040.1291.27.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1291
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը, տիրազուրկ (լքված) անշարժ գույքը հաշվառելու մասին» N 422 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի N 763 որոշման խմբագրությամբ) համաձայն՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված ու ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյաններում (այսուհետև՝ հաշվառման մատյան) գրանցված՝
ա) բազմաբնակարան և սակավաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դռների ու պատուհանների ինքնակամ ձևափոխումների, եթե չեն փոխվել կրող կոնստրուկցիաները, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին ինքնակամ տեղափոխված դռների հետևանքով առաջացած տարածքների, եթե չեն փակվել ընդհանուր օգտագործման տարածքների պատուհանները, և նշված փոփոխություններն իրականացվել են ոչ աստիճանավանդակների նորմատիվային շահագործումն ապահովող տարածքների հաշվին, սույն որոշման ուժով ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման.
բ) բազմաբնակարան և սակավաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից դռների ու պատուհանների ինքնակամ ձևափոխումները, եթե փոխվել են կրող կոնստրուկցիաները, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին ինքնակամ տեղափոխված դռների հետևանքով առաջացած տարածքները, որոնց հետևանքով փակվել են ընդհանուր օգտագործման տարածքների պատուհանները, և նշված փոփոխություններն իրականացվել են աստիճանավանդակների նորմատիվային շահագործումն ապահովող տարածքների հաշվին, ենթակա են պետական գրանցման՝ սույն որոշման 3-7-րդ կետերով սահմանված կարգով.
գ) քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարաններում, հասարակական, արտադրական նշանակության շինություններում, արվեստանոցներում, ինչպես նաև բազմաբնակարան ու սակավաբնակարան բնակելի շենքերում ինքնակամ կառուցված բաց և փակ վերնասրահների (անտրեսոլ), ձեղնահարկերի (մանսարդ) նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ սույն որոշման 3-7-րդ կետերով սահմանված կարգով.
դ) քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, բնակելի տան կառուցման ու սպասարկման, ինչպես նաև այգեգործական հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության, այդ թվում՝ անավարտ կիսակառույց շենքերի, շինությունների նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, եթե դրանք ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման կամ անվտանգության գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման ընդունումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով կամ ոչ պատշաճ ձևով անցկացված աճուրդով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (վաճառված)՝
ա) որպես տնամերձ կամ բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված պետական սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք կառուցապատված չեն, համարվում են օրինական, իսկ դրանցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման.
բ) որպես տնամերձ կամ բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված պետական սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնց վրա կառուցված են բնակելի նշանակության շենքեր, շինություններ, հողամասի ու կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, եթե դրանք ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման կամ անվտանգության գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում:
3. Սույն որոշման 1-ին կետի «բ», «գ», «դ» և 2-րդ կետի «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար՝ ըստ դրանց գտնվելու վայրի, պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ, որոնք՝
ա) դիմումն ստանալու օրվանից սկսած 5 օրացուցային օրվա ընթացքում համայնքի վարչական սահմաններում՝ համայնքի ղեկավարին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին), համայնքի վարչական սահմաններից դուրս՝ մարզպետին ներկայացնում են ինքնակամ կառուցված շենքի, շինության հատակագիծը և հաշվառման մատյանից քաղվածք.
բ) համայնքի ղեկավարը (Երևանում՝ Երևանի քաղաքապետը), համայնքի վարչական սահմաններից դուրս՝ մարզպետը 30 օրացուցային օրվա ընթացքում ընդունում է մերժման կամ դրանց օրինականացման մասին որոշում, որը 5 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում՝ պետական գրանցման համար: Նշված ժամկետում որևէ որոշում չընդունվելու դեպքում՝ ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները համարվում են օրինական, և դրանց նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4. Իրավունքների պետական գրանցման համար սույն որոշման 2-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից, դիմումի հետ միասին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում պետք է ներկայացվի աճուրդի արդյունքների հիման վրա կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիր կամ աճուրդի արդյունքների մասին արձանագրություն (եթե այդպիսիք պահպանվել են), հողամասի ձեռքբերման գնի վճարման անդորրագիր:
5. Սույն որոշմամբ նախատեսված շենքերի, շինությունների համար՝ սահմանված կարգով համապատասխան բյուջե են մուծվում գումարներ հետևյալ դրույքաչափերով՝
ա) բնակելի տների և այգետնակների յուրաքանչյուր 1 քառ. մետրի համար՝ 1000 դրամ.
բ) բնակելի տներին և այգետնակներին կից տնտեսական ու օժանդակ շինությունների յուրաքանչյուր 1 քառ. մետրի համար՝ 500 դրամ.
գ) բազմաբնակարան ու սակավաբնակարան բնակելի շենքերում ինքնակամ տեղափոխված դռների հաշվին առաջացած տարածքների, ինչպես նաև ինքնակամ կառուցված ձեղնահարկերի (մանսարդ), բաց և փակ վերնասրահների (անտրեսոլ) յուրաքանչյուր 1 քառ. մետրի համար՝ 1000 դրամ.
դ) յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար՝ 1000 դրամ:
Եթե ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները կառուցված են համայնքի վարչական սահմաններում կամ Երևան քաղաքում, ապա մուծված գումարների 50 տոկոսը փոխանցվում է համայնքային (Երևանում՝ թաղային համայնքի) բյուջե:
6. Սույն որոշմամբ նախատեսված իրավունքների պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից դիմումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ ներկայացնելու հիման վրա, որոնց ներկայացնելը ժամկետով սահմանափակված չէ:
7. Սույն որոշմամբ սահմանված իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե՝
ա) սույն որոշման 1-ին կետի «բ», «գ», «դ» և 2-րդ կետի «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում՝ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար ընդունվել է մերժման մասին որոշում.
բ) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում մուծված չեն սահմանված գումարները:
8. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված հիմքերով հողամասերի օտարման արդյունքում հողերի նպատակային նշանակությունը համարել փոփոխված և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ ապահովել հողերի ընթացիկ հաշվառման՝ հողային հաշվեկշռի փոփոխության իրականացումը:
9. Սույն որոշման կիրառման ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |