«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 550-Ն
ԲՈՆՈՒՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բոնուսի մեծության հաշվարկման հետևյալ մեխանիզմը և կարգը՝ հանքային իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասի՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված օգտակար հանածոյի կորզվող արժեքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների արտադրյալի 0,01 տոկոսը: Ընդ որում, վճարվող բոնուսի մեծությունը պետք է պակաս չլինի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացված՝ տվյալ ընդերքի տեղամասի ուսումնասիրության համար կատարված ծախսերի չափից:
2. Բոնուսը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կոնցեսիոն պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ կոնցեսիոն պայմանագիր չկնքվելու դեպքում՝ համապատասխան լիցենզիան ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
3. Բոնուսի գանձումն ապահովվում է հանքավայրի մասին առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվությունը տրամադրող պետական կառավարման մարմնի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 20 Երևան |