Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
30 դեկտեմբեր 2021 թվական |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ
__________________ Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
30 դեկտեմբեր 2021 թվական |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պաշտոնական պարզաբանում տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի և 62-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգավորումների կիրառության ժամանակ առաջանում են տարընկալումներ։ Մասնավորապես, Օրենսգրքի՝
1) 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են hարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները: Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են, մասնավորապես` ապրանքի մատակարարման ամսաթիվը, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը (3-րդ կետ), ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (4-րդ կետ), գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը և (կամ) աշխատանքի, ծառայության տեսակն ու ծավալը (7-րդ կետ), գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը) ու ընդհանուր արժեքը (8-րդ կետ),
2) 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր,
3) 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի,
4) 62-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված են, համապատասխանաբար, շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկություններ,
5) 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱԱՀ վճարողները Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ, իսկ Օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշիվներ,
6) ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը սահմանված է Օրենսգրքի 71-րդ հոդվածով: Մասնավորապես, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները,
7) 72-րդ հոդվածով սահմանված են hաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
1) Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով մատակարարի կողմից դուրս գրվող հարկային հաշվում լրացվում է գործարքի առարկա հանդիսացող ապրանքի (անշարժ գույքի) միավորի գինը և (կամ) ծառայության սակագինը (վարձակալական վճարը)՝ անկախ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով որոշվող՝ ԱԱՀ-ով հարկման բազայի մեծությունից,
2) այն դեպքերում, երբ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման բազան պետք է որոշվի Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով, հարկային հաշվում ԱԱՀ-ի գումարը ներառվում է համապատասխանաբար Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով որոշվող՝ ԱԱՀ-ով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով: Ընդ որում, Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով որոշվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը հարկային հաշվում լրացնելիս խմբագրվում է հարկային հաշվի «ԱԱՀ-ի դրույքաչափը (%)» սյունակը՝ միաժամանակ, անհատույց կամ մասնակի հատուցմամբ գործարքների մասով հարկային հաշվի լրացուցիչ տվյալներում նշում կատարելով գործարքի անհատույց կամ մասնակի հատուցմամբ լինելու մասին,
3) մատակարարի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշվում ԱԱՀ-ի գումարը սույն պարզաբանման 2-րդ կետին համապատասխան լրացված լինելու կամ Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշվում որպես գործարքի առարկա հանդիսացող ապրանքի (անշարժ գույքի) միավորի գին և (կամ) ծառայության սակագին (վարձակալական վճար) Օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կամ 9-րդ մասերով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան և այդ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը լրացված լինելու դեպքում այդ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է հաշվանցման (պակասեցման) Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով` հաշվի առնելով Օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված hաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական: