«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2003 թվականի N 523-Ն
ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 48-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 13 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիապրիլի 17-ի N 523-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի (երկրագնդի վերին կեղևաշերտի ազատ ջրափոխանակության գոտում տեղակայված և ջրագրական ցանցով ցամաքուրդվող ջրային ռեսուրսներ) օգտագործման գործընթացը:
2. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող գրունտային ջրերը տվյալ անձի կողմից օգտագործվում են՝ դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ նշելով ջրօգտագործողի անունը, ազգանունը, ջրօգտագործման նպատակը, ծավալը և ջրառի վայրը:
3. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում առկա գրունտային ջրերը տվյալ անձի կողմից խմելու և ռեկրեացիոն նպատակներով կարող են օգտագործվել միայն ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթին և ձևերին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ:
4. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում առկա գրունտային ջրերն օգտագործման նպատակով այլ անձի տրամադրվում են միայն ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթին և ձևերին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ:
5. Ջրօգտագործողը սույն կարգը խախտելու դեպքում ջրային ռեսուրսների տարածքային կառավարման մարմնի կողմից գրավոր զգուշացվում է: Զգուշացվելուց հետո սույն կարգը կրկին խախտելու դեպքում ջրօգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |