Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ ______________ Դ. Սարգսյան
27 դեկտեմբերի 2013 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ ____________ Գ. Խաչատրյան
12 դեկտեմբերի 2013 թ. N 9 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7.10.2010 թ. ՀՕ-128-Ն) համաձայն՝ 2014 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (7.10.2010 թ. ՀՕ-129-Ն) և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (7.10.2010 թ. ՀՕ-126-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքներով կատարված փոփոխություններով 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծողները և Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողները ծխախոտի արտադրանքի ներմուծման և իրացման գործարքների մասով հաշվարկելու են ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 6-րդ կետով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (7.10.2010 թ. ՀՕ-126-Ն) և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (7.10.2010 թ. ՀՕ-129-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից և ծխախոտի արտադրանքի ավելացված արժեքի հարկով և ակցիզային հարկով հարկելուն վերաբերող օրենքների դրույթները կիրառվում են՝
1) Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծողների կողմից 2014 թվականի հունվարի 1-ից ներմուծվող և իրացվող ծխախոտի արտադրանքի նկատմամբ,
2) Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրողների կողմից արտադրվող և 2014 թվականի հունվարի 1-ից իրացվող ծխախոտի արտադրանքի նկատմամբ:
2. Ծխախոտի արտադրանք ներմուծողների մոտ՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ծխախոտի արտադրանքի ապրանքային մնացորդների իրացման գործարքների մասով ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում և չի վճարվում, և այդ մնացորդների իրացման գործարքների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրվում (ԱԱՀ չեն առանձնացվում):
3. 2014 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ով հարկվող ծխախոտի արտադրանքի իրացման գործարքների մասով դուրս են գրվում հարկային հաշիվներ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծողները և Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողները 2014 թվականի հունվարի 1-ից սկսած ձեռքբերումների մասով ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումները կատարում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, դեպքում և ժամկետներում: