«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ «15» մայիսի 2002 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2002 թվականի N 533
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանի «Զվարթնոց» օդանավակայան վերակառուցման ու ընդարձակման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքին հարող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտին` Արմավիրի մարզի, Մուսալեռի, Արևաշատի, Փարաքարի և Արարատի մարզի Արբաթի, Գեղանիստի, Արգավանդի գյուղական համայնքների վարչական սահմաններում` համաձայն հատակագծի (կցվում է):*
2. Արմավիրի մարզպետին և Արարատի մարզպետին`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` 1-ամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված` օտարման գոտում գտնվող անշարժ գույքի բոլոր սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց գույքը վերացնելու մասին, և ապահովել օտարման գոտու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումներում.
բ) լիցենզավորված կազմակերպությունների միջոցով օտարման գոտու տարածքում կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից:
_________________________
* Հատակագիծը չի բերվում