ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հունվարի 2015 թ. |
N 2 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է համարվել որպես այդպիսին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում: Մասնավորապես, անձը դադարում է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը:
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող կարող են համարվել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե անձինք ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու և շրջանառության հարկ վճարող համարվելու դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը տվյալ տարվա ընթացքում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում իր հայեցողությամբ կարող է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն և համարվել շրջանառության հարկ վճարող` հայտարարության մեջ նշված ժամկետից (բայց ոչ շուտ, քան հայտարարության ներկայացման օրվանից) մինչև տվյալ տարվա ավարտը:
2. Եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը որպես այդպիսին համարվելուց դադարելու նպատակով ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, սակայն հետագայում պարզվում է, որ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության մեջ նշված ժամկետից ավելի վաղ ժամկետում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարել է համարվել որպես այդպիսին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված փաստերն ի հայտ գալու հիմքով, ապա «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում անձը կարող է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ նոր հայտարարություն և համարվել շրջանառության հարկ վճարող` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված փաստերը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը, եթե չի լրացել այդ փաստերը տեղի ունենալու օրվան հաջորդող 20-րդ օրը: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված փաստերը տեղի ունենալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում անձը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար` |
Ա. Աֆրիկյան |