այլ հետաքննության կամ վարույթի համար, քան այն, որը նշված է հարցման մեջ:
**Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից: