ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18 ապրիլի 2023 թվականի |
թիվ 2 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) բազմաթիվ հարցադրումներ է ստանում «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ և 18-րդ մասերի, մասնավորապես, նշված դրույթների այն մասերի վերաբերյալ, որոնցով սահմանված են համապատասխանաբար «կրթության կառավարման ոլորտի» և «կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում» համապատասխան աշխատանքային ստաժի պահանջները:
Հաշվի առնելով, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) տրամադրման, ինչպես նաև պետական ուսումնական հաստատության գործադիր մարմին հանդիսացող վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման գործընթացները բնականոն կազմակերպելու համար կարևոր է, որ տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար հայտ ներկայացնող քաղաքացիների համար օրենքով ներկայացված պահանջները հնարավորինս հստակ և կանխատեսելի լինեն` նախարարությունը որոշել է իր նախաձեռնությամբ պարզաբանում տալ վերոգրյալ հարցերի վերաբերյալ:
Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Օրենքի վերը նշված դրույթով սահմանված է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և կրթության կառավարման ոլորտի համապատասխան ստաժ:
Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պետական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
Հարկ է նշել, որ կրթության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, այն է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 216-Ն որոշման հավելված N 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման հավելված N 3-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությամբ սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնային պարտականությունները՝ համաձայն որոնց, տնօրենի աշխատանքային գործառույթները ուղղված են հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների համակարգմանը և մեթոդական ղեկավարմանը, ինչպես նաև սահմանված է, որ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը համարվում է մանկավարժական աշխատող, և այդ պաշտոնը զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց համար տվյալ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մանկավարժական ստաժ:
Վերը նշված իրավական ակտերի համապատասխան դրույթների համադրումից և վերլուծությունից պարզ է դառնում, որ հանրակրթական ուսումնական հաստատության գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, և վերջինս հանդիսանում է մանկավարժական աշխատող:
Օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը՝ նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
Կրթության կառավարման ոլորտի ստաժ է համարվում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ պետական ծառայության պաշտոններ, համայնքային ծառայության պաշտոններ կամ հանրային պաշտոններ զբաղեցնող՝ կրթության ոլորտում վերապահված լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքային ստաժը։
Կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում ստաժ է համարվում ղեկավար պաշտոններ զբաղեցնող այն անձանց աշխատանքային ստաժը, որոնք պետական կամ մասնավոր ոլորտում իրականացնում են կազմակերպման, վերահսկման, համակարգման գործառույթներ:
ՆԱԽԱՐԱՐ` |
Ժ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2023 թվական: