«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 2023-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին ընդունել «Գառնի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկությունը Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող անավարտ շենքը սեփականության իրավունքով պետությանը փոխանցելու դիմաց Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածից 1400 քառ. մետր տարածք` առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով «Գառնի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման հողամասից 1400 քառ. մետր հողամաս ընկերության օգտագործմանը թողնելու և գույքի փոխանակման պայմանագիր կնքելու վերաբերյալ:
2. Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն ավարտին հասցնելու և օբյեկտը շահագործման հանձնելու պատվիրատու ճանաչել Երևանի քաղաքապետին:
3. Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին ներկայացնել Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն ավարտին հասցնելու և օբյեկտը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային ու տեխնիկական առաջադրանքը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` հետևյալ պայմաններով`
ա) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքների կապալառու ճանաչել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.
բ) «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում իրականացնում է Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքները` Երևանի քաղաքապետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համաձայնեցված նախագծային ու նախահաշվային փաստաթղթերի և շինարարության գնահատման տեխնիկական պայմանների հիման վրա, ընդ որում, շինարարական աշխատանքների իրականացման համար սեփական միջոցներից ներդնելով 2.5 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ մնացած գումարն ապահովում է պատվիրատուն.
գ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարը պայմանագրի կնքման պահից մեկ տարի հետո «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն ի սեփականություն է հանձնում Երևանի քաղաքապետարանի շենքը (Գրիգոր Լուսավորչի 13), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շենքը (Նալբանդյան 48) և Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտից, այն կառուցելուց հետո, 1845 քառակուսի մետր շենքի մաս` որպես փոխհատուցում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված ֆինանսավորման դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ի հատուցումն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Վ. Յակուբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման մասին պայմանագրի համաձայն 2001 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2002 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում առաջացած 200.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով Հայաստանի Հանրապետության կառավարության վճարային պարտավորության` Վ. Յակուբյանին մինչև մեկ տարի ժամկետով` տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով տրամադրել փոխանցելի մուրհակ, որում որպես վճարող նախատեսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, իսկ որպես վճարման աղբյուր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` օրենքով սահմանված կարգով օտարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության` Երևանի Մոսկովյան 35, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության` Երևանի Տերյան 69 և Երևանի պատմության թանգարանի` Երևանի Մեսրոպ Մաշտոցի 33ա հասցեներում գտնվող շենքերն ու գոյացած միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել, որ սույն որոշման 6-րդ կետի համաձայն գոյացող միջոցներն ուղղվում են`
ա) Վ. Յակուբյանին տրամադրվելիք` Հայաստանի Հանրապետության կառավարության վճարային պարտավորությանը համարժեք փոխանցելի մուրհակի մարմանը (ներառյալ հաշվարկված տոկոսավճարները).
բ) «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը (մինչև 600.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով).
գ) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող կիսակառույց համալիրում Երևանի պատմության նոր թանգարանի մասնաշենքի կառուցմանը (մինչև 500.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով):
Ընդ որում, սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է սույն որոշման 5-րդ կետի համաձայն ստանձնված պարտավորությունն ամբողջ ծավալով կատարվելուց հետո:
Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 6-րդ կետի համաձայն գոյացող միջոցների` սույն որոշման 5-րդ կետի համաձայն ստանձնված պարտավորությունն ամբողջ ծավալով կատարվելուց հետո առաջացած մնացորդի (բայց ոչ ավելի, քան 1100.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի) շրջանակներում սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսային ուղղությունները Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորելու չափերի վերաբերյալ:
8. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` շենքերը «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շենքերի և Երևանի քաղաքապետարանի նոր մասնաշենքից հատկացվող մասի նկատմամբ «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|